Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտագաղթի հետևանքով հեռացավ ավելի ակտիվ և գործունյա բնակչությունը. ՄԱՀՀԻ զեկույց

Տնտեսություն
db86ce826338be7a61fd6916102fe701

Անկախությունից 26 տարի անց էլ Հայաստանը բախվում է արտագաղթի հիմնախնդրին: Չնայած անցել են դժվար ու ցրտաշունչ 90-ականները, սակայն հենց անկախության սկզբնամասում սկիզբ առած արտագաղթը ոչ միայն կանգ չի առնում, այլև սպառնում է վերածվելու ազգային անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգի, որը հարցականի տակ կարող է դնել Հայաստանի Հանրապետության կենսունակության և կայուն զարգացման ընթացքը: Այսօր ՀՀ համար առավել վտանգավոր է մշտական միգրացիայի առկայությունը: Ընտանիքներով միգրացիան, ընդ որում մեկնողների մեծամասնութունը վերարտադրողական տարիքի, աշխատող երիտասարդներ են, բարդացնում է առանց այն էլ վատ իրավիճակում հայտնված բնակչության ժողովրդագրական պատկերը: Նվազող ծնելիության և աճող մահացության պայմաններում այն ավելի է արագացնում ՀՀ բնակչության ծերացումը և նպաստում թվաքանակի պակասելուն:   Մյուս կողմից էլ ժամանակավոր աշխատանքային միգրացիան   թեև տարիների ընթացքում նպաստել է սոցիալական լարվածության մեղմացմանը և այդպես էլ լուծում չստացած բարձր գործազրկության պայմաններում հնարավորություն է ընձեռել դրսից ուղարկվող տրանսֆերտների օգնությամբ լուծելու բնակչության մոտ 20 տոկոսի կենսապահովման խնդիրները, սակայն այն ևս սպառվելու վրա է: Դա են վկայում նաև վերջին տարիներին նվազող դրամական փոխանցումների դինամիկան: Եթե 2013թ. բանկային փոխանցումների միջոցով Հայաստան է ներհոսել 2 մլրդ 302 մլն դոլար, ապա 2016թ. այդ ցուցանիշը նվազել է մինչև 1 մլրդ 650 մլն-ի: Անցնող 25 տարիների ընթացքում լուծում չստացավ կանոնակարգված աշխատանքային միգրացիայի կազմակերպումը: Այդպիսի վառ օրինակ է հանդիսանում այսօր զարգացած տնտեսության դարձած Հարավային Կորեան, որը անցյալ դարի 60- 70ական թթ. բախվում էր մասսայական միգրացիայի հիմնախնդրին: Սակայն պետության կողմից պայմանագրային հիմունքներով աշխատուժի արտահանման շնորհիվ Հվ. Կորեան ոչ միայն չդարձավ միայն աշխատուժ արտահանող երկիր, այլև դրսում աշխատելով, այնուհետև ստացած գիտելիքները իրենց երկրում կիրառելով Հվ. Կորեան դարձավ աշխարհի ամենազարգացած տեխնոլոգիական երկրներից մեկը: Իսկ Հայաստանում ուղարկվող տրանսֆերտները այդպես էլ չդարձան հավելյալ արժեք ստեղծող գործիք, այլ միայն նպաստեցին սպառողական հասարակության  և մոնոպոլիստական տնտեսության զարգացմանը: Իսկ պետական մակարդակով միգրացիայի կանխագերլման և կանոնակարգման վերաբերյալ մինչ օրս էլ բացակայում է հստակ քաղաքականությունը: Չնայած ընդունված տարատեսակ ծրագրերին և միջոցառումներին, նրանց արդյունքը որևէ էական ազդուցություն չի գործել ՀՀ միգրացիոն գործընթացների վրա, իսկ դա էլ ավելի է խորացնում և դժվարացնում դրանց հետագա լուծման ուղիները:  

  1. ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ 19-ՐԴ ԴԱՐԻ 30-ԱԿԱՆ ԹԹ. - 20-ՐԴ ԴԱՐԻ 80-ԱԿԱՆ ԹԹ.
XVIII և XIXդդ. սահմանագծում արդի Հայաստանի ամբողջ տարածքը գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ, որը բացասաբար անդրադարձավ հայ բնակչության թվի և կազմի շարժընթացի վրա: Մինչև 1828թ. Արևելյան Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը միացվեց Ռուսաստանին, որը դրական ազդեցություն ունեցավ հայ բնակչության համար։ Վերջինս ոչ միայն փրկվեց ֆիզիկական ոչնչացումից, այլև Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից շուրջ 150 հազար հայեր ներգաղթեցին Արևելյան Հայաստան և հարակից տարածքներ՝ շոշափելի ազդեցություն թողնելով հայերի թվի ավելացման ու տեսակարար կշռի բարձրացման վրա:  XIXդ. վերջերին և XXդ. սկզբին Անդրկովկասի խոշոր քաղաքներում, հատկապես Թիֆլիսում և Բաքվում գործող արդյունաբերական ձեռնարկություններն աշխատուժի մեծ կարիք ունեին: Այս հանգամանքը պայմանավորեց արտագնացության աշխուժացումն ու ծավալումը։ Մասնավորապես Արևելյան Հայաստանի հյուսիսային և հարավարևելյան շրջաններից զգալի արտահոսք սկսվեց դեպի նշված քաղաքները։ Արևելյան Հայաստանի և ընդհանրապես ամբողջ հայության համար առանձնապես աղետաբեր եղավ Առաջին աշխարհամարտը, որը հայ ժողովրդին մեծ տառապանքներ և մարդկային ու նյութական հսկայական մեծ կորուստներ պատճառեց: 1920թ. Հայաստանը թալանված և ավերված երկիր էր, որտեղ մոլեգնում էին սովն ու համաճարակը: Եվ չնայած երկիրը հեղեղված էր Եղեռնից հրաշքով փրկված հարյուր հազարավոր գաղթականներով` 1913թ. Հայաստանի բնակչության թիվը (1 մլն) վերականգնվեց միայն 1930թ.: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը և 70-ամյա դրական ընթացքը  հնարավորություն ընձեռեցին աշխարհով մեկ սփռված հայությանը 20-60-ական թթ. վերադառնալ և բնակություն հաստատել Խորհրդային Հայաստանում։ Սփյուռքահայերի հայրենադարձությանը զուգընթաց, 60-80-ական թթ. նախկին խորհրդային հանրապետություններից, մասնավորապես Ադրբեջանի և Վրաստանի հայաշատ բնակավայրերից, սկիզբ առավ հայերի հոսքը դեպի Հայաստան, ընդ որում՝ ներգաղթողների մեծ մասը երիտասարդ և աշխատունակ մարդիկ էին: Աշխարհասփյուռ հայության մի մասի ներգաղթի և բնական աճի բարձր տեմպերը նպաստեցին նրան, որ 1959-1979թթ. Հայաստանի բնակչությունն ավելացել է 1,7 անգամ` 1.763.048-ից հասնելով 3.037.873 մարդու: Ի տարբերություն զարգացման նախորդ փուլի` ներքին տեղաշարժերը դարձան հիմնական և գերակշռող Խորհրդային Հայաստանում: Քաղաքների աճը և արդյունաբերության բուռն զարգացումը աշխատուժի մեծ կարիք ունեին: Քանի որ արդյունաբերական ձեռնարկությունները կենտրոնացված էին հիմնականում Երևանում, Գյումրիում և Վանաձորում, ուստի հանրապետության այլ շրջաններից սկսվեց բնակչության արտահոսք դեպի նշված կենտրոնները: Չնայած հետագայում արդյունաբերության աշխարհագրությունն ընդլայնվեց, և որոշ չափով կրճատվեց արտահոսքը, սակայն բավական մեծ էին գյուղական բնակչության արտահոսքի չափերը, ընդ որում՝ հեռանում էին հիմնականում երիտասարդները, ինչը բացասաբար էր անդրադառնում ինչպես գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, այնպես էլ սահմանափակվում էին գյուղական բնակչության վերարտադրության հնարավորությունները: 1980-ական թթ. ՀՀ-ում նկատվող սոցիալ-տնտեսական պայմանների դժվարություններին և լճացմանը զուգընթաց, ներգաղթը զգալիորեն կրճատվեց, սակայն ավելացավ մեկնողների տեսակարար կշիռը, որի արդյունքում 1980-88թ. միգրացիայի բացասական հաշվեկշիռը կազմեց 114.800 մարդ։ Այդ տեղաշարժերը կրում էին ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բնույթ: Տեղաշարժերի ակտիվացման պատճառներից կարելի է համարել նաև այն, որ 1987թ. հանրապետության աշխատունակ բնակչության մոտ 20%-ը զբաղված չէր հանրային արտադրության մեջ: Դա բացատրվում էր այն հանգամանքով, որ 1979թ. նկատմամբ 1989թ. 25-39 տարեկան մարդկանց թիվն ավելացել էր 7,5%-ով, որը հավելյալ ծանրաբեռնվածություն էր ստեղծել հանրապետության աշխատաշուկայում, և սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը դրդում էր նրանց աշխատանք փնտրել հանրապետության սահմաններից դուրս: Տեղաշարժերի վրա բացասական ազդեցություն թողեց այն հանգամանքը, որ 1988թ. դեկտեմբերյան աղետից հետո անօթևան մնացած մոտ 200 հազ. մարդ տեղափոխվեցին Խորհրդային Միության նախկին հանրապետություններ, մասնավորապես՝ Ռուսաստան։ Ընդ որում՝ մեկնողների 20%-ը այդպես էլ չվերադարձավ Հայաստան։ Չկարողանալով զսպել արցախահայության օրեցօր ծավալվող ազատագրական պայքարը` Ադրբեջանի իշխանությունները որդեգրեցին հայերի ջարդի՝ իրենց ավանդական քաղաքականությունը, որի հետևանքով Ադրբեջանի ամբողջ հայ բնակչությունը` մոտ 350 հազ. մարդ, բռնի տեղահանվեցին և հիմնականում ապաստանեցին Հայաստանում։ Միևնույն ժամանակ, Հայաստանից արտագաղթեցին 160 հազ. ադրբեջանցի: Պետք է նշել, որ ներգաղթի արդյունքում Հայաստանը որոշակի ժամանակահատվածում ունեցավ բնակչության մեխանիկական աճ` միգրացիոն դրական հաշվեկշռի արդյունքում: Նշենք, որ բռնագաղթածների մոտ 50%-ն անաշխատունակ, խնամքի կարիք ունեցող մարդիկ էին։ Առանձնապես մեծ էր կանանց թիվը` շուրջ 56%: Հատկանշական է, որ եթե Հայաստան ներգաղթած հայերի մոտ 80%-ը  քաղաքաբնակ էր, ապա գյուղաբնակ էր հեռացած ադրբեջանցիների 90%-ը: Բնականաբար, ներգաղթած հայ բնակչությունը չէր կարող լիարժեք փոխարինել Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին, ինչի հետևանքով հանրապետությունում սրվեցին ու խորացան արտադրողական ուժերի ռացիոնալ տեղաբաշխման ու արդյունավետ օգտագործման, բնակչության զբաղվածության բնագավառում գոյություն ունեցող հակասությունները: Չլուծվեցին նաև նրանց բնակարանային խնդիրները Ի լրումն Ադրբեջանից հեռացած հայ փախստականների` 1991թ. Աբխազիայից 6 հազ. հայեր ևս ստիպված էին լքել իրենց բնակավայրերը և ապաստանել Հայաստանում։ Ընդհանուր առմամբ, 1988-1991թթ. Հայաստանն ընդունեց 420 հազ. հայ փախստականների: Խորհրդային համակարգի փլուզման, Արցախի ազատագրական շարժման, Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքով ստեղծված անկայուն քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը խթանեց 1991թ. սկսած ՀՀ մշտական բնակչության արտագաղթի ակտիվացմանը, ինչը դեռևս զանգվածային բնույթ չէր կրում: Մեկնողների մեջ մեծ թիվ էին կազմում բարձր որակավորում ունեցող մասնագետները, ազգային փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ, մտավորականներ, ինչպես նաև ապագայի նկատմամբ թերահավատ մարդիկ:  
  1. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ 1992-1994ԹԹ. ԵՎ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ՈՒ ԿԱԶՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՐԱ
1992-1994թթ. ՀՀ բնակչության տեղաշարժերը, սոցիալ-տնտեսական (տնտեսության վերափոխում, շրջափակում, նախկին ժողովրդատնտեսական համակարգի փլուզում, որպես դրա հետևանք՝ զանգվածային գործազրկություն, էներգետիկ ճգնաժամ, կենսամակարդակի շեշտակի անկում) և քաղաքական (ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում) գործոններով պայմանավորված, ընդունեցին զանգվածային բնույթ: Այս փուլում մեկնողների և ժամանողների ճշգրիտ թիվը որոշելը բավական դժվար էր, քանի որ մեկնողների մեծ մասը դուրս չէր գրվում հաշվառումից: Զանգվածային արտագաղթի հետևանքով ժամանակավոր կամ մշտական հեռացածների միակ, սակայն ոչ բավարար աղբյուր էին մնում քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալները, ըստ որոնց՝ 1992-1994թթ. հանրապետության միգրացիոն բացասական հաշվեկշիռը կազմել էր մոտ 494,5 հազ. մարդ։ Պետք է նշել, սակայն, որ արտագաղթողների որոշակի մասը մեկնում էր ավտոտրանսպորտով և Երևան-Թբիլիսի գործող երկաթգծով, սակայն նրանց թիվը չէր հաշվարկվում: Մեկնողների մեջ մեծ թիվ էին կազմում Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականները: Ինչ վերաբերում է արտագաղթի ուղղություններին, ապա մեկնողների գերակշիռ մասը` 90%-ը, ընտրում էր նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, առանձնապես՝ Ռուսաստանը, իսկ 10%-ը` հիմնականում ԱՄՆ-ը, Իսրայելը, Հունաստանը և այլն։ Հայաստանից մեկնողների մեջ գերակշռում էին միայնակները` 55%, իսկ ընտանիքներով մեկնողների թիվը 45% էր: Միայնակ մեկնողների մեծ մասը արական սեռի վերարտադրողական և աշխատունակ տարիքի նեկայացուցիչներ էին: Ինչպես ցույց տվեց 1993-94թթ. Հայաստանի բնակչության սեռատարիքային կազմի վերլուծությունը, զանգվածային արտագաղթի հետևանքով 25-44 տարեկան կանայք մոտ 11%-ով ավելի էին տղամարդկանցից: Զանգվածային արտագաղթի հետևանքով, 1993-1994թթ. հանրապետությունում գրանցվեց ծնունդների աննախադեպ անկում` 28%, բնական աճը նվազեց 41%-ով։Զանգվածային արտագաղթին զուգընթաց` Հայաստանում ակտիվ կերպով ընթանում էին ներհանրապետական տեղաշարժեր, որոնք ունեին իրենց շարժառիթներն ու առանձնահատկությունները. Ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանին սահմանակից ՀՀ մարզերի (Տավուշ, Սյունիք) և Լեռնային Ղարաբաղի բնակիչները` մոտ 117 հազ. մարդ, ստիպված էին տեղափոխվել հանրապետության այլ մարզեր, ընդ որում՝ նրանց մի մասը հրադադարից հետո վերադարձավ նախկին բնակավայրերը, իսկ մյուս մասը կամ մնաց նոր բնակության վայրում, կամ արտագաղթեց: Տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած զանգվածային գործազրկությունը ստիպեց նախկին քաղաքաբնակների որոշ մասին վերադառնալ իրենց հայրենի գյուղերը` զբաղվելու հողագործությամբ կամ անասնապահությամբ: Սակայն քաղաքից գյուղ այս տեղաշարժերը 1995թ. հետո, ըստ էության, դադարեցին: Բնակչության ներհանրապետական տեղաշարժերի մյուս տարատեսակը հանրապետության համեմատաբար նոսր բնակեցված լեռնային և նախալեռնային շրջաններից, ինչպես նաև աղետի գոտու բնակավայրերից տեղի ունեցած արտահոսքն էր, որի արդյունքում 90-100 հազ. մարդ տեղափոխվեցին առանց այն էլ խիտ բնակեցված մայրաքաղաք ու Արարատյան դաշտի բնակավայրեր։  
  1. 1995-2001ԹԹ. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ և ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ՀՀ ՄԱՐԶԵՐԻ
1995թ. զանգվածային արտագաղթը սկսեց նվազել, որը պայմանավորված էր քաղաքական և մասամբ սոցիալ-կենցաղային խնդիրների բարելավմամբ: Որոշակիորեն փոխվեց նաև արտագաղթի բնույթը. այն սկսեց կրել զուտ տնտեսական բնույթ, և մեկնողները հիմնականում գնում էին արտագնա աշխատանքի: 1995թ.-ի տվյալներով Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերից և Երևանից մեկնողների միջին թիվը գրեթե 2 անգամ ավելի էր հանրապետության մյուս մարզերի միջինից: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ նախկինում այդ մարզերում էր կենտրոնացված հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը։ Նրանց անգործությունը, ինչպես նաև մեծ չափերի հասնող գործազրկությունը ստիպում էր հատկապես քաղաքների` Գյումրիի, Վանաձորի, Հրազդանի, Չարենցավանի, Ալավերդու, Աբովյանի բնակիչներին բռնել արտագաղթի ճանապարհը: 1996թ. համեմատ 1997թ. հանրապետության մարզերից մեկնողների թիվը զգալիորեն ավելանում է, ընդ որում՝ ամենամեծ աճը գրանցվել էր Երևանում` 2,4, Արմավիրում՝ 2,1 և Արարատում՝ 2,6 անգամ, որի հետևանքով նախորդ տարվա համեմատ միգրացիայի բացասական հաշվեկշիռը մեծանում է 23%-ով: Այստեղ կարևորվում է այն հանգամանքը, որ եթե առաջ արտագաղթի հիմնական նպատակը դրսում աշխատելն էր և Հայաստանում մնացած ընտանիքներին ապահովելը, ապա արտերկրում հիմնական աշխատանք և գոյության այլ միջոցներ գտնելով՝ ընտանիքներին տանում են իրենց մոտ: Ակնհայտ է, որ այս հարցում կարևոր գործոն էին հանդիսացել սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ոչ բավարար բարձր տեմպերը, հասարակությունում ձևավորված անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, իրադրության արագ շտկման հույսի կորուստը և այլ հանգամանքներ: Հանրապետության մարզերի բնակչության տեղաշարժերի վերլուծությունը նաև  ցույց տվեց, որ 1995թ. համեմատ 1997թ. արտագաղթի բնույթում տեղի են ունեցել որակական փոփոխություններ: Եթե 1992-1994թթ. հանրապետության գյուղական բնակավայրերից արտահոսքն այնքան էլ մեծ չէր, ապա 1997թ. այն զգալիորեն ավելացավ: 1998թ. համեմատ` 2001թ. հանրապետության միգրացիայի բացասական հաշվեկշիռն աճում է 1,8 անգամ, որն առավելապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ զգալիորեն նվազել էր Հայաստան վերադարձողների և ընդհակառակն` աճել մեկնողների թիվը: Ընդհանուր առմամբ, 1995թ. համեմատ 2001թ. Հայաստանի Հանրապետություն վերադարձողների թիվը կրճատվել էր 2 անգամ: 1998-2001թթ. մարզերի բնակչության արտագաղթի վերլուծությունը ցույց է տալիս, որ նշված ժամանակահատվածում մի քանի անգամ ավելանում է մինչև 16 տարեկան մեկնողների թիվը, իսկ դա վկայում է, որ արտաքին միգրացիոն հոսքերը ձևավորող գործոնների շարքում սկսում են գերակայել ընտանիքների վերամիավորման նպատակով կատարվող տեղաշարժերը, ինչի արդյունքում էմիգրացիոն հոսքերում գերակշռում են ոչ թե ժամանակավոր արտագնա աշխատանքի, այլ մշտական աշխատանքի մեկնողները (ներառյալ` կանայք և անչափահաս երեխաները): Նշենք, որ միայն 2000-2001թթ. Հայաստանից միգրացիայի բացասական ցուցանիշը կազմեց 117 հազ. մարդ: 1992-1994թթ. հետո միգրացիայի այդպիսի մեծացումը պայմանավորված էր հատկապես 1998թ. ռուսական ռուբլու արժեզրկմամբ, որի հետևանքով ռուբլին արժեզրկվեց մոտ 5 անգամ: Արդյունքում կտրուկ նվազեցին դեպի Հայաստան եկող տրանսֆերտները, և ՌԴ-ում աշխատող հայ միգրանտների մեծ մասը Հայաստանից տարան իրենց ընտանիքներին, ընդ որում անվերադարձ: Այսպիսով, Հայաստանի անկախության առաջին տասնամյակը կարելի է համարել զանգվածային ներհոսքի և արտահոսքի ժամանակաշրջան: 2001թ. մարդամարը ցույց տվեց, որ 1989թ. համեմատ ՀՀ մշտական և առկա բնակչությունը պակասել էր համապատասխանաբար 13 և 24 տոկոսով, կամ թվային արտահայտությամբ 586.454 կամ 947.260 մարդով: Զանգվածային արտագաղթի հետևանքով այդ տասնամյա ժամանակաշրջանում մեծ փոփոխությունների ենթարկվեց ՀՀ բնակչության թիվը, սեռատարիքային կազմը, բնակչության բնական վերարտադրությունը, ինչպես նաև ժողովրդագրական այլ չափորոշիչներ: Մյուս կողմից արտակարգ իրողություններով պայմանավորված այս արտահոսքը հանդիսացավ տվյալ ժամանակահատվածի համար  իրավիճակի շտկման կարևոր գործոններից մեկը: Ապոհովվելով ֆինանսական միջոցների նշանակալի ներհոսք, հնարավորություն էր ընձեռել մեղմել առկա սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամային իրավիճակը: Այն նաև կանխել էր լուրջ սոցիալական ցնցումները և թուլացրել էր սոցիալական լարվածության աստիճանը: Մյուս կողմից, զանգվածային արտագաղթի հետևանքով Հայաստանից հեռացավ ավելի ակտիվ և գործունյա հատվածը, նրանց մեծ մասը օտարվեց Հայաստանի ներքին խնդիրներից, որն էլ պատճառ հանդիսացավ Հայաստանի արդի քաղաքական, սոցիալական և տնտեսական համակարգերին բնորոշ բացասական երևույթների արմատավորմանը: Հետագա տասնամյակներում դա ազդեց ինչպես ընտրախախտումների, այնպես էլ կոռուպցիայի և հովանավորչության լայն տարածման, անառողջ տնտեսական մրցակցության և մենաշնորհների առաջացման գործում: Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