Հրաչյա Պետրոսյան. Սեյսմիկ ակտիվությունը նվազում է
Հայաստանի տարածքում՝ Բավրայում ու Սպիտակում երեկվա ընթացքում գրանցված երկրաշարժները չեն համարվում ուժեղ: Բավրայինը թույլ է, իսկ Սպիտակինը՝միջին ուժգնությամբ: Դրանց հետևանքով կրած վնասների մասին ԱԻՆ-ը որևէ տեղեկություն չունի: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Սեյսմիկ պաշտպանության գծով ԱԻ նախարարի խորհրդական Հրաչյա Պետրոսյանը:
Նա հիշեցրեց «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքի մասին, ըստ որի՝ մինչև 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը համարվում է թույլ, իսկ դրանից բարձրը՝ ուժեղ:
Երեկ Սպիտակում գրանցված երկրաշարժի ուժգնությունը եղել է 4.3 մագնիտուդ, հաջորդել է 12 հետցնցում, իսկ Բավրայում՝ 3.3 մագնիտուդ, հաջորդել է՝ 3 հետցնցում: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 17:07-ին, հետցնցումները տևել են մինչև ժամը 20:43-ը, վերջինը եղել է 3.1 մագնիտուդ ուժգնությամբ:
«Երկու դեպքում էլ հետցնցումները եղել են ավելի թույլ, քան առաջին ցնցումը: Հետևաբար, այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է, և կուտակված սեյսմիկ էներգիան որոշ չափով արտանետվում է: Դա բնական է»,-ասաց նա:
Մասնագետը հիշեցնում է՝ ինչքան ուժեղ է երկրաշարժը, այնքան շատ, ուժեղ ու տևական են լինում հետցնցումները: Օրինակ, 1988-ին գրանցված երկրաշարժից հետո մեկ տարի շարունակ հետցնցումներ են եղել:
Սեյսմոլոգի խոսքով, այս պահին անհանգստանալու հիմքեր չկան, խուճապի մատնվել պետք չէ, քանի որ ինչպես ինքն է նշում, չկա ավելի անպտուղ ու վնասակար բան, քան խուճապն է:
«Հասկանալի է մարդկանց անհանգստությունը, բայց խուճապը վնասակար է: Պետք է հետևել ԱԻՆ պաշտոնական կայքին, մասնագետների հայտարարություններին: Ինչ իմանում ենք, փոխանցում ենք հանրությանը»,-նշեց նախարարի խորհրդականը:
Պետրոսյանը նշում է, որ հայաստանյան սեյսմիկ ծառայության պրակտիկայում էլ կան կանխատեսման հաջող օրինակներ, սակայն մինչ այս պահը չկա որևէ բանաձև, որ ավտոմատ կերպով բոլոր ուժեղ երկրաշարժերը կանխատեսվեն: Տարբեր սեյսմոլոգիական ծառայություններ կարողանում են կանխատեսումներ անել՝ լավ իմանալով տեղանքի երկրաբանական կառուցվածքը:
Նա հիշեցնում է, հնարավոր երկրաշարժի դեպքում բազմաբնակարան շենքերի 1-3 հարկերում ապրողները պետք է արագ լքեն շենքը, հեռու մնան գազատար խողովականերից, սյուներից, շենքերից ու այլ շինություններից:
4-րդ և ավելի բարձր հարկերում ապրողները պետք է առաջին րոպեներին պատսպարվեն բնակարանի հիմնական պատերի ներքո, թաքնվեն սեղանի տակ՝ բռնելով ոտքերը, որպեսզի դրանք չշարժվեն:
Պետրոսյանն ընդգծում է, հնարավոր աղետի դեպքում չի կարելի օգտվել վերելակից, քանի որ հնարավոր է հոսանքի խափանում լինի կամ էլ վերելակը պոկվի:
Ապահով տեղ հասնելուց հետո պետք է հետևել ռադիոյի միջոցով հնչող խորհուրդներին:
Հիշեցնենք, որ կեսօրից հետո Լոռու մարզպետարանում ԱԻ նախարարի գլխավորությամբ այս խնդրի շուրջ խորհրդակցություն է անցկացվելու:
Հարակից հրապարակումներ`
- «Զավթիչ Թուրքիայի բանակը հրթիռակոծում է Դերսիմը». PKK-ի թև
- ԱԻՆ. Երկրաշարժի հետցնցումները թուլանում են
- Նոր երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք
- Հայաստանում գրանցված երկրաշարժի ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ
- Ուր վազել, երբ կրակում են...
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում