Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՍԴ-ի շուրջ ճգնաժամն ավարտվել է,սակայն սա չի նշանակում, թե ձևավորվել է իդեալական դատարան. Փաշինյան

ՍԴ-ի շուրջ ճգնաժամն ավարտվել է,սակայն սա չի նշանակում, թե ձևավորվել է 
իդեալական դատարան. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի երեք դատավորների ընտրությամբ  շատ կարևոր բան է տեղի ունեցել, ավարտվել է ՍԴ-ի շուրջ ճգնաժամը, սակայն սա չի նշանակում, թե ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

Պատգամավորը նշեց, թե հանրության մոտ հարց է ծագում Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հետ կապված, հետաքրքրվեց, թե  կառավարությունն Էդգար Շաթիրյանին ինչ սկզբունքներով է ընտրել որպես թեկնածու:

Վարչպետը նախ ասաց, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության գործընթացքում կային մարդիկ և շրջանակներ, ովքեր անընդհատ ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին և փորձում էին իրավիճակը համեմատել հեղափոխության աժեքների հետ: «Եվ այնպիսի տպավորություն էր, որ հեղափոխությունը ղեկավարած քաղաքական թիմը ընդհանրապես գաղափար չունի հեղափոխության արժեքների մասին, և մարդիկ, ովքեր հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մի շաբաթ հետո, իրենք դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ: Այդպե՞ս է արդյոք. ես ուզում եմ ասել, որ ոչ, այպես չէ, որովհետև ամեն իրավիճակում կան խմբեր, ուժեր՝ քաղաքական և ոչ քաղաքական,ովքեր ուզում են իրենց օրակարգը, իրենց շահերը, իրենց մարդկանց, իրենց թեկնածուներին, կամակատարներին հանրության անունից որոշակի տեղերում տեղավորել: Եվ ես կարծում եմ, որ ԱԺ-ում շատ կարևոր բան է տեղի ունեցել, Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, փակվել է: Առնվազն այսքանով պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել շատ կարևոր մի բան»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը շեշտեց, որ սա չի նշանակում, թե ձևավորվել է իդեալական ՍԴ: Կառավարությունն էլ թեկնածուի որոշումը կայացրել է իր լիազորությունների շրջանակներում, քննարկումներ են անցկացվել՝ այդ թվում խորհդարանական խմբակցության կարծիքները հաշվի առնելով:

ՀՀ ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]