Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արժեքավոր հնավայրեր՝ Գեղհովիտի տարածքում

Արժեքավոր հնավայրեր՝ Գեղհովիտի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իմ ծննդավայր Գեղհովիտը փռված է Մարտունի գետի 2 ափին՝ Քռա եւ Դեմեր բարձրավանդակների արանքում: Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի՝ ծովի մակերեւույթից մոտ 2100 մ բարձրության վրա գտնվող Գեղհովիտ գյուղն ունի հազարամյակների պատմություն: Դա են վկայում գյուղի ներսում եւ շրջակայքում պահպանված բազում հուշարձանները՝ ամրոցներ, եկեղեցիներ, հնավայրեր, ժայռապատկերներ, դամբարանադաշտեր:

Ժամանակին եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառի կազմում: Ընկած է Սեւանա լճի հարավային կողմում՝ Մարտունի-Եղեգնաձոր մայրուղու վրա: Գյուղի վարչական տարածքում՝ Վարդենիսի լեռնաշղթայի Սեւ սար լեռան ստորոտում, պահպանվել է եզակի հուշարձան՝ աստղադիտարան՝ երկնքի քարտեզը պատկերող ժայռեր: Լինելով բնակլիմայական բարենպաստ տարածք՝ չնայած ցուրտ ձմեռներին, Սեւանա լճի հարավային այս հատվածներում, հատկապես ալպիական գոտում, վաղնջական ժամանակներից մարդն է ապրել ու արարել: Գեղհովիտի վարչական տարածքում է նաեւ Հախբրներ-Աղբյուրներ կոչվող հանդատարածքը, որը հարուստ է խոտհարքերով եւ բազալտ քարի հանքերով: Այս տարածքը նույնպես հարուստ է հնավայրերով: Մորեղբորս որդին՝ Սուրենը, այստեղ խաչքար էր տեսել՝ կողքին մի քանի տապանաքար: Եղբորս որդու՝ Վահագնի մեքենայով տեղ ենք հասնում: Գեւոյի աղբյուրի հարեւանությամբ է հնավայրը:

Բնական է՝ բնակավայրերը հիմնվել են աղբյուրների մոտ: Միջնադարյան գերեզմանատուն է, որտեղ պահպանվել է 1 խաչքար՝ 95x75x25 սմ չափերով: Քիչ հեռու՝ ձախում, հողի մեջ մի ուղղանկյունաձեւ տապանաքար կա՝ երեսին մարդակերպ քանդակով: Չափերն են՝ 106x42 սմ: Գլխակողմում քարն աստիճանաձեւ քանդակ ունի: Երկրորդ տապանաքարի երեսին նույնպես մարդու պատկեր է քանդակված: Եթե առաջինի քանդակը մաշված է, երկրորդինը լավ է պահպանվել: Չափերն են՝ 135x80 սմ: Տապանաքարն ունի 2 եզրագիծ: Ներքեւի մասը կոտրված է, բայց չի խաթարում հուշաքարի էությունը: Մեկ այլ ավելի մեծ չափերով (240x145 սմ) տապանաքարի վրա երկարավուն գծեր են քանդակված: Վերեւի մասում պարանի համար նախատեսված անցք է եղել, որի մի մասը կոտրված է: Մոտակայքում էլի քարեր կան, որոնք եղել են շիրիմների վրա, սակայն քանդակներ գրեթե չունեն: Հնավայրից հյուսիս-արեւմուտք եւ հարավային կողմերում բնակավայրի ավերակներ են պահպանվել: Քիչ վերեւում քարհանք կա, որտեղից մի քանի քարեր են գլորվել, բայց մոտակայքով անցնող առուն չեն անցել: Հյուսիսարեւմտյան կողմի բնակատեղին ավելի հին պատմություն երեւի ունի: Այստեղ մի քանի դամբարաններ կան, որոնք արդեն հեթանոսական շրջանն են հիշեցնում: Առավել հետաքրքիր ու գիտական ուսումնասիրման կարիք ունի այս մասը: Մի քանի բավականին մեծ քարեր ուղիղ շարքի վրա են: Նման տեսարան կա Սեւ սարի հնավայրում, Քաշաթաղի շրջանում եմ հանդիպել:

Տարածքում մոտ 2 մ տրամագծով, կես մետր բարձրությամբ քար կա: Զգացվում է՝ ժամանակին այն մշակվել է, ստացել կլոր հիմք, սակայն արեւմտյան մասն ավելի բարձր է. կարծես մարդկային դեմքի քանդակ լինի: Իմ կարծիքով՝ հեթանոսական շրջանի կուռք է այստեղ պահպանվել: Իհարկե, վերջին խոսքը հնագետ-մասնագետներինն է: Տարածքում գտնվող քարերի մեծ մասի վրա նույնպես քանդակներ կան, ժայռապատկերներ են: Հնարավոր է՝ այս մասում բնակավայրը եղել է շատ վաղուց եւ գոյատեւել մինչեւ միջնադար: Այս հնավայրից ոչ շատ հեռու կան մի քանի ավերակ բնակավայրեր եւս: Երբ փոքր էի, ու մայրիկիս հետ լինում էինք այս կողմերում, հատկապես գարնանը՝ բանջար հավաքելու նպատակով կամ անասուններ պահելու համար: Հայկանդուխտ մայրս, ով մեծ տեղ էր տալիս մեր պատմությանը, մեր հավատքին, մեզ սովորեցնում քրիստոնեական կանոններ, քանդված գյուղատեղիի (խռբեք) տարածքում ցույց էր տալիս մի ավերակ, որի մեջ խաչքար էր պահպանվել: Եկեղեցու ավերակ էր: Ասում էին՝ Լենկ Թեմուրն է այստեղով  անցել. հնարավոր է: Հնարավոր է գյուղն ու եկեղեցին ավերվել են 17-րդ դարում, երբ այստեղով Շահ Աբասն էր անցել… Տարածքում որոշ հնավայրեր էլ խորհրդային տարիներին մաքրվել են քարերից, դարձել արտ ու արոտ: Վերոնշված հնավայրը պահպանման կարիք ունի, պետք է մասնագետները գան, ուսումնասիրեն:

Ալբերդ ամրոց-հնավայրում

Հաջորդ օրը դարձյալ Սուրենի ուղեկցությամբ եւ հարազատներիս երեխաների՝ Էրիկի, Մհերի, Արտյոմի ու Գայանե դստերս հետ եղանք Գեղհովիտի պատմական հուշարձաններից Ալբերդ ամրոցի տարածքում: Ըստ հնագետ-մասնագետների՝ Ալբերդ կիկլոպյան ամրոցը հիմնվել է մ. թ. ա. 2-րդ հազարամյակի վերջին կամ 1-ին հազարամյակի սկզբին: Հայոց մատենագիտության մեջ ամրոցի մասին հիշատակում է XI դարի հայ պատմիչ, աշխարհագետ Ստեփանոս Տարոնցի Ասողիկը:  «Տիեզերական պատմության» երրորդ գրքում, որտեղ ներկայացված են 885-1004 թթ. պատմական անցքերը, Թեոփիլոս կայսեր (899 թ.) մասին պատմելիս: Գրում է. «Սա ի խաղալն իւրում յարեւելս կոյս ի սահմանս Հայոց՝ առնու զԾմու բերդն հայոց, զԱսաղին եւ զՄեծկերտ եւ զԱլրերդ ի գավառին Գեղամայ»։ Այսպիսով 9-րդ դարի վերջին 10-րդ դարասկզբին ընկել է Ալբերդը: Ընկած է Գեղհովիտով անցնող Մարտունի (պատմական անունը հայտնի չէ) գետի ձախ ափին՝ գետի աջակողմյան կիկլոպյան ավելի հզոր ու տարածքով մեծ Ջոջ կող (պատմական անունը հայտնի չէ) ամրոցի դիմաց: Ալբերդն իր դիրքով ավելի ցածր է, քան Ջոջ կողի ամրոցը, այնուամենայնիվ, իշխում է լեռնանցքի վրա։

Այս 2 ամրոցներն իրարից ուղիղ գծով հեռու են մոտ 1 կմ, ոչ ավելի եւ հավանական է՝ ժամանակին միմյանց հետ կապ են ունեցել: Ըստ ամրոցը մասնակի պեղող հնագետ Գ. Միքայելյանի՝ Ալբերդ ամրոցը դարերի ընթացքում բազմիցս վերակառուցվել եւ գոյություն է ունեցել մինչեւ մեր թվականության 9-րդ դարը: Ամրոցի շրջանում տեսնում ենք կիկլոպյան ժամանակաշրջանի մնացուկներ, իսկ նրա կողքին՝ մաքուր տաշված քարերով շարված աշտարակներ։ Հարավարեւմտյան կողմում պահպանվել է արդեն միջնադարյան շարվածքը՝ աշտարակի պատը: Աշտարակների քարերը տաշված են, առավել ողորկ կողմերը դարձված են դեպի դուրս։ Շարվածքի տեխնիկան հիշեցնում է Լճաշենի ամրոցի առաջին միջնաբերդի հյուսիսային մուտքի աշտարակը (ըստ հնագետների)։ Աշտարակի պեղված մասի ճակատն ունի մոտ 7 մ երկարություն եւ 3 մ բարձրություն։ Հարավարեւելյան կողմում արդեն մեծ քարերով կիկլոպյան շարվածքն է: Այս կողմում՝ դեպի գետը տանող հատվածում, ամրոցը մուտք է ունեցել: Ամրոցի մակերեսն  ունի մոտ մեկ հեկտար տարածություն, երկարությունը՝ ավելի քան 150 մ, իսկ միջին լայնությունը՝ 65 մ։ Պարիսպները անցնում են բարձունքի եզրերով։ Ամրոցը ունեցել է երեք շարք պարիսպներ, որոնց հեռավորությունը միմյանցից 15-20 մ է։ Հարավային կողմում փոսորակ կա, որի մեջ շատ են բնական բավականին մեծ չափերով ժայռեր: Այս հատվածն այժմ օգտագործվում է որպես խոտհարք:

Պատմական պարիսպների հիմքի վրա նոր ցանկապատ են շարել: Այնուամենայնիվ, հինը նորից տարբերվում է: Վերջին՝ գլխավոր պարսպի չորս անկյունում երեւում են աշտարակների հիմքեր, որոնցից պեղումների նպատակով տարիներ առաջ բացվել է միայն հարավարեւմտյանը: Տարածքում կան խեցեղենի բեկորներ, օբսիդիան քարի փշրանքներ։ Ամրոցի ներսում, ինչպես նաեւ նրա արեւմտյան լանջին երեւում են քառանկյունի կացարանների պատերի մնացորդներ։ Երբ փոքր էինք, տարեցները պատմում էին, որ կոլխոզի ժամանակ ամրոցի հարթ մակերեսն օգտագործվում էր որպես ցորենի արտ: Եղել են դեպքեր, որ անցքեր են բացվել, երբ արորով հերկել են հողը: Քար են գցել բացված անցքերից, լսված դմփոցից կռահել են՝ բավականին խոր փոսեր կան տարածքում: Պարզ է՝ ամրոցի շինություններն են, որոնց տեղերն այժմ էլ երեւում են: 1950-ական թթ. ամրոցը պահող բարձունքի հյուսիսային ստորոտում գյուղացիները երկու մետր խորությունից գտել են սյան երկու քարե խարիսխ, սրանց հետ նաեւ միջին մեծության մի կարաս։ Պատերից մեկի վրա  կիսափտած մի գերան է  եղել: Գտել են նաեւ մի սրբատաշ բազալտ քար (0,63 X 0,55 X 0,24 խմ), որի մի կողմը կլորացված է եղել: Ամրոցի հյուսիսարեւելյան կողմում մի փոքր աղբյուր կա: Հնարավոր է տեղային է, սակայն ըստ պատմածի՝ գյուղից ավելի վերեւ գտնվող Քոռ աղբյուրից են ջուրը հասցրել այստեղ:

Դարձյալ տարեցների պատմելով՝ այս աղբյուրի շրջակայքում վարելիս գտել են կավե փողրակների կտորներ, եւ ենթադրվում է, որ ջուրը այդ կավե խողովակներով բերվել է ամրոց։ Օրվա ընթացքում հետազոտելով տարածքը՝ պարզվեց՝ Ալբերդից հարավ ձգվող ձորալանջին մոտ 1 կմ, հնարավոր է ավելի երկար պարիսպ է ձգվել: Մոտ 1 մ լայնությամբ պարսպի հիմքերը երեւում են: Որոշ հատվածներում ժամանակին քանդել են պարիսպը, քարերն օգտագործել մոտակա տները, ցանկապատերը կառուցելու համար: Ամրոցի չափերին մոտ 2 տարածք դարձյալ ժամանակին բնակատեղիներ են եղել: Դարձյալ հնագետ-մասնագետների ուսումնասիրությունն է պետք: Նույն 2 հատվածներում նաեւ դամբարանների հետքեր կան: Այս տարածքները նույնպես խորհրդային տարիներին, երեւի ավելի վաղ շրջանում օգտագործվել են որպես արտատեղեր, եւ հնավայրը տուժել է: Սակայն պահպանված պարսպի հիմքերը, բնակելի հատվածի փոսորակները, դամբարանների առկայությունը կտան հնարավորություն առավել ուսումնասիրելու եւ որոշ հարցերի պատասխաններ գտնելու համար:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]