Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ի վճռով Ադրբեջանը Արթուր Բադալյանին 30 հազար եվրո պետք է վճարի


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել շուրջ երկու տարի ադրբեջանական տարբեր ռազմական հաստատություններում գերության մեջ պահված Արթուր Բադալյանի գործով՝ արձանագրելով, որ այդ երկիրը խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել է Հայաստանի քաղաքացուն, որը տարիներ առաջ մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։

ՄԻԵԴ-ի որոշմամբ Ադրբեջանը Բադալյանին 30 հազար եվրո պետք է վճարի՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

10 տարի առաջ Ստրասբուրգ ուղարկված դիմումի քննության ավարտի և ՄԻԵԴ որոշման մասին Բադալյանն «Ազատությունից» իմացավ, ասաց՝ ինքն այսքան տարիներ հավատում էր, որ ադրբեջանցիներին բացատրելու էին՝ մարդու հետ այդպես վարվել չի կարելի. - «Տանում մարդուն սպանում, սոված պահում, ծարավ պահում, անասունի տեղ էիք դնում մարդուն»։

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը 2009 թվականին անտառում սունկ հավաքելիս մոլորվել էր և բռնվել ադրբեջանական ուժերի կողմից։ Բադալյանը 22 ամիս պահվել է տարբեր ռազմական հաստատություններում։ 2011-ին գերիների փոխանակման շրջանակներում ազատ է արձակվել։ Նրա պնդմամբ՝ Ադրբեջանում դաժան խոշտանգումների ու հոգեկան տառապանքի է ենթարկվել։

43-ամյա Բադալյանը մինչ օրս առողջական խնդիրներ ունի, գլխում հնչող ձայները նահանջել չեն ուզում. - «Էլի թուլություն կա, էլի ձայներ կա գլխումս...»

Բադալյանը հիմնական աշխատանք չունի, սակայն որոշ գործեր անում է. - «Եկել էլ մի թեթև ասֆալտ անողներին օգնեմ...» ՄԻԵԴ-ը արձանագրել է՝ Ադրբեջանը եվրոպական կոնվենցիայի երկու կետ է խախտել՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը և խոշտանգումների արգելումը։ Արթուր Բադալյանի գործը 10 տարի առաջ ՄԻԵԴ է ներկայացրել ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր, փաստաբան Էդմոն Մարուքյանը, որը մինչ օրս Բադալյանի հետ շփվում է։

Մարուքյանը վստահ է եղել՝ գործը հաղթելու են. - «Նման անարդարությունը պետք է իր հանգրվանն ունենար։ Ես կարծում եմ, որ դեռևս սա վերջը չէ, Ադրբեջանը բողոքարկելու հնարավորություն ունի։ Սպասենք, տեսնենք ինչ կլինի։ Բայց էն տառապանքները, էդ տանջանքը, խոշտանգումները, որ ունեցել է Արթուր Բադալյանը, դրանք ուղղակի աննկարագրելի են»։

Մարուքյանն ընդգծում է՝ եվրոպական դատարանի այս որոշումը նախադեպային է լինելու Ադրբեջանի համար. - «Էս իրավիճակում, որ դեռևս մենք էս պատերազմնը չէինք ունեցել, բայց էլի գերիների խնդիրը եղել է սուր խնդիր, և էս օրինակը կարևոր օրինակ է, թե ինչպես են ադրբեջանական բանտերում վերաբերվում հայ գերիների հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG