HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարերը հավաքելու և դրանցով վերջնականապես բոլշևիկյան Հիդրայի գլուխը ջախջախելու ճի՛շտ ժամանակը

Վերջերս Լեռ Կամսարի նոր հրատարակվելիք գրքի համար գրախոսական փնտրելիս, նրա արխիվում դեմ ընկա հետևյալ դիմում-նամակին, որն ինձ ուրախացրեց, որ դեռ խորհրդային ժամանակ նրա անտիպ ձեռագրերի ճակատագրով հետաքրքրվողներ են եղել։

Ներկայացնում եմ հատվածաբար․

«Այնուամենայնիվ Լեռ Կամսարը չպիտի մոռացվի հենց հիմա։ Ժամանակն է, որ մեր գրական հասարակայնությունը զբաղվի՛, օրվա հարց դարձնի նրա վերագնահատման, վերարժեքավորման և նրա հանդեպ ցույց տված վերաբերմունքի մեծ սխալի ուղղման կարևոր խնդիրը։

Հարկավոր է հրապարակային գրական դատ կազմակերպել։ Զեկուցողը հասարակությանը թող ծանոթացնի Լեռ Կամսարի բոլոր անտիպ (չթույլատրված, արգելված) ստեղծագործությունների հետ, որպեսզի ընթերցողները լսեն և իմանան, թե ինչ գոհարներ են թաքցրել իրենցից Լեռ Կամսարի վրիժառու, քինախնդիր և կամ նախանձոտ հակառակորդները, գոհարներ, որոնք խոր կսկիծով այժմ իրենց մոտ պահելու են դատապարտված մեծ երգիծաբանի ժառանգները, որ չկորչեն, որ «մնան պատմության համար»՝ ինչպես բազմիցս նշում է իր զանազան զայրույթների ու նամակների մեջ Լեռ Կամսարը։

Ա՜խ, այդ նամակնե՜րը, նամակնե՜րը, որոնց թիվը մեկ չէ, տասը չէ, և այնչա՛փ հանդուգն, այնքա՜ն սրտաբաց ու պարզ, ուղղված ո՛չ թե սովորական ընկերներին, մտերիմներին՝ իր սև օրն ու բախտը լալու, իր սիրտը թեթևացնող գանգատներ թափելու համար, այլ կառավարության պետերին, իշխանության տերերին՝ միայն ճշմարտությունն ասելու, ցավոտ իրականությունը ցույց տալու և սրտացավորեն նրանց ուշադրությունը հրավիրելու համար։

Այդ անտիպ երկերը և նամակները հենց ինքնին մի-մի մեղադրականներ են ա՛յն մարդկանց հասցեին, որոնք դեռ այսօր էլ ճգնում են թույլ չտալ երգիծաբանի անվան երևալը, «ուզում են» նրա նշտրակը թաղել այնքա՛ն խոր, մինչև ժանգոտի ու մոռացվի։

Ժամանա՛կն է, որ «իր արժանի տեղը գրավի» մեր ժամանակակից երգիծանքի անուրանալի պարծանքը՝ Լեռ Կամսարը, ամբողջացնելու համար հայ գրական երկնակամարի վրա փայլող նրա զույգ նախորդների՝ Պարոնյանի և Օտյանի հազվագյուտ ու շքեղ աստղախումբը։

16․12․1974թ․ Արսեն Հացագործյան

Երևան 9, Լենինի պող․ 37, 5-րդ մուտք, 3-րդ հարկ, բն․5, հեռ․56-19-63

 

Այսքան մանրակրկիտ հասցեն դիտավորյալ եմ թողել, որ ապրող իր ժառանգներն ու հարևանները գեթ հիմա իմանան վաստակավոր ուսուցիչ և մտավորական Արսեն Հացագործյանի արաքը։

Խոնարհումս նրան։

Կամսարի նշտրակը թաղելն, իհարկե, հնարավոր չէր՝ քանզի շատ էր հատու և սուր։ Սևակի էն ասածը հիշո՞ւմ եք՝ «Իսկ թե ասեղ է նա՝ կթաքցընե՞ս․

Եթե ասեղ է նա՝ աչք է ծակում...»։ Օրից մի օր մի տեղից ծակելու՝ դուրս էր ժայթքելու․․․

Բայց, ցավոք, նամակում հիշատակված «հրապարակային գրական դատին» կարոտ մնացինք։ Այդպես էլ չիմացանք՝ ովքեր էին արգելափակել  երգիծաբանին նույնիսկ ստալինյան բռնաճնշումներից հետո։

Այս տարի նշվելու է  ստալինյան եղերնագործության 80-րդ տարելիցը։ Ի՞նչ սպասենք։ Մեր պատմության ամոթալի շրջանի արդար գնահատո՞ւմ։ Պետական դիրքորոշո՞ւմ կատարվածին։ Ափսոսա՞նք։ Զոհվածների ոգեկոչո՞ւմ։ Աղավա՞նք։ Եղեռնի հուշարձանի նման ևս մի հուշակոթող, որ էլի շարվեշարան, գլխիկոր գնանք ողբալու պատմական ամոթա՞նքը։

Կոնկրետ ինձ, որպես բռնադատվածի ժառանգի՝ դա ոչին չի տա։ Ուզում եմ, հասկանո՞ւմ եք, փափագում եմ անուն առ անուն  ճանաչել մեղավորներին։ Հոգնեցի լսելով՝ «ժամանակի պետական կործանիչ մեքենայի» մասին։ Ինձ այդ մեքենայի ղեկին նստածներն են հետաքրքրում, որ ամենուր էին վխտում և իրենց սև գործն անում։

Ե՞րբ է լինելու այդ դժնդակ տարիների բացահայտումն ու իրազեկումը։ Ինչո՞ւ չեն բացվում ՊԱԿ-ի բոլոր արխիվները։ Ինչո՞ւ չենք ճանաչում ամեն հիմնարկի «հատուկ բաժիններում» դեռ մինչև վերջերս նստած հաստիքավոր լրտուներին, որոնց ժողովուրդը «ԿԳԲ-ի ագենտներ» էր կոչում։ Հետո ի՜նչ, որ դրանց մեջ կլինեն նաև հնչեղ և ազգին սիրելի ու պաշտելի անուններ։ Իրական պատմությունն այն է՝ ինչ եղել է, և ոչ թե ինչ կուզենայինք, որ լիներ․․․

Կարմիր տեռորի զոհերի ժառանգները լյուստրացիա են պահանջում, աներկբա՝ լյուստրացիա։ Բա ի՜նչ․․․

Այո, դա՛տ և դատաստա՛ն, անվանարկո՛ւմ, լուտա՛նք, պատվազրկո՛ւմ՝ հականե-հանվանե։ Ճանաչենք մեր դավաճաններին և անարգանքի սյունին գամենք։ Փողոցների ու դպրոցների վրայից քերենք հանենք այդ չարագործների անունները։ Ասենք ամո՛թ, հազա՛ր ամոթ ստորաքարշներին, որ երգեցին, կերտեցին Լենին և Ստալին չարագործներին։

Իրավցնե կասեք՝ բայց դա էլ  առանձնապես քեզ չի ամոքի։

Այո՛, շատ չի մխիթարի, բայց ապրողները, հետո եկողներն արդեն դաս կառնեն և կսրբագրեն իրենց ապրելակերպը, կվախենան սպանել, չարիք գործել, մատնել, զրպարտել, ոճրագործին փառաբանել՝ վախենալով արժանանալ Հերոստրատի անփառունակ ճակատագրին և սերունդների լուտանքին․․․

Թե չէ սաստիկ անարդար է՝ զոհերը հավերժ կորան, իսկ մեղավորները փառավորվեցին։

Իրավունք ունի Կամսարն, երբ բողոքում է․ «Երկիրն է ապականված, եղբա՜յր, ողջ երկիրը։ Որ կողմը նայում ես՝ մի զայրացուցիչ տեսարան։

Այսօրվա պատի օրացույցում նկարված է շունշանորդիին մեկը և տակը գրված.

«Սերգեյ Լազո, քաղաքացիական պատերազմի հերոս, ծնված (ոչ բարով) 1986 թվին, զոհված 1920 թվին»։

Քաղաքացիական պատերազմում զոհվա՞ծն էլ հերոս կարող է դառնալ։ Այն մարդը, որ սպանում է իր ընկերոջը, իր բարեկամին, իր հորն ու որդուն միմիայն նրա համար, որ ասում են՝ ժողովուրդը փոխանակ խառն ապրելու, ամեն մարդ իր համար թող ապրի։

Տարբեր համոզմունքի հողի վրա ոչ թե «զոհվում են» այլ սատկում են։ Ծո, սրիկա՛, դու այս ես ուզում, ես այն, չի՞ լինի, արդյոք, որ ես իմ ուզած ձևով ապրեմ, դու՝ քո։ Ես ծնված եմ մորիցս մենակ, մեռնում եմ մենակ (թեև սաստիկ կուզեի քեզ էլ հետս տանել) և կամենում եմ ապրել մենակ։ Ի՞նչ քո գործն է, ինչո՞ւ ես սպանում ինձ։ Սպանում ես, ու  փոխանակ դավաճան կոչվելու՝ հերո՞ս ես կոչվում»։ («Սոցիալիզմի Սահարա», 2009)

Հետո, մի բան էլ ասեմ՝ այդ 80-րդ տարելիցի թվաբանությունն էլ անհասկանալի է։ Ինչո՞ւ հաշված 37 թվականից։ Կոնկրետ ինձ համար այն սկսվում է 1935թ․-ից, երբ Կամսարին բանտարկեցին։ Կամ թերևս, 31-ի աշնանը, երբ գրչակից եղբայրները գրողին դրեցին զոհասեղանին։

Ո՛չ, ո՛չ, դա էլ ուշացած կլինի՝ պետք է հաշվել հենց էն պահից, երբ հայ բոլշևիկների առաջնորդությամբ 11-րդ Կարմի բանակը  1920 թվականին Դիլիջանի վրայով կացիններով Հայաստան արշավեց հայ ժողովրդի արյունը խմելու համար։

Այդ օրերի մասին Ճիվաղ Աթարբեկյանի բերանով այսպես է գուժում Լեռ Կամսարը։

 

«Ես, Աթարբեկյանս  (կամ Ավիսս), հեղկոմ բոլոր հեղկոմներու, ես սոցիալիստս, ես կոմունիստս, Չիբուխլուի վրայով Ելենովկա արշավեցի, հավաքեցի բոլոր տաճկահայ գաղթականներուն, մի մարագ ածեցի ու կացինով կոտորեցի, 73 հոգի ձեռները ետև կապած ծովի ափ շարեցի, գնդակահարեցի ու ծովը նետեցի։ Երևանի բանտի նկուղը 17 կանգուն փորեցի, 120 հոգի սպանեցի ու ձկան նման իրար վրա շարելով հողով ծածկեցի։ Երկրի բոլոր պարենը հավաքելով մնացյալներուն սովի մատնեցի ու քաղաքի ոսկին կողոպտելով փառավորվեցի, ե՜ս Աթարբեկյանս (կամ Ավիսս), ես հզո՜րս, ես արդարադատս, որդի Լենինի, որդի Բուխարինի, որդի Ստալինի․․․» («Մահապուրծ օրագիր», 2008)։

Ավիսներն ու նման տականքները թուրքերի պես նախ գլխատեցին հայ ժողովրդին, խոշտանգելով սպանելով վերջինիս ծոցիծ դուրս եկած բոլոր հերոսներին, մտավորականներին, ձեռներեցներին ու մտածող մարդկանց, որ հեշտ լինի ժողովրդի մեջքը ջարդելը և իշխանության գալը։

Ցավոք հաջողեցին և 70 տարի հետ գցեցին աշխարհի մեկ վեցերորդ մասի բնականոն զարգացումը․․․

Հիմա ժամանակն է, լսո՞ւմ ես, Հայ Ազգ, վերջապես շտկիր մեջքդ, արժանավորեն առերեսվիր մեղկ պատմությանդ, ջնջիր խարանը վրայիցդ և մաքուր ու անապակ էջից սկսիր՝ ջնջելով սրիկաների հշիատակը․․․

Թե չէ ինչի՞ է նման ․․․

 Վանուհի Թովմասյան

 

Նվիրվում է Կարմիր տեռորի նահատակների հիշատակին

                                                                                          Լեռ Կամսար

1920 թվականին Հայաստանը ընկավ երկու ամենաոխերիմ թշնամիների արանքը. մեկ կողմ թուրքն էր կանգնած իր մերկացած սրով, մյուս կողմը հայ բոլշևիկը՝ կացինը ուսին դրած: Ո՞ւմ անձնատուր լինել. թուրքի՞ն, թե՞ հային: Այն հայերը, որոնք սրի սիրահար էին, խողխողվել կուզեին՝ թուրքին հանձնվել նախընտրեցին, իսկ նրանք, որ կացնով իրենց գլուխները երկու մասի բաժանել կուզեին՝ բոլշևիկներին նախամեծար համարեցին և վերջում բոլշևիկներին էլ հանձնվեցին և հանձնեցին իրենց երկիրը՝ նրանց գթասրտությանը ապավինելով:

Եկավ բոլշևիկը: Ամենքը ակնապիշ սպասում էին, թե ինչպե՞ս հայը հային պիտի կոտորի: Որովհետև հայոց պատմության մեջ հույն, թուրք, արաբ, պարսիկ կոտորել էին հայերին, բայց հայը հային առաջին անգամ պիտի կոտորեր և դա չէր կարող հետաքրքիր չլինել հայի համար, իհարկե:

Բոլշևիկը Հայաստան մտավ սադայելյան ժպիտը երեսին: Սաստիկ սոված էր, որովհետև կոմունիստական Ռուսաստանից էր գալիս: Մի գիշերվա մեջ հավաքեց ժողովրդի բոլոր մթերքը՝ յուղ, միս, ալյուր, շաքար, չոր միրգ, աղ, պղպեղ, վերջապես՝ ամեն ինչ: Կերավ կշտացավ, բեղերը մաքրեց, կացնի սրությունը փորձեց ու վեր կացավ երկրում «սոցիալիզմ կառուցելու»:

Նախևառաջ հավաքեց ու բանտերը լցրեց Հայաստանի բոլոր խելացի, բոլոր ազնիվ, ժողովրդի մեջ հարգանք վայելող բոլոր մարդկանց: Բայց որովհետև Հայաստանի բանտերը քիչ հանցավորների համար էին կառուցված, հետևաբար չէին կարող իրենց մեջ տեղավորել մի ամբողջ ժողովուրդ, այդ պատճառով հրամայվեց հավաքված «հանցավորներին» մի կողմից կոտորել, որ տեղ բացվի նորերին:

Ու կոտորվում, սելյոդկա ձկան նման շարվում էին բանտի ներքնահարկերում փորված անդնդախոր գերեզմանում:

Հետագայում, բոլշևիկների հեռանալուց հետո ես անձամբ տեսա: Հարյուրավոր ընտիր հայեր ձեռներն ետևը կապված, գլուխները մեջտեղից կիսած, դարսված էին իրար վրա, արյան ճապաղիքի մեջ...

Ինչպես գեշ տիրուհիներն իրենց տգեղ սպասուհիներ են վարձում նրանց մոտ գեղեցիկ երևալու համար, բոլշևիկներն էլ վերջ էին տալիս բոլոր խելոք մարդկանց, որպեսզի իրենց հիմարությունը աչքի չզարնվի:

Լա՜վ, բայց եթե կոտորածն այս նպատակով ընթանար, նշանակում է ոչ մի մարդ չէ՞ր մնալու ողջ երկրում, քանի որ ինչքան էլ ժողովուրդը հիմարանար, դարձյալ հայ բոլշևիկներից խելոք պիտի մնար: Ուրեմն, ի զեն գոչեցին ողջ մնացած հայերը և ջարդ տալով իրենց «բարերարներին»՝ Հայաստանից դուրս շպրտեցին 21 թվականի փետրվար ամսին:

Գնացին բոլշևիկները և վերադարձան ռուսական զորքով: Կռիվն անհավասար էր, և Հայաստանի արու բնակչությունը իր կին ու երեխաներին բոլշևիկներին թողած՝ Պարսկաստան փախավ և հետո էլի վերադարձավ:

Ի՞նչ երկարեմ, ասեմ միայն, որ այն թվականից մինչև հիմա, բոլշևիկյան կառավարությունը ժողովրդին լցրել է մաղի մեջ՝ մաղում է, մեծերին, արժանավորներին  սպանում, իսկ տականքներին ամբար լցնում: Որի հետևանքով այս րոպեիս մի մարդ չի մնացել ողջ Սովետական Միությունում, բոլորը կեղծավոր, պնակալեզ, լիզող, քծնող ներքինիներ են, իրենց մարդկային կերպարանքը կորցրած:

Ամերիկա՜, երբ մեր երկիրը ազատելու գաս, չմոռանաս հետդ մարդու սերմ բերել Սովետական Միությունում ցանելու համար: Մեզ մոտ մարդ չի մնացել:

«Կարմիր օրեր», 1957թ.

 

Քաղցր բան է երազը, մանավանդ, որ քեզ տանում է նախասովետական օրերը, երբ դու էլ մարդ էիր։ Փողոցով անցնելիս բոլորը մատով ցույց էին տալիս քեզ, չմնացած գովասանքը շռայլելով,  չափազանցված հարգանքով շրջապատում  էին քեզ. դու էլ ինչքան էլ համեստ ես, այնուամենայնիվ չէիր կարող չուռել, չփքվել ու գոհունակությամբ շուրթերդ չլիզել։

Բայց երազը երկսայրի է։ Մեկ էլ տեսար ծռեց իր ճամփան, խլեց քեզ ընտանիքիցդ ու տաքուկ սենյակիցդ, տարավ Չեկա, գցեց մութ նկուղների պաղ ցեմենտի հատակի վրա, սև ու կեղտոտ ոջիլները ծվարեցին վրադ ու կծի՛ր, որ կկծես։ Այսպես յոթանասուն օր, որից հետո վեց ամիս բանտը։

Սա դեռ պատիժը չէ, պատժի նախերգանքն է։             

Սա այն է, ինչ Թումանյանի « Շունն ու կատուի» մեջ Քեռի քուչին կատվի բերած մորթին «ցրցամ է» դրել, որ հետո նրա համար գլխարկ կարի։

Այս նախնական տանջանքներով պետությունը քեզ «ցրցամ» է դրել, որ դատարանում անձիդ հարմար հանցանք կարի ու քեզ հեռավոր հյուսիս քշի։

Եվ ահա դու կանգնած  երեք կատաղած զինվորականների առաջ, դռնփակ դատվում ես։

Այնտեղ այդ երեք զինված հրեշներն են, դու՝ ու քո Աստվածը։

Մեջտեղի նստողը հանում է ատրճանակը պատյանից, դնում սեղանին ու դառնալով քեզ ասում.

- Խոստովանի՛ր հանցանքդ։

- Ես հանցանք չունեմ...

- Չունե՞ս, - բղավում  ու վերցնում է ատրճանակը...

- Ունեմ, ունեմ...

Դու երկար մտածում ու ոչ մի հանցանք չես ճարում։ Հետո ասում ես.

- Ես չգիտեի, հանցանք գտնելն էլ մեր պարտականությունն էր. կարծում էի դուք կմեղադրեք ու կպատժեք։

Այդ միջոցին քննիչի աջ կողմ նստողը տեսնելով քո հուսահատ անմեղությունը, խղճում է քեզ և դառնալով գլխավոր քննիչին ասում.

- Ինչպես երևում է իրոք հանցանք չունի, մի պատրաստի հանցանք տանք թող ընդունի, դատենք գործը վերջացնենք։

Ապա դառնալով քեզ հարցնում է.

- Գնդակահարվե՞լ ես ուզում, թե քսան տարով աքսորվել։

- Քսան տարով աքսորվել։

- Լավ, այն ժամանակ քեզ կհամարես ֆաշիստ։ Ու որպեսզի չմոռանաս այդ բանը, լավ կանես մի տեղ նշես։ Եթե ոչ՝ կարող է հանկարծ հանցանքդ  մոռանաս՝ ստիպված լինենք նորից կանչենք դատենք։ Ուրեմն, դատը վերջացավ, մնաց ծեծը։ Այս րոպեիս վախտյորը կկանչենք քեզ մի քիչ ծեծի՝ այն ժամանակ ազատ ես աքսորվելու։

Ու վերցնելով հեռախոսը վախտյոր է կանչում։

Հայտնվում է մի գազան՝ հաստ փայտը ձեռքին ու ասում.

- Ուժ չմնաց թևերումս, ընկեր դատավոր, առավոտից մարդ եմ ծեծում։ Խնդրել եմ ձեզ օգնական տալ ինձ. մինչև կեսօր ես ծեծեմ, կեսօրից հետո՝ օգնականը, որ ծեծը էֆեկտ ունենա։ Իմ առավոտյան ծեծածներն անպայման մեռնում են, որովհետև ուժ ունեմ թևերումս։

- Ներկա կալանավորը չի մեռնելու, քսան տարով պիտի աքսորենք։ Քեզ հարկավոր է միայն այնպես ծեծել, որ քսան տարում չմոռանա։

- Այդքանը կարող եմ, - ասում է մարդն ու սկսում է ծեծել քեզ։

Բայց դու ոչ թե քսան տարում, այլ հենց առաջին հարվածը, որ իջավ գլխիդ՝ կանգնած տեղդ էլ կմոռանաս։ Տանջարանիդ դռները կբացվեն առաջիդ և ուր ուզես՝ կերթաս...

Ա՜խ, օրեր...

Երբ վերջապես աչքդ բացիր՝ հեռավոր հյուսիսում ես արդեն։ Վեց ամիս ցերեկ, վեց ամիս գիշեր։ Ցուրտ ու բուք այն աստիճան, որ խոսելիս չես կարող այնպիսի բառ  արտասանել, որի մեջ «ա» տառը լինի՝ անմիջապես բուքը բերանդ լեցվելով քեզ կխեղդի։

Հազարավոր ընկերների հետ թափված եք մինչև պորտը ձյուն, ամայի անտառում։ Պիտի ինքներդ ծառերը կտրեք, բնակարան կառուցեք ու ապրեք մեջը։ Դու ամիսներով ձյունախառն ճահիճների մեջ քայլելով ուժասպառ ես ու մի օրվա հանգիստ ես խնդրում։

- Հանգի՞ստ,- բղավում է ուզբեկ նարյադչիկը ճիպոտը ձեռքին,- չաշխատես օրապահիկդ հացը չես ստանա։

- Կաշխատե՛մ, կաշխատե՛մ, տուր կացինը, - կասես դու վախենալով ոչ թե սովամահությունից, այլ նրանից, որ մեռնելիս քեզ կծածկեն սառցակոշտերով, որի հետևանքով ամառները դիակդ պիտի լողա ճահճացած ջրերում, իսկ ձմեռները դառնա սառույցի բաղկացուցիչ մի մասը։

Ա՜խ, օրեր...

Առաջին գիշերը պառկում ես ձյունի վրա։ Որովհետև վերմակդ բարեխառն գոտում է պատրաստված, բևեռային գոտու համար կարճ է գալիս, ու երբ առավոտն արթնանում ես՝ տեսնում ես ոտներդ չկան, նրանք վերմակից դուրս մնալով սառել են ու սկսում ես ձյունով շփել կենդանացնելու համար։

Ահա ճիշտ այդ միջոցին հրաման է գալիս Մոսկվայից նոսրացնել կալանավորներին։

Իսկ աքսորի վարչությունը ժամանակ չունի մեկիկ-մեկիկ հանցանքներ ճարել կալանավորների համար, որպեսզի գնդակահարի։ Այդքան բազմահազար կալանավորներն էլ մի հանցանքով գնդակահարելը անհարմար է. դա ցույց կտա սովետական օրենսգրքի աղքատությունը։ Մեղադրանքը պիտի բազմազան լինի։ Այդ պատճառով էլ ամեն առավոտ շարք եք կանգնում բոբիկ ոտներով ձյուների վրա. առաջին օրը՝ հաշվում, տասից մեկը գնդակահարում, երկրորդ օրը՝ իննից մեկը. երրորդ  օրը՝ ութից մեկը, մինչև հասնում են երկուսից՝ մեկ...

Դու երջանիկ մեկերի շարքում ես, ողջ ես մնում, որ գաս պատմես մարդկությանը, թե ինչպես Սովետական Միությունում հանցանք է առաջինից զատ մյուս բոլոր թվերը լինել։ Որպեսզի ապագա մարդկությունը  ընկածների վրա մի օր արձան կանգնեցնելիս գրի՝ մեռան, շարքի մեջ ութերորդ, իններորդ լինելու համար։

Ու թող կործանվի այն օրը, երբ մարդիկ թվաբանություն հնարեցին։

Սովետական կառավարությունը այսօր տասի սահմաններում գնդակահարեց՝ որովհետև իշխում է միայն երկու հարյուր միլիոն բնակչության վրա. երբ դարձավ համաշխարհային՝ վայն եկել է աշխարհին տարել։ Այնքան աշխարհում այլևս մարդ չի թողնի, որ մազապուրծ ազատված մարդկանց պիտի բաժանի կոտորակների, առաջին օրը նրա աջ մասը գնդակահարի, երկրորդ օրը՝ ձախ... որ անելիք ունենան։

------

Աշխարհում չկա մի կենդանի, որ վագրի ճանկերում պատառոտվելիս փառաբանի իր գիշատչին։

Իսկ սովետական ժողովուրդը Ստալինին փառաբանելով փողոտվեց։

Ժողովուրդը այդ գազանի երախում փառք տվեց և փառք տալով էլ իջավ նրա ստամոքսը...

Ա՜խ, օրեր...

«Կարմիր օրեր», նոյեմբեր, 1961թ.

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter