Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լենա Նազարյանը վստահեցնում է՝ ավագանու իրենց թեկնածու Միքայել Մինասյանի սանիկ Վիկտոր Մնացականյանն ակտիվորեն մասնակցել է հեղափոխությանը

Լենա Նազարյանը վստահեցնում է՝ ավագանու իրենց թեկնածու Միքայել Մինասյանի 
սանիկ Վիկտոր Մնացականյանն ակտիվորեն մասնակցել է հեղափոխությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը վստահեցնում է՝ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Վիկտոր  Մնացականյանն ակտիվ մասնակցել է հեղափոխությանը, բացի այդ հայտնի է Երևանի զարգացման տարբեր ծրագրերով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Նազարյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցներում՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում են Միքայել Մինասյանի սանիկն ու Սերժ Սարգսյանի բարեկամները:

«Վիկտոր Մնացականյանը հեղափոխության օրերին շատ ակտիվ մասնակցել է ճանապարհ փակելուն, կան նույնիսկ տեսանյութեր: Նա ներգրավված է եղել Աբովյան փողոցը գորգերով փակելու հայտնի ակցիայում: Որքան ես տեղյակ եմ՝ նա Միքայել Մինասյանի սանիկն է եղել շատ վաղուց, քան Մինասյանը դարձել է այն անձը, որին մենք բոլորս գիտենք»,-ասաց Լենա Նազարյանն ու շեշտեց՝ Վիկտոր Մնացականյանը շատ հայտնի է  Երևանում տարբեր բարեգործական և զարգացման ծրագրերով:

Պատգամավորը հավաստիացրեց՝ իրենց թեկնածու Մնացականյանն ակտիվորեն մասնակցել է հեղափոխությանը: Որքանով ինքը գիտի՝ Միքայել Մինասյանի հետ հարաբերությունները չեն պահպանվել:

Անդրադառնալով իրենց ցուցակի թեկնածու Միքայել Հասրաթյանին, ասաց՝ նա ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի բարեկամների հետ: «Զոհրաբյանը նշեց մի անձի մասին, ով իբր Զորի Բալայանի բարեկամն է: Մենք պատկերացում չունենք, թե ում մասին է խոսքը»,-նշեց Նազարյանը:

Անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցությանը՝ Լենա Նազարյանը հիշեց՝ ապրիլի 17-ին 9 կամավորով կողմ են քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, ինչպես նաև այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիայի մեջ է եղել ՀՀԿ-ի հետ: «Զոհրաբյանը կողմ է քվեարկել նաև 2008-ի մարտի 1-ին  արտակարգ դրություն մտցնելու որոշմանը ԱԺ-ում: Նրանք բազմիցս կոալիցիաների մեջ են եղել ՀՀԿ-ի հետ, հետո մեղադրանքներ են ներկայացնում մեզ՝ ՀՀԿ-ի հետ համգործակցության համար»,-ասաց Նազարյանը:

Նրա կարծիքով՝ բոլորս պետք է արձանագրենք Զոհրաբյանի այն ասածը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց համար գոյություն չունեն: Հույս հայտնեց, որ այդ հերթական հայտարարությունը վերջնական է:

 Միքայել Մինասյանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]