1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ներկայացում, շնորհանդես, ցուցահանդես. Թումանյանի ծննդավայրը շուքով է նշելու Ամենայն Հայոց բանաստեղծի հոբելյանը

 Ներկայացում, շնորհանդես, ցուցահանդես. Թումանյանի ծննդավայրը շուքով է 
նշելու Ամենայն Հայոց բանաստեղծի հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի առիթով ծննդավայր Դսեղում կթևածի թումանյանական ոգին. մշակութային նախաձեռնություններ կիրականացվեն ոչ միայն գրողի ծննդյան օրը` փետրվարի 19-ին, այլև ամբողջ տարվա ընթացքում: Սպասվող իրադարձությունների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանի հետ:

«Թումանյանի ծննդյան օրն առավոտյան այցելելու ենք Դսեղի կենտրոնում գտնվող նրա հուշարձանին` ծաղիկներ խոնարհելու: Այնուհետև հյուրերի հետ գնալու ենք եկեղեցի մոմավառության, իսկ հետո կայցելենք տուն-թանգարան, որտեղ ներկաները  հնարավորություն կունենան դիտելու «Շունն ու կատուն» ներկայացումը: Դա յուրօրինակ մտահղացումներով իրականացված բեմադրություն է»,-ասաց Ղազումյանը:

Անդրադառնալով տարվա ընթացքում նախատեսված միջոցառումներին` նա նշեց, որ  ամռանը տուն-թանգարանում տեղի կունենա գերմանաբնակ թարգմանչուհի Ագապի Մկրտչյանի գրքի շնորհանդեսը: Մկրտչյանը հայերենից գերմաներեն է թարգմանել Թումանյանի հեքիաթները: «Արդեն երկու տարի է համագործակցում ենք նրա հետ: Դսեղի դպրոցում աշակերտները գերմաներեն են անցնում, ուստի շնորհանդեսին կներկայացվի գրքում ներառված «Ծիտը» ստեղծագործության բեմադրությունը, և երեխաներն այն գերմաներենով կխաղան: Գրքում ընդգրկված հեքիաթների թեմաներով դպրոցի սաները նկարազարդումներ են իրականացրել: Հնարավոր է` դրանցից լավագույնները զետեղվեն գրքում»,-պատմեց Ղազումյանը և հավելեց, որ նախատեսում են նաև ցուցահանդեսներ կազմակերպել:

Տուն-թանգարանի տնօրենը շեշտեց, որ ամռանն ու աշնանը «Ընտանեկան փոխհարաբերությունները. դաստիարակությունը Թումանյանի ընտանիքի օրինակով» խորագրով կրթական ծրագիր կանցկացնեն:

«Կարևորում եմ նաև «Թումանյանական վայրերում» վերտառությամբ նախաձեռնությունը, որի  շրջանակում այցելուները տուն-թանգարանում շրջելուց, Թումանյանի մասին հարուստ տեղեկություններ ստանալուց բացի, ժամանակ են անցկացնում այն վայրերում, որտեղ սիրում էր լինել Թումանյանը: Այս տարվա սեպտեմբերին Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը տեղի կունենա Դսեղում: Մասնակիցներ կլինեն Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից: Նախատեսում ենք Թումանյանների ընտանիքի ժառանգների այցը Դսեղ: Նա երկու թոռնուհի ունի, որոնցից մեկն ապրում է Սանկտ Պետերբուրգում, իսկ մյուսը այս պահին Գերմանիայում է»,-ընդգծեց Ղազումյանը:

Խոսելով Թումանյանի տուն-թանգարանում իրականացված բարեփոխումների մասին` Ռոզա Ղազումյանն ասաց, որ փոխել են շենքի լուսավորությունը, նախատեսում են նոր ցուցադրություն իրականացնել, ավելացնել լուսանկարները, հարստացնել ներկայացված նյութը:

Նա խոստովանեց, որ այն խնդիրները, որոնք իրենց անհանգստացնում էին, հիմնականում լուծվել են: «Ինչպես նախատեսված էր, մինչ հոբելյանը բակում կլինի գրքերի և հուշանվերների վաճառքի կետ»,-եզրափակեց Ղազումյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]