Նախորդ գումարման Ազգային ժողովը անցած տարի այս օրերին վարչապետ ընտրեց հեղափոխական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Ամիսներ անց փոխվեց նաև ԱԺ կազմը, և հեղափոխական թիմը ամբողջությամբ եկավ իշխանության. ի՞նչ ունենք այսօր, ներկայիս կառավարությունը պետականաշինության տեսլական ունի՞, թե՞ ոչ: «Առաջին լրատվական»-ի այս հարցին ի պատասխան՝ «Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության հիմնադիր խմբի անդամ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը մասնավորապես ասաց. «Կարծում եմ՝ մեկ տարի անց ճիշտ ժամանակն է խոսել՝ որքանով է ժողովրդի՝ կառավարությանը ավանսով տրված ժամանակահատվածը իրեն արդարացրել: Արդյոք այդ՝ ավանսով տրված ժամանակը հասարակությունը այլևս սպառե՞լ է, և որքանո՞վ է այն իշխանությունը, որը մենք ձևավորել ենք, կարծես թե, համապատասխանում իր նախընտրական գաղափարական ծրագրային դրույթներին»:
Անդրադառնալով մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի՝ ամփոփիչ ասուլիսում ներկայացված տվյալներին՝ բյուջետային մուտքերի, գերավճարների վերադարձի, ստեղծված կամ հարկային դաշտ բերված աշխատատեղերի առումով, քաղաքագետը նշեց. «Նիկոլ Փաշինյանը և այսօրվա իշխանությունները շատ լավ գիտեն քննադատության գինը, առավել ևս՝ քննադատության ավերիչ գինը, և ես տպավորություն ունեմ, որ այդ մեթոդաբանությունը, որ ընտրվել էր 100 նոր փաստեր ներկայացնելու առումով, ինչ-որ չափով ուղղված էր նաև հասարակության սպասումների թե՛ բավարարմանը, թե՛ այդ սպասումների ինչ-որ չափով նորից երկարաձգմանը»:
Մանրամասները՝ տեսանյութում։