1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում գնման գործընթացների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում գնման գործընթացների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գնման գործընթացների շրջանակում բացահայտված խնդիրները կանոնակարգելու անհրաժետությամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ առկա կարգավորումները բավարար չափով չեն ապահովում գնման գործընթացների արդյունավետվությունը  և ընթացակարգերին մասնակցելու գրավչությունը, այդ թվում՝ փոքր և սկսնակ բիզնեսի համար, հրավերներով մասնակիցներին ներկայացվում են ձևական պահանջ կրող պայմաններ, պայմանագրերի կատարման շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստանում ցուցաբերելու ոչ պատշաճ վարքագիծ վտանգելով ծրագրերի լիարժեք իրականացումը: Ըստ այդմ՝ առաջարկվող փոփոխությունները կնպաստեն  գործընթացների արդյունավետվությունը և ընթացակարգերին մասնակցելու գրավչության աստիճանը բարձրացնելուն հայտերի գնահատման փուլում մասնակիցներին ձևական պահանջներով չծանրաբեռնելուն, պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր ռիսկերը նվազեցնելուն, ինչպես նաև պատվիրատուների և գնահատող հանձնաժողովների կողմից հնարավոր սուբյեկտիվ որոշումների կայացումը բացառելուն: 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ որոշմամբ նախատեսվում է սահմանափակել կանխավճարների տրամադրման հնարավորությունը, նախատեսված են կարգավորումներ խտրական պայմանների կիրառումը բացառելու համար,  մրցակցության և գրավչության աստիճանի բարձրացմանն ուղղված: Որոշմամբ նախատեսված է նաև վարչական վարույթների շրջանակում  հետազոտական և փորձաքննական ծառայությունների ձեռքբերման ճկունության աստիճանի  ապահովմանն ուղղված փոփոխություն և այլն: «Շատ հաճախ գնումների համակարգը և «Գնումների մասին օրենքով» սահմանված ընթացակարգերը դիտարկվում են որպես ամենացածրարժեք ապրանքների, ծառայությունների, աշխատանքների ձեռքբերմանն ուղղված կարգավորումներ: Առնվազն՝ այդպես են մեկնաբանվում: Եվ դրանից բխող՝ մրցութային պահանջները սահմանվում են ցածրարժեք ապրանքներին համապատասխան: Հետևաբար, նաև ձեռքբերումները չեն կարող լինել դրան ոչ համարժեք: Լավագույն դեպքում մենք պետք է հենց այդ ցածրաժեք գնման առարկանները ձեռք բերենք: Մինչդեռ գործող օրենքը սահմանում է նաև մոտեցումներ, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել հատուցման դիմաց լավագույն արժեք: Այսինքն՝ միայն գնային  ցուցանիշներով չէ, որ անհրաժեշտ է առաջնորդվել. ոչ գնային չափորոշինչներ սահմանելու, միջազգային ստանդարտների, կյանքի ցիկլի հիման վրա գնառաջարկի կիրառելու ուղղությամբ նույնպես կարգավորումներ կան: Այնսինքն՝ դա նշանակում է, որ այն մեկնաբանությունը, որ գնումների մասին օրենսդրությունը կամ գնումների համակարգը նպատակաուղղված է միայն ցածր գնով և դրան համարժեք որակի գնման առարկաններ ձեռքբերելուն, այնքան էլ չի համապատասխանում եղած կարգավորմանը»,-ասել է նախարարը:        

Կառավարության ղեկավարը,  անդրադառնալով միայն գնային ցուցանիշներով առաջնորդվելու խնդրին, նշել է. «Պարոն Ջանջուղազյան, Ձեր վերջին դիտարկումը հատկապես շատ կարևոր է, որովհետև մենք ամենօրյա ռեժիմով բախվում ենք այդ կարգի հարցերի հետ: Պարզվում է՝ պետական գնումով ինչ-որ անորակ ծառայություն է ձեռք բերվել: Հարց՝ ինչու է այդ ծառայությունը ձեռք բերվել, որովհետև մրցույթում ամենաէժան գինն իրենք են առաջարկել: Եվ տպավորությունն այնպիսին է, որ այդ մրցույթում եթե ձրի առաջարկեն՝ կհաղթեն: Այնպես որ Ձեր վերջին դիտարկումը շատ կարևոր է, որ ցածր գին, չի նշանակում այնպիսի ցածր գին, որը երաշխավորում է ծառայության կամ մատակարարման անորակությունը: Ցածր գին նշանակում է մեզ անհրաժեշտ որակով, բայց հնարավորինս էժան գնով: Սա շատ կարևոր է: Գիտեք,  անընդհատ խոսում ենք գնումների մասին օրենսդրության մասին,  քննարկում ենք այդ հարցը և պարզվում է, որ այնտեղ հնարավորություններն այնքան սահմանափակ չեն, ինչքան դրա մասին ասվում է: Կարծում եմ՝ մենք խնդիր ունենք ոչ միայն օրենսդրությունը բարեփոխելու, այլև նաև որոշակի դասընթացներ կազմակերպելու այն մարմինների և պաշտոնյաների համար, որոնք գնումների գործընթացն իրականացնում են: Շատ դեպքերում վստահ չեմ, որ մարդիկ բացում օրենքո՞վ են նայում, թե՞ իրար զանգելով, պրակտիկան իմանալով՝ մոտավորապես առաջնորդվում են»: 

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կհիմնվի  միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան 

Կառավարության որոշմամբ «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ն  ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2013 թ.-ին: Ընկերությունը նախատեսում է ՀՀ Կոտայքի մարզի գյուղ Բալահովտում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան՝ կատարելով 2,8 մլրդ դրամի չափով ներդրում:  Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2020 թ.-ից: Հետաձգման ենթակա սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի 273,4 մլն դրամ։ Արդյունքում՝ ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 260 հազ․ դրամ միջին աշխատավարձով: 

Գործադիրը բավարարել է «ԱրմՖիլտր» հայ-գերմանական ձեռնարկություն ՍՊԸ-ի  ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը  ներմուծվող ապրանքներն օգտագործվելու էն արդյունաբերական ֆիլտրերի, ֆիլտր էլեմենտների արտադրության մեջ (Տավուշի մարզ)։  Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 580 մլն ՀՀ դրամի ներդրում սարքավորումների, հումքի և նյութերի ձեռքբերման համար: Արդյունքում՝ մինչև 2019 թ. դեկտեմբեր կստեղծվի 20 նոր աշխատատեղ՝ 150,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 145 մլն ՀՀ դրամ, որից 29 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում,  116 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 33,183,025 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 6,450,278 ՀՀ դրամ: 

Կառավարության որոշմամբ նույն արտոնությունից կօգտվի նաև «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է կարի և գուլպայի արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 14,127,414,670 ՀՀ դրամի ներդրում հումքի, ինչպես նաև հավելյալ 1.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի կառուցման շինարարական աշխատանքների համար: Ներկայումս առկա է 1104 աշխատատեղ: Նախատեսվում է ստեղծել 400 նոր աշխատատեղ՝ 115,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 26,833,000,000 ՀՀ դրամ, որից 7,800,000,000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 18,963,000,000 ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 70,000,000 ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում (Իտալիա, Ֆրանսիա): Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14,127,414,670 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1,177,681,553  ՀՀ դրամ: 

Միջազգային համագործակցություն. կբարելավվեն  կենսական նշանակություն ունեցող ճանապարհները 

Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը՝ 13,400,000 եվրո գումարի չափով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով: Ծրագիրը հանդիսանում է 2013թ. փետրվարի 11-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» և 2015թ. օգոստոսի 26-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված 40 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրերի շարունակությունը: Ծրագրի նպատակն է ընտրված կենսական նշանակություն ունեցող ճանապարհները (3 ծրագրերի շրջանակներում՝ ընդհանուր 450 կմ երկարությամբ ընտրված ճանապարհներ) բարեկարգելու միջոցով ապահովել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար և հզորացնել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կարողությունները՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհային ցանցը կառավարելու համար: Բացի այդ, նախատեսվում է իրականացնել ճանապարհների նախագծային աշխատանքներ, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ինչպես նաև տրամադրել ճանապարհային անվտանգության տեխնիկական աջակցություն, (ճանապարհային վթարների շտեմարանի ստեղծման հարցում) և ապահովել «Անվտանգ գյուղ» ծրագրի շարունակությունը:  Ծրագիրը բաղկացած է 3 մասից: Մասնավորապես, առաջին մասով նախատեսվում է վերականգնել 61 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ 6 մարզերում (Արարատ, Արմավիր, Սյունիք,  Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն): 

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կկազմակերպվի էլեկտրոնային երաժտության փառատոն 

Կառավարությունը որոշել է թույլատրել մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը՝ 6,000.0 հազ. դրամի շրջանակում, «Triangulum Community» ընկերության հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժտության փառատոն: Միջոցառումը տեղի կունենա մայիսի 6-ին և ուղիղ կհեռարձակվի ֆրանսիական «Cercle» մեդիա արտադրող կազմակերպության կողմից, որին կկարողանան հետևել միլիոնավոր մարդիկ։ «Cercle»-ն կազմակերպել է մի շարք նման միջոցառումներ աշխարհի տարբեր վայրերում (Էյֆելյան աշտարակ, Գրանդ Պալե, Բրայթոն և այլն)։ Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ «Cercle»-ը իրականացնում է այսպիսի միջոցառում։ Ստեղծագործության՝ միջոցառման սցենարի հեղինակային իրավունքը գրանցված է։ Հիմնավորման համաձայն՝աշխարհում նկատելի է էլեկտրոնային երաժշտության զարգացման ու տարածման նկատմամբ օրեցօր մեծացող հետաքրքրությունը. տարեց տարի զգացվում են էլեկտրոնային երաժշտության մշակույթի պահանջարկի մեծացման տեմպերը։ Նման լայնածավալ միջոցառումները գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը և լավագույն առիթ են հանդիսանում պատմական վայրերի (ամրոցներ, թանգարաններ, գիտական վայրեր) ներկայացման, քարոզչության ու դրանց ճանաչելության բարձրացման համար: Կազմակերպվող էլեկտրոնային երաժշտության փառատոնի հեռարձակման ընթացքում ևս մեկ անգամ հանրահռչակվելու և ուշադրության կենտրոնում է հայտնվելու «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը: 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել. «Նրանք, ովքեր իրազեկված են էլեկտրոնային երաժշտության բնագավառից, ասում են, որ սա աշխարհի առաջատար փառատոններից մեկն է այս ոլորտի և շատ մեծ ուշադրություն է կենտրոնացնելու Հայաստանի վրա: Պարզվում է՝ Հայաստանում էլ էլեկտրոնային երաժշտության երկրպագուների մեծ բանակ կա: Նաև ասում են, որ այս փառատոնի հետևից զբոսաշրջիկների մեծ խմբեր են ճամփորդում, որպեսզի փառատոնին մասնակցեն»:            

Օրենսդրական նախաձեռնություններ

 Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազայով  ապահովման, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրություններն օգտագործելով սև և գունավոր  մետաղների ջարդոնը և թափոնը: Մասնավորապես, ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Նախագծով առաջարկվում է պետական տուրք սահմանել նաև  ԱՏԳ ԱԱ 7201, 7204 ծածկագրերին դասվող ապրանքների համար, նույնիսկ հայկական ծագում ունենալու դեպքում: Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան տեղական արդյունաբերական ընկերություններին օգտագործել տեղում առաջացած մետաղի ջարդոնը որպես հումք` ապահովելով իրենց կողմից արտադրվող վերջնական արտադրանքի համար մրցակցային գներ: Սույն օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով և զարգացնելով առկա հնարավորությունները:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է. «Ըստ էության մենք ոլորտի հետ նաև որոշակի նախնական «գործարք» ենք կնքել հետևյալի մասին. մենք տեղական արտադրությանն աջակցում ենք նաև պայմանով, որ այդ ընկերությունները լրջորեն կզբաղվեն Հայաստանում տարբեր տեսակի մետաղի թափոնների վերամշակման գործով: Խոսքը վերաբերում է հին ավտոմեքենաների թափքերին, որոնք հանրապետությունում ամենուր են, ժանգոտած կրպակներին և այլն: Եվ ես ուրախ եմ, որ արդեն որոշակի արձագանքներ կան, որ այդպիսի պրոցես սկսվել է, և կան ընկերություններ, որոնք միջոցներ են ձեռնարկում դաշտերից, տարբեր տեղերից այդ աղբը, թափոնները հավաքելու: Ես սա շատ կարևոր գործընթաց եմ համարում» 

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Կարգավորման նպատակն է ապահովել Սահմանադրական դատարանի որոշումների իրացումը և դրանով իսկ ապահովել օրենքների հստակությունն ու որոշակիությունը, ինչպես նաև վերացնել օրենքներում Սահմանադրությանը հակասող դրույթների առկայությունը: Օրինագծով, մասնավորապես, սահմանվել է, որ դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի՝ գրավառուի հնարավոր վնասների արժեքին համարժեք ապահովում, բայց ոչ ավելի, քան գրավի առարկայի արժեքն է՝ գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Առաջարկվել է նախքան ԱԺ ներկայացնելը, օրինագիծը լրամշակել, խմբագրել:   

Գործադիրն առաջարկություն է ներկայացրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի» բառերը: 

Ինչպես նշել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, օրինագծով առաջարկվում է գաղտնազերծել  պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային   ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումները: Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ՝ ներկայացնելով մի շարք պատճառներ: Մասնավորապես, որ այդ տեղեկատվության գաղտազերծելը կվնասի պետական անվտանգությանը, այդ անձանց անվտանգությանը: 

Անդրադառնալով օրինագծեին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք նույնիսկ վերջերս անվտանգության հետ կապված որոշումներ ենք կայացրել, բայց կա մի կետ, որից ավելի բացել այդ որոշումները տրամաբանական չէ: Երբ ասում ենք՝ հանրության համար բացենք, դա բացվում է ոչ միայն հանրության, այլ բոլոր պոտենցիալ հետաքրքրություն ունեցողների համար՝ Հայաստանում և Հայաստանից դուրս»: 

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած մեկ այլ՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով նախատեսվում է կարգավորել մի շարք հարցեր հարցերը: Մասնավորապես,  առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 29-րդ հոդվածի 7.1-ին մասը, որով սահմանվում է Երևանի ավագանու նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Այս կետը կառավարությունն համարում է անընդունելի և նշում, որ նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանափակվել է ավագանու նիստերի անցկացման բնականոն ընթացքն ապահովելու, ինչպես նաև անվտանգությունն ապահովելու նկատառումներից: Նախագծի մեկ այլ հոդվածով  առաջարկվում է վերացնել Երևանի քաղաքապետի՝ Երևանի քաղաքապետարանում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը սահմանելու լիազորությունը, ինչը կառավարությունը համարում է ընդունելի: 

Գործադիրն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանել դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի: Գործադիրն  առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, միայն տարիքին վերաբերող մասով արգելքի առանձին դրույթ սահմանելը ընդունելի չէ, քանի որ այդ պարագայում անհրաժեշտ կլինի օրենսգրքում նման արգելք սահմանել նաև սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի և այլ հանգամանքներով պայմանավորված ևս: Նշված է նաև, որ Համաձայն ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: 

Կառավարության ղեկավարը,  դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին,  նշել է. «Այսինքն՝ ըստ էության ի՞նչ է ստացվում, որ մեր Սահմանադրության մեջ խտրականությունն արգելող շատ հստակ հոդված կա, բայց մյուս կողմից մենք տարբեր ահազանգեր ենք ստանում, որ խտրականության տարբեր դրսևորումներ աշխատաշուկայում, այնուամենայնիվ, տեղի են ունենում: Այսինքն՝ Սահմանադրության այն հոդվածը, որ մենք ունենք, բավարա՞ր է, թե՞ այնուամենայնիվ, մենք օրենսդրության մեջ ինչ-որ փոփոխություններ պիտի անենք»: 

Արման Թաթոյանը նշել է, որ իրականում սեռով և տարիքով պայմանավորված խտրականության դրսևորումներ կան՝ հատկապես կանանց հետ կապված: Ըստ ՄԻՊ-ի՝ «Աշխատանքային օրենսգրքի» ընդհանուր դրույթները հաճախ հնարավորություն չեն տալիս, որ առավել արդյունավետ պաշտպանություն իրականացնել: 

«Այսինքն՝ մենք ընդունում ենք, որ օրակարգում այսպիսի հարց կա, բայց միայն տարիքով սահմանափակելը կնշանակի, որ մյուս դեպքերում խտրականություն թույլատրվում է անուղղակիորեն: Եթե ասում ես՝ այս մի դեպքով չի կարելի խտրականություն անել, ավտոմատ ենթադրվում է, կամ առնվազն կարող է մեկնաբանվել, որ մյուս դեպքերով կարելի է անել: Եթե գնում ենք այս ճանապարհով, ուրեմն պետք է հստակ սահմանենք բոլոր դեպքերը, որտեղ մենք ասում ենք, որ խտրականությունն արգելվում է, սահմանադրական շրջանակն ընդգրկող տրամաբանություն պետք է դրվի օրենսդրության մեջ: Կարծում եմ, որ այս առումով նաև հեղինակի հետ կարելի է աշխատել, որպեսզի ամբողջական տեսքի բերվի»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:  

Կառավարությունը քննարկել է նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է, մասնավորապես,        ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարություն ստորագրելու վերաբերյալ դրույթները,   կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի` գործող օրենքով նախատեսված 1 տարվա փոխարեն և այլն: Գործադիրն առաջարկում է  նախագծերով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ ներկայացնելով մի շարք դիտարկումներ: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է նաև, որ մշակվում է համանման մի նախագիծ, որով պարտադիր չի լինի կենսաթոշակառուի ողջ լինելը հավաստելու համար նրա այցելությունը բանկ. դա կարող է իրականացվել սոցիալական աշխատողի կամ բանկի աշխատակցի միջոցով: 

Անդրադառնալով քննարկվող հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ անհասկանալի են այն նախագծերը, որոնք առաջարկում են ետ գնալ: «Ընդհանուր առմամբ այս իրավիճակն ինչի՞ց է առաջացել: Այս ամեն ինչն առաջացել է այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ Հայաստանում տասնյակ հազարով թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն, և որոնք թոշակ են ստանում, և դրա արդյունքում պետությանը միլիարդների վնաս է պատճառվել: Հիմա մենք առաջարկում ենք կրկին մեխանիզմ ստեղծել, որ նորի՞ց միջանցքներ թողնենք, որ այդ նույն բանը տեղի ունենա՞: Սա անհասկանալի տրամաբանություն է: Այսինքն՝ 10 տարի անցավ, բոլորս մոռացանք ամեն ինչ, նորից սկսում ենք զրոյից: Ես բացարձակապես չեմ ընդունում այդ տրամաբանությունը: Պետք է մարդկանց օգնել, որ այդ հավաստագրումն իրենց համար ավելի հեշտ տեղի ունենա, բայց դա պետք է անել առաջ գնալու ճանապարհով, ոչ թե ետ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: 

  Վարչապետն ընդգծել է, որ 21-րդ դարում անհրաժեշտ է գտնել  տեխնոլոգիական լուծումներ՝ մարդու գոյություն ունենալու կոնկրետ փաստն արձանագրելու համար. «Միայն տեխնոլոգիաների կիրառմամբ, ուրիշ որևէ տարբերակ, որ մարդկային գործոնով պետք է մենք դա ստուգենք, ուղղակի անընդունելի է: Միայն թվայնացման շրջանակում, միայն տեխնոլոգիայի ճանապարհով, միայն առաջ գնալու ճանապարհով:  Ընդհանրապես մեր մարտավարությունն ու ռազմավարությունն ինովացիան է, կառավարության ծրագրում դա գրված է: Մենք չենք կարող լուծում առաջարկել, որն ինովացիա չի պարունակում»: 

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀօ րենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: 

Նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև ջրամբարներից,  ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքից: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ  բավարար քանակով ջրային պաշարներ են կուտակվել և ապրիլ-հունիսին ջրի խնդիր հանրապետությունում չի լինի: Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը մանրամասներ է հայտնել ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների մասին՝ նշելով, որ   մեկնարկել են նաև ջրանցքների, գետերի հուների մաքրման աշխատանքները։ 

«Շատ կարևոր է արձանագրել, որ նախորդ տարվա հետ համեմատ բոլոր տեղերում մենք ունենք էական, շոշափելի ավելի պաշարներ:  Ընդ որում, այս տարվա առանձնահատկություններից  է այն, որ այդ ջրամբարների լցվելու պրոցեսը դեռ կանգնած չէ: Այսինքն՝ շատ տեղերում, լեռներում դեռ ձյուն կա: Մեր խնդիրն է՝ ջուրը ճշգրիտ մատակարարել և  հասցնել գյուղացիներին»,-ասել է վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]