«Կարծում եմ՝ իր հայտարարություններով պիտի զբաղվեն իրավապահ մարմինները». ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների մասին

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի նախօրեին արված ուշագրավ հայտարարություններն իրարամերժ գնահատականների են արժանացել հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում:

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը Livenews.am-ի հետ զրույցում մասնավորապես հայտարարել է, որ 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել իշխանության բռնազավթում: Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սէֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաև` իրեն և իր նմաններին.

«Որ, տեսեք, ես ունեմ մարտական թև, կարող եմ մի փոքր հրաման տալ, և «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն: Ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ` Նիկոլ Փաշինյանի կողմնակից «Սասնա ծռեր»-ին` չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկել, րոպե առաջ պատասխան են տալու»:

Հարցազրույցին հնչեցրած այս և այլ հայտարարությունների վերաբերյալ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից:

Նա մասնավորապես նշեց. «Կարծում եմ՝ իր հայտարարությունների վերաբերյալ պիտի զբաղվեն իրավապահ մարմինները, և իրենք պետք է գնահատական տան, ընդ որում՝ իրավական գնահատական»:

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր նաև, որ վերոնշյալ հարցազրույցի տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազի գրությամբ ուղարկվել է ԱԱԾ տնօրենին՝ դրանում նշված հանգամանքները ստուգելու նպատակով: 168.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել էր Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս