Ներքին ու արտաքին ձախողումներ
Անցած 17 ամիսների ընթացքում Հայաստանում շատերը կարողացան հստակեցնել իրենց իրական վերաբերմունքը «Մարտի 1»-ի քննության անվան տակ իրականացվող քաղաքական հետապնդումների հանդեպ։ Դռնբաց նիստերը, և հատկապես դատավորների որոշումներին հաջորդած իշխանությունների ակնթարթային գործողությունները, վերջնականապես ապացուցեցին, որ «թավշյա» արդարադատության մասին խոսքերը հեքիաթ են։
Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործը ձնագնդի պես մեծանալով՝ իր շուրջը ծնեց բազմաթիվ «դուստր» գործեր, որոնք հարուցվում են ցանկալի ցուցմունք չտվող անձանց դեմ։ Օրեր առաջ կալանավորվեց Արսեն Բաբայանը, ով ցուցմունք չէր տվել Հրայր Թովմասյանի դեմ, ով էլ «համարձակվել» էր Ռոբերտ Քոչարյանի հարցով Նիկոլին անհաճո որոշում կայացնել, բայց հակառակի պես էլ ՍԴ նախագահին հնարավոր չէ ձերբակալել «անիծյալ» անձեռնմխելիության պատճառով․․․ և այսպես շարունակ։ Մեր աչքի առաջ 37 թվի ստալինյան 58-րդ հոդվածի դերը այսօր շատ լավ կատարում է 300․1 հոդվածը։
Միջազգային կառույցներն ուշադիր հետևում են մեր երկրում թափ առած դատական մարաթոնների ընթացքին ու հետևանքներին։ Եվ դատելով հատկապես ՍԴ և ՍԴ նախագահի դեմ ծավալված գործողությունների գնահատականից՝ լավ էլ տեսնում են «թավշյա» Հայաստանի իրական դեմքը։ Հոկտեմբերի 29-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն ՀՀ ՍԴ հետ կապված հայտարարության մեջ հայտնելով իր մտահոգությունները՝ կոչ արեց բոլորին «ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ իրավիճակը հանդարտեցնելու և Հայաստանի Սահմանադրության բնականոն գործունեությունն ապահովելու համար»:
Անհեթեթ է, որ դարձել ենք հաշվեհարդարների երկիր այն ժամանակ, երբ յաթաղանը Սիրիայում գործի դրած Թուրքիան իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ «․․․ղարաբաղյան հիմնախնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու համար»: Նրանց այս հռետորաբանության ֆոնին ավելի քան վտանգավոր է Արցախ-Հայաստան հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի կողմից խրած սեպը, որը բացահայտորեն խորացնում են ահաբեկիչ ծռերը։
Մտահոգիչ է, երբ 30․10․ 2019 Արցախի ՊՆ հաղորդմամբ՝ շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, այն էլ Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ, որին անշուշտ, չի մասնակցում ՀՀ Պաշտպանության նախարարը։
Նույն այդ ժամանակ ՀՀ ՊՆ տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը։
Իսկ Հայաստանում զբաղված են միայն ներքին թշնամիներ որսալով։
Երբեմն մտածում ես ՝ ո՞վ է այս իշխանությունների իրական հակառակորդը՝ Հայաստանը, թե՞ Ադրբեջանը։ Օրինակ, արդյո՞ք ՀՀ իշխանություններն իրենց մեղքի բաժինը չունեն վերջին շրջանում ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջացած ջերմացման պատճառներում։ Իհարկե ունեն․․․ Ալիևի փոխարեն ով էլ լիներ, հօգուտ իր ու իր երկրի շահերի կծառայեցներ հայկական կողմի անհեռատես, իմպուլսիվ ու անմեղսունակ արտաքին քաղաքականության ընձեռած հնարավորությունները։
Իսկ դրանք այնքան շատ են և բազմավեկտոր, որ առանձնապես մեծ դիվանագիտական հմտություններ պետք չեն ի շահ իրենց օգտագործելու, օրինակ, հակառուս ծռերի կամ սորոսածինների անդադար վայրահաչոցները՝ Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու վերաբերյալ։ Եվ դա այն դեպքում, երբ այսօր աշխարհում ավելանում են այն երկրների թիվը, որոնք խնդրում են Ռուսաստանին՝ տեղակայել իրենց տարածքներում ռուսական ռազմաբազաներ։
Այս ամենի համատեսքստում առնվազն անհասկանալի են ՀՀ իշխանությունների այն պնդումները, որ մեր բոլոր հարցերը ներքին են և մենք աշխարահաքաղաքական խնդիրներ չունենք․․․ Տեսնես իրենք հավատո՞ւմ են իրենց ասածին։
Պետությունը վտանգող հենց այս հանցավոր մանկամտության դեմ են միավորվում այն մարդիկ և ուժերը, ովքեր տեսնում են, որ գործող իշխանությունների վարած ներքին և արտաքին ձախողված, սոսկ խոսքերի վրա կառուցված ապաշնորհ քաղաքականության պատճառով Հայաստանը միայնակ է մնալու լուրջ վտանգների առջև։
Լիա Իվանյան, հրապարակախոս
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում