Ֆրանսիան վճռականորեն պայքարելու է հակասեմիտիզմի դեմ. Մակրոն
Ֆրանսիան մտադիր է վճռականորեն շարունակել պայքարը հակասեմիտիզմի դեմ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Իսրայել կատարած այցի ընթացքում: Մակրոնը, որը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենիամին Նեթանյահուի հետ, մտադիր է նաև մասնակցել ոգեկոչման միջոցառումներին, որոնք նվիրված են Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին և Հոլոքոստի զոհերի հիշատակին: Այս մասին գրում է euronews-ը։
Մակրոնը նաև նշել է, որ Իսրայել պետության գոյությունը մերժելը նույնպես հակասեմիտիզմ է:
Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորումի հյուրերի և մասնակիցների թվում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որը հանդիպել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ:
ՄԱԿ-ի որոշմամբ, Հոլոքոստի հիշատակի միջազգային օրը նշվում է ամեն տարի ՝ հունվարի 27-ին: 1945 թվականի այս օրը Կարմիր բանակն ազատագրեց Լեհաստանում տեղակայված Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը, որտեղ նացիստների զոհ էդարձել ավելի քան 1 միլիոն հրեա: Ընդհանուր առմամբ, այնտեղ մահացել է 1,5-ից 2 միլիոն տարբեր ազգությունների մարդիկ: