1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Զրուցակիցները քննարկեl են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ Հանդիպմանը շարունակվել է մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի ձևաչափով։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։ Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հաջորդ այցելության ժամկետները։

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամները վստահեցնում են, որ կազմակերպության 25-ամյակին նվիրված հռչակագրում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ձևակերպումները որևէ կերպ չեն կարող ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Ազգային ժողովում հրավիրված ասուլիսի ընթացքում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը նախ ընդգծեց, որ այդ կառույցը իր բնույթով անկախ մարմին չէ, քանի որ ենթարկվում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը, ուստի վեհաժողովը իր կարգավիճակով ցածր է, և նրա ընդունած որոշումները լուրջ իրավական ուժ չունեն:

Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հիմնախնդրի լուծում գտնելու հարցում: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է հետագայում էլ աջակցել կողմերին փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում՝ համաձայն այն սկզբունքների, որոնք բազմիցս հավանության են արժանացել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից»,- հայտարարեց Լավրովը: Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «Մենք աջակցում ենք ԼՂ խնդրի լուծում գտնելուն ուղղված Մինսկի խմբի ջանքերին: Մեզ գոհացնում են այն հանձնառությունները, որոնք հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, մասնավորապես՝ աշխուժացնել բանակցային գործընթացը, նվազեցնել լարվածությունը շփման գծում: Կարևոր առաջընթաց կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք: Մենք ողջունում ենք երեկ կողմերի կայացրած որոշումը՝ խոսելու խնդրի մասին»,- ասաց Թիլերսոնը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը և նշել 9 պատճառ, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման խաղաղ բանակցային գործընթացում՝ չնայած նախագահական և նախարարական մակարդակներով բազմաթիվ հանդիպումներին, բանակցությունների բազմաթիվ փուլերին, համանախագահ երկրների անխոնջ միջնորդությանը, ԵԱՀԿ-ի ևայլ կառույցների կողմից համանախագահների ջանքերին և մոտեցումներին ցուցաբերված աներկբա աջակցությանը: «Առաջին, Ադրբեջանը հետքայլ է կատարել և մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերը նշված երեք սկզբունքները՝ որպես հակամարտության կարգավորման հիմք»,- մասնավորապես նշել ԱԳ նախարար Նալբանդյանը:

Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականը համատեղ հայտարարություն են ընդունել: Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները շեշտում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդության հարցում ունեն միասնական հանձնառություն, և որ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկիի Եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում: ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ձգտում է համաձայնեցնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի դիտորդների ավելացման պարամետրերը: Այս մասին Վիեննայում` ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Լեռնային Ղարաբաղի շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման թեման քննարկվել է 2016 թվականին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որին ներկա էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները: Այնուհետև արդեն հարցը բարձրացվել է Սանկտ Պետերբուրգում հունիսին՝ արդեն նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Դրանից հետո սկզբունքային համաձայնությունը փոխանցվել է ԵԱՀԿ-ին և գիտեմ, որ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ձգտում է համաձայնեցնել դրա իրականացման պարամետրերը»,- հայտարարեց Լավրովը:

ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական սուտը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի՝ հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն օր տարածվող միօրինակ ու միապաղաղ հաղորդագրությունները, ինչպես նաև դեկտեմբերի 8-ի տեղեկատվությունը, թե իբր արցախյան բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներից և ականանետերից կրակ է վարել Աղդամի շրջանի Օրթա Քարվենդ բնակավայրի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում»:

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դեկտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (1 արկ):

Հայոց ցեղասպանության դատապարտում

Իսրայելցի հետազոտող, դասախոս և ցեղասպանագետ Յաիր Աուրոնն ու հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը միասին մասնակցել են ֆրանսիական հայտնի La grande librairie հեռուստահաղորդմանը: Հաղորդմանը անդրադարձ է եղել իսրայելցի հետազոտողի աշխատությանը, որը կոչվում է «Իսրայելը և Հայոց ցեղասպանությունը»: Նա հեղինակել է և 2016 թվականին հրատարակել «Փրկարարներն ու մարտիկները. Ազնավուր ընտանիքը և «կարմիր պաստառը» նացիստական բանակի կողմից օկուպացված Փարիզում» գիրքը, որի մասին ևս հյուրերը խոսել են հաղորդման ընթացքում:

Հայաստան և աշխարհ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի  նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Հանրապետության անկախության 100-րդ տարեդարձի կապակցությամբ: 

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանություն է տարածել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ. «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։ Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»։ 

Մոսկվայում տեղի է ունեցել գործարար տուրիզմի բնագավառում միջազգային առաջատար մրցանակի՝ BBT (Buying Business Travel) Award Russia & CIS-ի հանձնման արարողությունը, որտեղ Հայաստանը ներկայացված էր Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ իրականացվող «OK Armenia» նախագծով։ Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը հաղթող ճանաչվեց 2017թ․-ի «Լավագույն օտարերկրյա MICE ուղղություն» անվանակարգում։ Նույն անվանակարգում Հայաստանի հետ միասին ներկայացված էին նաև Վրաստանը, Իտալիան, Ֆրանսիան և ԱՄԷ-ն։

Աշխարհի երեք առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) ամերիկյան կորպորացիան, արդեն երրորդ անգամ անընդմեջ վերահաստատել է հանրային ֆինանսների բնագավառում Երևան քաղաքի վարկանիշը՝ այն սահմանելով «B+» «Կայուն» կանխատեսմամբ: 

Ներհայաստանյան զարգացումներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ ծաղկեպսակներ են դրել Ստեփանակերտում անվանի զորավարի հուշարձանին: Աշխատանքային այցով ԱՀ այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ նրանց ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը և նշանակությունը, որից հետո նախագահները դիտաշտարակից հետևել են դրանց կիրառման ընթացքին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներ։ Սերժ Սարգսյանն ստորագրել է ԱԺ-ի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին: Նա նշել է. «Անհրաժեշտ է որդեգրել համայնքների զարգացման և մասնավոր ներդրումներ ներգրավելու նորարարական մոտեցումները: Մեր երկրի ֆինանսական հատվածը բավականին զարգացած է, և դա մեր գնահատականը չէ, այլ միջազգային կառույցների, և ունակ է հանդես գալու նոր մոտեցումներով: Համայնքներն էլ պետք է սկսեն հասկանալ ֆինանսիստների երբեմնի բարդ թվացող լեզուն և ավելի արդյունավետ կերպով սկսեն օգտվեն ֆինանսական հատվածի ընձեռած հնարավորություններից»:

Խորհրդային միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ տեղի ունեցավ անվանի զորահրամանատարի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Զինված ուժերի ղեկավար կազմը, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, ազատամարտիկները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները: Պաշտպանության նախարարը ծաղկեպսակ դրեց Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով ԽՍՀՄ կրկնակի հերոսի հիշատակին:

Հայաստանում 29 տարի առաջ տեղի ունեցավ խոշորագույն բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝  էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: 

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: Ըստ նախագծի հիմնավորման, հանքարդյունաբերության ոլորտը, հանդիսա­նալով ՀՀ արդյունաբերության կարևոր ոլորտներից մեկը, դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն, որը թույլ կտա ունենալ տեսլական և իրականացնել կոնկրետ գործողություններ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար: Նախատեսվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, որի մշակման համար նախ անհրաժեշտ է կատարել որոշակի ախտորոշիչ ուսումնասիրություններ: Կառավարությունը հավանություն տվեց Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման որոշման նախագծին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ստեղծելով մեկ դատարան՝ հնարավորություն կընձեռվի, որպեսզի գործերը հավասարաչափ բաշխվեն բոլոր դատավորների միջև, կրճատվեն ժամկետներն ու տնտեսվեն ռեսուրսները:

Հայաստանի սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն ենթադրող օրենքի գործողության ժամկետը կերկարաձգվի: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարի  առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ընդգծեց, որ նախագծով առաջարկվում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը 2018-ից երկարաձգել մինչև 2021թ.: ՀՀ ԱԺ-ն քվեարկությամբ հաստատեց Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի նախագիծը: Հայաստանի խորհրդարանը վավերացրեց 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու մասին համաձայնագիրը: ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը: ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքի ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու նախագիծը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»  օրենքի նախագիծը: Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հաշվեքննիչ պալատի» մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որի համաձայն՝ 2018 թ. ապրիլից Հայաստանի Վերահսկիչ պալատը կդառնա Հաշվեքննիչ պալատ:

Երիտասարդ փորձագետների «Yes Armenia» ծրագիրն արդեն մեկնարկել է, 21 մասնակից մեկ տարով աշխատանքի է անցնել Հայաստանի մի շարք պետական գերատեսչություններում: Կայացավ ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը, որին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագիրը 90 տոկոսով կատարվել է: Այս մասին  ասուլիսում նշեց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը: «Մինչ այս պետական ծրագրի մեկնարկն, արդեն աղետի գոտում 60 հազար ընտանիք բարելավել էր իր բնակարանային պայմանները: 2008 թվականին ծրագիրը մեկնարկեց,  որով հաշվառվեց 7 հազար ընտանիք, սակայն շահառու ճանաչվեց  5 հազար 381-ը: Այսօր ծրագիրը կատարված է 90 տոկոսով: Մինչև 2016 թվականը լուծվել է 4 հազար 737 ընտանիքի բնակարանային խնդիր: Ներդրվել է 64.4 մլրդ դրամ: 2017 թվականին բյուջեով կես միլիարդից ավելի միջոցների հաշվին նախատեսված էր ավարտին հասցնել քաղաքային բնակավայրերում շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը: Ինչը հաջողվեց, նույնիսկ տնտեսում ունեցանք և 12 հոգի էլ գյուղական բնակավայրերից հնարավորություն ստացավ: Ընդհանուր առմամբ, 2017 թվականին ևս 102 ընտանիք բարելավեց բնակարանային պայմանները»,-ասաց նա:

Հայաստանի զարգացման հիմնադրամը 2017 թվականի ընթացքում նպաստել է 15 միլիոն դոլարի ներդրումների ներգրավմանը, 5.9 միլիարդ դրամ արտահանման պայմանագրերի կնքմանը, լրագրողների և հանրության հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀԶՀ տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը: «Այս տարի շատ լավ արդյունքներ ենք գրանցելՏարվա ընթացքում արտահանման խթանման համար ծախսված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց 23 անգամ ավելի արդյունք է ապահովվել»,-ասաց Ավակյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Միջազգային խճանկար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2018 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին:

Սիրիան ամբողջությամբ ազատագրվել է ահաբեկիչներից, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բոլոր խմբավորումները ոչնչացվել են, հայտարարել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գերենալ Վալերի Գերասիմովը: «Սիրրիայի տարածքում ԻՊ-ի բոլոր խմբավորումները ոչնչացված են, իսկ տարածքն ազատագրվել է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը պաղեստինյան միջատարածքի հազարավոր բնակիչների բողոքի ցույցի է դուրս բերել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Թրամփը նաեւ ստորագրել Է փաստաթուղթ Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան կոչ է արել նոր ինտիֆադա (պաղեստինյան ապստամբություն) սկսել:

Հանիան հայտարարել Է Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացի լիակատար դադարեցման մասին: « Նոր գերակայությունների կապակցությամբ պաղեստինցիների եւ իսրայելացիների միջեւ խաղաղ գործընթացն ընդմիշտ թաղված Է, դարի գործարքը չի լինելու»,-ասել Է նա: Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը «կարող Է մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը ետ շպրտել «մթին ժամանակներ»: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: «ԱՄՆ-ի որոշումը կարող Է մեզ եւ ամբողջ մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը ետ շպրտել մթին ժամանակներ, որոնք մենք ավելի վաղ ապրել ենք»,-ասել Է նա: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ կարող է մեկ տարուց ավել տևել:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպառնացել է, որ նրա երկրին հարված կհասցվի, եթե Դամասկոսը համաձայնություն տա իրանական ռազմաբազաներ տեղակայելու այնտեղ: Այդ մասին հայտնել է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Իսրայելի՝ անունները չնշված ներկայացուցիչների։ Վերջերս Սիրիայի ղեկավարին հասցեագրված այս նախազգուշացումը, հրատարակության կարծիքով, վկայում Է, որ Իսրայելը պատրաստ Է հրաժարվել իր չեզոք դիրքից, որը նա բռնել Էր Սիրիայում զինված հակամարտության բոլոր տարիների ընթացքում:

Արգենտինայի պաշտպանության նախարար Օսկար Ագուադը երկրի իշխանությունների ներկայացուցիչներից առաջինն է հրապարակավ հայտարարել, որ նոյեմբերի 15-ին կորած San Juan սուզանավի անձնակազմի բոլոր 44 անդամները զոհվել են: Լրագրողուհու այն հարցին, թե կարելի Է արդյոք սուզանավի բոլոր նավաստիներին զոհված համարել, ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է. «Միանգամայն ստույգ»: Նա նաեւ պարզաբանել Է, որ փրկարարական գործողությունը դադարեցնելու եւ սուզանավի որոնման վրա կենտրոնանալու ավելի վաղ ընդունված որոշումը պայմանավորված Է նրանով, որ «էքստրեմալ պայմանները եւ սուզանավի անհետացման պահից անցած ժամանակը գոյատեւման ոչ մի շանս չեն թողնում»:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վճիռը չկատարելու վերաբերյալ, հայտնել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը: «Նախկինում որևէ պետության վերաբերյալ նախարարների կոմիտեն նման որոշում չի կայացրել: Հիշեցնեմ, որ գործը վերաբերում էր ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր Իլգար Մամեդովի ապօրինի դատապարտմանը: Սկսած 2014 թվականից և՛ նախարարների կոմիտեն, և՛ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս ընդունել են որոշումներ և բանաձևեր՝ կոչ անելով ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել Մամեդովին, սակայն ՄԻԵԴ վճռից երեք տարի անց էլ Մամեդովը շարունակում էր մնալ անազատության մեջ»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի օկրուգի իշխանությունները վտանգի՝ երբեւԷ գրանցված ամենաբարձր մակարդակն են հայտարարել տարածաշրջանում բնական հրդեհների պատճառով: Լոս Անջելես քաղաքում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանված: Հրդեհները մոլեգնում են Կալիֆորնիայի հարավային մասի չորս շրջաններում: Դրանցից տուժած տարածքների մակերեսն արդեն կազմել Է գրեթե 50 հազար հեկտար: Ավելի վաղ նահանգի իշխանությունները կարգադրել են ավելի քան 200 հազար մարդու տարհանման մասին:

Մշակույթ

Հարավային Կորեայի Ջեջու կղզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ նստաշրջանում Կոմիտեն «Քոչարի»-ն Հայաստանի հայտով գրանցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակին նվիրված համերգին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասրաթյանների ընտանիքին՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանի մահվան կապակցությամբ:

«Բարեկամության կամուրջ» միջազգային թատերական փառատոնում, որն անցկացվում է ՌԴ Յոշկար Օլա քաղաքում,  Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի՝ Ա. Ցագարելիի «Խանումա» ներկայացումը (բեմադրությունը՝ Ալեքսանդր Գրիգորյանի) լավագույնն է ճանաչվել 3 անվանակարգում:

Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում տեղի է ունեցել նկարիչ Վարդան Գաբրիելյանի «Աստղերի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսի բացումը, որն Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ կազմակերպվել էր Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո:

Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ներկայացրել է 2017 թվականնի «Տարվա լավագույն մարզիկի» կոչման համար պայքարող 25 մարզիկների ցուցակը:

Ռուսաստանի հավաքականը հեռացվել է 2018 թվականնի ձմեռային Օլիմպիական խաղերից: Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամակցությունը և հեռացրել է հավաքականին ձմեռային Օլիմպիական խաղերից: Նման որոշում կայացվեց ՄՕԿ-ի գործկոմի նիստի ժամանակ, որը կայացավ Լոզանում: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ՝ Ռուսաստանի Դաշնության օլիմպիական հավաքականին Հարավային Կորեայի Փենչհան քաղաքում 2018 թվականին կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալու ՄՕԿ-ի որոշման առնչությամբ:

ՈՒԵՖԱ-ն՝ Ազգերի լիգայի վիճակահանությունից առաջ ներկայացրել է զամբյուղները: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հանդես կգա D դիվիզիոնւոմ և ընդգկված է երկրորդ զամբյուղում՝ Լատվիայի, Ֆարերյան կղզիների և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ:

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Կառլես Պույոլը խոսել է հայերի մասին: Հյուրընկալվելով ռուսական «Առաջին ալիք»-ի «Прожектоперисхилтон» կոմեդի հաղորդմանը, աշխարհի չեմպիոնը խոսել է ֆուտբոլի, երկրպագուների, այդ թվում և հայերի մասին՝ մասնավորապես շեշտելով. «Հայերը ուժեղ ազգ են, ուժեղ բնավորությամբ»:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները 5 մեդալ են նվաճել Լեհաստանի Կիելցե քաղաքի միջազգային մրցաշարում: 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանին է անդրադարձել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքը: Մխիթարյանը ֆիմի ընթացքում խոսում է մինչև Մանչեսթեր հասնելու ճանապարհի, իր ստացած առաջարկների, Զլատան Իբրահիմովիչի հետ ընկերության և մի շարք այլ պատմությունների մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]