Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանի ընկերոջ արարքը հանցանք, իսկ վարչապետի կնոջ ազգական Ռաֆիկ Մաշադյանի ընկերոջ արարքը` ոչ

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի վարորդ, օգնական և ընկեր Արամ Բարսեղյանը, ով մեղադրվում է վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու մեջ:

Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/ և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման մեջ, որ 2009-2016թթ., զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վարորդի, այնուհետև՝ օգնականի պաշտոնները, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ.-ին «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում ապօրինի ձևակերպվել է՝ որպես պահակ և բանվոր, 2011-2016թթ.-ին ՀՀ ԿԳՆ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ որպես վարորդ, իսկ 2016թ.-ի մարտ ամսից՝ Ա. Աշոտյանի աշխատանքից ազատվելուց հետո, վերջինիս միջնորդությամբ 2016-2017թթ.-ին որպես վարորդ է ձևակերպվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում:

«2009-2017թթ. ընթացքում Ա. Բարսեղյանը, ձևակերպված լինելով վերոնշյալ հաստիքներում, որևէ անգամ աշխատանքի չի հաճախել, այլ շարունակել է կատարել Ա. Աշոտյանի օգնականի և վարորդի պարտականությունները, ընդհանուր առմամբ ստացել է 8.734.118 ՀՀ դրամ գումար, ինչով օժանդակել է ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցներից հիշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարների վատնմանը»,- նշված էր ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ նշել ենք, այս քրեական գործի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ ձերբակալվածն ընկերական-բարեկամական հարաբերությունների մեջ է գտնվում Արմեն Աշոտյանի հետ, և հաշվի առնելով վերջինիս քաղաքական գործունեությունը, կուսակցական պատկանելությունն ու իշխանությունների հասցեին հնչեցված սուր քննադատությունը` չի բացառվում, որ այս ձերբակալությունն ունենա քաղաքական ենթատեքստ:

Ուշագրավն այս պատմության համատեքստում այն է, սակայն, որ իշխանությունները նմանօրինակ ապօրինությունների մասին մոռանում են կամ աչք են փակում դրանց վրա, երբ խոսքը վերաբերում է յուրայիններին:

Շուրջ մեկ ամիս առաջ հրապարակումներ եղան այն մասին, որ «Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝  Շենգավիթի հարկային տեսչության պե­տի տեղակալ Արմեն Օհանյանը, ով նախկինում Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանա­կավոր պաշտոնակատարն էր, նշանակվել է Շենգավիթի հարկայինի պետ:

«Ուշագրավ է, որ Օհանյանը Շենգավիթի հարկայինի պետի տեղակալ էր նշանակվել ընդամենն այս տարվա մարտին, և, փաստո­րեն, 3 ամսում հնարավոր դարձավ տեղակալից դառնալ պետ: Արմեն Օհանյանի հաջո­ղության գաղտնիքն այն է, որ նրա հովանավորը, ըստ մամուլի հրապարակումների, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է, ում շնորհիվ Օհանյանը 2 տարի չհաճախե­լով աշխատանքի և ստանալով աշխատավարձ՝ սպասում էր հերթական բարձրացմանը:

Օհանյանին աշխատանքի չհաճախելու համար աշխա­տանքից ազատել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, սակայն Ռաֆիկ Մաշադյանի՝ առաջին տե­ղակալ նշանակվելուց հետո Օհանյանի մոտ սկսվեց պաշ­տոնների առաջխաղացման շրջան»,- գրել էր թերթը:

Այս պահին չենք անդրադառնա այն հանգամանքին, որ, թեպետ Արմեն Օհանյանը Շենգավիթի հարկայինի պետի տեղակալ է նշանակվել, սակայն ՊԵԿ կայքում նշված է «Հովսեփյան 1, քաղաք Գյումրի» հասցեն:

Չենք խոսի նաև բարձրաստիճան այս պաշտոնյայի քրեական անցյալի մասին, որի վերաբերյալ «Դատալեքս» տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ վերջինս 2007թ. դեկտեմբերի 27-ին քաղաքացի Ա. Համբարձումյանի հետ վիճելու և նրա ավտոմեքենայի դռան վրա ատրճանակից կրակելու և նյութական վնաս պատճառելու համար մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով:

Ի դեպ, կարծես թե քաղաքացու ավտոմեքենայի վրա նա կրակ բացել էր իրեն ամրակցված զենքից:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ինչպես հրապարակման մեջ է նշվում, Արմեն Օհանյանը երկու տարի չէր հաճախել աշխատանքի, բայց ստացել էր աշխատավարձ և պարգևավճարներ:

Բայց ըստ երևույթին ՀՀ իշխանություններն այս մասին չեն հիշում, որովհետև Արմեն Օհանյանը, ով, ըստ լուրերի, պաշտոնի իջեցում էր ունեցել ու դարձել տեսուչ ծայրահեղ կոռումպացված լինելու համար, լինելով ՊԵԿ նախագահի տեղակալի ընկերը, վայելում է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի բարձր հովանավորությունը, և ուրեմն նրան ամեն ինչ կարելի է:

Ընդ որում, համակարգում հիշում են, որ, երբ Արմեն Օհանյանի` աշխատանքի չհաճախելու, բայց վճարվելու մասին լուրերը ՊԵԿ նախկին ղեկավար, «հանցավոր ռեժիմի ներկայացուցիչ» Վարդան Հարությունյանն իմանում է մամուլից, անմիջապես, հաշված ժամերի ընթացքում Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության ծառայողների կողմից լուրը հաստատելուց հետո  աշխատանքից ազատում է վերջինիս:

Բայց ինչպես տեսնում ենք, «թավշյա» իշխանությունների օրոք այս պաշտոնյան ոչ միայն քրեական պատասխանատվության չի ենթարկվում, ինչպես Արմեն Աշոտյանի օգնականը, այլ ընդհակառակը, դառնում է հարկայինի Շենգավիթի բաժնի պետ:

Միգուցե ՀՔԾ-ն նաև ա՞յս դեպքով զբաղվի, եթե այդքան սկզբունքային է:

Եվ, ի դեպ, ինչո՞ւ է Արամ Բարսեղյանի վերաբերյալ քրեական գործը քննվում ոչ թե Քննչական կոմիտեում, այլ Հատուկ քննչական ծառայությունում:

Տեսանյութեր

Լրահոս