211652_close_icon
views-count2220 դիտում article-date 18:14 24-01-2020

ՊԵԿ-ը հայտնաբերել է հրազենի, ռազմամթերքի, կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության դեպքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2019 թվականի ընթացքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 202 դեպք, ինչը 2018 թվականի համեմատությամբ ավելի է 22%-ով (165 իրավախախտում 2018 թվականին): Այս մասին հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, Մ/Ծ գնդապետ Վարդան Վարդանյանը: Ընդ որում, 146-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Իսկ 56 դեպքով սկսվել է վարչական վարույթ: Ըստ Վարդան Վարդանյանի, մաքսային իրավախախտումներից գերակշռում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը (142 դեպք կամ ընդհանուր խախտումների 70%-ը): Մասնավորապես՝ հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել 11 կգ ափիոն, 8,2 կգ մեթամֆետամին, շուրջ 3կգ կետամին, 1,3 կգ մարիխուանա և հաշիշ, հաշիշի յուղի պարունակությամբ էլեկտրոնային 74 սիգարետ և մուշտուկ, թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող 16.500 դեղահաբ և դեղապատիճ: 2018 թվականի համեմատ մոտ 2,5 անգամ ավելացել է առգրավված մեթամֆետամինի, 8 անգամ՝ մեթադոնի, 12 անգամ՝ հաշիշի ու մարիխուանայի և 17 անգամ՝ բուպրենորֆինի քանակը: Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019 թվականին կանխել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 6 փորձ: Այս դեպքերով թմրանյութերի վերջնական ստացման վայրը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներն էին: Հայկական շուկայի համար նախատեսված թմրամիջոցները և հոգեմետ նյութերը բացահայտվել են հիմնականում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումների, ինչպես նաև Իրանից՝ «Ագարակ» պետական սահմանի անցման կետով ներմուծումների ժամանակ: Համեմատության համար նշենք, որ եթե 2016-2018 թվականներին հայտնաբերվել է հայկական շուկայի համար նախատեսված մեթամֆետամինի` Իրանից ներմուծման ընդամենը 1 դեպք, ապա միայն 2019 թվականին հայտնաբերվել է նման 10 դեպք, ինչը վկայում է մաքսային մարմինների ավելի արդյունավետ աշխատանքի, այդ թվում` Ոստիկանության և ԱԱԾ-ի հետ սերտ համագործակցության մասին։ 2019 թվականին վարչությունը բացահայտել է հրազենի, ռազմամթերքի, ինչպես նաև կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության դեպքեր: Հայտնաբերվել են նաև մաքսային հսկողությունից թաքցնելու, չհայտարարագրման կամ ոչ ճշգրիտ տեղեկությունների հայտարարագրման եղանակով հանրապետություն ապօրինի ներմուծված շուրջ 574 բջջային հեռախոս, ավելի քան 5կգ ոսկյա և արծաթյա զարդեր, շուրջ 60կգ թմրանյութ և հոգեմետ նյութ չպարունակող դեղամիջոցներ, սննդամթերք, հագուստ, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ ապրանքներ: 2019 թվականի ընթացքում Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հայտնաբերվել է մաքսային հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձի հանձնելու 4 դեպք: 2019 թվականի վիճակագրությունը փաստում է, որ մաքսային ծառայության կողմից հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դեպքերի գրեթե կեսը փոստային առաքումներով ներմուծված դեղամիջոցներ են, որոնց մեջ բավականին մեծ թիվ են կազմում ոչ հանցավոր նպատակներով դեղերի տեղափոխումը: «Ինչպես բազմիցս նշվել է զանգվածային լրատվության միջոցներով, օրենսդրությամբ չի թույլատրվում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով ֆիզիկական անձանց կողմից դեղերի տեղափոխումը, իսկ այդ դեղերի պարունակության մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի հայտնաբերման դեպքում սկսվում է քրեական վարույթ: Նման իրավիճակներից խուսափելու համար ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին` զերծ մնալ փոստային առաքումների միջոցով ցանկացած տեսակի դեղամիջոցներ ուղարկելուց կամ ստանալուց»,-նշել է Վարդան Վարդանյանը: ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխմանն արդյունավետ հակազդելու գործում առանցքային տեղ է զբաղեցնում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնը: 2019 թվականի ընթացքում կենտրոնի շնավարժ-կինոլոգներն իրենց կցված հատուկ մասնագիտացված ծառայողական շների հետ միասին 20 դեպքով հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում` հերոին, ափիոն, մեթամֆետամին, մարիխուանա, հաշիշ և բուպրենորֆին տեսակի: Այս ցուցանիշը աննախադեպ է շնագիտական կենտրոնի հայտնաբերումների պատմության մեջ։ Օրինակ՝ 2018 թվականի համեմատ՝ նախորդ տարի Շնագիտական կենտրոնի բացահայտումների աճը կազմել է 216% (2018 թվականին հայտնաբերվել է 6 դեպք): 2019 թվականին ակտիվ է եղել իրավապահ մարմինների և միջազգային կառույցների հետ համագործակցությունը: Մասնավորապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ սերտ գործակցության արդյունքում 2020 թվականին նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր: Կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում 2020 թվականին կներդրվի ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային մաքսային կազմակերպության «Բեռնարկղերի վերահսկողության ծրագիրը»: [b]ՀՀ պետական եկամուտների կոմիտե[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր