Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը

Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքի տեքստը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը. Մաս 1

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննութան առնելով ՀՀ ՀՔԾ ընդhանուր բնույթի հանցագորցությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի միջնորդությունը՝ թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարածնելու մասին, իր 18.01.2019 թ․ որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարել է:

Նոյն որոշմամբ դատարանը մերժել է կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պարոն Ռ. Քոչարյանի պաշտպանների 16.01.2019 թ․ միջնորդութունը:

Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Պարոն Ռոբերտ Քոչարյանի անձին վերաբերող փաստեր

Պարոն Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը հանդիսածել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ /1992-1994թ.թ./, Արցախի Հանրապետության առաջին նախագահ /1994-1997թ.թ./, Հայաստանի Հանրապետության վարչապետ /1997-1998թ.թ./, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ /1998-2008թ.թ./: Նրա՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, իսկ այնուհետև՝ ԼՂՀ նախագահ եղած ժամանակաշրջանում Լեռնայի Ղարաբաղի Հանրապետությունը, որի տարածքի 50 տոկոսը 1992 թ․ դրությամբ բռնազավթված էր ադրբեջանական ուժերի կողմից, ամբողջությամբ ազատագրվել է ադրբեջանական ուժերից, իսկ ԼՂՀ-ին հարող 7 շրջանները վերցվել են հայկական ուժերի հսկողության տակ:

Պարոն Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ լինելու ժամանակ 5 անգամ աճել է երկրի համախառն ներքին արդյունքը: Պարոն Քոչարյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու պահին երկրի բյուջեն կազմել է շուրջ 300 մլին դոլլար, նրա տասը տարվա պաշտոնավարման ընթացքում բյուջեն ավելացել է ավելի քան 8,5 անգամ և 2008 թ․ դրությամբ կազմել 2 մլրդ 600 մլն դոլար: Տնտեսության աճի ցուցանիշով Հայաստանի հայտնվել էր աշխարհի երկրների լավագույն հնգյակում:

Արցախի հերոս է, պարգևատրվել է 6 երկրի բարձրագույն շքանշաներով, այդ թվում՝ Վրաստանի «Մեծ խաչի ասպետ», Ֆրանսիայի «Պատվո լեգիոնի ասպետ», Հունաստանի «Փրկիչ», Լեհաստանի «Սպիտակ արծիվ» և այլ:

Որպես պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության անվտանգության աշխատակիցների շուրջօրյա հսկողության տակ: Բացի այդ, անվտանգության աշխատակիցները նախապես տեղեկացված են լինում պարոն Քոչարյանի բոլոր հանդիպումների մասին, և հանդիպումները տեղի են ունենում ըստ նախապես անվտանգության աշխատակիցներին տրամադրված ցուցակի:

Ցուցակում չընդգրկված անձին չի կարող թույլ տրվել պարոն Քոչարյանի հետ հանդիպման:

Դիմողի անվտանգությունն ապահովող աշխատակիցներից բոլորը հանդիսանում են ՀՀ ԱԱԾ սպաներ՝ ընդհուպ մինչև գնդապետի կոչում ունեցող:

03.07.2018 թվականին ՀՀ ՀՔԾ-ն պաշտոնապես տեղեկութուն է տարածել, որ որոշում է կայացվել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանին ՀՀ ՔՕ 300.1-րդ 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Հաղորդագրության մեջ գրված էր, որ այդ գործողությունները Միքայել Հարությունյանը կատարել է ՀՀ որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին: Լուրը տարածվելու ժամանակ պարոն Ռոբերտ Քոչարյանը գտնվել է Հունաստանում: 06.07.2018 թվականին՝ ժամը 14:00-ին, պարոն Քոչարյանի տուն են բերել ծանուցագիր, որով նա նույն օրը, ժամը 15:30-ին հրավիրվում էր հարցաքնության:

Պարոն Քոչարյանի հանձնարարությամբ նրա գրասենյակի պատասխանատուն 09.07.2018 թվականին նամակ է ուղարկել քննիչին, որով հայտնել է, որ սահմանված օրը պարոն Քոչարյանն ի վիճակի չի լինելու ներկայանալ քննությանը: Նույն նամակում քննիչը տեղեկացվել է, որ պարոն Քոչարյանը կվերադառնա 25.07.2018 թ․ և կներկայանա քննությանը:

25.07.2018 թվականին պարոն Ռ. Քոչարյանը վերադարձել է Հայաստան և 26.07.2018 թ․ ներկայացել է քննիչի մոտ հարցաքննության:

27.07.2018 թ․ պարոն Քոչարյանը կալանավորվել է, որից հետո՝ 13.08.2018 թ․, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել, միայն 04.09.2018 թ․ նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 07.12.2018 թ․ որոշմամբ պարոն Քոչարյանը կրկին կալանավորվել է:

2018 թվականի օգոստոսի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում գտնվելով ազատության մեջ՝ պարոն Ռ. Քոչարյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ:

2008 թ․ փետրվարի 19-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածին վերաբերող փաստեր

19.02.2008 թ․ Հայաստանի Հանրապետությունում անցել են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթող է ճանաչվել Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրությունների արդյունքները վիճարկել է ՀՀ Սահմանադրական դատարանում: Սահմանադրական դատարանի 08.03.2008 թ․ ՍԴՈ-736 որոշմամբ արձանագրվել են ընտրական գործընթացներում առկա մի շարք խախտումներ, սակայն գտել է, որ դրանք չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա և «Հանրապետության նախագահ ընտրելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008 թ․ 24-Ա որոշումը թողել է ուժի մեջ:

Ընտրութունների ընթացքին հետևած միջազգային դիտորդական բոլոր երեք առաքելությունների ներկայացուցիչները հաստատել են ընտրությունների արդյունքների օրինականությունը:

«Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ» ԵԽԽՎ-ի 18.04.2008 թվականի թիվ 1609 բանաձևով անդրադարնալով 2008 թ․ փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և դրան հաջորդած իրադարձություններին՝ ոչ միայն կասկածի տակ չի դրել ՀՀ Սահմանադրական դատարանի 08.03.2008 թ․ ՍԴՈ-736 որոշումը, այլ և՝ ուղղակիորեն կոչ է արել ընդդիմադիր բոլոր ուժերին ճանաչել Սահմանադրական դատարանի այդ որոշումը /տես՝ 1609 բանաձևի 9-րդ կետը/:

Սակայն մինչև այդ՝ 20.02.2008 թ․ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվելուց հետո, 21,5 տոկոս հավաքած թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ինքը հաղթել է այս ընտրությունները՝ հավաքելով մոտ 60 տոկոս, և ինքը պետք է զբաղեցնի նախագահի պաշտոնը: Թեև ընտրությունների արդյունքները նրա կողմից վիճարկվել էին ՀՀ Սահմանադրական դատարանում և դեռևս Սահմանադրական դատարանը այդ կապակցությամբ որոշում չէր կայացրել, սակայն պարոն Լևոն Տեր-Պետրոսյանն՝ իր կողմնակիցների հետ միասին, սկսել էր անժամկետ շուրջօրյա հանրահավաքներ Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքում ելույթների հիմնական բովանդակությունը հետևյալն էր՝ ցուցարարները պետք է կազմալուծեն պետական համակարգը, հրապարակային կոչեր էին ուղղվում ոստիկանությանը՝ չենթարկվել իրենց հրամանատարությանը, անցնել ժողովրդի կողմը, կոչեր էին ուղղվում նաև բանակայիններին՝ չենթարկվել հրամանատարությանը, անցնել ժողովրդի /նկատի էր ունեցվում՝ ցուցարարների/ կողմը և այլ:

Հանրահավաքների 2-րդ, 3-րդ օրից սկսած հայտարարվում էր, որ պետական համակարգը արդեն ճաք է տվել, հրապարակում էին պետական պաշտոնաների անուններ, ովքեր միացել են ցուցարարներին. դիվանագետներ, պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ և այլ: Ազատության հրապարակում ամբիոնին հայտնվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ով միացավ ցուցարարների կոչերին:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդհատել է ՌԴ Մոսկվա քաղաք կատարած իր այցը և վերադարձել, քանի որ ՀՀ ԱԱԾ տնօրենն իրեն զեկուցել է, որ երկրապահում 3-րդ օրն է՝ ժողովներ են, քննարկում են Երկրապահ կամավորականների միության կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի ցույցներին միանալու հարցը և այդ ժողովներին մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

Իրավիճակը էլ ավելի էր սրվում այն բանի հետևանքով, որ ԵԿՄ վարչության անդամներից 6-ը ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան հրամանատարական կազմից էին, իսկ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ով այդ պահին պաշտպանության փոխնախարարն էր, հայտարարել էր, որ միանում է ցուցարարների պահանջներին, ինչի մասին ցույցի ժամանակ բարձրաձայնեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Ցուցարարների պահանջներին միանալու մասին էր հայտրարել նաև պաշտպանության մեկ այլ փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

Ավելին, նախագահին էին ներկայացվում օպերատիվ ճանապարհով ստացված տվյալներ այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից աշխատանք է տարվում Զինված ուժերում, որպեսզի բանակի առանձին ստորաբաժանումներ և զինծառայողներ անցնեն ցուցարարների կողմը: Այդ հանգամանքը իր հաստատումը ստացավ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի՝ 2018 թ․ օգոստոսին տրված հարցազրուցներից մեկում, որտեղ նա ասաց, որ Հատուկ գնդի անձնակազմի 80 տոկոսը 2008 թ․ այդ իրադարձությունների ժամանակ պատրաստ էր անցնել ցուցարարների կողմը:

Իր վրա կրելով ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով դրված պարտականությունները՝ նախագահը պարտավոր էր ձեռնարկել քայլեր, որպեսզի բացառվի բանակի ներքաշումը քաղաքական այդ գործընթացների մեջ:

Նա հրավիրել է նախագահական նստավայր բանակի հրամանատարական կազմը, հանդիպումը տևել է մոտ 15-20 րոպե, որի ընթացքում խնդիրը դրվել է հետևյալ կերպ՝ նախագահը պահանջել է պաշտպանության նախարարից և ընդհանրապես հրամանատարական կազմից ձեռնարկել միջոցներ, որպեսզի բացառվի բանակի ներքաշումը քաղաքական գործընթացների մեջ: ԵԿՄ վարչության անդամ հանդիսացող սպաների առջև դրվել է նաև պահանջ՝ ընտրություն կատարել ԵԿՄ վարչության կազմում կամ Զինված ուժերում մնալու միջև:

Նախագահի այդ հրահանգից հետո ՀՀ պաշտպանության նախարարն արձակել է թիվ 0038 հրամանը: Թեև այդ հրամանը նախագահին չի ուղարկվել և դրա բովանդակությունը նախագահին չի զեկուցվել, սակայն հրամանի բովանդակությունից ներկայում պարզ է դառնում, որ այն չի վերաբերում զինված ուժերի օգտագործմանը: Հրամանի բովանդակությունից երևում է, որ այն ուղղված է բանակի առանձին ստորաբաժանումների կամ զինծառայողների՝ օրենքով չնախատեսված գործողությունները կանխելուն, հոգեբանորեն կայուն և պատրաստված զինծառայողներից բաղկացաց ստորաբաժանումների ձևավորմանը և տեղափոխմանը Երևան: Ընդհուպ մինչև 01.03.2008 թ․ այդ ստորաբաժանումները առհասարակ որևէ գործողություններ չեն կատարել: Այդ հանգամանքը չի ժխտվում նաև «անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թվականի որոշման մեջ: Դրա հետ մեկտեղ` մինչև 29.02.2008 թ. ներառյալ, Երևան քաղաքում չի գործել ռազմական դրությանը բնորոշ որևէ միջոց:

Մասնավորապես, գոյություն չի ունեցել կարծիք արտահայտելու, տարածելու և տեղեկատվություն ստանալու ազատոթյան, հավաքների ազատության, մարդու այլ իրավունքների և ազատությունների որևէ սահմանափակում: Չի իրականացվել նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված միջոցառումներից որևէ այլ մեկը: Ավելին, այդպիսի սահմանփակումների կամ միջոցառումների մասին չի նշված նաև «անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թ. որոշման մեջ:

2008 թ. վաղ առավոտյան ոստիկանությունն իրականացրել է գործողություն Երևանի Ազատության հրապարակում, քանի որ տվյալներ է ունեցել, որ այդտեղ՝ վրանների մեջ գտնվող անձանց մի մասին բաժանվել են ձողեր, մահակներ, ամրաններ, բենզին, նետողական սառը զենք հանդիսացող մետաղյա կոնստրուկցիաներ, հրազեն, ռազմամթերք:

Նախապտրաստվող գործողության մասին ոստիկաններից մեկը նախապես զգուշացրել էր վրաններում գտնվող անձանց: Չնայած դրան, ոստիկանների գործողությունների արդյունքում վրաններից այնուամենայնիվ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, ներառյալ՝ հրազեն, փամփուշտներ և նռնակներ, ինչպես նաև՝ որպես զենք օգտագործելու համար հարմարեցված առարկաներ: Ոստիկանկան գործողության ժամանակ Ազատության հրապարակում գտնվող բազմության մի ստվար զանգված հանրավտանգ հիշյալ պարագաների օգտագործմամբ դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ։ Բոլոր դեպքերում, «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թ. որոշման մեջ պարոն Ռոբերտ Քոչարյանին չի վերագրվել այդ գործողությունը կատարելու վերաբերյալ հրահանգ տալը: Որոշման մեջ այս առումով առկա է այսպիսի ձևակերպում. «… որոշվել է 2008 թ. մարտի 1-ի գիշերը բռնությամբ ցրել Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց իրականացնող ցուցարարներին»:

Նույն օրը ցերեկը ցուցարարները սկսել են հավաքվել Երևանի Գ. Լուսավորիչ և Արգիշտի փողոցների հատման մասում՝ Մյասնիկյանի արձանի և Երևանի քաղաքապետրանի մոտ:

Ժամը 11-ի սահմաններում ցույցի մասնակիցները փողոցի լայնությամբ տրոլեյբուսները կանգնեցնելով երթևկելի մասում` փակել են Գ. Լուսավորչի փողոցը, որից հետո հարձակվել են հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վրա։

Ցույցի կազմակերպիչները հրաժարվել են ընդունել միջոցառումն այլ վայրում իրականացնելու մասին իշխանություների առաջարկը, կոչ են արել ցուցարարներին զինվել մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված և ձեռքի տակ եղած միջոցներով, բռնություն գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, արգելապատնեշներ ստեղծել տրանսպորտային միջոցներից և գույք վնասելով և շարքից դուրս բերելու միջոցով։ Ցոյցի կազմակերպիչները հավաքված բազմությանը բռնարարքների մղելու դիտավորությամբ` սադրիչ լուրեր են տարածել իբրև թե Ազատության հրապարակում ոստիկանները մանկահասակ երեխայի են սպանել, իսկ ոմն Լաուրա Մելքոնյանն, աղբի միջից երեխայի կոշիկ գտնելով, տարածվող լուրերի ազդեցության տակ հայտարարել է, թե դա սպանված երեխայի կոշիկն է։

Քիչ անց, կրքերն ավելի բորբոքելու նպատակով, Մյասնիկյանի արձանի հարևանությամբ մոմավառություն է կազմակերպվել` ի հիշատակ զոհված երեխայի։ Զանգվածային անկարգության մասնակիցները պարբերաբար ծեծի են ենթարկել ոստիկանության մի շարք աշխատակիցների, այդ թվում` ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Գրիշա Այվազյանին, որին ծեծի ենթարկելու ընթացքում Արա Հովհաննիսյանը հափշտակել է վերջինիս հաշվեցուցակային ատրճանակը։

Ցույցի մասնակիցները զինվել են մարմնական վնասվածքներ պատճառելու համար առավել հարմար, իրենց շուրջ գտնվող առարկաներով` քարերով, ձողերով, փայտերով, ինչպես նաև նախապես պատրաստված և անկարգությունների վայր բերված պայթուցիկ նյութերով, պայթուցիկ սարքերով, հրազենով և «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող դյուրավառ հեղուկով լցված շշերով։ Այդ ամենի արդյունքում, 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակհատվածում, Երևանում` Մյասնիկյանի արձանին և քաղաքապետարանի շենքին հարակից տարածքում, Երևանի Գր. Լուսավորչի, Մաշտոցի, Լեոյի և Պարոնյանի փողոցներում հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելով կատարվել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում զոհվել են տաս անձինք, զինված դիմադրություն է ցույց տրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցներին, տարբեր ծանրության աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ ոստիկանության 187 աշխատակից, 32 քաղաքացիական անձ, ջարդերի, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու հետևանքով ՀՀ ոստիկանությանը պատճառվել է 25.980.093 դրամի վնաս, Երևան քաղաքին և Կենտրոն թաղային համայնքին` 69.288.760 դրամի վնաս, իրավաբանական անձանց` 339.954.866 դրամի վնաս, հրկիզվել և վնասվել են 92 տրանսպորտային միջոց, որի հետևանքով ՀՀ ոստիկանությանը, քաղաքացիներին և ուղևորափոխադրող ընկերություններին պատճառվել է ընդհանուր գումարով 70.854.525 դրամի վնաս:

Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնահատելով ստեղծված իրավիճակը՝ որպես սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ պարունակող, խորհրդակցելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի և ՀՀ վարչապետի հետ, 01.03.2008 թվականին ստորագրել է հրամանագիր Արտակարգ դրություն հայտարարելու մասին:

Անհապաղ գումարվել է Ազգային ժողովի նիստ, որում նախագահի հրամանագիրը հավանության է արժանացվել: Զինված անկարգությունների մասնակիցների հարձակումները և զանգվածային անկարգությունները դադարել են միայն արտակարգ դրություն հայտարարելու և իրավապահների կողմից դրանք կանխելու արդյունքում։
2008 թվականի փետրվարի 23-ից մինչև 29-ը ներառյալ ՀՀ զինված ուժերը չեն օգտագործվել վերևում նկարագրված գործողությունների հետ կապված որևէ դրվագում:

«Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թ. որոշման մեջ նույնպես նկարագրված չէ նշված ժամանակահատվածում զինված ուժերն օգտագործելու որևէ փաստ:
01.03.2008 թ. Զինված ուժերը տեղակայվել են Երևանում գտնվող կարևորագույն պետական հիմնարկների մոտակայքում՝ զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից դրանց վրա հնարավոր հարձակումը կանխելու համար:

Նշված նպատակով զինված ուժերի կողմից մասնավորապես հսկողության տակ են վերցվել ՀՀ կառավարության շենքը, Գ. Լուսավորչի փողոցի կողմից դեպի ՀՀ ԱԺ և նախագահական նստավայր զանգվածային անկարգությունների մասնակիցների հնարավոր առաջխաղացումը կանխելու համար զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղակայվել Երևանի Լեոյի և Պարոնյանի փողոցի խաչմերուկի հատվածում։

Այնուհանդերձ, ո՛չ մարտի 1-ին և առավել ևս ո՛չ էլ փետրվարի 23-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում Զինված ուժերը չեն ունեցել զենք կիրառելու վերաբերյալ հրաման: Այդ մասին իր հարցազրույցում հայտնել է ՀՀ գլխավոր շտաբի ներկա պետ Արտակ Դավթյանը: Հարցազրույցը կարելի է դիտել համացանցում՝ հետևյալ հղումով.

Պարոն Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի էությունը
Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով: Վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ պարոն Քոչարյանի՝ սահմանադրական կարգի բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները հանգեցրել են 2008 թ․ գործող Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է, 2-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 3-րդ հոդվածով նախատեսված՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն, նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, որն արտահայտվել է ժողովրդավարական և իրավական պետությունում ժողովրդին պատկանող իշխանության իրացման՝ 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ նախագահի ընտրություններին հաջորդող ընթացքում ՀՀ-ում քաղաքացու՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան երաշխավորված իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իրավական և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները՝ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների սահմանազանցմամբ վերացնելով:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը. Մաս 2

Այդ կապակցությամբ պարոն Ռ.Քոչարյանին վերագրվում են հետևյալ գործողությունները
Որ՝ այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած գնով հանձնելու, ընթացող իրավական, քաղաքկան գործընթացների վրա բազմամարդ հավաքների ազդեցության՝ իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների վիճարկման իրավական գործընթացներն ապօրինի վերահսկելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի տապալելուն ուղղված գործողություններ՝ զինված ուժերը, ինչպես նաև ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում հանցավոր ներգրավմամբ, ինչպես նաև ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ այլ գործողություններով երկրում վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները, անհիմն և ապօրինի խախտել ու սահմանափակել են քաղաքացիների հիմնական իրավունքները՝ յուրացնելով իշխանությունը:

Որ՝ խախտելով Սահմանադրության 8.2-րդ և 55-րդ հոդվածի 13-րդ կետը, մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ միասին, Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրությանը բնորոշ ռեժիմ, զինված ուժերն օգտագործել է քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:

Որ՝ մտադրություն ունենալով ցանկացած գնով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և համակարգում է պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը, 2008 թ․ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստճան պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն է անցկացրել և, ակնհայտ անցնելով իր լիազորությունները, բանավոր հրահանգել է՝ զորքերը բերել մարտական պատրաստվածության՝ հաջորդ օրը՝ ժամը 00:00-ից, հայտարարելով արտակարգ դրություն սահմանելու մասին:

Որ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի՝ 2008 թ․ փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ Երևան քաղաքում փաստացի սահմանված ռազմական դրության և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանկներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման նոր կառույցի կազմակերպմամբ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ:

Որ՝ ՀՀ նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ և ի կատարումն 2008 թ․ փետրվարի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարությունների, համապատասխան իրավական ակտի բացակայության և փաստացի ստեղծված ռազմական դրությանը բնորոշ ռեժիմի պայմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները, իրենց տեխնիկայով, ինքնաձիգերով զինված, տեղակայվել են Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան և մայրաքաղաքի այն փողոցներում:

Որ՝ մայրաքաղաքում տեղի ունեցող ներքաղաքական խաղաղ գործընթացները ճնշելու նպատակով զինված ուժերի ապօրինի ներգրավման շարունակվող գործընթացն օրինականացնելու համար 2008 թ․ մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համաձայն ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի՝ պարտավոր լինելով հրապարակել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին չհակասող հրամանագրեր, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի խախտմամբ ընդունել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագիրը:

Նշված հրամանագրով Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը ՀՀ ոստիկանությունից բացի, վերապահվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Որ՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով սահմանված դրույթն առ այն, որ մարդու և քաղաքացու առանձին հիմնարար իրավունքներն ու ազատությունները կարող են ժամանակավորապես սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով, ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտկանություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում, արտակարգ դրության իրավական ռեժիմը կարգավորող օրենք Հայաստանի Հանրապետությունում ընդունված չլինելու պայմաններում, Ռոբերտ Քոչարյանն իր՝ վերը նշված հրամանագրով ապօրինի սահմանել է Արտակարգ դրության ռեժիմ՝ դրանում ներառելով այնպիսի միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող գործողություններ, որպիսիք նախատեսված են եղել 2006 թ․ դեկտեմբերի 5-ին ընդունված՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, հրամանագրի 4-րդ կետով սահմանվել են արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետևյալ ժամանակավոր սահմանափակումները.

1. Ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում

2. Գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում

3․ Իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում

4․ Զանգվածային լրատվամիջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում

5․ Առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկներ և այլ ձևով քաղաքական քարոզչության իրականացման արգելում

6․ Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության կասեցում

7․ Արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում: Նշված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները նախատեսված են եղել վերը նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ» և «ժբ» կետերով, այսինքն՝ Երևան քաղաքում ստեղծվել է ռազմական դրությանը բնորոշ ռեժիմ:

Բացի այդ, քննիչը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրել է հետևյալը. « … ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, շարունակելով ՀՀ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի ներգրավմամբ, տարբեր եղանակներով և միջոցներով, այդ թվում՝ դատարանի անդամների վրա ճնշում գործադրելով՝ ներազդել դատարանի անդամների վրա, որպեսզի վերջիններս քվեարկեն Կենտրոնական հանձնաժողովի հիշյալ որոշման վավերական և օրինական ճանաչելու օգտին»:

Դատարանի որոշման պատճառաբանությունները

Դատարանի որոշման պատճառաբանությունները, կապված կալանավորման պայմանների հետ

Դատարանի պատճառաբանությունները, կապված հիմնավոր կասկածի հետ
Դատարանի որոշման պատճառաբանական մասի 8-րդ և 9-րդ կետերը վերաբերում են հիմնավոր կասկածին: Որոշման 8-րդ կետում բերված են Սահմանադրության, օրենքների և Վճռաբեկ դատարանի որոշումների մեջբերումներ /տես՝ որոշման 24-29 էջերը/: Որից հետո դատարանը թվարկել է քննիչի կողմից ներկայացված նյութերը և հակիրճ նկարագրել դրանց բովանդակությունը /տես՝ որոշման 30-րդ էջը, 31-րդ էջի 1-ից 3-րդ պարբերությունները/:

Դատարանի սեփական կարծիքը հիմնավոր կասկածի վերաբերյալ ընդամենը հետևյալն է.
“Նշված փաստական տվյալները մատնանշում են Ռոբերտ Քոչարյանի առնչությունը նկարագրված ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նաև ողջամտորեն հիմնավորում են, որ դեպքը, որի կատարման մեջ Ռ. Քոչարյանը մեղադրվում է, համընկնում է իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործության դեպքին”:

Դատարանի պատճառաբանությունները պարոն Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ

Անդրադառնալով պարոն Ռ. Քոչարյանի անձեռնմխելության վերաբերյալ պաշտպանական կողմի փաստարկին, դատարանը այն քննարկել է Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ պաշտպանների միջնորդության համատեքստում և եզրակացրել. «Հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2018թ. դեկտեմբերի 07-ի եզրահանգումները, դատարանը պաշտպանների կողմից մինչդատական վարույթի ներկա փուլում Ռ. Քոչարյանի անձեռնմխելիության հարցով Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությանը չի անդրադառնում»:

Դատարանի պատճառաբանությունները, կապված քննչական խմբի ջանասիրության հետ
Քննչական խմբի ջանասիրության վերաբերյալ դատարանի գնահատականը հետևյալն է.
«Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելը պայմանավորված է նաև գործի առանձնակի բարդությամբ, քննչական գործողությունների ծավալով և նախաքննական մարմինն այս առումով ցուցաբերել է բավարար ջանասիրություն»:

Դատարանի որոշման պատճառաբանությունները, կապված կալանավորման հիմքերի հետ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքից և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներից մեջբերումներ անելուց հետո դատարանը անդրադառնալով պարոն Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերին՝ եկել է հետևյալ եզրահանգման.

«Դատարանը գտնում է, որ շարունակում են առկա լինել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերն ու պայմանները, քանի որ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող ենթադրյալ հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը բարձրացնում են հավանակնությունը, որ նա, երկար տարիներ զբաղեցնելով բարձրաստիճան պետական պաշտոններ, Հայաստանի Հանրապետությունում ունենալով որոշակի կապեր, ազատության մեջ մնալով կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը և առարկաները թաքցնելու ճանապարհով:

Կոնկրետ դեպքում Ռ. Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի հիմունքների և պետական անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր ենթադրյալ հանցանք կատարելու մեջ, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով՝ մինչև 15 տարի ժամկետով: Բացի այդ, նա տևական ժամանակ զբաղեցրել է բարձրաստիճան պետական պաշտոններ, այդ թվում՝ 1994 թվականից՝ ԼՂՀ նախագահի, 1997 թվականից՝ ՀՀ վարչապետի, իսկ 1998-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի պաշտոնը, ինչը հիմք է տալիս ողջամիտ ենթադրություն անելու նրա ունեցած կապերի, ազդեցության և հեղինակության մասին, այդ թվում նաև՝ տվյալ գործով մեղադրանքին առնչվող անձանց շրջանում: Նշված հանգամանքը մեծացնում է հավանականությունը, որ մնալով ազատության մեջ մինչդատական վարույթի՝ ապացույցների հավաքման ակտիվ փուլում, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:

Մեղադրյալի հավանական վարքագծի վերաբերյալ հետևությունները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ քրեական գործի քննությունը դեռևս ակտիվ փուլում է, չեն պարզվել դեպքի բոլոր հանգամանքները, ներկա պահին գործով որպես մեղադրյալ ներգրավված են երեք նախկին պաշտոնատար անձինք, ովքեր թաքնվում են քննությունից և գտնվում են հետախուզման մեջ, չեն հարցաքննվել գործով անցնող բոլոր անձինք, քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև այլ պաշտոնատար անձանց, և վերը նշվածը ողջամտորեն հիմք է տալիս եզրակացնելու, որ Ռ. Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պայմաններում առկա է գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտելու իրական վտանգ:

Ռ․ Քոչարյանի ազատության մեջ գտնվելու դեպքում քննությունից թաքնվելու հավանականությունը պայմանավորված է ներկայիս զբաղեցրած պաշտոնով, քանի որ Ռ․ Քոչարյանի հիմնական գործունեության վայր է հանդիսանում ՌԴ Մոսկվա քաղաքը: ՍԷԿՏ համակարգում գրանցված տեղեկությունների համաձայն՝ վերջին տարիների ընթացքում Ռ․ Քոչարյանի կողմից ՀՀ տարածքից մեկնելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել, ինչը վկայում է նրա արտերկիր մեկնելու հնարավորության, հետևապես՝ քննությունից թաքնվելու հավանականության մասին»:

Դատարանի որոշման պատճառաբանությունները, կապված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու հետ
Գրավի կիրառումը դատարանի կողմից մերժվել է ընդամենը հետևյալ պատճառաբանությամբ. «Դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ մեջբերված փաստական հանգամանքները և հետևությունները, գտնում է, որ գրավը՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, ի զորու չէ գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալ Ռ. Քոչարյանի իրավաչափ վարքագիծը կանխորոշելու հարցում, ուստի մինչդատական վարույթի ներկա փուլում Ռ. Քոչարյանին կալանքից գրավով ազատելը պետք է ճանաչվի անթույլատրելի»:

Վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները

Կալանավորման պայմանների բացակայության մասին

Որպեսզի հանցագործության մեջ մեղադրվող անձին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվի, նախ անհրաժեշտ է, որպեսզի առկա լինեն կալանավորման պայմանները, այդ թվում՝

. պետք է առկա լինի հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող արարքը,

. մեղադրյալը պետք է չունենա անձեռնմխելիություն քրեական հետապնդումից կամ պետք է զրկված լինի անձեռնմխելիությունից

. նախորդ ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմինը պետք է գործը քննած լինի պատշաճ ջանասիրությամբ: Ընդ որում, պայմաններից յուրաքանչյուրի բացակայութունը բացառում է մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելը:

Հիմնավոր կասկածի հետ կապված սույն բողոքում պնդում ենք, որ՝

1. Մեղադրանքի մի շարք կարևոր դրույթների անորոշ և անհասկանալի լինելու պատճառով պաշտպանական կողմը զրկված է եղել հիմնավոր կասկածի առկայությունն արդյունավետ վիճարկելու հնարավորությունից, իսկ դատարանը չէր կարող օբյեկտիվ գնահատկան տալ այդպիսի մեղադրանքի հիմնավորվածության աստիճանին:

2․ Դատարանը կիրառել է «հիմնավոր կասկածի» ապացուցման այնպիսի շեմ, որը նախատեսված չէ օրենքով, Սահմանադրությամբ և հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից այդ հասկացությանը տված մեկնաբանություններին:

3. Առկա չէ հիմնավոր կասկած, որ Ռոբերտ Քոչարյանը կատարել է իրեն վերագրվող հանցագործությունը:

4. Պարոն Ռոբերտ Քոչարյանին վերագրվում է մի արարք, որը՝ 2008 թ․ դրությամբ հանցագործություն չի համարվել:

Մեղադրանքի մի շարք կարևոր դրույթների անորոշ և անհասկանալի լինելու պատճառով պաշտպանական կողմը զրկված է եղել հիմնավոր կասկածի առկայությունն արդյունավետ վիճարկելու հնարավորությունից, իսկ դատարանը չէր կարող օբյեկտիվ գնահատական տալ այդպիսի մեղադրանքի հիմնավորվածության աստիճանին:

Քննիչի 02.11.2018 թ․ որոշմամբ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել, որի կապակցությամբ պարոն Քոչարյանը և նրա պաշտպանը հայտարարել են, որ մեղադրանքի մեջ կան ձևակերպումներ, որոնք անհասկանալի են: Մեղադրանքն առաջադրելուց անմիջապես հետո պարոն Ռ. Քոչարյանին առաջարկվել է ցուցմունք տալ առաջադրված մեղադրանքի շուրջ, որին պարոն Ռ․ Քոչարյանը պատասխանել է, որ մեղադրանքն իրեն հասկանալի չէ:

Պաշտպանը, ինչպես տվյալ քննչական գործողության ժամանակ, այնպես էլ հետագայում՝ առանձին փաստաթղթով մանրամասնորեն ներկայացրել է մեղադրանքի այն ձևակերպումները, որոնք հասկանալի չեն և, դրանից ելնելով, խոչընդոտում են պաշտպանությունը նախապատրաստելուն: 08.01.2019 թ․ պաշտպանը գրավոր միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ խնդրելով գրավոր կամ բանավոր կերպով պարզաբանել “Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին” քննիչի 02.11.2018 որոշման մեջ տեղ գտած դրույթները: Քննիչի 11.01.2019 թ. որոշմամբ պաշտպանի միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է: Քննիչի 11.01.2019 թ. որոշումը բողոքարկվել է դատախազին, որից պատասխան չի ստացվել:

“Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին” Եվրոպական կոնվենցիայի /Եվրոպական կոնվենցիա/ 6-րդ հոդվածի 3-րդ կետը “ա” ենթակետի համաձայն՝

Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

1. Իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին:

Ավելին, Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ձերբակալված, իրեն հասկանալի լեզվով, անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին»:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ է պետք հասկանալ «հանգամանորեն» տեղեկացված լինելու մասին ասելով: Եվրոպական դատարանը նշել է. «Քրեական գործերով մեղադրյալներին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ լիարժեք և հստակ տեղեկատվության տրամադրումը /…/ հանդիսանում է արդար դատաքննության էական պայման» /տես, ի թիվս այլնի, Pellisier and Sassi v France /1999 թ./, Chichlian and Ekindjian v France /1989 թ.//:

Եվրոպական դատարանն անդրադարձել է նաև »անհապաղ» հասկացությանը և պարզաբանել, որ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը մեղադրյալին պետք է տրամադրվի «օպերատիվ» կերպով: Պարզաբանելով այդ միտքը, Եվրոպական դատարանը նշել է, որ՝ նախքան /ոստիկանությունում/ մեղադրյալին հարցաքննելը վերջինիս մեղադրանքի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելը խախտում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի “ա” ենթակետով սահմանված նրա իրավունքը /տես, ի թիվս այլնի, Chichlian and Ekindjian v France /1989 թ.//:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կերպ պետք է պարզաբանվի ներկայացված մեղադրանքը, Եվրոպական դատարանը նշել է. «/Եվրոպական/ Դատարանի նախադեպային իրավունքում բացակայում է մեղադրանքի «բնույթի և պատճառների» վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր ներկայացնելու պահանջ, եթե ներկայացվել են բավարար չափով բանավոր պարզաբանումներ: Սակայն ակնհայտ է, որ մանրամասն տեղեկատվությունը գրավոր ձևով ներկայացնելը գերադասելի է և այն կարող է կանխել 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով գանգատների ներկայացնելը»: /տես, ի թիվս այլնի, Kamasinski v Austria /1989 թ.//:

02.11.2018 թվականին Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ նկարագրած են մի շարք անձանց հանցավոր գործողություններ, առանց մատնանշելու, թե ովքեր են այդ անձինք: Այդպիսի ձևակերպումներ առկա են, մասնավորապես, «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թվականի որոշման 6-րդ էջի 2-րդ պարբերության մեջ, որտեղ ասված է, որ «ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թ. փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր …», նույն որոշման 7-րդ էջի վերջին և 8-րդ էջի 1-ին պարբերությունների մեջ, որտեղ նշված է, որ «քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր … իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն վայելող անձանցից ստեղծել են խմբեր, որոնց ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով …»:

Հասկանալի չէ, թե վերը նշված անհայտ անձանց գործողությունները քննիչի որոշման մեջ ո՞նց են կապվում Ռոբերտ Քոչարյանի հետ, ի՞նչ կերպ է, ըստ մեղադրանքի, այդ գործողությունների համար պատասխանատվություն դրվում Ռոբերտ Քոչարյանի վրա. արդյոք նկատի է ունեցվել, որ այդ անձինք իրենց գործողություններն իրականացրել են պարոն Քոչարյանի ցուցումո՞վ, թե՞ նկատի է ունեցվել, որ պարոն Քոչարյանը իմացել է այդ գործողությունների մասին ու չի կանխել դրանք կամ այլ կերպ անգործություն է դրսևորել:

Քննիչի որոշումից նաև պարզ չէ, թե ի՞նչ կերպ է քննիչը Ռոբերտ Քոչարյանի հետ կապել և ի՞նչ իմաստով է նրան մեղսագրել որոշման 9-րդ էջի 1-ին և 2-րդ պարբերության մեջ մատնանշված անձանց գործողությունները: Կրկին պարզ չէ, թե արդյոք քննիչը նկատի է ունեցել, որ այդ գործողությունները կատարվել են պարոն Քոչարյանի անմիջական ցուցումո՞վ, թե՞ նկատի է ունեցել, որ պարոն Քոչարյանն իմացել է այդ գործողությունների մասին ու չի կանխել դրանք կամ այլ կերպ անգործություն է դրսևորել:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը. Մաս 3

Անհասկանալի, վերացական է քննիչի որոշման 6-րդ էջի 1-ին պարբերության մեջ տեղ գտած հետևյալ միտքը. «/մի շարք նպատակների հասնելու/ դիտավորությամբ որոշվել է 2008 թվականի մարտի 1-ի գիշերը բռնությամբ ցրել Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց իրականացնող ցուցարարներին»: Մեղադրանքի ձևակերպումից պարզ չէ, թե ո՞ւմ կողմից է որոշվել, ի՞նչ առնչություն է այդ որոշման կայացմանն ունեցել Ռոբերտ Քոչարյանը:

Անհասկանալի և վերացական ձևակերպումներ են պարունակվում նաև մեղադրանքի հետևյալ հատվածում. «… ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, շարունակելով ՀՀ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի ներգրավմամբ, տարբեր եղանակներով և միջոցներով, այդ թվում՝ դատարանի անդամների վրա ճնշում գործադրելով՝ ներազդել է դատարանի անդամների վրա, որպեսզի վերջիններս քվեարկեն Կենտրոնական հանձնաժողովի հիշյալ որոշման վավերական և օրինական ճանաչվելու օգտին»:

Մեղադրանքի այս ձևակերպումից /1/ պարզ է դառնում, որ բացի ՍԴ անդամների վրա ճնշում գործադրելը, պարոն Քոչարյանին վերագրվում է նաև ինչ-որ այլ եղանակներով ու միջոցներով նրանց վրա ազդելը, սակայն չի մանրամասնեցված, թե ինչ է քննիչն ի վերջո նկատի ունեցել, /2/ պարզ է դառնում, որ պարոն Քոչարյանին վերագրվում է ՍԴ անդամների վրա ճնշում գործադրելը, սակայն չի նշված, թե ի՞նչ ճնշում է նկատի ունեցվել մեղադրանքի մեջ, ինչո՞ւմ է այն դրսևորվել և /3/ Սահմանադրական դատարանի հատկապես ո՞ր անդամների վրա է, ըստ մեղադրանքի, գործադրվել այդ ճնշումը:

Նման կերպ շարադրված մեղադրանքը հնարավորություն չի տալիս նախապատրաստելու և իրականացնելու պարոն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը:

Արդյունքում պաշտպանական կողմը զրկվել է կալանավորման /կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու/ վերաբերյալ հարցի քննության ժամանակ «հիմնավոր կասկածի» առկայությունը արդյունավետ վիճարկելու հնարավորությունից: Միաժամանակ, դատարանի որոշումը «հիմնավոր կասկածի» առկայության վերաբերյալ չէր կարող օրինական և հիմնավորված համարվել, երբ մեղադրանքի զգալի մասը շարադրված է անհասկանալի ձևով և վերացական արտահայտություններով, ինչը հնարավորություն չի տալիս ընկալելու մեղադրանքի համապատսխան հատվածների բուն էությունը:

Դատարանը կիրառել է «հիմնավոր կասկածի» ապացուցման այնպիսի շեմ, որը նախատեսված չէ օրենքով, Սահմանադրությամբ և հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից այդ հասկացությանը տված մեկնաբանություններին:

Ինչպես ասվեց՝ հիմնավոր կասկածի առկայության հարցի հետ կապված դատարանը բերել է հետևյալ հիմնավորումը. «Նշված փաստական տվյալները մատնանշում են Ռ. Քոչարյանի առնչությունը նկարագրված ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նաև ողջամտորեն հիմնավորում են, որ դեպքը, որի կատարման մեջ Ռ. Քոչարյանը մեղադրվում է, համընկնում է իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործության դեպքին»:

Մինչդեռ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի իմաստով «հիմնավոր կասկածի» առկայությունը ենթադրում է ոչ թե փաստեր կամ տվյալներ, որոնք մատնանշում են անձի առնչությունը դեպքին, այլ՝ այնպիսի փաստեր կամ տվյալներ, որոնք բավարար են, որպեսզի անկողմնակալ դիտորդը կարողանա եզրակացնել, որ տվյալ անձը հանցանք է կատարել /Erdagdz v. Turkey, 51/: Ինչպես պարզորոշ երևում է որոշումից, դատարանը կիրառել է այլ՝ ավելի ցածր շեմ՝ քննարկելով հանցագործությանը պարոն Ռ. Քոչարյանի «առնչությունը» հաստատող նյութերի առկայության հարց և առհասարակ չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք առկա նյութերը, փաստերը, տվյալները բավարա՞ր են, որպեսզի անկողմնակալ դիտորդը կարողանա եզրակացնել, որ տվյալ անձը հանցանք է կատարել: Այլ կերպ ասած՝ հիմնավոր կասկածի հարցին դատարանը փաստացի չի անդրադարձել:

Իսկ ինչ վերաբերում է դատարանի այն եզրահանգմանը, թե «դեպքը, որի կատարման մեջ Ռ. Քոչարյանը մեղադրվում է, համընկնում է իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործության դեպքին», ապա այս արտահայտությունն իր մեջ որևէ միտք չի պարունակում: Դատարանը գրել է «դեպքը, որի մեջ Ռ.Քոչարյանը մեղադրվում է» և «Ռ.Քոչարյանին վերագրվող ենթադրյալ հանցագործության դեպքը»: Որից հետո, հայտնաբերելով, որ դրանք համընկնում են, եզրակացրել է, որ առկա է հիմնավոր կասկած:

Դատարանն իրեն չի ծանրաբեռնել այն մտորումով, թե՝ իսկ ինչպե՞ս կարող էր առհասարակ պատահել, որ «դեպքը, որի մեջ Ռ. Քոչարյանը մեղադրվում է» չհամընկներ «Ռ. Քոչարյանին վերագրվող ենթադրյալ հանցագործության դեպքի» հետ: Որևէ կերպ դատարանի որոշումից պարզ չէ նաև, թե ի՞նչ կապ ունի այս մտավարժանքը հիմնավոր կասկածի հետ:
Առկա չէ հիմնավոր կասկած, որ Ռոբերտ Քոչարյանը կատարել է իրեն վերագրվող հանցագործությունը:

1․ Մեղադրանքի այն դրույթի առնչությամբ, թե՝ պարոն Քոչարյանի՝ սահմանադրական կարգի բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները հանգեցրել են 2008 թ․ գործող Սահմանադրության 1-ին հոդվածով, 2-րդ հոդվածով, 3-րդ հոդվածով, 5-րդ հոդվածով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, որն արտահայտվել է ժողովրդավարական և իրավական պետությունում ժողովրդին պատկանող իշխանության իրացման՝ 2008 թ. փետրվարի 23-ին ՀՀ նախագահի ընտրություններին հաջորդող ընթացքում ՀՀ-ում քաղաքացու՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան երաշխավորված իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իրավական և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները՝ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների սահմանազանցմամբ վերացնելով.

Այս մեղադրանքով հիմնավոր կասկածի առկայությունը փաստելու համար անհրաժեշտ էր, որպեսզի, ի թիվս այլնի, քննիչի կողմից ներկայացված նյութերը հիմնավոր կասկած առաջացնեին, որ Սահմանադրության վերը նշված նորմերը իրավական համակարգում դադարել են գործել: Մինչդեռ, քննիչի կողմից նյութերը ոչ միայն հիմք չեն տալիս եզրակացնելու, որ առկա է հիմնավոր կասկած, որ Սահմանադրության վերը նշված նորմերը իրավական համակարգում դադարել են գործել, այլ ավելին՝ մեղադրանքի հետագա շարադրանքում նույնպես այդպիսի հետևանքներ նկարագրված չեն: Նախ, արտակարգ դրությունը վերաբերել է ոչ թե Հայաստանի Հանրապետության ողջ տարածքին, այլ՝ Երևան քաղաքին: Բացի այդ.

ա/ Այն մեղադրանքը, թե՝ փաստացի վերացվել, իրավական համակարգում դադարեցվել է Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ “Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է” նորմը:

Այսպիսի մեղադրանք հնարավոր կլիներ որևէ մեկին առաջադրել միայն այն դեպքում, եթե վերացվեին ժողովրդական պետությանը բնորոշ ինստիտուտները՝ խորհրդարանը, դատարանները, կամ՝ վերացված լիներ ընտրությունների միջոցով իշխանությունը ձևավորելու սկզբունքը և սահմանվեր այն ձևավորելու որևիցե այլ սկզբունք, կամ՝ դադարեցվեր Սահմանադրության 2-րդ գլխի գործողությունը:

Ընդ որում՝ անհրաժեշտ է հստակորեն տարանջատել որևիցե գործողություն, որով խախտվել է ժողովրդավարական պետության կամ իրավական պետության սկզբունքը և այն վիճակը, երբ դրանք դադարել են գործել իրավական համակարգում: ՀՀ Սահմանադրական դատարանն ունի մի շարք որոշումներ, որոնցում ամրագրել է այս կամ այն օրենքի՝ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված «իրավական պետություն» սկզբունքին հակասելը: Սակայն դա չի կարող նշանակել, որ այդ օրենքն ընդունելով Ազգային ժողովի պատգամավորները կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն:

Այսպիսով, անհրաժեշտ է տարանջատել Սահմանադրության որևիցե նորմի խախտումը այդ նորմի գործողությունը իրավական համակարգում դադարեցվելուց:

Մինչդեռ քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում նկարագրված է ոչ թե իրավական համակարգում նորմի գործողության դադարեցումը, այլ՝ խախտումը: Այսինքն՝ անգամ եթե մեղադրանքի որոշման մեջ նկարագրված գործողություններն իրականում կատարված լինեին ու իրականում լինեին ապօրինի, ինչպես որ նշված է մեղադրանքում, ապա նույնիսկ այդ դեպքում դրանք չէին համապատասխանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմին:

Այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածը բացակայում է նույնիսկ այն դեպքում, եթե նա ամբողջությամբ կատարած լիներ մեղադրանքում նկարագրված գործողությունները և այդ գործողությունները լինեին անօրինական, ինչպես որ դա գնահատված է քննիչի կողմից:

բ/ Այն մեղադրանքը, թե՝ փաստացի վերացվել, իրավական համակարգում դադարեցվել է Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», նորմը:

Ինչ է պետք հասկանալ «իշխանությունը պատկանում է ժողովրդին» ասելով՝ սահմանված է նույն հոդվածի 2-րդ մասում՝

«Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

Այսինքն՝ որպեսզի այս մեղադրանքի առումով առկա լինի հիմնավոր կասկած, քննիչը պետք է ներկայացներ նյութեր, որոնցից հետևեր, որ մեղադրանքում նկարագրված գործողությունների հետևանքով խախտվել է ազատ ընտրությունների սկզբունքը, իշխանությունը ձևավորվել է ոչ ազատ ընտրությունների միջոցով: Նման հանգամանք մեղադրանքում նշված չէ, ավելին՝ չէր կարող նշվել, քանի որ 2008 թ. նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկվել են ՀՀ Սահմանադրական դատարան և վերջինիս 08.08.2008 թվականի որոշմամբ ընտրությունները ճանաչվել են վավեր: Քանի դեռ այդ որոշումն ուժի մեջ է, որևիցե պետական մարմին կամ պաշտոնատար անձ չի կարող դրանք պաշտոնապես դնել կասկածի տակ: Հենց այդպիսի կասկածի տակ դնելը կարող է խաթարել իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը և առաջացնել հակասահմանադրական հետևանքներ:

գ/ Այն մեղադրանքը, թե՝ փաստացի վերացվել, իրավական համակարգում դադարեցվել է Սահմանադրության 3-րդ հոդվածով նախատեսված՝ «պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան» նորմը:

Այս դեպքում նույնպես քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում նկարագրված է ոչ թե իրավական համակարգում նորմի գործողության դադարեցումը, այլ՝ խախտումը:

Այսինքն՝ անգամ եթե մեղադրանքի որոշման մեջ նկարագրված գործողություններն իրականում կատարված լինեին ու իրականում լինեին ապօրինի, ինչպես որ նշված է մեղադրանքում ապա նույնիսկ այդ դեպքում դրանք չէին համապատասխանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմին:

Ավելին՝ ներկա Սահմանադրության 3-րդ հոդվածում բացակայում է այն ձևակերպումը, որը նկարագրված է մեղադրանքի մեջ:

դ/ Այն մեղադրանքը, թե՝ փաստացի վերացվել, իրավական համակարգում դադարեցվել է Սահմանադրության 5-րդ հոդվածով նախատեսված՝ “պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով” նորմը:

Ու կրկին քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում նկարագրված է ոչ թե իրավական համակարգում նորմի գործողության դադարեցումը, այլ՝ խախտումը: Ստիպված ենք կրկնել, որ՝ անգամ եթե մեղադրանքի որոշման մեջ նկարագրված գործողություններն իրականում կատարված լինեին ու իրականում լինեին ապօրինի, ինչպես որ նշված է մեղադրանքում, ապա նույնիսկ այդ դեպքում դրանք չէին համապատասխանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմին:

Այսպիսի մեղադրանքից հետևում է, որ յուրաքանչյուր անգամ, երբ ՀՀ վարչական դատարանը առ ոչինչ է ճանաչում որևիցե վարչական ակտը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով /ակտն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը/ հիմքով, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով այդ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիր է առաջանում: Հավասարապես, նույն խնդիրը պետք է առաջանա յուրաքանչյուր դեպքում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացնի Հայաստանի Հանրապետության դեմ՝ փաստելով, որ խախտվել է «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի» սկզբունքը, որն իր մեջ ներառում է դատարանի իրավասության հետ կապված հարցեր: Հասկանալի է, որ նման մոտեցումը ոչ մի ընդհանուր բան չունի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հետ:

ե) Այն մեղադրանքը, թե՝ փաստացի վերացվել, իրավական համակարգում դադարեցվել է

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն» նորմը:

Մեղադրանքի մեջ չկա որևիցե դրվագ, որը հնարավոր լիներ կապել այս նորմի խախտման հետ: Այս նորմը իրավական համակարգում կդադարեր գործել ոչ թե այն դեպքում, եթե որևիցե մեկը կատարեր Սահմանադրությանը հակասող գործողություներ կամ ընդուներ Սահմանադրությանը հակասող վարչական ակտ. այդպիսի իրավիճակներ բազմիցս են լինում և կարգավորվում են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգով:

Կրկնենք, որ՝ երբ նույնիսկ որևէ օրենք կամ վարչական ակտ անվավեր են ճանաչվում Սահմանադրական դատարանի կամ Վարչական դատարանի կողմից այն հիմքով, որ դրանք հակասում են Սահմանադրությանը, դա չի կարող գնահատվել որպես սահմանադրական կարգի տապալում:

2. «փաստացի հաստատել է ռազմական դրություն»

Մեղադրանքում կենտրոնական տեղ է զբաղեցնում այն դրույթը, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, այլ անձանց հետ միասին, 23.02.2008 թվականից «փաստացի հաստատել են ռազմական դրություն», կամ՝ «փաստացի հաստատել է ռազմական դրությանը բնորոշ ռեժիմ»: Այդպիսի ձևակերպում է առկա, մասնավորապես, «անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թվականի որոշման 3-րդ էջի 2-րդ պարբերությունում, 4-րդ էջի վերջին պարբերությունում, 6-րդ էջի նախավերջին պարբերությունում, 7-րդ էջի 2-րդ պարբերությունում:

«Փաստացի ռազմական դրություն» ասելով պետք է հասկանալ, որ նկատի է ունեցվում մի իրավիճակ, երբ ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ իրավական ակտի բացակայության պայմաններում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը բնորոշ է ռազմական դրությանը:

2008 թ. փետրվար-մարտ ամիսներին գործող խմբագրությամբ՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում էր, թե ինչ միջոցառումներ են իրականացվում և ինչ ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվում ռազմական դրության դեպքում: Ստորև բերվում է հոդվածի բովանդակությունն ամբողջությամբ.

“1. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում կարող են իրականացվել հետևյալ միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները.

ա/ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի փոխադրում լիակատար մարտական պատրաստականության, ընդհանուր կամ մասնակի զորահավաքի հայտարարում և անցկացում.

բ/ Հայաստանի փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրում, լիակատար պատրաստականության փոխադրում և «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումների իրականացում.

գ/ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի.

դ/ ռազմական դրություն հայտարարված տարածքում տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, որը ներառում է օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները.

ե/ բնակչության կենսագոյության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.

զ/ ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, մաքսային, սահմանային և բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացում, ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.

է/ սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում.

ը/ ժողովներ, միտինգներ, ցույցեր, երթեր և այլ զանգվածային միջոցառումներ իրականացնելու արգելում կամ սահմանափակում, գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում, ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կուսակցությունների, հասարակական ու կրոնական կազմակերպությունների և միավորումների գործունեության կասեցում՝ օրենքով սահմանված կարգով.

թ/ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, քաղաքացիների անձնական առարկաների, բնակարանի և տրանսպորտային միջոցների զննության իրականացում, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.

ժ/ կազմակերպությունների /անկախ կազմակերպական-իրավական ձևից/ կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքների սահմանում.

Ժա/ պարետային ժամի սահմանում, այսինքն՝ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.

Ժբ/ օրենքով սահմանված կարգով խոսքի ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում.

Ժգ/ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակում կամ արգելում, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում, վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության կասեցում: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է ժամանակավորապես քաղաքացիներից առգրավել զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից՝ զենք, զինամթերք, մարտական ու ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր.

Ժդ/ առանձնահատուկ դեպքերում, կապված պաշտպանական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման անհրաժեշտության հետ, աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցների ներգրավում.

