Փաշինյանը՝ մարզիկներին․ Այս օրերին Հաղթանակի զգացողությունը, որ պատճառեցիք, կրկնակի արժեք ունի

Փաշինյանը՝ մարզիկներին․ Այս օրերին Հաղթանակի զգացողությունը, որ պատճառեցիք, կրկնակի արժեք ունի

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարությունում հյուրընկալելով ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամներին մարզիչների գլխավորությամբ, ասել է, որ հատկապես այս ժամանակաշրջանում հաղթանակի այն զգացողությունը, որ նրանք պատճառեցին Հայաստանի ժողովրդին, կրկնակի ավելի մեծ արժեք ունի:

Փաշինյանը նշել է, որ ընդհանրապես սպորտը սեփական ուժերի նկատմամբ ժողովրդի, պետության վստահության շատ կարևոր վկայություն է, և շատ կարևոր է ազգի, ժողովրդի տաղանդը և հնարավորությունները բացահայտելու համար։

Անդրադառնալով խնդիրներին՝ նա նշել է, որ դպրոցների մի հսկայական մասում մարզական ենթակառուցվածքներ չկան, այսինքն՝ ֆիզկուլտուրայի դասեր անելու պրիմիտիվ պայմաններ չկան, բուհերում մարզական ենթակառուցվածքներ չկան:

«Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ եթե այս պայմաններում այս հաջողությունները մենք ունենք, եթե մեր ենթակառուցվածքները, ֆինանսավորումը և մնացած պայմաններն այլ լինեն, մենք, իսկապես այն, ինչ ասում ենք՝ 25 օլիմպիական մեդալ, այդ դեպքում ո՛չ կասկած, ո՛չ էլ ժպիտ կհարուցի, այսինքն՝ դա կլինի խնդիր, որը բոլորս կհամարենք լուծելի»,-ասել է նա:

Թիմային հաշվարկում ՀՀ ծանրամարտի հավաքականը երկրորդ տեղն է գրավել՝ 2 ոսկե, 2 արծաթ և 4 բրոնզ: Ազատ ոճի ըմբիշները վարկանիշային մրցաշարում հաղթել են, և 2 օլիմպիական ուղեգիր նվաճել։

Փաշինյանն ասել է, որ մարզական ենթակառուցվածքների մասով լուրջ աշխատանք է իրականացվում:

«Հիմա առնվազն 2 նախագիծ ունենք, երբ մեր նշանավոր և հաջողությունների հասած մարզիկների անուններով արդեն մարզադպրոցներ ենք ստեղծում՝ Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը և Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի նախագիծն արդեն պատրաստ է: Եվ մենք, այո, պետք է պայմանով սկսենք մրցույթ անել, թող շահի, հետո արդեն ֆինանսավորումը կբացենք: Ջրառատում է կառուցվելու դպրոցը: Հույս ունեմ, որ բոլորիդ անուններով դպրոցներ կառուցելու առիթ կունենանք, օլիմպիական մեդալներ նույնպես կնվաճեք և մեր ռազմավարական խնդիրները կլուծենք»,-ասել է նա:

Տոկիոյի Օլիմպիական խաղերին պատշաճ պատրաստվելու համատեքստում շոշափվել են, մասնավորապես, մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, անհրաժեշտ մարզագույքի, մարզավիճակի պահպանման համար պահանջվող դեղորայքի ձեռքբերմանը, այդ նպատակով գնումների գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով արագ կազմակերպելուն, ինչպես նաև օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների համար սահմանված նպաստների չափաքանակի ավելացմանը, սպորտային ավանի կառուցմանը վերաբերող և այլ հարցեր:

Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ քննարկման արդյունքներով մշակել և հաստատման ներկայացնել որոշումների նախագծեր:

Հանդիպմանը մասնակցում էին ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, մարզիչ Վիգեն Խաչատրյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի մրցանակակիր Գոռ Մինասյանը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, Եվրոպայի չեմպիոններ Կարեն Ավագյանը և Սամվել Գասպարյանը, արծաթե մեդալակիր Արսեն Մարտիրոսյանը, բրոնզե մեդալակիրներ Վարազդատ Լալայանը և Լիանա Գյուրջյանը, հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանը, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, մարզիչ Էդգար Ենոքյանը, վարկանիշային մրցաշարերի հաղթողներ՝ աշխարհի գավաթի անհատական խաղարկության հաղթող Վազգեն Թևանյանը և Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Ներկա էին նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Ն. Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---