1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նա դիրիժորական դպրոցի երևելիներից էր. արվեստասերները վերջին հրաժեշտը տվեցին Յուրի Դավթյանին

Նա դիրիժորական դպրոցի երևելիներից էր. արվեստասերները վերջին հրաժեշտը տվեցին 
Յուրի Դավթյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում արվեստասեր հանրությունը վերջին հրաժեշտը տվեց ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը,  նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը և այլք:

Նախարար Արայիկ Հարությունյանը Յուրի Դավթյանին համարում է դիրիժորական դպրոցի երևելիներից մեկը: «Գոյություն ունեցող դիրիժորական դպրոցը նաև նրա շնորհիվ է կայացել: Լավագույն մասնագետները և վարպետներն առնչություն են ունեցել Յուրի Դավթյանի հետ, նրա ձեռքի տակով են անցել: Կարծում եմ` մեծ կորուստ է բոլորիս համար: Հիմա նրա աշակերտները պետք է իրենց լավագույնս դրսևորեն՝ այդ դպրոցը պահպանելու և շարունակելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նախարարը՝ հավելելով, որ 2019 թվականի միջոցառումների ժամանակ առիթ է ունեցել ծանոթանալու և շփվելու դիրիժորի հետ:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Դաշնակահար Զարուհի Թոփչյանն օպերայի և բալետի թատրոնում աշխատանքի ընդունվելու օրվանից ճանաչել է ՀՀ ժողովրդական արտիստին և շատ գիտելիքներ ու հմտություններ է ձեռք բերել նրանից: «Նրա հումորը, նրա վերաբերմունքը աշխատանքին, նրա կողմից մշակած երաժշտության տակտերը… Պետք է աշխատենք, որ Յուրի Դավթյանի հիշողությունը մնա սերունդների մեջ: Ներկայացնենք դիրիժորի ձայնագրությունները և գրքերը, որպեսզի ճանաչեն նրա աշխատանքը»,- ասաց Թոփչյանը:

Յուրի Դավթյանը ծնվել է 1929 թվականի հունիսի 10-ին: 1938-ին ընդունվել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում՝ պրոֆեսորներ Սարաջևի և Տիգրանովի դասարաններում:

Եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, 1964-1966 թվականներին՝ Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1969 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:

Ղեկավարել է Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր: Հայտնի դիրիժորը մինչև օրս աշխատում էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես գլխավոր դիրիժոր:

Յուրի Դավթյանը կյանքից հեռացել է փետրվարի 20-ին 90 տարեկանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]