Ժե/ բնակչության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների, նյութական և մշակութային արժեքների տարահանում առավել անվտանգ տարածքներ:

2. Ռազմական դրություն հայտարարված տարածքում ընտրություններ և հանրաքվեներ չեն անցկացվում մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը: Այդ ընթացքում պետական կառավարման ընտրովի և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում դրանք երկարաձգվում են մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը, եթե նրանց լիազորությունները չեն դադարեցվել սույն օրենքով սահմանված կարգով”:

2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ին “Արտակարգ դրություն հայտարարելու մասին” ՀՀ նախագահի ՆՀ-35-Ն հրամանագիր ընդունելը Երևան քաղաքում և, առավել ևս, ՀՀ ողջ տարածքում տեղի չի ունեցել այնպիսի իրադարձություն, որը համապատասխաներ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի կետերից գոնե մեկին: Այդպիսի իրադարձություն չի նկարագրված նաև “անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թ. որոշման մեջ:

Հետևաբար՝ «անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թվականի որոշման մեջ տեղ գտած այն գնահատականները, թե իբր 2008 թ. փետրվարի 23-ից ՀՀ ողջ տարածքում կամ Երևան քաղաքում փաստացի սահմանված է եղել ռազմական դրություն՝ ակնհայտ անհիմն է և մտացածին: Այդ մասով քննիչի կողմից դատարան չեն ներկայացվել որևէ նյութեր, հետևաբար՝ այդ մասով «հիմնավոր կասկած» լինել չի կարող:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը. Մաս 4

3. «Մտադրություն ունենալով ցանկացած գնով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և համակարգում է պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը, 2008 թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն է անցկացրել և, ակնհայտ անցնելով իր լիազորությունները, բանավոր հրահանգել է՝ զորքերը բերել մարտական պատրաստվածության՝ հաջորդ օրը՝ ժամը 00:00-ից, հայտարարելով արտակարգ դրություն սահմանելու մասին».

«Ցանկացած գնով իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելու» մտադրության մասին մեղադրանքի դրույթը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ և չկա «հիմնավոր կասկած» առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները պայմանավորված են եղել նման մտադրությամբ: Այսպես, 2008 թ. փետրվարի 23-ին և դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը չէր կարող ունենալ նման մտադրություն և այդպիսի մտադրություն չէր կարող առհասարակ ծագել, քանի որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ ընտրվել էր ՀՀ նախագահ: Այս հանգամանքը հաստատվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008 թ․ 24-Ա որոշմամբ, որը ուժի մեջ է թողնվել Սահմանադրական դատարանի 08.03.2008 թ․ ՍԴՈ-736 որոշմամբ, իսկ ԵԽԽՎ-ի 18.04.2008 թ․ թիվ 1609 բանաձևով կոչ է արվել ընդդիմադիր բոլոր ուժերին ճանաչել Սահմանադրական դատարանի այդ որոշումը /տես՝ 1609 բանաձևի 9-րդ կետը/:

Հետևաբար՝ պարոն Ռ. Քոչարյանը չուներ և չէր կարող 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին մտադրություն ունենալ՝ ամեն գնով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին: Նա կարող էր մտադրություն ունենալ պաշտպանելու սահմանադրական կարգը, որի բաղկացուցիչ մասն է կազմում այն, որպեսզի ժողովրդի ձայների մեծամասնությամբ ՀՀ նախագահ ընտրված անձը կարողանա ստանձնել իր պաշտոնը:

Ավելին, 2008 թ․ գործող Սահմանադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ վարչապետը, ում կողմնակիցներն ԱԺ-ում ունեն մեծամասնություն, ուներ ավելի մեծ իշխանական լծակներ, քան նախագահը: 2008 թ․ փետրվար ամսվա դրությամբ պարոն Սերժ Սարգսյանը, բացի ՀՀ վարչապետ լինելուց, հանդիսանում էր ԱԺ-ում ձայների մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի ղեկավար:

Չկան նյութեր, որոնք հիմնավոր կասկած կառաջացնեին, որ իբր՝ 23.02.2008 թվականին պարոն Ռ. Քոչարյանը բանավոր հրահանգել է՝ զորքերը բերել մարտական պատրաստվածության՝ հաջորդ օրը՝ ժամը 00:00-ից, հայտարարելով արտակարգ դրություն սահմանելու մասին: Մեղադրանքի այս դրույթը կառուցված է վկա Արշակ Կարապետյանի՝ իր տակ որևէ փաստական հիմք չունեցող, ներքին հակասություններով լի ցուցմունքի վրա:

Այսպես, Զինված ուժերը 2008 թ․ փետրվար-մարտ ամիսներին մարտական պատրաստվածության բերված չեն եղել, այդպիսի դրույթներ թիվ 0038 հրամանը չի պարունակել, այլ հրաման, որով զորքերը բերված լինեն մարտական պատրաստվածության՝ քննիչը չի վկայակոչել: Ինչ վերաբերում է արտակարգ դրությանը, ապա 23.02.2008 թ․ մինչև 01.03.2008 թ․ արտակարգ դրություն սահմանված չի եղել: Այդ մասին է վկայում նախ այն հանգամանքը, որ արտակարգ դրություն կարող էր սահմանվել միայն նախագահի հրամանագրով, որը ընդունվել է միայն 01.03.2008 թ․:

Դա հաստատվում է նաև այն հանգամանքով, որ մինչև 01.03.2008 թ․ մարդկանց իրավունքների և ազատությունների /մասնավորապես, հավաքների, ազատ տեղաշարժի, խոսքի ազատության, տեղեկատվություն տարածելու և ստանալու ազատության/ որևէ սահմանափակում մտցված չի եղել: Մարդկանց մեծ զանգված Երևանի Ազատության հրապարակում անժամկետ ցույցեր է անցկացրել, որի ընթացքում քննադատել է իշխող ուժին, ԶԼՄ-ներն աշխատել են անխափան, չի եղել տարածք, որտեղ տեղաշարժն արգելվի օրվա ցանկացած ժամի և այլ:

4. «ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի՝ 2008 թ. փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ Երևան քաղաքում փաստացի սահմանված ռազմական դրության և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման նոր կառույցի կազմակերպմամբ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ»:

Ակնհայտ է, որ մեղադրանքի այս հատվածում կենտրոնական դեր է խաղում «փաստացի սահմանված ռազմական դրություն» և «զինված ուժերի հակասահմանադրական օգտագործում» դրույթները: Զինվորական կառավարման նոր կառույցի կազմակերպումը և բանակային ստորաբաժանումների տեղաշարժը որևէ ընդհանուր բան չունեն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հետ:

Սակայն, ինչպես պարզորոշ ցույց տրվեց վերևում՝ սույն բողոքի “Բ” կետում, փաստացի ռազմական դրություն ոչ Երևան քաղաքում և, առավել ևս, ոչ էլ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանված չի եղել:

Մինչև 2008 թվականի մարտի 1-ը ՀՀ զինված ուժերը Երևան քաղաքում չեն օգտագործվել: Այդպիսի որևիցե դեպք «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թվականի որոշման մեջ չի նկարագրված: Ավելին, ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանով զինված ուժերի օգտագործում առհասարակ նախատեսված չէր:

Ինչ վերաբերում է 2008 թ. մարտի 1-ին Զինված ուժերի գործողություններին, ապա դրանք պայմանավորված են եղել «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի 01.03.2008 թ․ հրամանագրով: Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների առջև խնդիր է դրվել ապահովագրել Երևան քաղաքում գտնվող կարևորագույն պետական հիմնարկները զանգվածային անկարգություններ իրականացնողների կողմից զավթելուց, որի հետ կապված նրանք դիրքավորվել են Երևանի առանձին հատվածներում: Ինչպես արդեն նշվեց վերևում /տես՝ 9-րդ էջը/, զինված ուժերը ցուցարարների նկատմամբ զենք գործադրելու հրաման չեն ունեցել:

5. «զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ»

Այսպիսի մեղադրանք առաջադրելով քննիչը, իսկ նույն մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշման մեջ հիմնավոր կասկածի մակարդակի հաստատված համարելով նաև դատարանը՝ խախտել են իրավական որոշակիության սկզբունքը, որը ցանկացած իրավական համակարգի հիմքերից մեկն է:

Այսպես, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2009 թվականի դատավճռով /գործ թիվ ԵԿԴ/0567/01/08/ հաստատված է հետևյալը.

«Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով այն արարքի համար, որ նա «մի խումբ անձանց հետ կազմակերպել է զանգվածային անկարգություններ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

Ալեքսանդր Արզումանյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Շանթ Հարությունյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը, Համլետ Հովհաննիսյանը, Վիրաբ Մանուկյանը և մյուսները երկրում ներքաղաքական վիճակն ապակայունացնելու և զանգվածային անկարգություններ հրահրելու դիտավորությամբ կազմակերպել ու անմիջականորեն իրականացրել են հանցավոր մտադրությունն ի կատար ածելուն ուղղված գործողություններ:

Հասարակության լայն շրջաններում դժգոհություն առաջացնելու, մարդկանց նոր զանգվածներ ներգրավելու մղումով, ինչպես նաև որպես պետական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ուժ գործադրելու պատրաստակամության դրսևորում Ալեքսանդր Արզումանյանը և մյուսները, տարբեր միջոցներով` իրենց շրջապատի նկատմամբ անձնական և ծառայողական ազդեցություն գործադրելով, հարկադրելով, խոստումների և որոշակի վարձատրության դիմաց հավաքագրելով մարդկանց հոծ բազմություն, վերջիններիս ներգրավել են 2008թ. փետրվարի 20-ից Երևան քաղաքում անցկացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, որտեղ ամբոխավարական կրքեր հրահրելու եղանակով բազմությանը տրամադրել, նախապատրաստել են անհնազանդության և զանգվածային բռնարարքների:

Ալեքսանդր Արզումանյանը, ունենալով կարևոր և ուրույն դերակատարում, հավաքված բազմությանն իշխանության ներկայացուցիչների պահանջներին չենթարկվելու և զանգվածային բռնարարքների մղելու մտադրությունը քողարկելու նպատակով սուտ տեղեկություններ է տարածել զանգվածային միջոցառումներն օրենքի տառին համապատասխանելու մասին, Սուրեն Սիրունյանի և այլոց միջոցով հավաքված բազմությանը պահել է մշտական լարվածության մեջ, կազմակերպել հիշյալ միջոցառումներին մարդկանց խմբերի անընդմեջ ներկայությունն ապահովող կենցաղային անհրաժեշտ պարագաների մատակարարումը, տրամադրել ֆինանսական միջոցներ:

Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ իրագործելու մտադրությամբ խմբի անդամներն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց հետ համագործակցող այլ անձանց միջոցով կազմավորել են զանգվածային բռնարարքների կատարմանը պատրաստ անձանց խմբեր և կազմակերպել նրանց շրջանում ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, ինչպես նաև մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների բաշխում:

2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության աշխատակիցները, իրացնելով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկությունը, փորձել են Ազատության հրապարակում հայտնաբերել և առգրավել դրանք, զանգվածային միջոցառման կազմակերպիչների հրահանգով հրապարակում գտնվող բազմության մի ստվար զանգված հանրավտանգ հիշյալ պարագաների օգտագործմամբ դիմադրություն է ցույց տվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ:

Այնուհետև, զանգվածային միջոցառման մասնակիցներն Ալեքսանդր Արզումանյանի, Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Սիրունյանի, վերը թվարկված նրանց մյուս հանցակիցների ուղղորդմամբ և հրահանգով տեղափոխվել, Վիրաբ Մանուկյանի և այլոց կազմակերպմամբ հասարակական և մասնավոր տրանսպորտային միջոցները դիտավորությամբ վնասելով, շահագործումից դուրս բերելով և արգելապատնեշներ կառուցելով դիրքավորվել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում, որտեղ վերջիններս հրահրել, կազմակերպել, անմիջականորեն ղեկավարել են զանգվածային անկարգությունները. մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված և ձեռնահաս այլ միջոցներով զինվելու ու հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, վերջիններիս օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու հրահանգներ են տվել, իրենց իսկ հավաքագրած անձանց միջոցով ներգրավել են նոր մարդկանց, ամբոխի առավել ագրեսիվ զանգվածին բաժանել զենքեր, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ ու ավերումներ առաջացնելու համար հարմարեցված մետաղական ձողեր, մահակներ, ամրաններից պատրաստված ՙոզնի՚ կոչվող սրածայր մետաղական կոնստրուկցիաներ, բենզինով լցված շշեր` «Մոլոտովի կոկտեյլ» և այլ պարագաներ:

Ալեքսանդր Արզումանյանը Նիկոլ Փաշինյանի հետ համակարգել և ղեկավարել է մյուս հանցակիցների կազմակերպչական գործողությունները, զանգվածային անկարգությունների կենտրոնում գտնվող Սուրեն Սիրունյանից անմիջականորեն տեղեկություններ է ստացել Երևանի Գր. Լուսավորիչ, Մաշտոց, Լեո և Պարոնյան փողոցներում տեղի ունեցող ջարդերի, հրկիզումների, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու գործողությունների ընթացքի մասին, խրախուսել է այդպիսիք և վերջինիս միջոցով նոր հրահանգներ տվել դրանց կատարումը վերահսկելու ուղղությամբ:

Արդյունքում` 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Մյասնիկյանի արձանի և Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, Երևանի Գր.Լուսավորիչ, Մաշտոց, Լեո և Պարոնյան փողոցներում հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելով կատարվել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում զինված դիմադրություն է ցույց տրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին, տարբեր ծանրության աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել 187 ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայող ու ոստիկանության աշխատակից, 32 քաղաքացիական անձ, ջարդերի, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու հետևանքով ՀՀ ոստիկանությանը պատճառվել է 25.980.093 դրամի վնաս, Երևան քաղաքին և Կենտրոն թաղային համայնքին` 69.288.760 դրամի վնաս, իրավաբանական անձանց` 339.954.866 դրամի վնաս, հրկիզվել և վնասվել է 92 տրանսպորտային միջոց, որի հետևանքով ՀՀ ոստիկա-նությանը, քաղաքացիներին և ուղևորափոխադրող ընկերություններին պատճառվել է ընդհանուր առմամբ 70.854.525 դրամի վնաս:

Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է 10 անձ:

Զինված հարձակումները և զանգվածային անկարգությունները դադարել են միայն արտակարգ դրություն հայտարարելուց և իրավապահների կողմից դրանք կանխելուց հետո»:

Նույն փաստական հանգամանքները կամ դրանց առանձին դրվագներ հաստատված են նաև թիվ ԵՔՐԴ/0396/01/08, ԵՔՐԴ/0290/01/08, ԵՔՐԴ/0216/01/08, ԵՔՐԴ/0254/01/08, ԵՔՐԴ/0180/01/08, ԵԿԴ/0044/01/09, ԵԿԴ/0084/01/08, և բազմաթիվ այլ գործերով կայացված դատավճիռներով: Բոլոր այս դատավճիռները մտել են օրինական ուժի մեջ:
Նման պայմաններում, քանի դեռ վերը հիշատակված դատավճիռները գտնվում են օրինական ուժի մեջ, ոչ քննիչը և ոչ էլ Դատարանը իրավունք չունեն և ի պաշտոնե լիազորված չեն կասկածի տակ դնելու այն փաստերը, որոնք հաստատված են համարվել այդ դատավճիռներում: Մասնավորապես, քննիչը իրավունք չունի անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նշել, թե հանրահավաքը եղել է խաղաղ:

Ինչպես բազմիցս նշել է Եվրոպական դատարանը՝ «Իրավունքի գերակայության հիմնարար բաղադրիչներից է իրավական որոշակիության սկզբունքը, որը պահանջում է, ի թիվս այլնի, որպեսզի այն դեպքում, երբ դատարանները որևիցե գործով վերջնական որոշում են կայացրել, ապա այդ որոշումները չպետք է դրվեն կասկածի տակ»:
/տես, ի թիվս այլնի, Բրումարեշու ընդդեմ Ռումինիայի գործով վճիռը, կետ 61 Brumarescu v. Romania/

Ամենակոպիտ կերպով խախտելով այս սկզբունքը, Դատարանը հիմնավոր կասկածի աստիճանի հաստատված է համարել մեղադրանքի որոշման մեջ նկարագրված այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք ուղղակիորեն հակասում են վերը նշված՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին:

Ինչ վերաբերում է նրան, թե Հանրապետության նախագահը՝ Սահմանադրության 8.2-րդ հոդվածի հիման վրա իրավասու չէր օգտագործելու Զինված ուժերը, ապա այս մասով անհրաժեշտ է հաշվի առնել, որ զինված ուժերը կարող են օգտագործվել՝ երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով: Իսկ թե ինչ է պետք հասկանալ «անվտանգություն» ասելով՝ կարելի է գտնել »Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում, որտեղ ասված է.

“Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության և հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված է անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից”:

6. «2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համաձայն ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի՝ պարտավոր լինելով հրապարակել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին չհակասող հրամանագրեր, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի խախտմամբ ընդունել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագիրը: Նշված հրամանագրով Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը ՀՀ ոստիկանությունից բացի, վերապահվել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը»:

Նշված մասով ևս մեղադրանքն ակնհայտ անհիմն է: Այսպես, 2008 թ. մարտի 1-ի դրությամբ գործող՝ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն.

«14․ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: … »:

Նույն Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի հանաձայն.

“Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն”:

Նույն Սահմանադրության 117-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն.

«6․ մինչև արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումն օրենքով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին»:

Այսինքն այս նորմը իրավունք է տվել գործող նախագահին, առանց որևէ սահմանափակման, իրականացնել ցանկացած ողջամիտ միջոցառում, որն իր կարծիքով թելադրվում էր իրավիճակից:

Իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում գնահատելով 2008 թ. մարտի մեկին Հանրապետությունում ստեղծված իրավիճակը որպես սահմանադրական կարգին անմիջականորեն սպառնացող վիճակ, Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի և 117-րդ հոդվածի 6-րդ կետի ճշգրիտ պահպանմամբ, արձակել է “Արտակարգ դրություն հայտարարելու մասին” ՆՀ-35-Ն հրամանագիրը: Մինչ այդ հրամանագրի ընդունումը նախագահը, Սահմանադրության պահանջներին համապատասխան, խորհրդակցել է ԱԺ նախագահի և վարչապետի հետ /մեղադրանքում այս հանգամանքը կասկածի տակ չի դրվում/:

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո անհապաղ գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ /մեղադրանքում այս հանգամանքը նույնպես կասկածի տակ չի դրվում/:

Հրամանագիրը՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգով քննարկվել է ՀՀ Ազգային ժողովում և թողնվել է ուժի մեջ: Մինչև օրս նախագահի ՆՀ-35-Ն հրամանագիրը չի վիճարկվել, անվավեր կամ աչ ոչինչ չի ճանաչվել, հետևաբար՝ գործում է դրա օրինականության սկզբունքը: Այժմ ոչ քննչական մարմինը և ոչ էլ դատարանը լիազորված չեն գնահատելու այդ հրամանագրի և ԱԺ որոշման օրինականության հարցը: Դատարանը չէր կարող համարել, որ առկա է հիմնավոր կասկած, որ արձակելով այդ հրամանագիրը, Ռոբերտ Քոչարյանը խախտել է Սահմանադրությունը:

Նախագահի հրամանագիրը որպես հանցավոր գնահատելով քննիչը, իսկ այն հանցավոր լինելու վերաբերյալ «հիմնավոր կասկած» արտահայտելով՝ դատարանը հենց իրենք ուղղակիորեն խախտել են սահմանադրական կարգը, իրենց վերագրելով սահմանադրական մեկ այլ ինստիտուտի՝ ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություն: Այսպես, ՀՀ նախագահի հրամանագրերի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի /2008 թվականի մարտի 1-ին գործող Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի/ համաձայն վերապահված է ՀՀ Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման բացակայության պայմաններում ոչ ոք չի կարող իրավական պետությունում, այդ պետության անունից, կասկածի տակ դնել իշխանության ճյուղերից մեկի՝ ՀՀ նախագահի հրամանագիրը: Դատարանի նման մոտեցումն ամենակոպիտ կերպով խախտում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:

7. «… ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ տարբեր եղանակներով և միջոցներով, այդ թվում՝ դատարանի անդամների վրա ճնշում գործադրելով՝ ներազդել դատարանի անդամների վրա, որպեսզի վերջիններս քվեարկեն Կենտրոնական հանձնաժողովի հիշյալ որոշման վավերական և օրինական ճանաչելու օգտին:

Ռոբերտ Քոչարյանի անմիջական ցուցումներով և հանձնարարությամբ Սահմանադրական դատարանի անդամների վրա գործադրված ճնշումների ազդեցության արդյունքում, չնայած ընտրախախտումների առկայության փաստին, ՀՀ Սահմանադրական դատարանի 2008 թ․ մարտի 8-ի որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը ճանաչվել է վավերական և օրինական»:

Այսպիսի գործողությունը, եթե անգամ այն տեղի ունեցած լիներ /ինչի վերաբերյալ հիմնավոր կասկածը բացակայում է/, կարող էր որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով միայն մեկ դեպքում՝ եթե այդ գործողությունը ազդած լիներ ՀՀ Սահմանադրական դատարանի 08.03.2008 թ․ որոշման վրա: Սակայն ոչ քննիչը և ոչ էլ դատարանը, ներկայում քննարկվող հարցի շրջանակներում, իրավունք չունեն կասկածի տակ դնելու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: Նման կասկածը կխաթարի իրավական որոշակիության սկզբունքը և, առհասարակ, կասկածի տակ կդնի Սահմանադրական կարգը:

Այսպիսով, պարոն Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերլուծությունը ցույց է տալիս, որ բացակայում է նրա կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը: Հենց այսքանն արդեն իսկ բավարար է, որպեսզի պարոն Ռոբերտ Քոչարյանն անհապաղ ազատ արձակվի՝ անկախ մյուս պայմանների և հիմքերի առկայությունից կամ բացակայությունից: Այնուհանդերձ, անդրադառնանք կալանավորման մյուս պայմանին:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը. Մաս 5

Պարոն Ռ.Քոչարյանին վերագրվում է մի արարք, որը՝ 2008 թվականի դրությամբ հանցագործություն չի համարվել

Այսպես, ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝

“Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել”:

2008 թ. դրությամբ գործող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածն ուներ հետևյալ բովանդակությունը.

“1. Պետական իշխանությունը յուրացնելը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները՝
պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածում նշված գործողությունների մասին իշխանության մարմիններին կամովին հայտնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հայտնելու արդյունքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դրանց իրականացումը կանխվել է”:

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, որը մեղսագրված է պարոն Ռ.Քոչարյանին, ուժի մեջ է մտել քննարկվող դեպքերից հետո՝ 18.03.2009 թվականին և ունի հետևյալ բովանդակությունը.

«1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից»:

Այժմ վարույթն իրականացնող մարմնի կողմից փորձ է արվում հարցը ներկայացնել այնպես, իբրև ներկայիս 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիան լիովին ընդգրկվում էր 2008 թ. գործող օրենսգրքի 300-րդ հոդվածի դիսպոզիցիայի մեջ:

Նման պնդումը հեռու է իրականությունից: Իրականությունը կայանում է նրանում, որ՝ սահմանադրական կարգի տապալման այնպիսի սահմանում, որը տրված է ներկայիս 300.1-րդ հոդվածում՝ 2008 թ. գոյություն չի ունեցել: Այսինքն՝ 2008 թ. անձը չէր կարող ենթադրել, որ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմի փաստացի վերացումը հանդիսանում է սահմանադրական կարգի տապալում:

Նման պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը չի կարող տարածվել այնպիսի գործողությունների վրա, որոնք կատարվել են մինչև այդ հոդվածը ուժի մեջ մտնելը՝ 18.03.2009 թ.:

Բացի այդ, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009թ. մարտի 18-ին ընդունված՝ “Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքով ըստ էության սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր: Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով պարոն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվել բոլոր դեպքերում չէր կարող:

Այն, որ ներկայում գործող քրեական օրենսգրքի 300-րդ և 300.1-րդ հոդվածները 2008 թ. փետրվար-մարտ ամիսներին գործող նույն օրենսգրքի 300-րդ հոդվածի համեմատ վատթարացնում են անձի վիճակը՝ ուղղակիորեն ասված է թիվ ԵՔՐԴ-0567/01/08 քրեական գործով ամբաստանյալ Արեքսանդր Արզումանյանի նկատմամբ քրեական հետապնդումից մասամբ հրաժարվելու, առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին դատախազներ /մեղադրողներ/ Կ.Փիլոյանի, Ա.Նադոյանի, Հ.Սարգսյանի, Ա.Ամիրզադյանի, Լ.Թադևոսյանի և Հ.Հարությունյանի 31.03.2009 թվականի որոշման մեջ: Այդ նույն բովանդակությամբ որոշումներ են կայացվել նաև նույն գործով ամբաստանյալներ Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի, Շանթ Հարությունյանի, Սանուն Միքայելյանի և Մյասնիկ Մալխասյանի վերաբերյալ:

Սակայն ներկայում պարոն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է տրամագծորեն հակառակ մոտեցումը. այդ նույն դատախազությունը կամ այլևս չի համարում, որ ներկայում գործող քրեական օրենսգրքի 300-րդ և 300.1-րդ հոդվածները 2008 թ. փետրվար-մարտ ամիսներին գործող նույն օրենսգրքի 300-րդ հոդվածի համեմատ վատթարացնում են անձի վիճակը, կամ էլ՝ համարելով հանդերձ, որ վատթարացնում է, այնուամենայնիվ համարում են, որ թույլատրելի է պարոն Քոչարյանի նկատմամբ կիրառել վիճակը վատթարացնող նորմը: Սրանով հիմնավորվում է, որ ներկայում պարոն Ռոբերտ Քոչարյանը, ԵԽԽՎ 2012 թվականի թիվ 1900 բանաձևի 3-րդ կետի առնվազն «բ», «դ» և «ե» ենթակետերի իմաստով, հանդիսանում է քաղաքական բանտարկյալ, նա քրեական հետապնդման է ենթարկվում և անազատության մեջ է պահվում քաղաքական դրդապատճառներով:

/2/ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի է 02.11.2018 թվականին առաջադրված մեղադրանքով իրեն վերագրվող հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից,

Մեղադրանքում նկարագրված գործողությունների ժամանակ գործող՝ ՀՀ Սահմանադրության 56.1-րդ հոդվածի համաձայն՝

«Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է:

Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո»:

Ներկայում գործող՝ ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:

2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

3. Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո»:

ՀՀ նախագահի անձեռնմխելիությունն ունի միայն մեկ բացառություն, որը նախատեսված է նույն հոդվածի 3-րդ մասում. «Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո»: Այսինքն՝ որպեսզի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվի քրեական հետապնդում, վարույթն իրականացնող մարմինը պետք է ցույց տա, որ մեղսագրվող գործողությունները կապ չունեն պարոն Քոչարյանի պաշտոնի հետ:

Իր 21.11.2018 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը սահմանել է, որ՝

«17. /…/ Կատարված գործողությունը նախագահի կարգավիճակից բխելու կամ չբխելու և համապատասխանաբար անձեռնմխելիության երաշխիքը կիրառելու հարցը լուծելիս անհրաժեշտ է համակողմանի գնահատման ենթարկել իրականացված գործողությունների բնույթը, այն է՝ բացահայտել դրանց՝ նախագահի՝ որպես պետության գլխի գործողությունները կենսագործմանն ուղղված լինելու, նախագահի առջև դրված խնդիրները՝ Սահմանադրությամբ վերջինիս վերապահված լիազորությունների միջոցով իրականացնելու հանգամանքները, ինչպես նաև պարզել համապատասխան գործողության հիմքում ընկած շահը, նպատակը:

Մասնավորապես, եթե Հանրապետության նախագահը գործել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, առաջնորդվել է հանրային շահով և նրա գործողությունները պայմանավորված են եղել իր գործառույթների իրացման անհրաժեշտությամբ, ապա վերջինս նման գործողությունների համար անձեռնմխելի է և ենթակա չէ հետապնդման ու պատասխանատվության նաև լիազորությունների ավարտից հետո, քանի որ այդպիսիք համատեղելի են նախագահի կարգավիճակի հետ և բխում են վերջինից: Մինչդեռ եթե նախագահը լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով կամ չի ունեցել համապատասխան գործողությունն իրականացնելու լիազորություն կամ դա իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների անցմամբ, ապա նման գործողությունները չեն կարող առնչություն ունենալ նախագահի կարգավիճակի հետ և պետք է գնահատվեն որպես Նախագահի կարգավիճակի հետ չկապված:
/…/

23. Սույն որոշման 22-22.2-րդ կետերում մեջբերված փաստական տվյալները գնահատման ենթարկելով սույն որոշման 21-21.1-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Հանրապետության նախկին նախագահ Ռ. Քոչարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը գնահատման չենթարկելով և, միևնույն ժամանակ, քննարկման առարկա դարձնելով Ռ. Քոչարյանի անձեռնմխելիության, մասնավորապես՝ վերջինիս կողմից առերևույթ կատարված գործողությունները նրա կարգավիճակից բխելու կամ չբխելու հարցը, փաստացի իրեն զրկել է այդ կապակցությամբ հիմնավորված հետևության գալու հնարավորությունից, քանի որ, ինչպես արդեն նշվել է, պաշտոնաթող նախագահի նկատմամբ գործառութային անձեռնմխելիության կիրառումը մեխանիկական գործընթաց չէ. անձեռնմխելիության սույն տեսակը կիրառելու կամ չկիրառելու հարցի պարզումը սերտորեն փոխկապակցված է անձի կողմից ենթադրյալ հանցավոր արարքն առերևույթ կատարելու հիմնավոր կասկածի, մասնավորապես՝ անձի և մեղսագրվող արարքի միջև օբյեկտիվ կապի առկայության գնահատման հետ: Այլ խոսքով՝ գործառութային անձեռնմխելիության հարցի լուծումն անմիջականորեն ենթադրում է անձին մեղսագրվող գործողությունների՝ հիմնավոր կասկածի տեսանկյունից գնահատում»:

Այսպիսով, դատարանները՝ անձեռնմխելիության հարցը որոշելիս, պետք է անդրադառնան Վճռաբեկ դատարանի կողմից առաջադրված խնդիրներին և անձեռնմխելիության հարցը որոշեն՝ հաշվի առնելով հիմնավոր կասկածի հանգամանքը: Սակայն, Վճռաբեկ դատարանի որոշման չափանիշները կիրառելիս, դատարանները պետք է բոլոր դեպքերում կաշկանդված լինեն անձի անմեղության կանխավարկածով: Այսպես.

Օգտվում է արդյոք անձն անձեռնմխելիությունից թե ոչ՝ պետք է որոշվի «ողջամիտ կասկածից վեր» չափանիշի հիման վրա: Այսինքն՝ պաշտոնաթող նախագահը կարող է ենթարկվել քրեական հետապնդման /իսկ կալանավորումը քրեական հետապնդում է/ միամիայն այն դեպքում, եթե հաստատապես որոշվում է, որ տվյալ մեղադրանքի պարագաներում նա անձեռնմխելի չէ: Այստեղ չի գործում ապացուցման այն շեմը, թե պաշտոնաթող նախագահը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե առկա է հիմնավոր կասկած, որ նա անձեռնմխելի չէ:

Հետևաբար՝ դատարանը կարող էր քննիչի միջնորդությունը բավարարել միայն այն դեպքում, երբ հաստատապես կպարզեր, որ պարոն Քոչարյանը տվյալ դեպքում անձեռնմխելի չէ: Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանը դատարաններին առաջադրել է խնդիր՝ անձեռնմխելիության հարցը որոշել ելնելով նրանից, թե արդյոք պարոն Քոչարյանը դուրս չի՞ եկել իր լիազորությունների սահմաններից:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ այն հետևության, որ պարոն Քոչարյանը անձեռնմխելի չէ, կարելի է գալ միայն այն դեպքում, երբ կպարզվի, որ նա լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով կամ չի ունեցել համապատասխան գործողությունն իրականացնելու լիազորություն կամ դա իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների անցմամբ: Մինչդեռ սա այն հարցերն են, որ կարող են որոշվել միայն գործն ըստ էության քննության ժամանակ:

Այս փուլում դատարանները բոլոր դեպքերում չեն կարող գալ հետևության, որ երկրորդ նախագահը լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով կամ չի ունեցել համապատասխան գործողությունն իրականացնելու լիազորություն կամ դա իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների անցմամբ՝ առանց նրա անմեղության կանխավարկածի կոպիտ խախտման:

Կալանավորման հիմքերի բացակայության մասին

Գտնում ենք, որ գոյություն չունեն պարոն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերը: Այսպես, դատարանը գտել է, որ՝ մնալով ազատության մեջ, պարող Ռ. Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից կամ խոչընդոտել քննությանը:

Դատարանի կողմից հաշվի չի առնվել պարոն Ռոբերտ Քոչարյանի վարքագիծը 2018 թվականի օգոստոսի 13-ից մինչև դեկտեմբերի 07-ն ընկած ժամանակահատվածում։ Մինչդեռ այդ հանգամանքը որոշիչ դեր է խաղում պարոն Քոչարյանի հետագա վարքագծի վերաբերյալ կանխատեսումներ անելու համար:

Բողոքարկվող որոշումից չի երևում, թե ինչո՞ւ է Դատարանը համարել, որ մեղադրյալի վիճակում ազատության մեջ 3 ամիս և 24 օր գտնվելու ընթացքում քննությանը խոչընդոտելու և քննությունից թաքնվելու փորձ չարած Ռոբերտ Քոչարյանը 20.02.2018 թվականից հետո հավանաբար կարող է այդպիսի քայլեր ձեռնարկել:

Պաշտպանները բերել էին մի շարք փաստարկներ, որոնք էական նշանակություն կարող էին ունենալ՝ պարոն Ռ.Քոչարյանի հետագա հնարավոր վարքագիծը կանխորոշելու առումով:

Այսպես.

Որպես պաշտոնաթող նախագահ, Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության անվտանգության աշխատակիցների շուրջօրյա հսկողության տակ: Բացի այդ, անվտանգության աշխատակիցները նախապես տեղեկացված են լինում պարոն Քոչարյանի բոլոր հանդիպումների մասին և հանդիպումները տեղի են ունենում ըստ նախապես անվտանգության աշխատակիցներին տրամադրված ցուցակի: Ցուցակում չընդգրկված անձը չի կարող թույլ տրվել պարոն Քոչարյանի հետ հանդիպման: Դիմողի անվտանգությունն ապահովող աշխատակիցները բոլորը հանդիսանում են ՀՀ ԱԱԾ սպաներ՝ ընդհուպ մինչև գնդապետի կոչում ունեցող:

Նշված հանգամանքը եթե ինքն իրենով ի սպառ չի բացառում, ապա առնվազն՝ զգալիորեն նվազեցնում է հավանականությունը, որ պարոն Քոչարյանը կարող է ձեռնարկել այնպիսի մի բան /թաքնվելու, քննությանը խոչընդոտելու փորձ/, որի մասին իշխանություններն անտեղյակ լինեն:

03.07.2018 թ․ ՀՀ ՀՔԾ-ն պաշտոնապես տեղեկություն է տարածել, որ որոշում է կայացվել՝ 2008 թ․ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Հաղորդագրության մեջ գրված էր, որ այդ գործողությունները Մ. Հարությունյանը կատարել է ՀՀ որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին: Լուրը տարածվելու ժամանակ պարոն Ռ. Քոչարյանը գտնվել է Հունաստանում և իր համար կանխատեսելի էր, որ կա հավանականություն, որ «բարձրաստիճան պաշտոնյաներ» ասելով ՀՔԾ-ն կարող է նկատի ունենալ նաև իրեն՝ Ռոբերտ Քոչարյանին: 06.07.2018 թ., ժամը 14:00-ին պարոն Քոչարյանի տուն են բերել ծանուցագիր, որով նա նույն օրը, ժամը 15:30-ին հրավիրվում էր հարցաքննության:

Պարոն Քոչարյանի հանձնարարությամբ նրա գրասենյակի պատասխանատուն 09.07.2018 թվականին նամակ է ուղարկել քննիչին, որով հայտնել է, որ սահմանված օրը պարոն Քոչարյանն ի վիճակի չի լինելու ներկայանալ քննությանը: Նույն նամակում քննիչը տեղեկացվել է, որ պարոն Քոչարյանը կվերադառնա 25.07.2018 թվականին և կներկայանա քննությանը: 25.07.2018 թվականին պարոն Ռ.Քոչարյանը վերադարձել Հայաստան և 26.07.2018 թ. ներկայացել է քննիչի մոտ՝ հարցաքննության: 27.07.2018 թվականին պարոն Քոչարյանը կալանավորվել է, որից հետո՝ 13.08.2018 թվականին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել, միայն 04.09.2018 թ. նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 07.12.2018 թ. որոշմամբ պարոն Քոչարյանը կրկին կալանավորվել է: 2018 թվականի օգոստոսի 13-ին մինչև դեկտեմբերի 07-ն ընկած ժամանակահատվածում, գտնվելով ազատության մեջ, պարոն Ռ.Քոչարյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ:

Ավելին, այն բանից հետո, երբ 27.07.2018 թ. Առաջին ատյանի դատարանը կալանավորել էր պարոն Քոչարյանին, ՀՀ Ազգային ժողովի 45 պատգամավոր /որոնց թվում՝ այդ ժամանակվա ԱԺ նախագահը և երկու փոխնախագահներ/ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, միջնորդելով ազատ արձակել Դիմողին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածը այդպիսի հնարավորություն նախատեսում է. «1. Մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնի որոշման հիման վրա կալանքից ենթակա է ազատման, եթե` /…/ 3/ քրեական վարույթն իրականացնող մարմինը պարզել է անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը»:

45 պատգամավորները անձնական երաշխավորություն են տրամադրել այն մասին, որ ազատության մեջ գտնվելով Դիմողը կդրսևորի պատշաճ վարքագիծ: Անձնական երաշխավորության ինստիտուտը կանոնակարգվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով, որում ասված է.

«1. Անձնական երաշխավորությունը վստահություն վայելող անձանց գրավոր պարտավորությունն է այն մասին, որ նրանք իրենց խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում են կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:

2. Երաշխավորող կարող է լինել չափահաս ֆիզիկական անձը: Ընդ որում, անձը պետք է մուծի դրամական գումար` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: 3. Երաշխավորողների թիվը երկուսից պակաս չի կարող լինել: Բացառիկ դեպքերում անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կարող է կիրառվել առանձնակի վստահություն վայելող մեկ երաշխավորողի առկայությամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, երաշխավորը պետք է մուծի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը: ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, նշված գումարը վերածվում է պետական եկամտի, եթե երաշխավորը չի ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը կամ հրաժարվել է երաշխավորությունից: Ավելին, ՀՀ քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում երաշխավորի համար, եթե նա չարամտորեն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, որ ի հետևանքով կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել են քննությունից կամ դատից:

Այսպիսով, 45 պատգամավորների անձնական երաշխավորությունը անհամեմատ ավելի մեծ երաշխիք է հանդիսանում, որ մնալով ազատության մեջ, անձը չի թաքնվի քննությունից, քան չհեռանալու մասին ստորագրությունը: Ավելին, ի տարբերություն չհեռանալու մասին ստորագրության, անձնական երաշխիքով երաշխավորվում է նաև մեղադրյալի կողմից քննությանը չխոչընդոտելը:

Այնուհանդերձ, ունենալով պարոն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՀՀ ԱԺ 45 պատգամավորի անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց ընտրելու հնարավորություն, քննիչը 13.08.2018 թ. մինչև 04.09.2018 թ. պարոն Քոչարյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց չի ընտրել, իսկ 04.09.2018 թվականին ընտրել է ոչ թե 45 պատգամավորի անձնական երաշխավորությունը, այլ՝ չհեռանալու մասին ստորագրություն: Դա նշանակում է, որ քննիչի տեսանկյունից թաքնվելու հավանականությունը կարելի է զսպել չհեռանալու մասին ստորագրությամբ և ավելի լուրջ երաշխիքի կարիք գոյություն չունի: Միաժամանակ, դա նշանակում է, որ պարոն Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու հավանականություն քննիչն առհասարակ չի տեսել, հակառակ դեպքում չէր կարող 45 պատգամավորի անձնական երաշխավորությունը անտեսելով որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այսպիսով, թեև քննիչն իրականում չի տեսել պարոն Ռոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու վտանգ, իսկ քննությունից թաքնվելլու վտանգը գնահատել է այն աստիճանի ցածր, որ սահմանափակվել է չհեռանալու մասին ստորագրություն ընտրելով, այնուհանդերձ Դատարանում պնդել է, որպեսզի պարոն Քոչարյանը կալանավորվի: Սա կարող է վկայել միայն այն բանի մասին, որ պարոն Քոչարյանին կալանավորելու /կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու/՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները հետապնդում են ոչ թե մեղադրյալի ոչ օրինական վարքագիծը խափանելու նպատակ, այլ պայմանավորված են այլ՝ օրենքով չնախատեսված դրդապատճառով:

11.09.2018 թվականին համացանցում տարածվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի /Արթուր Վանեցյան/ և ՀՀ ՀՔԾ պետի /Սասուն Խաչատրյան/ հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունը, որում նշված պաշտոնատար անձիք քննարկում են պարոն Ռ. Քոչարյանի և նույն գործով մեկ այլ մեղադրյալի՝ պարոն Յու.Խաչատուրովի կալանավորման հարցը: Ընդ որում, հեռախոսային խոսակցությունից պարզորոշ երևում է, որ այն տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Առաջին ատյանի դատարան էր ներկայացվել Դիմողին կալանավորելու միջնորդությունը: Հեռախոսային խոսակցություններն ունեն հետևյալ բովանդակությունը /վերծանված է համացանցում տեղադրված ձայնագրությունից/.

«Ս.Խ. հա ընգեր ջան:

Ա.Վ. ապեր, ի՞նչ կա:

Ս.Խ. ընգեր ցուցմունք չտվեց /…/

Ա.Վ. ինձ դատավորները նոր զանգին:

Ս.Խ. հա:

Ա.Վ. ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցածա, ասեցի մի հատ նայի սաղ գործը: /…/

Ա.Վ. մի խոսքով, դատավորը, ով որ պիտի կալանքը տա, դրան ասել եմ դուխով, բա մի հատ հիմքերը պրոստը նայեմ պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ էն անեմ:

Ս.Խ. թող նայի, թող նայի:

Ա.Վ. ասի նայի հիմքերը, կզանգես, բայց կալանքը ուզես չուզես պըտի տաս։

Ս.Խ. հա, հա ընգեր, էսի կալանքը որ տանք ․․․ տան նոռմալ, սաղ կսկսեն գրել ընգեր: /…/ Ս.Խ. Խաչատուրովին էլ ենք բան անում ընգեր, էսօր:

Ա.Վ. արա, Խաչատուրովին գործ չունեք ապեր, ՕԴԵԿԱ-ի շեֆնա արա։

Ս.Խ. կապ չունի ընգեր: /…/

Ա.Վ. սպասի գալիս եմ արա, սպասի գամ նոր Խաչատուրովին ձերբակալեք:

Ս.Խ. չէ, չէ ընգեր, արդեն մեր մոտա ընգեր, դե շուտ փագենք տենանք ինչ ցուցմունքա տալի: /…/

Ա.Վ. Ապեր, Խաչատուրովինը ո՞նցա, հիմնավորա՞:

Ս.Խ. Ընգեր, նույն բաննա իրանցը բոլորինը, բայց ամենահիմնավորը դեռ Քոչարյանիննա։ Քոչարյանինը ուււււ բանինը ․․․ :

Ա.Վ. ապեր, մի հատ խնդրում եմ էլի, Խաչատուրովինը շատ ուշադիր … էն ռուսները, չնայած Վարչապետը ասումա փակեք, բայց ռուսները համը կհանեն: /…/

Ա.Վ. իսկ եթե կանչես Խաչատուրովին, հարցաքննե՞ս, նա ցուցմունք տա խափանման միջողը փոխես, ասես:

Ս.Խ. ցավդ տանեմ, խնդիր չեմ տեսնում, բայց ինքը մինչև չկալանավորովի, ինքը ցուցմունք չի տա։ /…/

Ս.Խ. թող էրկու օր նստի, խելքը գլուխը գա ցուցմունք կտա։

Ա.Վ. խարաշո /…/ “:

Նշված խոսակցության վերաբերյալ պարզաբանում տալու նպատակով ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարները նույն օրը՝ 11.09.2018 թ. հրավիրել են մամուլի ասուլիս, որի ժամանակ ընդունել են, որ այդպիսի խոսակցություն իրականում տեղի է ունեցել /այն վերապահումով, որ խոսակցության որոշ հատվածներ բացակայում են/ և այդ խոսակցությունը վերաբերում է Դիմողի նկատմամբ քննվող քրեական գործին:

Այս հեռախոսային խոսակցության բովանդակությունից նույնպես պարզ է դառնում, որ սույն քրեական գործով կալանավորումը վարույթն իրականացնող մարմինը դիտում է, ոչ թե որպես մեղադրյալների ոչ օրինական վարքագիծը խափանելու, այլ՝ ցուցմունք տալուն հարկադրելու միջոց:

Այսպիսով, Դատարանի 18.01.2019 թ. որոշումը, նաև այս հիմքով, հակասում է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին, ինչպես նաև՝ նույն հոդվածի 3-րդ կետին:

Գրավի մասին

Ինչպես ասվեց վերևում՝ գրավի կիրառումը դատարանի կողմից մերժվել է ընդամենը հետևյալ պատճառաբանությամբ․

“Դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ մեջբերված փաստական հանգամանքները և հետևությունները, գտնում է, որ գրավը՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, ի զորու չէ գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի իրավաչափ վարքագիծը կանխորոշելու հարցում, ուստի մինչդատական վարույթի ներկա փուլում Ռոբերտ Քոչարյանին կալանքից գրավով ազատելը պետք է ճանաչվի անթույլատրելի»

Դատարանի նման մոտեցումը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասին, որում ասված է. «Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում … »: Այս նորմից բխում է, որ՝

1. Կանոնը գրավի կիրառումն է, իսկ գրավի կիրառումը ճանաչվում է անթույլատրելի՝ առանձին դեպքերում,

2. Դատարանը պետք է շարադրի գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու շարժառիթները:

Ճիշտ է, Վճռաբեկ դատարանն արտահայտել է այն միտքը, որ որոշակի դեպքերում գրավի կիրառման անթույլատրելիության հիմքում կարող են դրվել նույն այն փաստարկները, ինչ և անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու հիմքում, սակայն դա չի նշանակում, որ նման դեպքերում գրավի կիրառման անթույլատրելիությունը կարող է առհասարակ չպատճառաբանվել: Դա ընդամենը նշանակում է, որ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելը պետք է հիմնավորվի, սակայն հիմնավորումների շարքում կարող են կիրառվել նաև այն փաստարկները, որոնք կիրառվել են անձին կալանավորելիս:

Մինչդեռ տվյալ դեպում Դատարանն առհասարակ չի շարադրել գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու շարժառիթները, ինչով զգալիորեն սահմանափակել է այս մասով իր որոշումը բողոքարկելու՝ մեղադրյալի ու նրա պաշտպանների իրավունքը:

Դատավարական խախտումների մասին.

Պատճառաբանված դատական ակտ ստանալու իրավունքի խախտման մասին
Եվրոպական դատարանը, մեկնաբանելով արդար դատաքննության իրավունքի էությունը, բազմիցս նշել է, որ այդ իրավունքն, ի թիվս այլնի, իր մեջ ներառում է պատճառաբանված դատական որոշում ստանալու իրավունքը: Այդ իրավունքը հիմնված է ավելի ընդհանուր իրավունքի վրա, որը պաշտպանում է անձին կամայականությունից: Այդ իրավունքը չի պարտադրում ներպետական իշխանություններին մանրամասն պատասխաններ տալու կողմերի բերած ցանկացած փաստարկին: Միևնույն ժամանակ, դատարանի պատասխանը պետք է լինի բավականաչափ մանրամասն՝ կողմի հիմնական փաստական կամ իրավական հավակնությանը պատասխանելու համար:

Տվյալ դեպքում կալանավորման պայմանների և հիմքերի առկայության դեմ առարկելիս պաշտպանական կողմը բերել է վերը նշված մի շարք պատճառաբանությունը, որոնց Դատարանն առհասարակ չի անդրադարձել և իր որոշման մեջ չի նշել դրանք չընդունելու փաստարկները, ինչով խախտել է պարոն Քոչարյանի՝ արդար դատաքննության իրավունքը:

Մասնավորապես, Դատարանը չի անդրադարձել.

1․ Անձեռնմխելիության վերաբերյալ պաշտպանների բոլոր այն փաստարկներին, որոնք բերված են սույն բողոքի մեջ և նույնությամբ ներկայացվել էին նաև առաջին ատյանի դատարանում

2․ Հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ բոլոր այն փաստարկներին, որոնք բերված են սույն բողոքի մեջ և նույնությամբ ներկայացվել էին նաև առաջին ատյանի դատարանում

3․ Կալանավորման հիմքերի բացակայության /ներառյալ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանվորումը օրենքով չնախատեսվածծ նպատակներով օգտագործելու/ վերաբերյալ բոլոր այն փաստարկներին, որոնք բերված են սույն բողոքի մեջ և նույնությամբ ներկայացվել էին նաև առաջին ատյանի դատարանում:

Դատարանը չի բերել պատճառաբանություններ, թե ինչո՞ւ է համարել, որ քննիչի կողմից ներկայացված նյութերը բավարար են՝ «հիմնավոր կասկածի» առկայության համար, այլ պարզապես թվարկել է այդ նյութերը և նշել դրանց համառոտ բովանդակությունը: Դատարանը նաև չի բերել գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ հիմնավորումներ, պարզապես հղում անելով նույն «որոշմամբ մեջբերված փաստական հանգամանքների և հետևությունների» վրա:

Ինչպես նշել է Եվրոպական դատարանը Ռուիզ Թորիյան ընդդեմ Իսպանիայի /Ruiz Torija v. Spain/ գործով 09.12.1994 թվականին կայացված իր վճռի 29-րդ կետում. Բոլդյան ընդդեմ Ռումինիայի /Boldea v. Romania/ գործով 15.02.2007 թվականին կայացված վճռի 30-րդ կետում Եվրոպական դատարանը նշել է. “Թեև դատարանները պարտավոր չեն մանրամասն պատասխաններ տալ ներկայացված ցանկացած փաստարկի, սակայն դատական որոշումից պետք է ակնհայտ լինի, որ բոլոր էական հարցերը ենթարկված են եղել քննարկման”:

Հաջիանաստասիուն ընդդեմ Հունաստանի /Hadjianastassiou v. Greece/ և վերը նշված՝ Բոլդյան ընդդեմ Ռումինիայի գործերով Եվրոպական դատարանը նշել է նաև, որ պատճառաբանված դատական ակտ ստանալու իրավունքը վերաբերում է նաև դատական ակտերը բողոքարկելու իրավունքին. «Ներպետական դատարանները պետք է բավականաչափ հստակ շարադրեն իրենց որոշումների պատճառաբանությունները, որպեսզի հնարավորություն տան կողմից արդյունավետորեն օգտվելու բողոքարկման իրավունքից»:

Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքները անձի կալանավորման հետ կապված ընթացակարգերի վրա տարածվելու հարցի հետ կապված Եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ դիրքորոշումը.

«Ընթացակարգը, որի մասին ասված է /Կոնվենցիայի/ 5-րդ հոդվածի 4-րդ մասում, անպայման չէ որ զուգորդված լինի այն նույն երաշխիքներով, որպիսիք նախատեսված են քաղաքացիական և քրեական գործերով դատավարությունների համար 6-րդ հոդվածի 1-ին կետով, սակայն այն պետք է ունենա դատական բնույթ և տրամադրի գործին մասնակցող անձին երաշխիքներ, որոնք բնորոշ են ազատությունից զրկելու էությանը: Որպեսզի որոշել, թե արդյոք ընթացակարգը տրամադրո՞ւմ է «ազատությունից զրկելու հետ կապված գործերով կիրառվող հիմնական դատավարական երաշխիքներ», անհրաժեշտ է հաշվի առնել հանգամանքների հատուկ բնույթը» /Վլոխն ընդդեմ Լեհաստանի, Wloch v Poland, 125/:

«Եթե ճիշտ է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը կալանավորման դեմ ներկայացված բողոքը քննող դատավորի մոտ չի առաջացնում դիմողի կողմից առաջ քաշված յուրաքանչյուր փաստարկը ուսումնասիրելու պարտականություն, ապա դրանում նախատեսված երաշխիքները կկորցնեին իրենց իմաստը, եթե դատավորը, հիմնվելով ներպետական իրավունքի ու պրակտիկայի վրա, կարողանար հաշվի չառնել կոնկրետ փաստեր, որոնց վրա հղում է կատարում ազատությունից զրկված անձը և որոնք կարող են կասկած առաջացնել Կոնվենցիայի իմաստով կալանավորման «օրինականության» համար անհրաժեշտ պայմանների առկայության վերաբերյալ» /Նիկոլովան ընդդեմ Բուլղարիայի, Nikolova v Bulgaria, 61/:

Տվյալ դեպքում, ինչպես նշվեց վերևում, պաշտպանները դատարանում բերել էին մի շարք կարևոր փաստարկներ: Դատարանը, խախտելով Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետից բխող՝ պատճառաբանված դատական ակտ ստանալու՝ պարոն Ռոբերտ Քոչարյանի իրավունքը, առհասարակ չի անդրադարձել սույն ենթակետում նշված կարևորագույն փաստարկների:

Օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործը քննելու իրավունքի խախտման մասին

Ինչպես երևում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 15.01.2019 թվականի Ե-3835 գրությունից, սույն գործը /միջնորդությունների քննությունը/ այդ դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին մակագրված է եղել նույն դատարանի նախագահի կողմից: Որպես այդ գործողության իրավական հիմք, դատարանի նախագահը վկայակոչել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի 26.07.2018 թվականի թիվ 29-Ո-67 որոշումը:

Մինչդեռ վկայակոչված որոշումը որևէ կերպ չի ենթադրում, որ դատարանի նախագահը կարող է որոշում կայացնել /ժող. Մակագրել/ գործի կամ միջնորդության քննությունն այս կամ այն կոնկրետ դատավորի հանձնարարելու մասին: Ուստի, պաշտպանական կողմը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանում դատարանի կազմը ձևավորվել է կամայականորեն և դա հանդիսանում է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի խախտում:

Ելնելով վերը շարադրվածից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածով,

Խնդրում ենք

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2019 թվականի որոշումը բեկանել.

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան կալանքից ազատ արձակել, հակառակ դեպքում՝ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և որոշում կայացնել՝ կալանքը գրավով փոխարինելու մասին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ՝ փաստաբաններ

Ռուբեն Սահակյան
Հայկ Ալումյան
Արամ Օրբելյան
29.01.2019թ․

Տեսանյութեր

Լրահոս