Մատչելիության հղումներ

2018 թվականը Հայաստանը փակել է 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյան

2018 թվականը Հայաստանը փակել է 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով, փաստում է Վիճակագրական կոմիտեի այսօրվա հրապարակումը:

2011թվականից ի վեր, ինչ Հայաստանի վիճակագրական կոմիտեն սկսեց տնտեսությունում փոփոխությունները չափել տնտեսական ակտիվության ցուցանիշով, անցած տարվա աճը միջինից բարձր է: 2011-2017թթ․ տնտեսական ակտիվության միջին ցուցանիշը կազմել է 4,54 տոկոս, ամենացածրը եղել է 2016-ին՝ 0,5 տոկոս, իսկ ամենաբարձրը՝ 2017-ին՝ 7,7 տոկոս:

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով, 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը, անշուշտ, չի արտահայտում երկրի տնտեսության ողջ ներուժը, սակայն պետք է հաշվի առնել նաև 2018-ի թավշյա հեղափոխությունը, որը ներդրողների մոտ որոշակի անհանգստություն էր առաջացրել:

«Էս կոնյուկտուրան հաշվի առնելով, իրան կարելի է դիտարկել, որպես գոհացուցիչ, բայց նորից պետք է կրկնվեմ այս մասով, որ քանակական ցուցանիշները դեռ անհրաժեշտ, բայց ոչ բավարար են։ Չափազանց կարևոր է նաև կառավարության, նաև պատշաճ, այսպես ասած, համակարգված գործունեության ընթացքում օրենսդիր մարմնի օրենքների բարելավման միջոցով այնպես անել, որ այս արդյունքային կամ քանակական ցուցանիշները վերածվեն նաև որոկական փոփխությունների», - նշեց Արտակ Մանուկյանը։

Հայաստանի 2018 թվականի պետբյուջեի համաձայն, անցած տարին երկիրը պետք է փակեր 4,5 տոկոս տնտեսական աճով:

Տնտեսության մեջ որակական տեղաշարժ ապահովելու խնդրից այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է այն պահից, երբ որ վարչապետը և կառավարությունը հաստատել և վերահաստատել են, որ այլևս բոլորն ազատ են իրենց գաղափարները, ծրագրերի իրագործելու հարցում, և կառավարությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել, որպեսզի այդ ծրագրերն իրականացվեն անխափան և անխոչընդոտ եղանակով», - ասաց Խաչատրյանը։

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանի խոսքով, անցած տարին փոքր ու միջին ձեռնարկությունների համար դժվար էր․ - «Կոնկրետ ամիսներով՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսներին մենք զգացինք տնտեսական ակտիվություն, զգացինք արդեն շրջանառության աճ, բայց սկսած արդեն նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներից մինչ այսօր մենք դեռ ունենք անկում՝ շրջանառության անկում, ըստ այդմ, կարծում եմ նաև տնտեսական առումով»։

Ազատության» հարցին՝ յուրաքանչյուր տարի այդպե՞ս է, թե՞ այս տարի է նման անկում նկատվում, Գրիգորյանը պատասխանեց. - «Կոնկրետ հունվար ամիսը սեզոնային է, իսկ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները՝ չէ։ Ի տարբերություն այլ տարիների անկումը զգացվում է»։

Ըստ Գրիգորյանի, հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար կարևոր է Նիկոլ Փաշինյանի կառավարության խոստացած բարեփոխումների կյանքի կոչումը տնտեսության մեջ:

«Այս տարվա համար սպասում ենք շուտափույթ հարկային օրենսգրքի ամբողջական փոփոխություն, որն էլ հուսով ենք կբերի տնտեսական ակտիվության, ավելի աշխուժության, թեկուզ հենց բիզնես ոլորտի կողմից։ Կարծում եմ, որ ժողովուրդն էլ կլինի ավելի վստահ ապագայի վրա և ավելի վստահորեն կծախսի իր տնտեսած գումարները, ինչը մեր ներքին տնտեսությանը կբերի աշխուժություն», - նշեց գործարարը։

Արտակ Մանուկյանի կարծիքով, իշխանությունների տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի ոչ միայն տնտեսական աճի, այլև տնտեսական զարգացման ապահովումը:

«Ռազմավարական մոտեցումների և խնդիրների լուծման տարի է 2019-ը։ Սրանով հավելյալ պետք է նշել նաև, որ ինքը ընդհանուր առմամբ բավականաչափ բարդ տարի է, որովհետև հարկային օրենսգրքով ակնկալվող փոփոխություններ, որոշակի էս մասով անորոշություններ և այլն, բայց այնուհանդերձ կարծում եմ, որ դրական ազդակներ կան, որ հատկապես այն ներդրումային հետաքրքրությունները, որոնք որ կային Հայաստանի հանդեպ և որոնց մասով մեծ հաշվով մրցակցային առավելությունները մեծացան, այսինքն կոռուպցիոն լծակներ, խնամի, ծանոթ, բարեկամների ինստիտուտ, սրանց վերացումը ևս երկրի մրցունակության բարձրացում է այն ներդրողի համար, որը որ հետաքրքրված է երկրով, այլ ոչ թե կոնկրետ անձի հետ հարաբերություններով», - ասաց Մանուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG