Ուր արժե գնալ Թանգարանների գիշերը. PAN-ի խորհուրդները

Ուր արժե գնալ Թանգարանների գիշերը. PAN-ի խորհուրդները

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Հայաստանի և Արցախի 100-ից ավելի թանգարան կմիանա Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառմանը․ ժամը 11:00-ից 24:00-ը թանգարանների դռներն անվճար բաց կլինեն այցելուների համար։

PanARMENIAN.Net —ը ներկայացնում է, թե ինչ ցուցադրությունների և միջոցառումների կարելի է մասնակցել։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նախատեսվում է «Սուրբ Էջմիածինը՝ Կոմիտաս Վարդապետի հոգևոր ծննդավայր» խորագրով զրույց-հանդիպում Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ:

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում կանցկացվի «Երաժշտությունը ավանդույթի ու ժամանակի մեջ» խորագրով բացօթյա համերգային ծրագիրը, որին մասնակցելու են Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի երգչախումբը, Ազգային նվագարանների համույթը և Ջազ նվագախումբը: Նվագախմբերն ու երգչախումբը հարուստ երկացանկով կզարդարեն թանգարանային գիշերի մասնակիցների մի քանի ժամը։

Անցկացվելու է «Տեսանելի հնչյուն» ծրագիրը, որում համադրվելու են երաժշտությունն ու նկարչությունը: Կոմիտասի գործերը կատարելու են սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը, դաշնակահար Մարինա Վարդանյանը, նկարիչ Ռուբեն Սուվարին: Համերգի ընթացքում նկարիչ Ռուբեն Սուվարին ստեղծելու է հնչյունապատկեր: Համերգի ավարտին տեղի կունենա այդ ստեղծագործության ցուցադրությունը:

Rambalkoshe-ն նույնպես միանում է Թանգարանների գիշերվան ու առաջին անգամ առանց գրանցվելու ու հրավիրատոմսի բացում իր դռները: Միջացառման հեղինակներն առաջին անգամ պատմելու են homard նախագծի մասին՝ ինչպես ստացվեց, որ ձայնը, պատկերն ու տեքստը միաձուլվեցին մեկ սենյակում:

Միջոցառումը սկսվելու է ժամը 18:00-ից և փակվելու 23:00-ին: Ցանկալի է գալ սեփական ականջակալներով։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այցելուները հնարավորություն կունենան լուսանկարվել «Խաթաբալա» ֆիլմի մեծադիր լուսանկարի ֆոնին, ապա անվճար ներբեռնել ARize մոբայլ հավելվածը և հայտնվել վերոնշյալ ֆիլմի դրվագներից մեկում:

Թանգարանում բացվելու է երաժշտագետ Սաշա Օգանիզաշվիլու 130-ամյակին նվիրված ցուցադրությունը: Ներկայացվելու են Օգանիզաշվիլու երաժշտական գործունեությանը նվիրված արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր և ազգային նվագարաններ: Փոքրիկ այցելուները կարող են դիտել Հովհաննես Թումանյանի հեքիաթների ինտերակտիվ բեմականացումը՝ դառնալով ներկայացման ակտիվ մասնակիցները: Կանցկացվի նաև «Կիթառս ու ես» համերգ-ֆլեշմոբը:

Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացնելու է «Արվեստագետի մտերիմը» խորագրով դասախոսություն՝ նվիրված Արփենիկ Նալբանդյանին, Արմինե Կալենցին, Դիաննա Ուկլեբային և այն կանանց ովքեր նեցուկ են եղել իրենց արվեստագետ ամուսիններին և միասին անցել ստեղծագործողի դժվարին ուղին:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում նախատեսված է ցուցահանդես՝ «Գյուղական լանդշաֆտի ժառանգությունը հայկական մշակույթի համատեքստում», «Կավագործության ավանդույթները». վարպետաց դասը, նետաձգության ավանդույթների ցուցադրական ելույթներ Էրեբունի միջնաբերդի շուրջ, «Արի՛ պեղենք միասին». պեղումներ «Պատանի հնագետ» դպրոցի սաների և այլ դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ։

Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի Մինասի «Ամառը Ջաջուռում» և ևս 12 հայտնի գեղանկարչի գործերի ցուցահանդեսը: Կբացվի կանադահայ լուսանկարչուհի Մարինա Անախաթունյանի «Երկու քաղաք.վերաիմաստավորում» խորագրով ցուցահանդեսը:

Միջոցառումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից 1977 թվականին՝ նպատակ ունենալով համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

Շարունակելով իրենց հիմնական առաքելությունը՝ այն է հավաքչություն, պահպանություն, կրթություն, հետազոտություն, ցուցադրություն, հաղորդակցում, թանգարաններն այսօր վերափոխվում են որպես ակտիվ մշակութային հանգույցներ՝ դառնալով ավելի համայնքակենտրոն և ճկուն՝ արձագանքելով հասարակության լայն խմբերի հետաքրքրություններին, գլոբալ տնտեսաքաղաքական մարտահրավերներին և սոցիալական խնդիրներին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---