ԱԺ պատգամավորների կարգախոսը՝ ճամփորդեք, քանի հնարավորություն կա

Արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված նոր խորհրդարանում կա 132 պատգամավոր։ Այս թիվը նախորդ՝ վեցերորդ գումարման խորհրդարանի պատգամավորների քանակից 27-ով ավելի է։

2018 թվականին ԱԺ պահպանման ծախսերի գծով ընթացիկ ծախսերի համար հատկացվել է 4 մլրդ 645 մլն  204 հազար 500 դրամ, որից միայն 3 մլրդ 33 մլն 802 հազար 800 դրամը՝ չոր աշխատավարձ։ Իսկ 2019-ի բյուջեով այդ թիվն ավելացել է՝ հասնելով 4 մլրդ 968 մլն 459 հազար 400 դրամի, որից 3 մլրդ 632 մլն 45 հազար 700 դրամն է աշխատանքի վարձատրության գումար։ Բայց 2019-ի բյուջեն ընդունելիս չգիտեին՝ քանի պատգամավոր կունենա խորհրդարանը։

2018թ. դեկտեմբերին Ազգային ժողովից (ԱԺ) hraparak.am-ին տեղեկացրել էին, որ 308 մլն դրամ է պահանջվելու այդ ավելացած 27 պատգամավորի ծախսերը փակելու համար։ Դրա մեջ մտնում է պատգամավորների աշխատավարձը, նաև ամսական 50 հազար դրամ պատգամավորական վճար, ինչպես նաև պատգամավորների օգնականների աշխատավարձը՝ 198 հազար 500 դրամ։

Բայց պատգամավորների վրա ծախսերը միայն այսքանով չեն ավարտվում։ Պետությունը գումար է ծախսում նաև նրանց գործուղումների վրա, այդ գործուղումների ժամանակ տրամադրված օրապահիկների վրա։

Ու քանի որ 2019-ի բյուջեով այդ գումարը նախատեսված չէր, ԱԺ աշխատակազմը դիմել էր ՀՀ Ֆինանսների նախարարությանը, որպեսզի պահուստային ֆոնդից իրենց լրացուցիչ գումար հատկացնեն։

Եվ ահա Կառավարության մայիսի 19-ի նիստին չզեկուցվող հարցերի շրջանակներում որոշում կայացվեց ՀՀ Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Ազգային ժողովին հատկացնել 892 միլիոն 628 հազար դրամ, որից՝ առաջին կիսամյակում՝ 434 միլիոն 606 հազար դրամ, ինն ամսում՝ 695 միլիոն 809 հազար դրամ:

Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը պայմանավորված է յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և երկու մշտական հանձնաժողովների թվի ավելացմամբ ՀՀ Ազգային ժողովի 2019թ. բյուջեում առաջացած պակասուրդով:

Այդ գումարից «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով կհատկացվի 94,309.7 հազ. դրամ, 4222 «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով՝ 301,802.0 հազ. դրամ, որից 118,285.7 հազ. Դրամը՝ պայմանավորված պատգամավորների թվի, և 183,516.3 հազ. դրամը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցերի (Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա (Ստրասբուրգ), Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ) ավելացմամբ։

Բացի դրանից, ըստ հիմնավորման, «ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման իրականացման համար անհրաժեշտ է 848,729.9 հազ. դրամ, այդ թվում՝ 4111 «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով 403,152.9 հազ. դրամ՝ պայմանավորված 59 հաստիքի ավելացմամբ և վեցերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին և պատգամավորների օգնականներին վճարված վերջնահաշվարկներով։

«Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով կհատկացվի 3,265.3 հազ. դրամ, 4729 «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով՝ 46,200.0 հազ. դրամ՝ պայմանավորված 27 պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման վճարի (16,200.0 հազ. դրամ) և 25 պատգամավորի բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման (30,000 հազ. դրամ) գումարներով։

«ՀՀ Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման իրականացման համար «Վարչական սարքավորումներ» հոդվածով անհրաժեշտ է 43,899.0 հազ. դրամ, որից 29,500.0 հազ. դրամը՝ համակարգիչներ և տպիչ սարքեր ձեռք բերելու, և 14,399.0 հազ. Դրամը՝ աշխատասենյակների կահավորման նպատակով: 

Ուշագրավ փաստեր ԱԺ պատգամավորների գործուղումներից

168.am-ը ԱԺ պաշտոնական կայքում փորձեց ուսումնասիրել վերջին մի քանի օրերի ԱԺ պատգամավորների գործուղումների պատկերը և բավականին ուշագրավ պատկեր հայտնաբերեց։

Այսպես՝ Եվրոպական խորհրդարանական համաժողովի կողմից կազմակերպվող «Համապարփակ առողջապահական ապահովագրություն, առողջապահության ֆինանսավորում, իմունիզացիա, ժողովրդագրություն և զարգացում» թեմայով խորհրդարանական քննարկմանը մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 22-29-ը ներառյալ Լուսակա (Զամբիայի Հանրապետություն) և Արաբական Միացյալ Էմիրությունների պետական նախարար Ահմեդ Բին Մոհամեդ Ալջարուայի հետ հանդիպում ունենալու համար 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի-2-ը ներառյալ Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ) կգործուղվի ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

Անկեղծ ասած՝ այնքան էլ լավ չենք պատկերացնում Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում մեկ շաբաթ մնալու էֆեկտը կամ անհրաժեշտությունը, բայց եթե դրանից հետո եռօրյա վերականգնողական շրջանը Դուբայում է անցնելու, երևի թե արժե փաստորեն։

Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի և «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվող «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը մասնակցելու համար հունիսի 24-28-ը ներառյալ Տոկիո (Ճապոնիա) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի և համայնքային միավորումների համառուսական կոնգրեսի համատեղ համաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 27-28-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 27-28-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը (հունիսի 27-29-ը ներառյալ), ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Արթուր Դավթյանը, Սարիկ Մինասյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Արկադի Խաչատրյանը:

Ռումինիայի և Բուլղարիայի խորհրդարանների պատգամավորների հետ հանդիպումներ ունենալու համար 2019 թվականի հունիսի 25-ին՝ Բուխարեստ (Ռումինիա), և 2019 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ՝ Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Սարգիս Խանդանյանը:

Այսինքն՝ 8-10 օրերի կտրվածքն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ այդ օրերի ընթացքում 18 պատգամավոր գործուղումների են. կյանքը, ըստ էության, եռում է ԱԺ-ում։

Սակայն ամենաուշագրավը մեր տեսած վերջին հաղորդագրությունն էր։

Այսպես՝ «Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների կուսակցությունների դաշինքի» խորհրդի նիստին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 27-29-ը ներառյալ Ցյուրիխ (Շվեյցարիայի Համադաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Որպեսզի ավելի պարզ լինի, նշենք, որ, փաստորեն, պետբյուջեի հաշվին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կուսակցական գործուղման է մեկնում։

Չենք հիշում, որ նախկինում որևէ մեկը կուսակցական գործուղման մեկներ, ենթադրենք, եվրոպական կուսակցություններից որևէ մեկի հետ համագործակցության նպատակով հարկատուների հարկերից գոյացած պետական բյուջեի հաշվին։

Փաստորեն, պատգամավոր լինելը ոչ թե տաժանակիր աշխատանք է, ինչպես ներկայացնում են մեր ազգընտիրներից շատերը, այլ շատ էլ օգտակար, հաճելի ու շահավետ ժամանցի ձև։

Տեսանյութեր

Լրահոս