▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունգարիան Սաֆարովին վաճառել է Ադրբեջանին 7 մլն դոլարի դիմաց. «ադրբեջանական լվացքատան» նոր մանրամասները

 

Հունգարիան Ռամիլ Սաֆարովին վաճառել է Ադրբեջանին 7 մլն դոլարի դիմաց. «Ադրբեջանական լվացքատան» նոր մանրամասները

 

 

 

 

 

 

 

 

 

Armenpress.am-ը գրում է. Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին հրապարակված նոր հետազոտությունը հետաքրքիր մանրամասներ է պարունակում Հունգարիայի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ:

2012 թվականին՝ հենց այն նույն ժամանակ, երբ Հունգարիան Ադրբեջան արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում ադրբեջանցի քաղաքական գործչի որդու անունով բացված հաշվին: Հակակոռուպցիոն Átlátszó կայքում հրապարակված զեկույցում նշվում է, որ բացահայտված նոր տվյալները ցույց են տալիս, որ իրականում Սաֆարովին արտահանձնելով՝ Հունգարիայի կառավարությունը ոչ թե ցանկացել է ամրապնդել քաղաքական ու տնտեսական կապերն Ադրբեջանի հետ, այլ հետապնդել է այլ նպատակներ:

MKB բանկում բացված հաշիվը կապված է եղել օֆֆշորային մի ընկերության հետ, որը սերտ կապերի մեջ է եղել Ադրբեջանի կառավարության հետ: Հունգարիա գումարը փոխանցվել է Metastar Invest LLP ընկերության կողմից հունգարական բանկային այն հաշվին, որը կապված է եղել օֆֆշորային գործունեություն ծավալող Velasco International ընկերության հետ:

Ուշագրավ է, որ 7 մլն ԱՄՆ դոլարի փոխանցումը հունգարական MKB բանկ համընկել է Հունգարիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների սերտացման հետ: Արդեն 2014 թվականին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կողմերը կնքեցին ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր: Հետագայում ևս երկու երկրի պաշտոնատար անձանց հանդիպումները շարունակվեցին ջերմ մթնոլորտում:

Հունգարիա կասկածելի գումարներ տեղափոխած Metastar Invest LLP-ն այն ընկերությունն է, որը ադրբեջանական կողմից ապօրինի գումարներ էր վճարել ԵԽԽՎ պատգամավոր Լուկա Վոլոնտեին, ում դեմ Իտալիայում այս պահին հետաքննություն է իրականացվում: Հետաքրքիր է, որ նույն Լուկա Վոլոնտեն ոչ միայն Ադրբեջանի բարեկամն էր, այլ նաև Վիկտոր Օրբանի, ում ռեժիմի դեմ քննադատությունները ԵԽԽՎ պատգամավորը որակել էր որպես ոչ այլ ինչ, քան «վհուկների որս»:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին