Ընտրության հնարավորությունը

Եթե որևէ արտառոց բան տեղի չունենա, ապա արդեն այս տարի կունենանք արտահերթ ընտրություններ: Բայց ունե՞նք արդյոք ընտրություն՝ ոչ թե քաղաքական միջոցառման, այլ՝ բառիս բուն իմաստով:

Եվ այո՛, և ո՛չ:

Մի քանի ամիս առաջ, երբ իշխանափոխությունը դեռ նոր էր տեղի ունեցել, ընկերներիցս մեկն ասաց՝ վերջապես կունենանք նորմալ ընտրություն: Ասացի՝ ընտրություն, հենց այդ է, հիմա չենք ունենա, ընտրությունն առաջ կար՝ կարող էիր ընտրել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Օրինաց՝ ինչ սիրտդ ուզեր: Մի քիչ նեղվեց՝ կարծելով, որ վատ բան եմ ուզում ասած լինել: Իրականում իմ ասելիքը «վատ բանը չէր», այլ ա՛յն, որ ինքնին ընտրությունը դեռ ո՛չ լավ, ո՛չ էլ վատ բան է: Հայաստանում միշտ կար ընտրություն: Կեղծվա՞ծ էր, թե՞ ոչ, և ի՞նչ չափի՝ դա այլ հարց է, բայց որ կար, փաստ է: Այլ բան է, որ այդ ընտրության առկայությունից ոչ մեկս «գոհուերջանիկ» չէինք:

Իրականում, սակայն, ընկերս էլ ճիշտ էր նեղվել ասածիցս: Պարզապես, գուցե չէր կարողանում ճիշտ ձևակերպել իր նեղվածությունը: Այդպես հաճախ է լինում, երբ ֆորմալ ճիշտ բան է ասվում, օրինակ, այս դեպքում՝ ընտրություն լավ էլ կար Հայաստանում, բայց փաստացի մի բան այն չէ: Ընտրությունը կար, բայց այն կեղծ էր ընկալվում: Այս պահին ընտրություն փաստացի չկա, բայց դա, համենայն դեպս, կեղծ իրավիճակ չէ՝ կենսական է, իրականությունից է բխում, թղթային չէ: Մյուս կողմից՝ սա էլ կարող է լինել միայն ժամանակավորապես կենսական և ժամանակավորապես հանդուրժելի իրավիճակ: Եթե այն դառնա տևական, ապա նույնպես կարող է վերածվել կեղծիքի:

Իրականում, երբ խոսք է լինում քաղաքական մենաշնորհի վտանգի մասին, պետք է տարբերել այն դեպքերը, երբ քաղաքական մենաշնորհն իրապես հանրային հենարան ունի, և այդ դեպքում դպրոցական ֆորմալիզմ է դա ինքնին չարիք համարել, և այն դեպքերը, երբ դա ինքը վերածվում է իրականությունը չարտացոլող ֆորմայի, որն իրապես չարիք է դառնում: Առաջին դեպքերը, իհարկե, ավելի հազվադեպ են և հատուկ պայմաններ են ենթադրում:

Ի՞նչ բան է, ուրեմն, ընտրության կեղծ և, այսպես ասած, «անկեղծ» լինելը: Նախկինում Հայաստանում եղած ընտրությունն անվանեցինք կեղծ: Բայց խնդիրն այն չէ, որ դրանք համարվում էին կեղծված: Դա հարցի մակերեսն է միայն: Ենթադրենք՝ դրանք լինեին մաքուր: Ֆորմալ տեսակետից, այդ դեպքում, պետք է ասեինք, որ ունենք նորմալ ընտրություն: Բայց զգացողության մակարդակում մնալու էինք չբավարարված: Դատողության տարածված սխալներից մեկն այն է, որ բանականությունը նույնացվում է միայն ըստ ձևի ճշմարտության հետ և անտեսում է զգացողությունը, որը նույնպես բանականության մասն է, և հաճախ չկարողանալով ինքն իրեն հստակ ձևակերպել՝ ավելի ճիշտ է դուրս գալիս, քան մաքուր դպրոցական դատողականությունը: Եթե, ուրեմն, պայմանական ՀՀԿ, թե՞ ԲՀԿ ընտրությունը լիներ ֆորմալ չկեղծված և համապատասխաներ բոլոր նորմերին, միևնույն է, զգացողությունը դա ընկալելու էր որպես անբավարար, կեղծ ընտրություն, չնայած այդքան էլ հեշտ չէ բացատրել, թե ինչու: Առայժմ թողնենք այս հարցն անպատասխան:

Գանք հիմա հակառակ կողմից: Այսօրվա իրավիճակը, երբ քաղաքական ուժերից մեկը վայելում է բացարձակ աջակցություն ընտրողների կողմից՝ 80 տոկոս ձայն հավաքելով մի ընտրություններում, որոնց ընթացքի մասին ոչ ոք՝ նույնիսկ թունդ հակառակորդները, որևէ լուրջ բողոք չեն ներկայացրել, շատերին մտահոգիչ է թվում՝ հենց այն պատճառով, որ սա «ընտրություն չկա» իրավիճակն է՝ մեկի առավելությունը չափազանց մեծ է մյուսների նկատմամբ: Եվ ի՞նչ լուծումներ են առաջարկվում:

Օրինակ, պարտադիր համարել ԱԺ-ում 4 քաղաքական ուժի ներկայությունը՝ ըստ ընտրական օրենսդրության նոր նախագծի: Այսօրվա օրենքով, ի դեպ, այսպես թե այնպես, ընդդիմությանը երաշխավորվում է 30 տոկոս տեղ: Սրան էլ ուզում են ավելացնել առնվազն չորս քաղաքական ուժի պարտադիր ներկայացված լինելը խորհրդարանում: Առաջին հայացքից՝ սա ողջունելի առաջարկ է: Իրականում սա հերթական թղթային լուծումն է, որը բովանդակությունը, կենսականը փոխարինում է ձևականով: Դեռ կարելի է հասկանալ, ասենք, երկու ուժի պարտադիր ներկայացվածությունը՝ զուտ հանուն այլընտրանք ունենալու գաղափարի:

Բայց երկուսից ավելն արդեն ուղիղ ճանապարհ է դեպի կուսակցական օլիգարխիա, որը, մեծացնելով ձևական ընտրությունը, իրականում քաղաքացուն վերջնականապես օտարացնում է իշխանությունից և ընտրությունը վերածում է ձևական ընթացակարգի՝ ում ուզում ես ընտրի, վերջում, միևնույն է, առնվազն 4 ուժ է լինելու: Պարզ է, որ սա արտոնյալ պայմաններ է ստեղծում կուսակցությունների համար, է՛լ ավելի ամրագրում է կուսակցությունների առանց այդ էլ մենաշնորհային դիրքը՝ որպես քաղաքական կազմակերպման միակ հնարավոր ձևաչափ, և արհեստական բազմազանություն է բուծում թղթի վրա:

Մեկ այլ առաջարկվող տարբերակ էլ քննարկվում է ներկա կառավարությանն ընդդիմացող խմբերում: Գնանք ընտրենք ցանկացած մեկին, ով Նիկոլին դեմ է կամ այլընտրանք է, որպեսզի չձևավորվի քաղաքական մենաշնորհ: Սա նոր բան չէ: Նախկինում էլ ընդդիմադիր հայացքներ ունեցողներից շատերը նույն տրամաբանությամբ են շարժվել: Իհարկե, այստեղ որոշակի «ռեզոն», թվում է, թե կա, մանավանդ, որ, այսպես թե այնպես, ցանկացած քաղաքական ընտրություն բացարձակ չէ, և ի վերջո հանգում է չարյաց փոքրագույնի սկզբունքին:

Իրականում, սակայն, սա ևս մեկ թվացյալ լուծում է: Նման ընտրություն կատարելն իրականում նշանակում է՝ նպաստել մի փակ իրավիճակի ստեղծմանը, պահպանել ներկայիս ներքաղաքական բաժանման միտումները ու անցյալի ստվերներին անընդատ արհեստական շնչառություն տալով՝ մտնել մի փակուղի, ուր անընդհատ ընտրություն է լինելու «սևուսպիտակի», «հեղափոխության ու հակահեղափոխության»: Ընդ որում, դա բավականին մեծ նվեր է լինելու նաև այսօրվա իշխանությանը: Իրականում հակառակն է պետք՝ նպաստել ոչ թե իրավիճակի փակմանը, այլ բացմանը, դրանում նոր ծիլերի ձևավորմանը, հների փոխարեն՝ նոր քաղաքական միավորների ստեղծմանը, կամ թեկուզ՝ հների վերանորոգմանը:

Խնդիր իրոք կա: Բայց ոչ թե արհեստական բազմազանության, այլընտրանքի՝ հանուն այլընտրանքի, այլ՝ քաղաքական դաշտի ձևավորման իրական, կենսական խնդիրը: Սա շատ բարդ, նուրբ և ռազմավարական, այսինքն՝ խորը հայեցակարգային մոտեցում է՝ մի կողմից, և մյուս կողմից՝ տևական ու հետևողական ջանք պահանջող խնդիր է: Ոչ մեկ օրում է լուծելի, ոչ թղթի մեկ հարվածով, ոչ էլ դասագրքային դեղատոմսերով:

Նախևառաջ պետք է ձևակերպվի հենց բուն խնդիրը: Ի՞նչ քաղաքական դաշտ, ինչո՞ւ քաղաքական դաշտ, և ի՞նչ ասել է՝ ձևավորում: Պետք է ձևակերպվեն սկզբունքները, նպատակները և միջոցները:

Օրինակ:

Քաղաքական դաշտն իր բազմազանությամբ ինքնանպատակ չէ: Շատ կամ քիչը, մեկը, թե երկուսը ինքնին լավ կամ վատ չեն: Քաղաքական դաշտի իմաստն է՝ ծառայել տվյալ երկրի և տվյալ ժողովրդի, տվյալ ազգի քաղաքական նպատակների իրագործմանը, ինքնիշխանության ամրապնդմանը: Պետք է ոչ թե ընդհանրապես քաղաքական դաշտ, այլ հայաստանակենտրոն քաղաքական դաշտ: Ոչ թե կամայական, կներեք՝ «հավայի» բազմազանություն, այլ այնպիսի, որը կենտրոն ունի, որը բարդ միասնություն է, որը, բացի տարանջատիչ գծերից, ունի միասնական արժեքների շարք:

Սա դեմոկրատիայի խախտում չէ: Ցանկացած քաղաքական համակարգ էլ տեղավորվում է որոշակի սահմանների մեջ: Չի կարող, օրինակ, այսօրվա Եվրոպայում մեկը քաղաքական կուսակցություն ստեղծի, որը քարոզի, ասենք, ցեղասպանություն: Կամ հարևան Իրանում, որն ունի իր ինքնիշխան և բազմազան քաղաքական դաշտը, չի կարող մեկը դուրս գալ իսլամական արժեքների սահմաններից: Ամեն մեկն ինքն է սահմանում իր արժեքային դաշտը, բայց կարևորն այդպիսի սահմաններ ունենալն է:

Մյուսը: Քաղաքական դաշտը չի կարող ձևավորվել ինքն իրենով, կախարդական փայտիկով, բարի ցանկություններով: Տարածված կարծրատիպն այն է, որ բավական է, որ պետությունը օրենքներ ընդունի և սրբորեն կատարի դրանք, և մնացած ամենն ինքն իրենով լավ կլինի: Ամբողջ հեղափոխական ծրագիրը ոմանց համար հենց դա է՝ այնպես անենք, որ օրենքները գործեն, մնացածն ինքն իրենով կլինի՝ քաղաքական դաշտ, մշակույթ, տնտեսություն և այլն: Սա մի մոտեցում է, որը բացառում է քաղաքականությունը՝ կամքը, ստեղծագործությունը, և ամեն բան վերածում է ձևական-իրավական գործընթացի: Սա խորապես պահպանողական մտածողություն է:

Ինքն իրենով չի լինի ոչինչ, այդ թվում՝ քաղաքական դաշտ: Ավելի շուտ՝ կլինի, բայց եթե դրա ձևավորմանը չի մասնակցելու սեփական պետությունդ, ապա անխուսափելիորեն այդ դատարկ տեղը լցվելու է կամ պետությանն այլընտրանքային ուժի կենտրոնների ազդեցությամբ, կամ էլ օտար պետական ազդեցությամբ: Չի լինում հենց այնպես վերացական ազատություն: Ազատ կարող է լինել միայն ինքնակենտրոն, ինքնակազմակերպված միավորը, որը գիտակցում է՝ ի՛նչ է ուզում և ի՛նչ է անում, այլ ոչ թե օրենքներ է ստեղծում, թղթի վրա ինչ-որ բաներ գրում և քաշվում ղրաղ: Սա է կեղծ ընտրության հարցադրման պատասխանը:

Կարելի է ունենալ 10 հատ կուսակցությունից բաղկացած քաղաքական դաշտ, որից 5-ը ներկայացնեն հինգ պայմանական մեծահարուստի, մյուս 5-ն էլ՝ հինգ պայմանական մեծ տերության շահերը, և ոչ մեկը չներկայացնի Հայաստանի մեծամասնությունը: Սա անխուսափելի հետևանք է «ինքնահոս» քաղաքական ռազմավարության:

Ուրեմն, պետությունը պետք է մասնակցի քաղաքական դաշտի ձևավորմանը՝ դնելով խնդիրներ, ուղենիշներ և ստեղծելով պայմաններ: Իհարկե, այստեղ կա նույնպես վտանգ: Եթե մեկը պատկերացնի, որ քաղաքական դաշտը կարելի է ձևավորել իշխանական կաբինետում նստած, նա, իհարկե, կընկնի նույն թղթաբանության մեջ: Պետության խնդիրը ոչ թե մանրակրկիտ ձևակերպումն է, այլ միայն ամենաընդհանուր մակարդակում՝ ուղենիշներ, սահմաններ ձևակերպելը և պայմաններ ստեղծելը:

Իսկ կոնկրետ բովանդակայինը պետք է գա հասարակությունից: Բայց ինչպիսի՞ հասարակությունից: Բախտի քմահաճույքին թողած, իր պոտենցիալ մրցակիցներից՝ ներսի և դրսի ուղեղներից անհամեմատ ավելի աղքատ և թույլ, չկազմակերպված հանրությունից ծիծաղելի է սպասել ինքնուրույն քաղաքական դաշտի ձևավորում: Հենց այստեղ է պետության գործը՝ նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի մեծամասնությունը կարողանա մրցակցել ուժեղների հետ: Այդ պայմանները մենակ օրենքներով չեն կարող լինել, կամ, համենայնդեպս, միայն ֆորմալ հավասարություն հռչակող օրենքներով: Պետք է առաջարկվեն և ձևավորվեն այլևայլ ֆորմատներ, հարթակներ, որոնց միջոցով հանրությունը կկարողանա ավելի մրցակից դառնալ: Բայց, վերջին հաշվով, այս բոլոր պայմաններով հանդերձ կամ նույնիսկ դրանց բացակայությամբ՝ վերջին խոսքը հանրությանն է: Ինքն իրենից կկարողանա՞ ստեղծել, ձևավորել, ապահովել իրական ընտրություն, թե՞ ոչ: Եթե չէ, ապա անիմաստ են բոլոր տեսական խոսակցությունները:

 

Տեսանյութեր

Լրահոս