HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ «Յոթի գործ»

սկիզբը

1961-62 թվականներից սկսած, Երեւանում` որպես խրուշչովյան ձնհալի արդյունք սկսել է գործել «Հայ երիտասարդական միություն» անունը կրող բազմամարդ մի կազմակերպություն, որը չուներ հստակ ձեւավորված կառույց եւ գրավոր ձեւակերպված կանոնադրություն ու ծրագիր: Միության մեջ ընդգրկված էին ե՛ւ ուսանողներ, ե՛ւ դասախոսներ, ե՛ւ մտավորականներ, ե՛ւ սոցիալական տարբեր շերտերի այլ ներկայացուցիչներ:

Այս կազմակերպությունը չի եղել հակախորհրդային կամ հակակոմունիստական կառույց, բայց սա չի նշանակում, որ դրան անդամակցող առանձին անձինք չէին կարող այս կամ այն չափով դեմ լինել խորհրդային երկրի արտաքին կամ ներքին քաղաքականության առանձին դրսեւորումների, ունենալ ընդգծված հակախորհրդային հայացքներ, անգամ խոսել կամ գրել անկախ Հայաստան ունենալու անհրաժեշտության մասին:

Այս կարգի փոքրաթիվ բացառությունները չհաշված, Հայ երիտասարդական միությունը գլխավորապես եղել է ազգային-հայրենասիրական կազմակերպություն, որի հիմնական  նպատակը  հայոց  լեզվի  պահպանման,  Ցեղասպանության  հիշատակի  օրը նշելու եւ կորուսյալ հայկական տարածքների վերադարձն էր: ՀԵՄ-ը ուներ խորհուրդ, որի անդամներ էին հայտնի «Յոթի գործ»-ով դատապարտվածներ Խաչատուր Ամիրջանյանը, Խաչիկ Սաֆարյանը, Վիգեն Բաբայանը, Գրիգոր Եղյանը, Էդուարդ Կակոսյանը, Կարապետ Քիրամիջյանը եւ Մերուժան Հովհաննիսյանը: Դատելով այս գործով հրապարակված դատավճռից` ի տարբերություն Հայ երիտասարդական միության այլ անդամների, Խաչիկ Սաֆարյանը, Կարապետ Քիրամիջյանը, Վիգեն Բաբայանը եւ Մերուժան Հովհաննիսյանը  փորձել  են  իրենց  կազմակերպությանը  տալ  հստակ  ձեւավորված  կուռ կազմակերպական բնույթ: Նրանց է միացել նաեւ Խաչատուր Ամիրջանյանը: Հավաքվել է անդամավճար, ստեղծվել է գործող կառույց եւ ցանկությունների ու քննարկումների փուլից անցել են կոնկրետ գործողությունների դաշտ: Խաչատուր Ամիրջանյանը եւ Խաչիկ Սաֆարյանը սկսել են գրել կազմակերպության ծրագիրը: Հայ երիտասարդական միություն մեջ ընդգրկվածներից շատերը «Յոթ հայրենասերների» դատապարտումից հետո դադարեցրեցին իրենց գործունեությունը, ոմանք էլ, ընդհակառակը, շարունակեցին եւ հետո՝ 60-ականների ողջ ընթացքում, տարբեր քրեական գործերով դատապարտվեցին կամ հայտնվեցին դատարաններում վկաների կարգավիճակով։ 

«Յոթի գործը» հայտնի է նաեւ «Յոթ հայրենասերների գործ» անվամբ: Այս գործով ձերբակալություններն սկսվել են 1963-ի դեկտեմբերից, իսկ դատավարությունն ընթացել է 1964-ի օգոստոսի 5-26-ը: Խմբի անդամներին մեղադրանք է ներկայացվել ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) եւ 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը): Այս գործով որպես փաստաբան է ներգրավվել հետագայում Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանի հայրը՝ Սիմոն Սենի Արեւշատյանը, որը միաժամանակ եղել էր նույն գործով դատախազ Քոչինյանի դասախոսը։ Արեւշատյանը որպես դատապաշտպան ներգրավվել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի առաջարկով, քանի որ մեղադրյալների թվում կար հոգեւորական՝ Գրիգոր Եղյանը, որը Կաթողիկոսի անձնական թարգմանիչն էր։ Հարկ է նշել, որ Արեւշատյանը հետագայում նույնպես որպես փաստաբան մասնակցել է քաղաքական դատավարություններին։ 1968թ․ պաշտպանել է Հայ հայրենասերների միության անդամների շահերը։ 

             «Յոթ հայրենասերների» գործով կայացված դատավճիռը

Դատավճռի տեքստում Ազգային անվտանգության ծառայության կողմից ջնջված վկաների անունների փոխարեն կամայական տառեր են նշված, իսկ կետագծերով նշված են տեքստը մեզ տրամադրելուց առաջ ջնջված այլ հատվածներ: Փաստորեն, ԱԱԾ-ն որպես հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն`գործով անցնող վկաների անունները ջնջելուց եւ փոխարենը կամայական տառեր դնելուց բացի, ջնջել է նաեւ տեղեկատվությունը, թե 50 տարի առաջ որ քաղբանտարկյալը որ ուսումնական հաստատության որ ֆակուլտետում է ուսանել կամ որտեղ է աշխատել ու որ հասցեում է բնակվել:

    

                                                        ԴԱՏԱՎՃԻՌ 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՅԻ

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ

օգոստոսի  1964 թվի 

Նախագահությամբ`       Էդ. Սիմոնյանի

Ատենակալներ`              Կ. Յանիկյանի, Հ. Արիստակեսյանի

Քարտուղարությամբ`    Թ. Ենգիբարյանի

Մասնակցությամբ          պետական մեղադրող`

դատախազ`                     Գ. Քոչինյանի

դատապաշտպան`        Արեւշատյան 

Քննության առնելով դատական դռնբաց նիստում քրեական գործը ըստ մեղադրանքի` 

1․ԽԱՉԱՏՈՒՐ ՋՈՒՄՇՈՒՂԻ ԱՄԻՐՋԱՆՅԱՆԻ  1924թ.  ծնված,  Հայկ.  ՍՍՌ  Իջեւանի շրջանի Ուզունթալա գյուղում, հայ, ՍՍՌՄ քաղաքացի, 1944 թվականից ՍՄԿՊ անդամ,

բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին 5 անձ, չդատված, մինչեւ կալանավորվելը աշխատել է Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի

---------------------, բնակվել է Երեւան, -------------------- մեղադրանք է առաջադրվել եւ դատի է տրվել Հայկ ՍՍՌ քրեական օրենսգրքի 65 հոդվածի 1-ին մասով եւ 67 հոդվածով:

Կալանքի տակ է 22/1-1964 թվականից:

Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց: 

2․ԽԱՉԻԿ ԷԼՈՅԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ, 1932թ. ծնված, Հայկ ՍՍՌ Թալինի շրջանի ն. Բազմաբերդ գյուղում, հայ, ՍՍՌՄ քաղաքացի, ՍՄԿՊ-ի անդամ 1962 թվականից, բարձրագույն կրթությամբ, գիտության թեկնածու, ամուսնացած, խնամքին 5 անձ, չդատված, մինչեւ կալանավորվելը աշխատել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտում` որպես մեթոդիստ: Մեղադրանք է առաջադրվել եւ դատի է տրվել Հայկ. ՍՍՌ-ի քր. օրենսգրքի 65 հոդ. 1-ին մասով եւ 67 հոդվածով:

Կալանքի տակ է 29/12-1963 թվականից:

Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց: 

3․ՎԻԳԵՆ ԱՍԱՏՈՒՐԻ ԲԱԲԱՅԱՆԻ, 1940 թ. ծնված, ծնվել եւ բնակվում է Երեւան քաղաքում, հայ, ՍՍՌՄ քաղաքացի, ՀամԼԿԵՄ անդամ, ամուսնացած, խնամքին 3 անձ,

դատված անզգույշ սպանության համար 1957 թ. 2,6 տարվա ազատազրկման, դատվածությունը վերացված, մինչեւ կալանավորումը հանդիսացել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ------------, մեղադրանք է առաջադրվել եւ

դատաի է տրվել Հայկ ՍՍՌ քր. օր-ի 65 հոդ 1-ին մասով եւ 67 հոդվածով:

Կալանքի տակ է 29/12-1963 թվականից:

Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց: 

4․ԳՐԻԳՈՐ-ՀՈՎՀԱՆՆԵՍ  ՀԱԿՈԲԻ  ԵՂՅԱՆԻ,  1926թ.  ծնված  Երուսաղեմ  քաղաքում

/Պաղեստին/, հայ, ՍՍՌՄ քաղաքացի, անպարտիական, ամուրի, խնամքին ոչ ոք, չդատված, բարձրագույն կրթությամբ ----------------------------- Մեղադրանք է առաջադրվել եւ

դատի է տրվել Հայկական ՍՍՌ քրեական օրենսգրքի 65 հոդվածի 1-ին մասով եւ 67 հոդվածով:

Կալանքի տակ է 29/12-1963 թվականից:

Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց: 

5․ԷԴՎԱՐԴ ՎԱՐԴԱՆԻ ԿԱԿՈՍՅԱՆԻ 1936թ. ծնված, ծնվել է եւ բնակվել է Երեւան քաղաքում, ՍՍՌՄ-ի քաղաքացի, ՀամԼԿԵՄ անդամ, ամուրի, խնամքին ոչ ոք, մինչեւ կալանավորվելը  հանդիսացել  է  Երեւանի  պետական  համալսարանի  հեռակա  բաժնի

------------ 3-րդ կուրսի ուսանող , ------------------ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության

դասատու, նախկինում դատված քր. օրենսգրքի 184 հոդ. ուղղիչ աշխատանքների մեկ տարի ժամկետով:

Կալանքի տակ է 30/12-1963 թվականից:

Մեղադրանք է առաջադրվել եւ դատի է տրվել Հայկ. ՍՍՌ քր. օր-ի 65 հոդվածի 1-ին մասով եւ 67 հոդվածով:

Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց: 

6․ԿԱՐԱՊԵՏ-ԿԱՐՈ ՊՈՂՈՍԻ ՔԻՐԱՄԻՋՅԱՆԻ 1940թ. ծնված Բեյրութ քաղաքում /Լիբանան/, հայ, ՍՍՌՄ քաղաքացի, ՀամԼԿԵՄ անդամ, ամուրի, խնամքին ոչ ոք, չդատված,  մինչեւ  կալանավորվելը  հանդիսացել  է  Երեւանի  պետական  համալսարանի

---------------- ուսանող, բնակվել է Շահումյանի շրջանի ---------- նո. 101 տանը:

 Կալանքի տակ է 29/12-1963 թվականից:

 Մեղադրանք է առաջադրվել եւ դատի է տրվել Հայկ. ՍՍՌ-ի քրեական օրենսգրքի 65 հոդ. 1-ին մասով եւ 67 հոդվածով:

 Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց: 

7․ՄԵՐՈՒԺԱՆ ԱՐՏԱՇԵՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 1940թ. ծնված, ծնվել է Հայկ. ՍՍՌ-ի Էջմիածին քաղաքում, հայ, ՍՍՌՄ քաղաքացի, անպարտիական, միջնակարգ կրթությամբ,

ամուրի, խնամքին ոչ ոք, նախկինում, այն է` 1958թ. ապօրինի կարգով հրազեն պահելու համար դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամանակով: Մինչեւ կալանավորվելը` առանց  զբաղմունքի,  բնակվել է  Էջմիածին  քաղաքի  --------------:  Կալանքի տակ է 29/12-1963 թվականից:

Մեղադրանք է առաջադրվել եւ դատի է տրվել Հայկ ՍՍՌ-ի քրեական օրենսգրքի 65 հոդ 1-ին մասով եւ 67 հոդվածով:

Առաջադրված մեղադրանքում իրեն հանցավոր ճանաչեց: 

Գործի դատաքննությամբ, վկաների ցուցմունքներով, ամբաստանյալների բացատրությամբ, ինչպես նաեւ գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով եւ գործով  առգրավված  իրեղեն  ապացույցներով  հաստատված  են,  որ  ամբաստանյալներ Խաչիկ Էլոյի Սաֆարյանը, Կարապետ Կարոյի Քիրամիջյանը, Վիգեն Ասատուրի Բաբայանը, Մերուժան Արտաշեսի Հովհաննիսյանը 1962 թվականի վերջերից իրենց ունեցած ազգայնական-հակասովետական հայացքների ընդհանրության հիման վրա համաձայնության են եկել ստեղծելու գաղտնի խմբակներ, նպատակ ունենալով ագիտացիա եւ պրոպագանդա մղելու միջոցով իրենց շուրջը համախմբել համակիրներ եւ այդ ուղիով հասնել իրենց  ազգայնական հակասովետական նպատակների իրականացմանը:  Ամբաստանյալները իրենց այդ մտադրությունները իրականացնելու համար ձեռք են բերել  ազգայնական  հակասովետական  բովանդակությամբ  հոդվածներ  «Բատովսկին իրավացի չէ» «Այսօր Վարիայից ստացա» բառերով սկսվող Սկաչկոյի «Հայաստանը եւ Թուրքիան առաջիկա կոնֆերանսում» հոդվածի դեմ գրված հոդվածներ, որոնց հեղինակները անհայտ են եւ քննությամբ չի հայտնաբերված: Իրենց` ամբաստանյալների կողմից գրված «Հայկական դատի 85 տարին» 9 էջանոց «Հայրենասերների համամիութենական ընկերության հայտարարությունը» բառերով սկսվող հոդվածները, «Թանկագին հայրենակիցներ» բառերով սկսվող եւ «Գլխավոր խորհուրդ» բառերով վերջացող կոչը «Կտակ հայ որդուն» պոեմը, «Ինչն է ազգերի միաձուլումը եւ ով է ձգտում նրան» խորագիրը կրող հոդվածը, «Ողջույն Կիրովաբադի հայ բարեկամներին» «Տեսություն մարդկային պատմության մասին» հոդվածները, զանազան բանաստեղծություններ:

Ամբաստանյալները օգտագործել են նաեւ հայ բուրժուա-նացիոնալիստական (ազգայնական) գրականությունը` թերթեր, ամսագրեր, տարեգրեր, գրքեր, որտեղից արտատպելով հակասովետական-ազգայնական բովանդակություն ունեցող հոդվածներ եւ նյութեր, ինչպես օրինակ` «Մայիսի 28-ը» «Սիրելի Արտաշեսին-Ավետիկ ստորագրությամբ նամակը եւ այդ ամենը բազմացրել ու տարածել են իրենց համախոհների շրջանում: Այդ ճանապարհով աշխատել են իրականացնել գաղտնի խմբակի առջեւ դրված առաջնահերթ խնդիրներից մեկը, այն է` բարձրացնելու ազգանական ոգին քաղաքականապես անկայուն մարդկանց շրջանում, բորբոքելու նրանց ազգայնական տրամադրությունները, վերջիններիս իրենց գործունեության ոլորտի մեջ ներգրավելու նպատակով:

Ամբաստանյալները չցանկանալով տեսնել Սովետական Հայաստանի անցած ժամանակաշրջանում ձեռք բերած վիթխարի հաջողություններն ու նվաճումները` տնտեսության , գիտության, կուլտուրայի, արվեստի, կրթության եւ այլն բնագավառներում, տեսնելով միայն մեր առաջընթացի առանձին թերությունները, աշխատել են իրենց ագիտացիայի համար հիմանական առանցք դարձնել այդ թերությունների չափազանցրած պատկերացումները եւ  դրանով իսկ արատավորել սովետական իրականությունը:

Այսպես`, հավաքույթներում քննարկված ազգայնական հարցերից մեկն էլ հանդիսացել է հայոց լեզվի մաքրությունը, այն իբր ռուսական լեզվի մեջ միաձուլվելուց փրկելու հարցը: Այդ կապակցությամբ օգտագործելով առանձին երիտասարդների ոչ լուրջ վերաբերմունքը, որոնք խոսակցական լեզվի մեջ օգտագործում են հայերեն եւ ռուսերեն բառեր կամ առանձին հիմնարկ-ձեռնարկներում եւ առեւտրական կետերում ապրանքների ոչ հայերեն անվանարկումը կամ ցուցանակների անհաջող ձեւակերպումը վերագրում են ոչ թե առանձին մարդկանց ոչ լուրջ վերաբերմունքին, այլ ինչ-որ պաշտոնական թույլատրված ուղղության, որը ոչինչ ընդհանուր չունի լենինյան ազգային քաղաքականության  գծի հետ,  հատկապես յուրաքանչյուր  ազգի  լեզվի  պահպանման եւ զարգացման ուղղությամբ տարվող քաղաքականության հետ:

Այդ եւ նրանց կողմից առաջ քաշված ազգայնական-հակասովետական մյուս հարցերի շուրջը տարված ընդհատակյան աշխատանքի հետեւանքով ամբաստանյալներին   որոշ   չափով   հաջողվել   է   Երեւանի   առանձին   ձեռնարկություններից,   որոշ քաղաքականապես անկայուն անձանց ընդգրկել իրենց գաղտնի խմբակի մեջ: Ամբաստանյալները իրենց համակիրների հետ կազմակերպել են սիստեմատիկ հավաքույթներ, որոնք հրավիրվել են տարբեր վայրերում, նրանցից յուրաքանչյուրին մասնակցել են 3-ից մինչեւ 15-20 մարդ:

Ամբաստանյալները իրենց հանցավոր գործունեությունը ծավալելու եւ այն ավելի կազմակերպված հունի մեջ դնելու համար, քննարկել եւ լուծել են մի շարք կազմակերպական հարցեր, այսպես` լուրջ կերպով մտածել են գաղտնի գործունեության համար նյութական բազա ստեղծելու մասին, հավաքույթներում քննարկել եւ գործնականորեն լուծել են անդամավճարներ հավաքելու հարցը, հավաքված փողով մի շարք ծախսեր

են կատարել, այն է` վճարվել է տպագրական մեքենայի մասեր պատրաստելու, գրամեքենաների տեղափոխությունը կատարելու խորհրդի անդամների տեղափոխությունների հետ կապված ծախսերը հոգալու, ինչպես նաեւ հավաքույթների համար վարձված սենյակի վարձը վճարելու համար:

Տպագրական մեքենա պատրաստելու համար ձեռնարկված են եղել մի շարք միջոցառումներ` նախագծվել է մեքենան, պատրաստել են տվյալ մեքենայի առանձին մասեր եւ հափշտակման միջոցով ձեռք են բերվել շուրջ 25 կգ. տպատառեր: Խմբակի ղեկավարները- ամբաստանյալները ցանկացել են տպագրական մեքենայի միջոցով տպագրել, բազմացնել եւ տարածել զանազան ազգայնական հակասովետական բովանդակության հոդվածներ: Նրանք ցանկացել են ստեղծել նաեւ անդամատոմսեր, սակայն այդ աշխատանքը նրանց հետագա գործողություններում ծավալում չի ստացել, այն թողնելով ավելի ուշ ժամանակվա:

Որոշակի աշխատանք է կատարվել արտասահմանի հետ կապ հաստատելու ուղղությամբ,  նրանց  հաջողվել  է  արտասահման  ուղարկել  ամբաստանյալ  Վիգեն  Բաբայանի «Կտակ հայ որդուն» ազգայնական-հակասովետական ոգով գրված պոեմը, որը տպագրվել է «Սփյուռք» շաբաթաթերթում եւ Փարիզի դաշնակցական երիտասարդական «Հայաստան» թերթում: Հատկապես ցանկացել են արտասահման ուղարկել «Այսօր Վարիյայից ստացա» ազգայնական հակասովետական հոդվածը, որը նրանց չի հաջողվել:

Տեսակցություններ   են   ունեցել   արտասահմանյան   «Սփյուռք»   շաբաթաթերթի խմբագրության աշխատակից Գեւորգ Աճեմյանի հետ, որը զրույցի ժամանակ տեղեկություն է տվել արտասահմանում տարվող աշխատանքի մասին, խմբակի անդամներին հետաքրքրող ազգայնական հարցերի շուրջը:

Հավաքված անդամավճարներից գոյացած միջոցների հաշվին խմբակի անդամներից մեկնել են Ղարաբաղ` նույնանման աշխատանք ծավալելու միջոցով համակիրների  խմբակ  ստեղծելու,  ինչպես  նաեւ  բնակչության  մեջ  բորբոքելու  ազգայնական հակասովետական տրամադրություններ:

Ամբաստանյալները իրենց գործի նկատմամբ համակիրների շրջանում հավատը ամրացնելու համար պատրանք են ստեղծել այն մասին, որ իրենք միայնակ չեն եւ որ նույնանման կազմակերպություններ կան նաեւ Հայաստանից դուրս հարեւան հանրապետություններում:

Խմբակի անդամները աշխատանք են ծավալել գաղտնի գործունեության մեջ նոր համակիրներ ներգրավելու համար, ըստ որում նոր ընդգրկված անձնավորությունները ստուգվել են եւ նախազգուշացվել իրենց շրջաններում գործունեություն ծավալելու համար զգույշ լինելու:

Հավաքույթներում մասնակիցների շրջանում ազգայնական կրքեր բորբոքելու հետ միասին, առանձին դեպքերում քննարկվել են նաեւ տեռորիստական ակտ կազմակերպելու եւ կազմակերպության համար զենք ձեռք բերելու հարցերը, սակայն հետագայում նրանք հրաժարվել են այդ միջոցների գործադրումից:

Ամբաստանյալները խեղաթյուրելով Սովետական պետության լենինյան ազգային քաղաքականությունը եւ հերյուրանքներ տարածելով այդ ուղղությամբ պրոպագանդել են Սովետական Հայաստանը Սովետական միությունից անջատելու եւ այսպես կոչված «անկախ» Հայկական պետություն ստեղծելու գաղափարը:

Կազմակերպված խմբակների միջեւ աշխատանքը համաձայնացնելու, այդ աշխատանքները ղեկավարելու եւ սկսած գաղտնի աշխատանքը ավելի լայն մասշտաբներով ծավալելու համար, խմբակի անդամները հավաքույթներից մեկում ստեղծել են ղեկավար կենտրոն, որին կոչել են խորհուրդ: Խորհուրդը հանձնարարել է իր անդամներից երկուսին մշակելու կազմակերպության ծրագիրը, սակայն այդ աշխատանքը մնացել է անավարտ` գաղտնի խմբակի մերկացման կապակցությամբ:

Նախաքննությամբ, դատաքննությամբ եւ գործով առգրավված իրեղեն ապացույցներով հաստատված է ամբաստանյալներից յուրաքանչյուրի կողմից գաղտնի ճանապարհով  կատարված ներքոհիշյալ  գործնական աշխատանքները:

Ամբաստանյալ Խաչիկ Ամիրջանյանը մինչեւ մյուս ամբաստանյալների հետ ծանոթանալը, դեռեւս 1962թ. վերջերին կազմել է «Պրոլետարիատի դիկտատուրայի 45 տարին»  հոդվածը,  որպեսինը  1963թ.  վերամշակել  է  ու  ավելացնելով  13  կետեր,  այն վերանվանել է «Համամիութենական հայրենասերների ընկերության հայտարարություն» որտեղ ավելի խորացնելով իր հակասովետական հայացքները, հոդվածին տվել է ծրագրային բնույթ:

Նրա մեջ ամբաստանյալ Ամիրջանյանը թույլ է տվել մի շարք թշնամական հակասովետական զրպարտչական հերյուրանքներ եւ կոչ արել տապալելու Սովետական իշխանությունը, այդ հոդվածում նա տվել է կոնկրետ դրույթներ նոր ստեղծվելիք իշխանության համար:

Ամբաստանյալ Ամիրջանյանը միաժամանակ կազմել է կես էջանոց ռուսերեն լեզվով մեկ այլ հակասովետական բովանդակությամբ հոդված, որտեղ նա նորից կոչ է արել տապալելու սովետական կարգը: Ամբաստանյալ Ամիրջանյանը իր կողմից գրած հակասովետական  բովանդակությամբ  հոդվածները  համակիրների  մեջ  տարածելու նպատակով, բանավոր պրոպագանդայի հետ միասին քայլեր է ձեռնարկել հոդվածները բազմացնելու եւ այն տարածելու ուղղությամբ, մյուս ամբաստանյալների հետ միասին աշխատանք կատարել գաղտնի խմբակի հավաքույթներ կազմակերպելու համար:

Ամիրջանյանը իր ընկեր գործով վկա X-ի ծանոթի բնակարանում կազմակերպված հավաքույթում, որին մասնակցել են գործով վկաներ X-ը, Z-ը, O-ը, ուրիշները մասսայականացրել է իր 9 էջանոց հակասովետական բովանդակության հոդվածը:

Նույն հոդվածի բովանդակությունը պրոպոգանդելու նպատակով ելույթ է ունեցել նաեւ 1963 թ. գարնանը գործով վկա Ֆ-ի բնակարանում տեղի ունեցած հավաքույթում, որին մասնակցել է նաեւ ամբաստանյալ Կարապետ Քիրամիջյանը:

Նույն ելույթներն է ունեցել նաեւ անասնաբուժական ինստիտուտի հանրակացարանի --------, պետական համալսարանի հանրակացարանի սենյակներից մեկում եւ այլ վայրերում տեղի ունեցած  հավաքույթներում:

Նա իր հոդվածները տվել է կարդալու Զ-ին, X-ին, այնուհետեւ ամբաստանյալ Կարապետ Քիրամիջյանի միջոցով տարածել է խորհրդի անդամների եւ մյուս համակիրների շրջանում:

Այդ կարգի հավաքույթներից մեկում, որը տեղի է ունեցել Էջմիածին քաղաքում ամբաստանյալ Մերուժան Հովհաննիսյանի բնակարանում, որտեղ Ամիրջանյանը մասնակցել է գաղտնի խմբակների աշխատանքները ղեկավարող խորհրդի ընտրությանը, որի կազմում ընտրվել է նաեւ ինքը:

Այդ հավաքույթում քննության է առնվել նաեւ գաղտնի տպարան հիմնելու, անդամատոմսեր  ունենալու,  անդամավճարներ  հավաքելու  եւ  մասնավորապես  խորհրդի գործունեության ծրագիր մշակելու հարցը, որի սոցիալական հարցերին նվիրված բաժնի մշակումը հանձնարարվել է Ամիրջանյանին:

Տես գթ. հատոր 6 59-61, 65-70, 73-75, 76-79, 80-85, 90-95, 96-97, 98-102 103-105, 106-110, 111-112, 114-116, 117-118, 119-121, 122-124, 125, 128, 129-130, 139--144 եւ դատական նիստի արձանագրությունը:

Ամբաստանյալ Սաֆարյան Խաչիկը հանդիսացել է հակասովետական ազգայնական բովանդակություն ունեցող «Այսօր Վարիայից ստացա» բառերով սկսվող հոդվածի բազմացնելու եւ տարածելու գործի նախաձեռնողը:

Այդ հոդվածը 1963թ. սկզբին Սաֆարյանը ստացել է գործով վկա Փ-ից եւ չնայած վերջինիս նախազգուշացմանը, որ հոդվածում արծածված մտքերը վտանգավոր են, ինքը այն բազմացրել է եւ տարածել:

Ամբաստանյալ Սաֆարյանը նույն Փ-ից 1963թ. գարնանը ստացել է նաեւ «Սկաչկոյի հոդվածի առթիվ գրված հոդվածը» որը նույնպես ունի հակասովետական բովանդակություն:    Սաֆարյանը    այդ    հոդվածների    բովանդակությունը    պրոպագանդելու նպատակով ընթերցել, բազմացրել եւ մասսայականացրել է խմբակի գաղտնի հավաքույթներում, նա այդ հոդվածները ընթերցել է գյուղինստիտուտի իր աշխատասենյակում   տեղի   ունեցած   հավաքույթում,   որին   մասնակցել   են   ամբաստանյալներից Քիրամիջյանը, Հովհաննիսյանը, Բաբայանը, գործով վկաներ Ք-ն Թ-ն եւ ուրիշներ: Քանի որ հոդվածը պարունակում է նաեւ հարձակումներ հին բոլշեւիկ Արտաշես Կարինյանի  դեմ,  հավաքույթի  մասնակիցները  որոշել  են  նրա  դեմ  տեռորիստական  ակտ կատարել: Նույն հավաքույթում ամբաստանյալ Բաբայանը եւ վկա Թ-ն հանձնարարություն են ստացել ստուգելու նրան տեռորի ենթարկելու հնարավորությունը, սակայն հետագայում հրաժարվել են իրենց մտադրությունը իրագործելուց:

Ամբաստանյալ Սաֆարյանը մասնակցել եւ ղեկավարել է Զվարթնոցում եւ Նորքում կազմակերպված գաղտնի հավաքույթները, որոնք բազմամարդ են եղել եւ նրանցից յուրաքանչյուրին մասնակցել են 15-20 մարդ: Այդ հավաքույթներում նա շարադրել է իր

ազգայնական հակասովետական մտքերը, խոսել է նաեւ վստահելի մարդկանց ներգրավելու եւ ընդհատակյա աշխատանք տանելու գործում զգույշ լինելու մասին: Այսպիսի հավաքույթներ Սաֆարյանի մասնակցությամբ հրավիրվել են գյուղինստիտուտում, Կիեւյան կամուրջի մոտ, մոնումենտի այգում, Նորքում, Էջմիածնում եւ այլ վայրերում:

Սաֆարյանը աշխատանք է կատարել նաեւ գաղտնի խմբակների մեջ նոր մարդկանց ներգրավելու ուղղությամբ, անձամբ ինքը այդ խմբակներում ներգրավել է 3-4 անձնավորությունների: Բացի այդ նա իր ընկերներից մեկի, գործով վկա Մոսկվայում բնակվող ՈՒ-ի միջոցով աշխատանք է տարել Մոսկվայի հայ ուսանողության եւ հայ մտավորականության շրջանում ազգայնական տրամադրություններ բորբոքելու նպատակով:  Ամբաստանյալ  Սաֆարյանը  աշխատանք  է  կատարել  արտասահմանի  հետ կապ հաստատելու ուղղությամբ: Նա զրույց է ունեցել Երեւան ժամանած «Սփյուռք» շաբաթաթերթի խմբագրության աշխատակից Գեւորգ Աճեմյանի հետ, որից հետաքրքրվել է, թե արտասահմանում իրեն հետաքրքրող ազգայնական հարցերի շուրջը ինչպիսի աշխատանք է կատարվում:

Սաֆարյանի մասնակցությամբ տարբեր հավաքույթներում քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր եւ հատկապես անդամատոմսեր ունենալու, անդամավճարներ սահմանելու եւ գանձելու, զենք ունենալու, տպագրական մեքենա ձեռք բերելու հարցերը, որոնց նկատմամբ նա ունեցել է երբեմն մյուս ամբաստանյալների կարծիքին չհամապատասխանող կարծիք: Այսպես, նա դեմ է եղել մասսայական անդամատոմս ունենալու հարցին, գտնելով որ պետք է անդամատոմս ունենալ սահմանափակ թվով պրոպագանդայի համար: Դեմ է եղել զենք ձեռք բերելուն, նշելով որ ամենաուժեղ զենքը դա մեր պրոպագանդան է, որի վրա պետք է բեւեռել հիմնական ուշադրությունը:

Սաֆարյանը մյուս ամբաստանյալների հետ միասին պրոպագանդել է նաեւ այսպես կոչված  «անկախ»  Հայաստան  ունենալու  հարցը:  Հավաքներից  մեկում  գաղտնի խմբակների աշխատանքը կազմակերպելու եւ ղեկավարելու համար Սաֆարյանի մասնակցությամբ քննարկվել է ղեկավար կենտրոն ունենալու հարցը, որովհետեւ բացատրում  է  Սաֆարյանը,  «նախատեսված  է  եղել  ունենալու  կուռ  կազմակերպություն  իր կայուն ծրագրով եւ կանոնադրությամբ, ունենալ 10 հոգուց բաղկացած խմբակներ, որոնք պետք է իրար գոյության մասին չիմանային եւ ղեկավար կենտրոնի անդամները պետք  է  կապ  պահպանեին  տասնապետերի  հետ»:  Ամբաստանյալ  Հովհաննիսյանի

բնակարանում տեղի ունեցած հավաքում Սաֆարյանի մասնակցությամբ ընտրվել է այդպիսի խորհուրդ, որի կազմում ընտրվել է նաեւ ինքը, նույն հավաքույթում Սաֆարյանին հանձնարարվել է  կազմելու ծրագիր ազգայնական մասը:

Տես հատոր 1-ին գթ. 266-271, 272-276, 277-281, 282-284, 285-289, 290-292, 293-298, 299-304 հատոր 2-րդ գթ. 6-9, 10-14, 15-18, 19-23, 24-27, 28-30, 31-33, 34-36, 37-

41,   42-45,   46-48,   53-59,   60-62,   63-73,   74-75,   103-105 եւ դատական նիստի արձանագրությունը:

Ամբաստանյալ  Վիգեն  Բաբայանը  ունենալով  ազգայնական  հակասովետական տրամադրություններ, իր այդ տրամադրությունները համակիրների շրջանում պրոպագանդելու համար, մյուս ամբաստանյալների հետ միասին կազմակերպել է գաղտնի խմբակների հավաքույթներ, ինչպես նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել ամբաստանյալներ Կակոսյանի, Քիրամիջյանի, Հովհաննիսյանի եւ մյուսների կողմից հրավիրված  հավաքույթներին:  Գաղտնի  խմբակների  անդամների  կողմից  կազմակերպված ավելի քան 30 հավաքույթների մեծ մասին Բաբայանը մասնակցել է: Բաբայանը իրեն եւ իր համախոհ Ա-ի առաջարկով կազմակերպել է խումբ, որի կազմում ընդգրկվել  են Բ-ն, Գ-ն, Դ-ն, Ե-ն եւ Ը-ն: Ամբաստանյալ Բաբայանը անձամբ գաղտնի խմբում ընդգրկել է համակիր Թ-ին, Ժ-ին եւ ուրիշներին:

Բաբայանը իր գրամեքենայով բազմացրել եւ տարածել է մյուս ամբաստանյալ Հովհաննիսյանի հետ միասին կազմած «Նաիրի» շաբաթաթերթից վերցված «Մայիսի 28-ը» եւ Հովհաննիսյանի կողմից գրված «Հայկական դատի 85 տարին» հակասովետական բովանդակությամբ հոդվածները: Տվել է իր համախոհներին կարդալու «Սկաչկոյի» հոդվածի առթիվ հոդվածը Թ-ին, Ը-ին եւ ուրիշներին:

Բաբայանը Քիրամիջյանի եւ Հովհաննիսյանի հետ մեկնել են Ստեփանակերտ իրենց հետ տանելով հակասովետական բովանդակությամբ հոդվածներ, հանդիպում են ունեցել մի շարք անձանց հետ եւ այդ հոդվածները հանձնել են նրանց տարածելու, համախոհներ հավաքագրելու, գաղտնի շարժում ծավալելու, ազգաբնակչության մեջ ազգայնական հակասովետական տրամադրություններ բորբոքելու նպատակով:

Ամբաստանյալ Բաբայանը գործնական մասնակցություն է ունեցել ձեռք բերված տպագրական միջոցների տեղափոխման եւ պահպանման գործում: Նա Քիրամիջյանի հետ միասին տպատառերը եւ մյուս մասերը տեղափոխել եւ թաքցրել է Գեղարդի լեռներում, իսկ այնուհետեւ Հովհաննիսյանի հետ տեղափոխել է Էջմիածին Եղյան Գրիգորի  մոտ,  ապա  տեղափոխել  եւ  թաքցրել  են  գործով  վկա  Էջմիածնի  բնակիչ  Y-ի բնակարանում:

Ամբաստանյալ Բաբայանը հավաքույթներում եւ առանձին զրույցների ժամանակ առաջ է քաշել ավանտյուրիստական բնույթի մի շարք մտքեր, ինչպես օրինակ ազգայնական ոգով տոգորված 50.000-անոց ցույց կազմակերպելու, 1000 հոգի զինելու եւ սահմանակից  պետության  նկատմամաբ  պրովոկացիոն  միջադեպ  կազմակերպելու, տեռորիստական ակտ կազմակերպելու նպատակով զենք ձեռք բերելու եւ այլն: Զենք ձեռք բերելու հարցում նա ամբաստանյալ Քիրամիջյանի հետ գործնական քայլերի է դիմել, նախ խմբակի տրամադրության տակ է դրել իր հորը պատկանող գործով առգրավված իրեղեն ապացույց ատրճանակը, ապա որոշել է զենք առնել անդամավճարի փողով, սակայն արդյունքի չի հասել:

Բաբայանը, որ հանդիսանում է նաեւ «Կտակ հայ որդուն» պոեմի հեղինակը, այն տարածել է համախոհների մեջ, իսկ ամբաստանյալ Հովհաննիսյանը այն ուղարկել է արտասահման, որը տպագրվել է «Սփյուռք» շաբաթաթերթում եւ Փարիզում հրատարակվող «Հայկական երիտասարդական դաշնակցական նոր սերունդ»-ի օրգան «Հայաստան» թերթում, ամբաստանյալ Բաբայանի այդ պոեմն ունի սուր հակասովետական ազգայնական բովանդակություն, ինքը` հեղինակը նշում է, որ «պոեմը իմ հայացքների արտահայտությունն  է»:

Բաբայանը  գործնական  աշխատանք  է  ծավալել  անդամավճարների  հավաքման հարցում, նա մի քանի անգամ անդամավճար է ստացել Բ-ից եւ հանձնել Քիրամիջյանին, ամեն անգամ 15-20 ռուբլու սահմաններում:

Բաբայանը մյուս ամբաստանյալներ Քիրամիջյանի, Սաֆարյանի եւ Հովհաննիսյանի հետ միասին ցանկացել են ձեռք բերել դաշնակցական պարտիայի ծրագիրը:

Տես հատոր 3-րդ գթ. 79-83, 84-91, 92-95, 96-101, 102-111, 112-123, 124-129, 130-132, 133-135, 137-140, 141-146, 148-154, 155-160, 161-168, 169-179, 180-191, 192-194, 195-199, 200-204, 207-210, 211-215, 216-219, 220-223, 224-230, 321-234, 241-246 եւ դատական նիստի արձանագրությունը:

Ամբաստանյալ Կարապետ Քիրամիջյանը աշխատանք է ծավալել իր ազգայնական հակասովետական համոզմունքներն ու հայացքները իր համախոհների շրջապատում գաղտնի ագիտացիայի եւ պրոպագանդայի միջոցով տարածելու համար:

Քիրամիջյանը առանձնապես մեծ ակտիվություն է ցուցաբերել մարդկանց հավաքագրելու, նրանց հավատարմությունը ստուգելու հարցում: Այդ նպատակով 1962թ. 1963թ. ընթացքում անձամբ հավաքագրել է որոշ թվով մարդկանց եւ նրանց ներգրավել է կազմակերպված գաղտնի խմբակներում:

Քննությամբ հիմնավորված 30 հավաքույթներում, բացառությամբ 4-5, մնացածներին մասնակցել է, անձամբ կազմակերպել է մի շարք հավաքույթներ, որտեղ ինքը ելույթ է ունեցել ազգայնական հակասովետական բնույթ կրող հարցերի շուրջը:

Հավաքույթ է կազմակերպել նաեւ տաքսի մեքենայի մեջ, որին մասնակցել են վարորդ Գ-ն, Բ-ն, Ե-ն:

Քիրամիջյանը  աշխատանք  է  կատարել  ազգայնական  հակասովետական  բնույթ կրող մի շարք հոդվածներ, այդ թվում նաեւ ամբաստանյալների կողմից գրված, ձեռք բերելու, բազմացնելու եւ դրանք տարածելու գործում:

Այսպես, Սաֆարյանից վերցրել է «Այսօր Վարիայից ստացա» հակասովետական ազգայնական բովանդակությամբ հոդվածը եւ քրոջ միջոցով բազմացրել ու տարածել է գործով վկաներ իրենց համախոհների շրջանում Բ-ին, X-ին, Զ-ին, Է-ին, Ի-ին եւ ուրիշներին:

Ամբաստանյալ Ամիրջանյանից վերցրել է նրա կողմից գրված հոդվածները եւ տարածել, տարածել է նաեւ «Սկաչկոյի հոդվածի» առթիվ գրված հոդվածը, որը բազմացնել է տվել գործով վկա Ց-ի քույր Ր-ի միջոցով:

Քիրամիջյանի  կողմից  ազգայնական-հակասովետական  ագիտացիան  եւ պրոպագանդան  տարվել  է  նաեւ  այսպես  կոչված  «անկախ»  Հայաստան  ստեղծելու  հարցի շուրջը: Քիրամիջյանի անմիջական մասնակցությամբ քննարկվել է կազմակերպության համար զենք ձեռք բերելու, Ա. Կարինյանի դեմ տեռոր կազմակերպելու, տպագրական մեքենա ունենալու, անդամատոմսեր ունենալու, անդամավճար սահմանելու եւ կազմակերպչական բնույթի այլ հարցեր: Զենք ձեռք բերելու հարցով կապվել է մի շարք անձնավորությունների հետ, գործով վկա Չ-ի, Պ-ի, որոնք խոստացել են 4-5 ատրճանակ ձեռք բերել իրենց փամփուշտներով, հատը 50 ռուբլով, սակայն չի հաջողվել զենք ձեռք բերել: Զենքի նպատակների մասին ամբաստանյալ Քիրամիջյանը նշում է, որ «այն պետք է գործադրվեր մեր գործին խոչընդոտողներին ոչնչացնելու, Կարինյանի նման մարդկանց ոչնչացնելու եւ փաստաթղթերի տեղափոխությունը ապահովելու համար»:

Քիրամիջյանի մասնակցությամբ գործնական քայլեր է կիրառվել տպագրական մեքենա ձեռք բերելու համար: Հովհաննիսյանի հետ միասին խնդրել են գործով վկա Տ- ին  տպագրական  մեքենա  պատրաստելու,  բացատրել  են  նրա  չափսերը  եւ  ձեւը: Մասնակցել է ամբաստանյալ Հովհաննիսյանի կողմից հափշտակված 25 կգ. տպատառերը եւ պատրաստված տպագրական մեքենայի մասերը թաքցնելու գործին:

Քիրամիջյանը մյուս ամբաստանյալ Հովհաննիսյանի եւ Բաբայանի հետ միասին գործնական քայլեր են կատարել համակիրների նույնպիսի խմբակներ ստեղծելու ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Վրաստանում:

Էջմիածնում հրավիրված հավաքույթներից մեկում, որին մասնակցել է ամբաստանյալը, կազմվել է խորհուրդ: Խորհրդի կազմում ընտրվել է նաեւ Քիրամիջյանը: Ամբաստանյալը   գաղտնի   խմբակների   գործունեության   համար   նյութական   միջոցներ ստեղծողներից մեկն է հանդիսացել, որը փաստորեն ֆինանսավորել է կատարված գաղտնի աշխատանքները եւ մյուսների հետ միասին տնօրինել հավաքված անդամավճարները:

Տես հատոր 2-րդ գթ. 154-157, 160-161, 162-168, 169-173, 174-178, 179-180, 183-184, 185-186, 187-190, 191-194, 195-198, 199-200, 211-215, 220-223, 224-226, 227-229,  230-232,  233-237,  238-241,  242-245,  246-251,  252-254,  255-257,  258-260, 262-265, 266-268, 269-273, 274-281 եւ դատական նիստի արձանագրությունը:

Ամբաստանյալ Գրիգոր Եղյանը ունենալով ազգայնական հակասովետական հայացքներ, իրեն հայացքները ագիտացիայի եւ պրոպագանդայի միջոցով տարածելու ուղղությամբ կատարել է հետեւյալ աշխատանքները:

Ամբաստանյալ Հովհաննիսյանից ստացել է «Այսօր Վարիայից ստացա» բառերով սկսվող «Ստաչկոյի հոդվածի դեմ գրված եւ «Բատովսկին իրավացի չէ» հոդվածները, որոնք ունեն հակասովետական-ազգայնական բովանդակություն, կարդացել եւ տարածել է համախոհների շրջանում (Լ-ի, Խ-ի, Ծ-ի, Կ-ի): Ինքն անձամբ գրել է 3 հակասովետական բովանդակություն ունեցող հոդվածներ`

1) Մարդկային իրավունքի մասին

2) Յուրաքանչյուր մարդու իրավունքն է

3) Տեսություն մարդկային պատմության մասին:

Այդ հոդվածներում հեղինակը նենգափոխել է սովետական իրականությունը եւ վարկաբեկել սովետական սիստեմը` քաղաքական եւ տնտեսական կյանքի տարբեր բնագավառներում:

Այդ հոդվածներից առաջին երկուսը չեն տարածվել եւ այն ձեռագիր վիճակում հայտնաբերվել է Եղյանի բնակարանում: Իսկ 3-րդ հոդվածը, որ կրում է «Տեսություն մարդկային պատմության մասին» խորագիրը, Հովհաննիսյանի միջոցով տպագրվել եւ այն ընթերցվել ու պրոպագանդվել է ինչպես ամբաստանյալների մի մասի կողմից, այնպես էլ գաղտնի հավաքույթներում հեղինակի կողմից: Հոդվածն ունի հակասովետական-ազգայնական բնույթ, հոդվածում խոսելով պետական սիստեմի մասին, հեղինակը գտնում է, որ իրեն համար նախընտրելի է «անկախ» Հայաստան առանց Սովետական կարգի:

Ամբաստանյալ Եղյանը մասնակցել է մի շարք հավաքույթների, որտեղ խոսել է իր ազգայնական հակասովետական տեսկետների մասին: Մասնավորապես նա մասնակցել է Գյուղինստիտուտի լսարաններում հրավիրված 2 հավաքի, Նորքի եւ Էջմիածնում իր եւ Հովհաննիսյանի տանը հրավիրված մի քանի հավաքույթների:

Նա, ինչպես եւ մյուս ամբաստանյալները, որոշակի մտահոգություն է ցուցաբերել ստեղծված գաղտնի խմբակում նոր մարդկանց հավաքագրելու հարցում, անձամբ հավաքագրել է N-ին:

Ամբաստանյալ Եղյանը Հովհաննիսյանի հետ որոշակի աշխատանք է կատարել արտասահմանի հետ կապ հաստատելու եւ «Այսօր Վարիայից ստացա» ու «Բատովսկին իրավացի չէ» հակասովետական բովանդակությամբ հոդվածները արտասահման ուղարկելու համար: Նա այդ հոդվածները հանձնել է արտասահման մեկնող «Ի-ին եւ Ջ- ին նպատակ ունենալով այն տպագրելու արտասահմանյան ռեակցիոն թերթերում:

Ամբաստանյալ Եղյանի մասնակցությամբ տեղի ունեցած մի շարք հավաքներում քննարկվել են տպարան ստեղծելու, անդամավճարներ սահմանելու, անդամատոմս ունենալու, զենք ձեռք բերելու, տեռորիստական ակտ կատարելու եւ այլ հարցեր:

Այդ հարցերի կապակցությամբ ամբաստանյալը ունեցել է իրեն առանձին կարծիքը: Այսպես, նա բացասական կարծիք է հայտնել տեռորի եւ անդամատոմս ունենալու հարցերում: Տպագրական մեքենա ձեռք բերելու հարցում դեմ լինելով հանդերձ, հետագայում իր բնակարանում է թաքցրել տպագրական մեքենայի պատրաստված մասերը,   տպատառերը,   առանց   որեւէ   առարկություն   անելու,   որը   խոսում   է   նրա անուղղակի  համաձայնության մասին:

Ամբաստանյալ Եղյանը հաստատում է, որ 1963թ. հուլիսին ամբաստանյալ Հովհաննիսյանի տանը հրավիրված հավաքում կազմվել է խորհուրդ, որի կազմում ընտրվել է նաեւ ինքը եւ, որ որպես խորհրդի անդամ ինքը 1963թ. նոյեմբերին Հովհաննիսյանի առաջարկով Նորքում Յ-ի բնակարանում ղեկավարել է հերթական մի հավաքույթ, որտեղ ներկա է եղել 15-20 մարդ:

Եղյանը հաստատում է, որ խորհրդում ծրագիր կազմելու հարցը հանձնարարվել է Սաֆարյանին եւ Ամիրջանյանին, միաժամանակ նշում է, որ հանձնարարվել է խորհրդի անդամներին համախոհների շրջանում պրոպագանդա անելու համար ձեռք բերելու կամ գրելու համապատասխան հոդվածներ եւ նյութեր:

Ամբաստանյալ Եղյանը տարածել է նաեւ արտասահմանյան բուրժուա-ազգայնական գրականություն, «Միջնաբերդ» ամսագիրը տվել է Հովհաննիսյանին կարդալու, որի  միջոցով  էլ  տարածել  է  մյուսների  շրջանում,  այնտեղից  տպագրվել  է  «Ավետիկ» ստորագրությամբ նամակը ուղղված ոմն Արտաշեսի, որը ունի հակասովետական վարկաբեկիչ բովանդակություն, ինչպես նաեւ տարածել է «Սփյուռք» շաբաթաթերթը եւ Կարո Փոլադյանի «Հուշեր» գիրքը, որտեղ գովաբանել է դաշնակցությունը, որը նույնպես տվել է Հովհաննիսյանին կարդալու:

Տես հատոր 4-րդ գթ. 2-9, 10-16, 17-21, 22-26, 27-30, 31-36, 37-43, 46-57, 58-63, 64-68, 69-73, 73-77, 78-82, 83-86, 87-90, 91-93, 94-98, 99-102, 103-106, 107-112, 113-116, 117-119, 120-122, 123-125, 126-129, 130-134, 135-137, 138-142, 143-146, 149-155 եւ դատական նիստի արձանագրությունը:

Սույն գործով ամբաստանյալ Էդուարդ Կակոսյանը գրել է երկու հակասովետական ազգայնական բովանդակությամբ հոդվածներ, մեկը` «Ինչ է ազգերի միաձուլումը եւ ով է ձգտում դրան», մյուսը` «Ողջույն Կիրովաբադի հայ բարեկամներին» վերնագրերով, որոնց մեջ ամբաստանյալ Կակոսյանը նենգափոխել է սովետական իրականությունը եւ թույլ է տվել զրպարտանք ՍՍՌՄ-ում տարվող ազգային քաղաքականության նկատմամբ: Վերը նշված հոդվածները Կակոսյանը բանավոր եւ գրավոր ձեւով պրոպագանդել է իր համախոհների շրջանում, նույն գործով վկաներ Ղ-ի եւ Վ-ի օգնությամբ բազմացրել է 60 օրինակից եւ տարածել, մեկական օրինակ տալով ամբաստանյալ Բաբայանին, Բ- ին Ղ-ին Ճ-ին Մ-ին: Այդ հոդվածները 1963թ. քննարկվել են գործով վկա Մ-ի տանը, ամբաստանյալ Կակոսյանի նախագահությամբ կազմակերպված հավաքում, որտեղ բացի մատնանշված անձանցից մասնակցել են նաեւ ամբաստանյալներ Բաբայանը եւ Հովհաննիսյանը:

Բացի դրանից ամբաստանյալ Կակոսյանը կազմակերպել է նաեւ մի շարք այլ հա- վաքույթներ, այսպես Կիեւյան կամուրջի մոտ, 1963թ. գարնանը իրեն բնակարանում, մասնակցել է նաեւ այլ վայրերում հրավիրված մի քանի հավաքների:

Էջմիածնում առաջին անգամ մասնակցել է Հովհաննիսյանի տանը, որտեղ մասնակցել են 10-15 մարդ, իրեն խմբակի անդամներից հավաքին մասնակցել է միայն Կակոսյանը, խոսվել է կազմակերպություն ստեղծելու, անդամավճարներ հավաքեու, եւ այլ հարցերի շուրջը, հավաքում ելույթ են ունեցել Քիրամիջյանը, Բաբայանը, ինքը եւ եկել են  այն  եզրակացության,  որ  պետք  է  ունենան  ընդհատակյա  կազմակերպություն  եւ սահմանվի անդամավճարներ, երկու գծի մասին (իրեն խմբակի եւ Հովհաննիսյանի խմբակի) հարց չի եղել, այլ միայն խոսել են ընդհանուր գործունեություն ծավալելու մասին, նշում է Կակոսյանը, իսկ այդ նշանակում է, որ ոչ միայն Կակոսյանի խումբը պայքարել է հայոց լեզվի մաքրության համար, կամ մաշտոցյան ընկերություն հիմնելու համար, այլ ամբաստանյալ Կակոսյանը եւ իր համախոհները բաժանել են մյուս խմբի ազգայնական հակասովետական հայացքները:

Կակոսյանը իր կողմից ստեղծված գաղտնի խմբի անունը դրել է «Հայկազուն» եւ որոշել այն գրել նշանաբանի ձեւով հոդվածների վերնագրերում, գաղտնի խմբի անդամների վրա խորհրդավոր տպավորություն թողնելու համար:

Կակոսյանի կողմից կազմակերպված գաղտնի խմբակը բաղկացած է եղել 5 հոգուց, որի կազմում բացի իրենից մտել են նաեւ Ղ-ն, Ո-ն, Մ-ն, Ճ-ն :

Տես հատոր 5-րդ գթ. 200-207, 208-218, 218-230, 231-239, 240-243, 244-253, 254-255-268, 275-281, 282-287, 288-291, 293-294, 295-299 հատոր 6-րդ գթ. 1-7, 8-12, 14-20, 21-22 եւ դատական նիստի արձանագրությունը:

Ամբաստանյալ Մերուժան Հովհաննիսյանը իր մյուս համախոհների հետ միասին կազմակերպել է բազմաթիվ գաղտնի հավաքույթներ, որոնց ինքը ակտիվ մասնակցություն է ունեցել կամ իր ելույթներով կամ իրենց բովանդակությամբ ազգայնական հակասովետական   հոդվածներ   եւ   նյութեր   մատակարարելով:   Գաղտնի   խմբակների կազմակերպած 30 հավաքներից, բացառությամբ 5-6 մնացածին ինքը մասնակցել է:

Ամբաստանյալ Հովհաննիսյանը իրեն ազգայնական եւ հակասովետական հայացքները ագիտացիայի եւ պրոպոգանդայի միջոցով տարածել է իրենց համախոհների շրջանում, ինքը հավաքույթներում կարդացել եւ տարածել է «Այսօր Վարիայից ստացա» Սկաչկոյի հոդվածի դեմ գրված «Մայիսի 28-ը» «Հայկական դատի 85 տարին» եւ ամբաստանյալ Ամիրջանյանի կողմից գրված հոդվածները:

Հովհաննիսյանի  նախաձեռնությամբ  Զվարթնոցում  կազմակերպված  հավաքույթում, որտեղ մասնակցել են շուրջ 20 հոգի, ելույթ է ունեցել ամբաստանյալ Խաչիկ Սաֆարյանը,  իսկ  Նորքում  Յ-ի  տանը  հավաքույթում  մասնակցել  եւ  ելույթ  է  ունեցել խորհրդի անդամ Եղյանը, որին անձամբ, որպես խորհրդի անդամի ներկայացրել է Հովհաննիսյանը, կազմակերպելով ղեկավար անդամի հանդիպումը համախոհների հետ:

Ամբաստանյալ Հովհաննիսյանը լիովին համամիտ է եղել «Այսօր Վարիայից ստացա» բառերով սկսվող հոդվածի բովանդակությանը եւ  ջանքեր չի  խնայել այն  պրոպագանդելու համար:

Հովհաննիսյանի բնակարանում հրավիրված հավաքույթներից մեկում ընտրվել է խորհուրդ, որի կազմում բացի իրենից ընտրվել են նաեւ Գրիգոր Եղյանը, Խաչիկ Սաֆարյանը, Կարապետ Քիրամիջյանը, Խաչիկ Ամիրջանյանը եւ Ն-ն: Հավաքույթում նախատեսվել է կազմակերպության համար ծրագիր մշակել որպիսի պարտականությունը դրվել է Խաչիկ Ամիրջանյանի եւ Խաչիկ Սաֆարյանի վրա:

Այդ հավաքույթում քննարկվել է նաեւ անդամավճար հավաքելու եւ անդամատոմս ունենալու հարցը: Անդամատոմսեր ձեռք բերելու ուղղությամբ կոնկրետ քայլեր է ձեռնարկել Հովհաննիսյանը, նա այդ նպատակի համար Էջմիածնի տպարանից վերցրել է շուրջ 100 թերթիկներ (տոմսերի միջուկների համար), սակայն նրա լիակատար ավարտմանը չի հասել նկատի ունենալով, որ խորհրդի մյուս անդամները դեմ են եղել այդպիսի փաստաթուղթ ստեղծելուն, վախենալով, որ կարող են բռնվել եւ ցանկացել են ունենալ մի քանի հատ տոմսեր միայն պրոպագանդայի նպատակով օգտագործելու:

Ամբաստանյալ Հովհաննիսյանը գաղտնի հավաքույթներում պրոպագանդել է «անկախ» Հայաստան ստեղծելու գաղափարը եւ այդպիսի «անկախ» հանրապետությունը պետք է լինի ըստ նրա առանց Սովետական կարգի: «Ինձ համար նախընտրելի է,- հայտարարեց նա դատական նիստում,- որ Հայաստանում լինեն բուրժուա-ազգայնական (նացիոնալիստական)  կարգեր»:

Ամբաստանյալ Հովհաննիսյանը ամբաստանյալ Բաբայանի հետ միասին «Նաիրի» շաբաթաթերթից օգտվելով կազմել են «Մայիսի 28-ը» խորագիրը կրող ազգայնական հակասովետական հոդվածը, անձամբ ինքը գրել է «Հայկական դատի 85 տարին» հոդվածը, որտեղ մի շարք զրպարտչական հայտարարություններ է թույլ տվել Սովետական  Հայաստանի հասցեին:

Մյուս ամբաստանյալներից Քիրամիջյանի եւ Բաբայանի հետ տպարան ունենալու հարցում համակարծիք լինելով հանդերձ, Հովհաննիսյանը առաջինն է եղել, որ գործնական քայլեր է ձեռնարկել ստեղծվելիք տպարանի համար տառեր եւ տպագրական մեքենայի մասեր ձեռք բերելու գործում:

Մերուժան Հովհաննիսյանը Էջմիածնի բնակիչ Շ-ին հանձնարարել է պատրաստելու երկու հատ գլան տպագրական մեքենայի համար, որին անդամավճարների գումարից վճարել է 20 ռուբլի: Քննությամբ եւ ամբաստանյալի խոստովանությամբ հիմնավորված է, որ նա հափշտակել է շուրջ 25 կգ. տպատառեր, որոնց թաքցնելու աշխատանքներին, սկսած Գեղարդի լեռների թաքստոցից հանելուց մինչեւ Գրիգոր Եղյանի խցում եւ գործով վկա Ս-ի բնակարանում թաքցնելու պահը անձամբ մասնակցել է:

Մինչեւ տպագրական մեքենա ձեռք բերելը, զանազան ճանապարհներով մի շարք գրամեքենաներ են ձեռք բերել, որոնցից մեկը եղել է Հովհաննիսյանի բնակարանում, այդ մեքենայի վրա ինքը անձամբ մեքենագրել է իրեն կողմից գրված «Հայկական դատի 58 տարին» եւ Եղյան Գրիգորի «Տեսություն մարդկային պատմության մասին» հոդվածները: Տեղի ունեցած մի շարք հավաքույթներում խոսվել է զենք ձեռք բերելու մասին, այս հարցով մյուս ամբաստանյալներ Բաբայանի եւ Քիրամիջյանի հետ միասին ակտիվ գործունեություն է ծավալել նաեւ Հովհաննիսյանը, սակայն զենք ձեռք բերել չի հաջողվել:

Ամբաստանյալ Հովհաննիսյանը Քիրամիջյանի հետ միասին առանձնակի մտահոգություն է ցուցաբերել նոր համախոհներ հավաքագրելու գործում, հավաքագրվածներին ժամանակին զգուշացվել է` աշխատանքը գաղտնի եւ զգույշ կատարելու համար: Անձամբ հավաքագրել է մի շարք  անձնավորությունների:

Ամբաստանյալ Հովհաննիսյանը ակտիվ աշխատանք է կատարել անդամավճարներ սահմանելու եւ գանձելու ուղղությամբ, ըստ ամբաստանյալի կարծիքի անդամավճարները անհրաժեշտ են հոդվածներ բազմացնելու եւ տարածելու ծախսերը հոգալու, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում` գաղտնի խմբի անդամների ընտանիքներին օգնելու համար: Նա անձամբ մասնակցություն է ունեցել անդամավճարների հավաքման եւ հավաքված դրամական միջոցները ծախսելու հարցում, այսպես 20 ռուբլի տվել է տպագրական մեքենայի մասեր ձեռք բերելու, 60-70 ռուբլի, որը ըստ մեղադրական եզրակացության վերագրվում է , որ յուրացվել է նրա կողմից, սակայն դատաքննությամբ հիմնավորվեց հակառակը, որ այդպիսին նույնպես ծախսվել է գաղտնի խմբի կարիքների համար: Ամբաստանյալը աշխատել է կապ հաստատել նաեւ արտասահմանի հետ, նա ամբաստանյալ Եղյանի հետ միասին աշխատել է արտասահման ուղարկել «Այսօր Վարիայից ստացա» բառերով սկսվող հակասովետական ազգայնական բովանդակությամբ հոդվածը եւ մի շարք բանաստեղծություններ, մինչ այդ նա ճեմարանի ուսանող  K-ի  միջոցով  արտասահման  է  ուղարկել  նաեւ  գործով  մյուս  ամբաստանյալ Բաբայանի «Կտակ հայ որդուն» պոեմը, որը տպագրվել է «Սփյուռք» շաբաթաթերթում եւ Փարիզի դաշնակցական երիտասարդական «Հայաստան» թերթում, չնայած ամբաստանյալ Հովհաննիսյանը իր պաշտպանական ճառում ժխտեց` պոեմը իր կողմից արտասահման ուղարկված լինելու փաստը, բայց քանի որ նախաքննության ընթացքում նա բազմիցս ցուցմունք է տվել այդ մասին, վերջին բացատրությունը կոլեգիային հավատ չի ներշնչում, ամբաստանյալ Հովհաննիսյանը հանձնարարություն է տվել գործով  վկա  Հ-ին,  արտասահմանում  ձեռք  բերելու  եւ  իրեն  հանձնելու  դաշնակցական պարտիայի ծրագիրը:

Տես հատոր 4-րդ գթ. 222-226, 227-228, 229-232, 233-238, 239-244, 245-250, 250-253, 254-260, 261-264, 267-269, 270-271, 272-277 277-286, 287-291, 292-296, 297-300 հատոր 5-րդ գթ. 1-7, 8-11, 13-18, 19-23, 24-27,30-32, 33-37, 38-40 43-44, 45-46, 47-51, 52-55, 59-60, 67-71, 72-77 78-81, 82-86, 87-89, 90-94, 95-98, 99-102, 103-105 106-108, 109-111, 112-123 եւ դատական նիստի արձանագրությունը:

Այսպիսով ամբաստանյալներ` Խաչատուր Ջումշուղի Ամիրջանյանը, Խաչիկ Էլոյի Սաֆարյանը, Վիգեն Ասատուրի Բաբայանը, Գրիգոր-Հովհաննես Հակոբի Եղյանը, Էդուարդ Վարդանի Կակոսյանը, Կարապետ-Կարո Պողոսի Քիրամիջյանը, ու Մերուժան Արտաշեսի  Հովհաննիսյանը  կատարել  են  հանցանք,  որը  նախատեսված  է  Հայկ.  ՍՍՌ քրեական օրենսգրքի 65 հոդ. 1-ին մասով եւ 67 հոդվածով: Դատական կոլեգիան միաժամանակ հաշվի առավ այն հանգամանքը, որ ամբաստանյալները ինչպես նախաքննությամբ,  այնպես  էլ  դատաքննությամբ  ընդունեցին  եւ  զղջացին  իրենց  կատարած հանցանքը, ուստի ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով Հայկական ՍՍՌ քրեական դատավարության օրենսգրքի 293-294 հոդվածներով 

                                                                    Վ Ճ Ռ Ե Ց 

Էդուարդ Վարդանի Կակոսյանին ճանաչել հանցավոր Հայկական ՍՍՌ քր. օրենսգր- քի 65 հոդ. 1-ին մասով եւ 67 հոդվածով եւ 65 հոդվածի 1-ին մասով նրան ենթարկել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամանակով, ընտրված խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ եւ կալանքի սկիզբը հաշվել 30/12-1963 թվականից: 

Գրիգոր-Հովհաննես Հակոբի Եղյանին եւ Կարապետ-Կարո Պողոսի Քիրամիջյանին հանցավոր ճանաչել Հայկ. ՍՍՌ քր օրենսգրքի 65 հոդվածի 1-ին մասով եւ 67 հոդվածով եւ 65 հոդվածի 1-ին մասով ` նրանցից յուրաքանչյուրին ենթարկել 2-ական տարվա ազատազրկման,  ընտրված  խափանման  միջոց  կալանքը  թողնել  անփոփոխ  եւ կալանքի սկիզբը հաշվել Քիրամիջյան Կարապետի համար 29/12-1963թվականից, իսկ Եղյան Գրիգորի համար 29/12/1963 թվականից: 

Խաչիկ Էլոյի Սաֆարյանին հանցավոր ճանաչել Հայկական ՍՍՌ քեական օրենսգրքի 65 հոդվածի 1-ին մասով եւ 67 հոդվածով եւ 65 հոդվածի 1-ին մասով նրան ենթարկել ազատազրկման 4 (չորս) տարի ժամանակով, խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ եւ կալանքի սկիզբը հաշվել 29/12/-1963թվականից:

Միաժամանակ կոլեգիան զրկեց նրան Սովետական բանակի սպայի կրտսել լեյտենանտ կոչումից: 

Վիգեն Ասատուրի Բաբայանին, Մերուժան Արտաշեսի Հովհաննիսյանին եւ Խաչատուր  Ջումշուղի  Ամիրջանյանին  հանցավոր  ճանաչել  Հայկական  ՍՍՌ  քրեական  օրենսգրքի 65 հոդվածի 1-ին մասով եւ 67 հոդվածով, 65 հոդվածի 1-ին մասով նրանցից յուրաքանչյուրին ենթարկել 5-ական տարվա (հինգ) ազատազրկման:

Խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ եւ կալանքի սկիզբը հաշվել Վիգեն

Բաբայանի համար 29/12-1963թվականից, Մերուժան Հովհաննիսյանի համար 29/12- 1963 թվականից Խաչատուր Ամիրջանյանի համար 22/1-1964 թվականից,  Խաչատուր

Ամիրջանյանին զրկել Սովետական բանակի սպայի կրտսեր լեյտենանտ կոչումից: 

Դատապարտյալներ Էդուարդ Վարդանի Կակոսյանին, Գրիգոր- Հովհաննես Հակոբի Եղյանին, Կարապետ- Կարո Պողոսի Քիրամիջյանին , Խաչիկ էլոյի Սաֆարյանին, Վիգեն Ասատուրի Բաբայանին, Մերուժան Արտաշեսի Հովհաննիսյանին եւ Խաչատուր Ջումշուղի Ամիրջանյանին իրենց նկատմամբ ազատազրկման ձեւով սահմանված պատիժը  Հայկական  ՍՍՌ  Գերագույն  սովետի  նախագահության  1963թ.  օգոստոսի  3-ի հրամանագրի 1-ին հոդվածի համաձայն, պետք է կրեն խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

Գործով իրեղեն ապացույց հանդիսացող տպագրական մեքենաներից երկուսը, որից մեկը նո. 02869 «Մոսկվա» մարրկայի ռուսերեն տառերով, մյուսը` նո. 64333 «Կոնտինենտալ»    մարկայի    հայերեն    տառերով,    որոնք    պատկանում    են    Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտին, վերադարձնել ինստիտուտին: Մեկ «Մերսեդես» մարկայի նո. 68824 մեքենան, որը վերցված է ամբաստանյալ Մերուժան Հովհաննիսյանի մոտից, որը հափշտակված է Ավտոդետալ գործարանից վերադարձնել գործարանին:

Ամբաստանյալ  Վիգեն  Բաբայանին  պատկանյալ  «Մոսկվա»  մարկայի  նո.  20029 գրամեքենան եւ գործով վկա Ո-ին պատկանող նո. 69333 գրամեքենաները բռնագրավել որպես հանցագործության գործիքի:

Էջմիածնի գիտությունների ակադեմիայի տպարանից հափշտակված տառերը եւ տպագրական այլ մասերը վերադարձնել տպարանին:

Գործով իրեղեն ապացույց «Մաուզեր» սիստեմի ատրճանակը իր 17 փամփուշտներով եւ փամփուշտների 2 պահունակներով, որը վերցված է գործով վկա Ձ-ի մոտից հանձնել հասարակական կարգի պահպանության մինիստրությանը:

Մյուս իրեղեն ապացույցները` գրքերը, հոդվածները, ոտանավորները, գրագրությունները, եւ գրավոր մնացած բոլոր փաստաթղթերը, որոնք չեն անցնում գործի նյութերով, ինչպես նաեւ տպագրական մեքենայի պատրաստված բոլոր մասերը հանձնել պետական անվտանգության կոմիտեին ի տնօրինություն:

Դատավճիռը վերջնական է եւ բեկանման կարգով գանգատարկման ենթակա չէ: Հսկողական կարգը բացատրված է դատապարտյալներին: 

Նախագահ` Էդ. Սիմոնյան
Ատենակալներ` Կ. Յանիկյան, Հ. Արիստակեսյան

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter