Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անահիտ Թոփչյան.«Կարևոր է, թե որքանով է աշխարհի ընկալումը ձեզ երջանիկ դարձնում» (տեսանյութ)

Մշակույթ
anahit-topchyan

«Դերասանը երջանիկ է բեմում, որովհետև ազատագրվում է ինքն իրենից: Այն, ինչ չէր համարձակվի ասել ու անել իր անունից, ասում և անում է իր հերոսի անունից: Նա երջանիկ է բեմում, քանզի ազատ է, թեպետ այդ ազատությունն, ավաղ, երևակայական է: Գրողն՝ ինքն իրենից ազատվելու այդ առավելությունը չունի: Նա ինքն է ստեղծում իր ազատությունը, իր երջանկությունն ու դժբախտությունը»։ Դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ և պարզապես գեղեցիկ կին Անահիտ Թոփչյանն այսօր նշում է իր հոբելյանը։ «Մանկությունից էր իմ մեծ ցանկությունը կերպարանափոխվելու: Որոշել էի, որ դերասանուհի պիտի դառնամ»։ 1990-ականները  շրջադարձային էին ոչ միայն երկրի համար: Նրան այլևս հետաքրքիր չէր խաղալ թատրոնում, որոշել էր ստեղծել իր հեղինակային թատրոնը, մոնոդրամներ էր ուզում խաղալ. «Երբ ընտանեկան հանգամանքների բերումով Փարիզ գնացի, միանգամայն նոր աշխարհ ինձ համար բացահայտվեց, և գրելու ցանկություն առաջացավ»։ «Անհետացումը» սկսվում  է այնտեղից, երբ հողը ոտքիդ տակից գնում է, երբ կորցնում ես հայրենիքդ, -ասում է Անահիտ Թոփչյանը։- Իմ երկիրը,  իմ ժողովրդին, շատ եմ սիրում, սակայն չեմ ճանաչում: Չափանիշներն են փոխվել, բարոյականության, արվեստի չափանիշները»։  Արվեստագետի համար ավելի հեշտ է ստեղծել, ստեղծագործել, քան խոսել դրա մասին. ասում է թատրոնում ու կինոյում բազմաթիվ դերեր խաղացած դերասանուհին, վեպերի, պատմվածքների  ու թարգմանությունների հեղինակը։ «Կարևորն այն չէ, թե ինչպես եք նայում աշխարհին, գրում է նա «Անհետացում» վեպում, այլ թե որքանով է այդ ընկալումը ձեզ երջանիկ դարձնում։    Ավելին՝ տեսանյութով