HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հունվար-փետրվարին 26.8 մլն դոլարի մարդասիրական օգնություն է ներմուծվել Հայաստան. ԱՎԾ

Այս տարվա առաջին երկու ամսում (հունվար-փետրվար) Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալները կազմել են 26.85 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ), 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ մարդասիրական օգնության ծավալներն աճել են 5.3  անգամ:

Ստացված օգնության կազմում ամենամեծ կշիռն (46.6%-ը) ունի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը: Մարդասիրական օգնության կարգով Հայաստան ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի աճը պայմանավորված է նշված ապրանքախմբի ծավալների ավելացմամբ: Այս տարվա հունվար-փետրվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ուղարկվել 12.5 մլն դոլարի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 12.2 անգամ ավելին, քան  2017-ի հունվար-փետրվարին: Թե այս խմբի մեջ կոնկրետ ինչ ապրանքների մասին է խոսքը, ԱՎԾ հրապարակման մեջ նշված չէ:

Վիճծառայությունը մարդասիրական օգնության ծավալներն՝ ըստ ապրանքախմբերի, ավելի մանրամասն ներկայացնում է տարեկան կտրվածքով: 2017 թվականինը դեռևս հրապարակված չէ, վերջինը 2016 թվականինն է: Այդ վերջին զեկույցում երևում է, որ 2016-ին մարդասիրական օգնության ծավալների մեծ մասը (63.1%-ը) դեղագործական մթերքներն են, որոնք քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի ապրանքախմբի մեջ են մտնում: Կարելի է ենթադրել, որ այս տարվա հունվար-փետրվարին ևս դեղագործական մթերքներն են գերակշռել մարդասիրական օգնության կազմում:  Նախատեսվում է, որ հստակ տվյալներ վիճծառայությունը կհրապարակի ավելի ուշ:

Այս հունվար-փետրվարին Հայաստան ուղարկված մարդասիրական ծավալների կազմում մեծ տեղ (42.5%-ը) են զբաղեցրել նաև սարքերն ու ապարատները, որոնց ծավալը կազմել է 11.4 մլն դոլար։ 2017-ի նույն ամիսների համեմատ ծավալն աճել է 12.6 անգամ։


Infogram

Հունվար-փետրվարին Հայաստան ներմուծված մարդասիրական օգնության 59.8%-ը ուղարկվել է Միացյալ Նահանգներից։ Ըստ ԱՎԾ-ի՝ այն կազմել է 16 մլն դոլար, որը 2017-ի նույն ամիսների համեմատ 19.4 անգամ ավելացել է։

Օգնության 25.1%-ն էլ Շվեյցարիայից է՝ 6.74 մլն դոլարի։ 2017-ի նույն ամիսներին Շվեյցարիայից Հայաստան մարդասիրական օգնության կարգով ապրանքներ չեն ներմուծվել։

Համեմատաբար զգալի ծավալի մարդասիրական օգնություն է ստացվել նաև Չինաստանից՝ 1.69 մլն դոլարի, որը կազմում է ամբողջ օգնության 6.3%-ը։

Իսկ Հնդկաստանի կշիռը Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության կազմում 3.8%  է, ծավալը՝ 1 մլն դոլար։

ԱՊՀ երկրներից այս ժամանակահատվածում մարդասիրական օգնություն չի ստացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter