1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է Կիևի հայկական եկեղեցու հիմնարկեքը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է Կիևի հայկական եկեղեցու հիմնարկեքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 16-ին հայրապետական երկօրյա այցով մեկնեց Ուկրաինայի հայոց թեմ` Դնեպրի Ս. Գրիգոր Լուսավորիչ նորակառույց եկեղեցու օծման առիթով: Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում դիմավորեցին թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը և Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:
Ուկրաինայի քաղաքամայր Կիևում Գարեգին Բ Կաթողիկոսը, ուղեկցությամբ հոգևորականների, այցելեց կառուցվելիք եկեղեցու տարածք, ուր Հայոց Հայրապետին դիմավորեցին «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո: 
Այնուհետև, ձեռամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Ըստ Հայ Եկեղեցու ծիսակարգի, շարականների և սաղմոսների երգեցողության ներքո նախ ջրով, ապա գինով լվացվեցին եկեղեցու հիմքերում զետեղվելիք 16 քարերը Քրիստոսի 12 առաքյալների, Պողոս առաքյալի, երկու ավետարանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով, որից հետո Վեհափառ Հայրապետը և առընթերակա եպիսկոպոսները Ս. Մյուռոնով օծեցին եկեղեցու հիմքերի քարերը, աղոթեցին կառուցվելիք տաճարի անսասանության և օրհնաբեր առաքելության համար: Օծումից հետո քարերը տասնվեց խաչքավորների կողմից զետեղվեցին եկեղեցու հիմքերում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակալից այս իրադարձության կապակցությամբ նաև իր պատգամը բերեց ներկաներին։ 
«Հոգու անհուն բերկրանքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժամանել ենք Ուկրաինա՝ Դնեպրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման առիթով, և ուրախ ենք Մեր այցի շրջանակներում կատարելու նաև Կիևի եկեղեցու հիմնարկեքի արարողությունը և Հայրապետական Մեր օրհնությունը բերելու հավատավոր Մեր զավակներին: 
Ամենքիդ աղոթակցությամբ և մեր եկեղեցականաց հետ միասին կատարեցինք եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որը նոր ավյուն, հույս և խանդավառություն է հաղորդելու ուկրաինահայոց հոգևոր կյանքին: Ս. Նահատակաց մատուռի հարևանությամբ վեր հառնելիք այս տաճարը մեր զավակների ազգային-հոգևոր կյանքի վերազարթոնքի մի նոր կենտրոն պիտի դառնա և ջինջ աղբյուր` քրիստոնեական արժեքներով զորացման: Այն պիտի նաև խոսուն վկայությունը դառնա Ուկրաինայում հայոց պատմական բազմադարյա ներկայության: 
Պատմական աղբյուրների վկայությամբ` տակավին 11-րդ դարից այս երկրամասում հիշատակվում է հայոց եպիսկոպոսական Աթոռի առկայությունը: Տարբեր քաղաքներում կառուցված հայկական աղոթավայրերը խոսուն վկաներն են երկու ժողովուրդների միջև առկա սերտ կապերի: Կիև քաղաքում ևս հիշատակվում է հայկական Ս. Աստվածածին եկեղեցին, որը 17-րդ դարում հրդեհի հետևանքով հիմնովին այրվել է: Եվ այս պատճառով հետագայում հայերին հոգևոր արարողությունների համար հատկացվել է Կիևի Ս. Սոֆիա տաճարի մատուռներից մեկը, ինչի մասին վկայում են տաճարում պահպանված Հայ Եկեղեցու սրբերի որմնանկարները և 22 հայերեն արձանագրությունները:
Սիրելի հայորդիներ, այսօրվա արարողությունը ևս մեկ անգամ բերում է բերկրանքը՝ վերապրելու Ուկրաինայի հայ գաղթօջախի հոգևոր զարթոնքի և ձեռքբերումների փառավոր հիշատակները: Փառք ենք վերառաքում առ Աստված ձեր աշխույժ ազգային-եկեղեցական կյանքի համար: Մխիթարություն է Հայրապետիս համար այսօր ականատեսը դառնալ ձեր հոգևոր արթնությանը, հայրենասեր և եկեղեցանվեր ձեր ոգուն: Ձեր հավատավոր ընթացքի և աստվածահաճո գործոց արգասիքն է նաև եկեղեցու կառուցման այս ձեռնարկումը, որ Աստծո կամոք պիտի վեր խոյանա և իր կամարների ներքո համախմբի հայորդիներին: 
Եկեղեցին կենդանի Մարմինն է Քրիստոսի, մենք` նրա անդամները` միավորված Աստծո անբավ սիրով և գուրգուրանքով: Այստեղից են բխում շնորհն ու օրհնությունը ազգային, համայնքային և ընտանեկան մեր կյանքի: Այստեղ ենք մենք մեր Տիրոջ Մարմնի և Արյան հաղորդությամբ դառնում մեկ, դառնում կենդանի Աստծո եկեղեցի` սյուն և հաստատություն ճշմարտության (հմմտ. Ա Տիմ. 3:15): Դարեր շարունակ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին աշխարհի տարբեր ծագերում Տիրոջ Ս. Խորանի շուրջ համախմբել է իր բարեպաշտ զավակներին` նրանց կյանքը խարսխելով Տերունավանդ արժեքների և պատվիրանների վրա:
Հավատարիմ իր աստվածատուր առաքելությանը` Հայոց Եկեղեցին, ի հեճուկս մեր ժողովրդին և հայրենիքին պատուհասած զանազան փորձությունների, արհավիրքների և զրկանքների, ամենայն ջանադրությամբ համախումբ է պահել մեր ժողովրդին Ս. Գրիգոր Լուսավորչի` առկայծող հույսի ու հավատի մշտավառ կանթեղի շուրջ: Մեր Եկեղեցին դարձել է պատսպարանն ու պաշտպանը ազգային սրբազան ժառանգության և երաշխավորը հայի ինքնության անխաթար պահպանության՝ մշտարթուն պահելով անկախ պետականության վերականգնման, հանուր ազգային կյանքի պայծառության տեսլականը: Ուր էլ որ հայտնվել է հայը, կողք կողքի վեր են հառնել հայկական եկեղեցին և հայ դպրոցը` մեր ժողովրդին ջամբելով Աստծո և ազգի նկատմամբ սերը, հայրենիքի և Մայր Եկեղեցու նկատմամբ անսակարկելի նվիրումը: Հավատքն ու դպրությունն են դարեր ի վեր եղել և այսօր էլ կան հայ ազգի հարատևության գրավականները` անկախ հայրենիքի իրողությամբ զորացյալ:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս մտորումներով Մեր հորդորն ենք բերում ամենքիդ` նախանձախնդրությամբ և աստվածահաճո ընթացքներով առաջնորդել ձեր կյանքը` հավատարմությամբ պահպանելով նախնյաց ավանդները և կյանքի կոչելով ձեր նվիրական իղձերն ու երազանքները: Զորավիգ եղեք հայ դպրոցին և Հայոց Եկեղեցուն` բանուկ պահելով այդ ճանապարհը, որպեսզի անվրդով և համերաշխ, շեն ու պայծառ լինի համայնքային ձեր կյանքը` դառնալով աղբյուր օրհնության գալիք սերունդների համար: Որպես Ուկրաինայի ազնիվ, գնահատված քաղաքացիներ՝ Ձեր ներդրումը շարունակեք բերել Ուկրաինայի կյանքի բարեշինությանը, որը դժվարին օրեր է ապրում ներկայիս: Մեր աղոթքն է, որ Ողորմած Աստված երկնային խաղաղության շնորհը հեղի Ուկրաինայի աստվածասեր ժողովրդի կյանքին և պարգևի նորանոր ձեռքբերումներ պայծառ ու առաջընթաց կյանքի կերտման ճանապարհին», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 
Նորին Սրբությունը հայրական իր օրհնությունը բերեց Ուկրաինայի հայոց թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանին, ինչպես նաև թեմի հոգևորականաց` իրենց նվիրյալ և անձնդիր ծառայության համար: Հայրապետն աղոթքով հիշեց նախորդ առաջնորդ լուսահոգի Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանին, ով այս եկեղեցաշեն նախաձեռնության ակունքներում էր կանգնած։
Գարեգին Բ Կաթողիկոսը նաև գոհունակությամբ անդրադարձավ հայ համայնքի հանդեպ երկրի իշխանությունների հոգատար վերաբերմունքին, որի արտահայտությունն է քաղաքի կողմից եկեղեցու կառուցման համար կատարված հողահատկացումը:
Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու բարեմաղթանքները փոխանցեց նաև եկեղեցու բարերար տիար Վիլեն Շատվորյանին` հույս հայտնելով, որ նրա ազնիվ մղումը բարի օրինակ կդառնա ուկրաինաբնակ բազում այլ հայորդիների համար իրենց ներդրումն ունենալու աստվածահաճո և սրբազան այս գործում: Ի գնահատություն ազգօգուտ և եկեղեցանվեր գործունեության՝ Նորին Սրբությունը պրն․ Շատվորյանին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Բարձրյալն Աստված Իր հոգածու և ամենախնամ Ս. Աջի հովանու ներքո խաղաղության և բարօրության մեջ պահի ու պահպանի Ուկրաինայի հայ համայնքը, ազգային-կրթական հաստատությունները և Առաքելական մեր Ս. Եկեղեցին: 
Այնուհետև, հայրական իր օրհնությունը բաշխելով ներկա բարեպաշտ ժողովրդին, Նորին Սրբությունն այցելեց Սրբոց Նահատակաց մատուռ, ծանոթացավ կատարված աշխատանքներին:
Նույն օրը Նորին Սրբությունը նաև Հայրապետական իր օրհնությունը բերեց Ուկրաինայի հայերի միության տարեկան առաջին կոնֆերանսի մասնակիցներին: Ողջունելով միության գործունեությունը` Վեհափառ Հայրապետը կարևորեց միության նախագահի և տարածքային մարմինների ջանքերով համայնքներում ազգային կյանքի կազմակերպմանն ու հայապահպանությանն ուղղված ծրագրերը: «Սփյուռքաբնակ մեր զավակների կյանքում մեծագույն մարտահրավերն այսօր ազգային ինքնության, մայրենի լեզվի և ազգային արժեքների անխաթար պահպանությունն է՝ գրավականը մեր ազգի հարատևության: Սեփական արմատների ճանաչողությունն է երաշխիքը իրական շեն ու բարօր աշխարհասփյուռ հայոց կյանքի: Հայրենիքի և նախնյաց ավանդների նկատմամբ սերն ու հավատարմությունը ճանապարհն են դարերով փայփայած մեր ազգային նվիրական իղձերի իրականացման: 
Այս վսեմ ազգապահպան առաքելությանն են կոչված մեր ժողովրդի կյանքում ձևավորված համայնքային կառույցները, գործող կրթական հաստատություններն ու միությունները», - նշեց Վեհափառ Հայրապետը։ Հայոց Հովվապետը գոհունակություն հայտնեց նաև Ուկրաինայի հայոց թեմի և միության միջև ձևավորված սերտ գործակցության առիթով, որ շարունակ արգասավորվում է ազգօգուտ ձեռնարկներով և եկեղեցանվեր իրագործումներով։ 
Բարի ընթացք մաղթելով կոնֆերանսի աշխատանքներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ այն խթան կհանդիսանա ազգօգուտ և եկեղեցաշեն նոր ծրագրերի և իրագործումների համար՝ առավել ամրապնդելով միասնություն, սերը և ազգային ոգին հայոց կյանքում: 
Վերջում Ուկրաինայի հայերի միության նախագահը Նորին Սրբությանը հանձնեց միության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանը։
Մարտի 16-ի երեկոյան Վեհափառ Հայրապետն իր շքախմբով մեկնեց Դնեպր։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]