211652_close_icon
views-count1491 դիտում article-date 20:52 17-04-2019

ԵՊՀ-Ն՝ «Կրթություն և կարիերա. EXPO-2019»-ի մասնակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Yerevan EXPO»ցուցահանդեսայինհամալիրումայսօրմեկնարկեց19-րդմիջազգայինմասնագիտացված«Կրթությունևկարիերա. EXPO-2019»եռօրյացուցահանդեսը, որտեղ առանձին տաղավարով ներկայանում էԵՊՀ-ն: Ապրիլի 17-ից 19-ն անցկացվող, տարածաշրջանում խոշորագույն կրթական ցուցահանդեսի նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, ինչպես նաև տեղեկացնել աշխատաշուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին: Ամեն տարի կազմակերպվող ցուցահանդեսի ընթացքում Հայաստանում և արտերկրում գործող կրթօջախները հնարավորություն են ստանում ներկայանալու տարբեր տաղավարներով՝ ներկայացնելով իրենց կրթական ծրագրերը: ԵՊՀ-ն երեք օրերի ընթացքում մշտական ցուցադրությամբ տրամադրելու է ԵՊՀ-ի մասին ընդհանուր և դիմորդներին անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև ներկայացնելու է ԵՊՀ հրատարակումները: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նման ցուցահանդեսները կարևոր են առկա հնարավորությունները ներկայացնելու և համագործակցության ուղիներ նախանշելու տեսանկյուններից: «Կառավարությունը ֆինանսական կրթությանը, ձեռնարկատիրական գործունեությանը մեծ կարևորություն է տալիս: Արձանագրելով այս տարվա ձեռքբերումները և նախանշելով հաջորդ տարվա անելիքները՝ մենք ցուցահանդեսի հետ այդ ուղղություններին ավելի մեծ ուշադրություն կդարձնենք և կխրախուսենք, որ մեր ուսումնական հաստատություններն առաջիկա մեկ տարվա ընթացքում փորձեն այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել և ներկայացնեն իրենց ձեռքբերումները»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ ՀՀ ԿԳ նախարարը մոտեցավ ինչպես Երևանի պետական համալսարանի, այնպես էլ այլ կրթական հաստատությունների և կազմակերպությունների տաղավարներին: ԵՊՀ տաղավարում նախարարին մանրամասն ներկայացվեցին կրթական նորամուծությունները, առաջիկա ծրագրերը, դրանց արդյունավետությունը և այլն: ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ այս տարի ԵՊՀ-ն հանդես է գալիս առավել ներկայացուցչական և բովանդակային տաղավարով. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարին համալսարանի համար հոբելյանական է, մենք փորձում ենք ներկայացնել ԵՊՀ-ի գործունեության տարբեր ուղղություններ՝ հայագիտություն, բնագիտություն, ճշգրիտ գիտություններ և այլն»: Պրոռեկտորը փաստեց, որ ԵՊՀ-ն ներկայանում է ինչպես մշտական, այնպես էլ թեմատիկ ցուցադրություններով, որոնց շրջանակում երեք օրերի ընթացքում տրամադրվելու է հետաքրքիր տեղեկատվություն ամենատարբեր այցելուների համար: Կենսաբանության ֆակուլտետի կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտը ցուցահանդեսի շրջանակում ներկայացնում է իր աշխատակիցների մշակած շարժական լաբորատորիան, որը նախատեսված է դպրոցների համար: Այն թույլ կտա տարբեր գիտաուսումնական փորձեր իրականացնել այն դպրոցներում, որտեղ բացակայում են համապատասխան լաբորատորիաները: Շարժական լաբորատորիան հատկապես արդյունավետորեն կկիրառվի գյուղական և սահմանամերձ դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը մեծ չէ: ՀՀ ԿԳ նախարարը, ծանոթանալով նոր լաբորատորիային, ողջունեց դրա գաղափարը և խորհուրդ տվեց առաջիկայում մասնակցել և այն ներկայացնել համապատասխան մրցույթներում: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սարգիս Մինասյանն այսօր ներկայացնում էր իր ստեղծած կայքը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ինչ-որ չափով մասնակցելու բուհի կառավարմանը և խնդիրների վերաբերյալ քննարկումներին: «Շատ ուսանողներ չգիտեն ինչպես մասնակցել այդ գործընթացներին կամ չեն կարողանում բարձրաձայնել ինչ-որ հարց: Կայքը տալիս է այդ հնարավորությունը: Այն ունի նաև մոնիթորինգի գործառույթ, որի միջոցով կարող ենք դիտարկել, թե ինչ հաճախականությամբ են հարցեր բարձրացվում, որ ուսանողներն են առավել ակտիվ և այլն»,- պարզաբանեց Սարգիսը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ կայքը ստեղծել է իր դիպլոմային աշխատանքի շրջանակում:Արայիկ Հարությունյանը, լսելով Սարգիսի ներկայացումը, առաջարկեց ընդլայնել կայքը՝ այն հասանելի դարձնելով ոչ միայն ԵՊՀ, այլև մյուս բուհերի ուսանողների համար: Հիշեցնենք, որ ցուցահանդեսը բաց է լինելու ամեն օր՝ ժամը 10.00-ից մինչ 18.00: ԵՊՀ տաղավարի օրակարգին կարող եք ծանոթանալ կից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր