Խաչփար գյուղի բնակիչը մեղադրում է ոստիկաններին իրենից ծեծով ցուցմունք կորզելու մեջ

Խաչփար գյուղի բնակիչը մեղադրում է ոստիկաններին իրենից ծեծով ցուցմունք կորզելու մեջ

PanARMENIAN.Net - Խաչփար գյուղի բնակիչ Պետրոս Տոնյանը նոյեմբերի 6-ին զանգել էր PanARMENIAN.Net ի խմբագրություն՝ հայտնելով, որ կառավարության շենքի առջև ընկերոջ հետ բողոքի ակցիա է իրականացնում՝ քանի որ ոստիկանության Մասիսի բաժնում իրեն ծեծել են՝ ստիպելով ընդունել, որ գյուղապետի տնից գողություն է արել: Արդեն Կառավարության շենքի առջև «Պահանջում եմ լրատվամիջոց» պաստառով ակցիա իրականացնող Տոնյանն ասաց, որ ուզում է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինայնին, քանի որ իրեն բռնության են ենթարկել և ցուցմունք կորզել:

«Խաչփար գյուղի գյուղապետի բակից «կաբել» են գողացել, պարարտանյութ, ցորեն, ինձ քրեականի պետը տարել է, մի կաբինետ են մտցրել, ապտակել են ու անբարո խոսքեր ասել, ես վախից ասել եմ, որ ես եմ արել, որ էդ վիճակից դուրս գամ»,- ասում է Տոնյանը՝ հավելելով, որ երեկ նորից իրեն ասել են՝ բողոք գրիր, բայց թող պաշտպանը չիմանա:

Տոնյանն ասում է, որ վախից ոստիկանություն չի զանգել, սակայն դեպքից երկու ամիս անց, որոշել է բողոքել, քանի որ ուզում է, որ ոստիկանությունից պատասխան տան, թե ինչու են «չարած բանի համար ծեծել և ցուցմունք կորզել»: Տոնյանի խոսքով՝ ինքը դպրոց չի գնացել, կարդալ, գրել չգիտի ու համոզված չէ, որ ոստիկանությունում իր համար հենց իր ցուցմունքն են կարդացել:

«Իրանք իրավունք չունեն ինձ մատով կպնել, ստիպել են որ ընկերոջս վրա ցուցմունք գրեմ, որ երկուսով ենք գողացել: Իրանց պատճառով ցուցմունք եմ տվել, թող էդ ցուցմունքը հետ վերցնեն: Ես վարչապետից ու կառավարությունից խնդրում եմ, որ իմ անվտանգությունն ապահովեն»,- ասում է Տոնյանը՝ պնդելով, որ ակցիայից հետո գյուղապետն ու ոստիկանությունը կփորձեն իր հետ հաշվեհարդար տեսնել:

Տոնյանի ընկերը՝ Նիկոլայ Կարապետյանը ևս նույն պահանջով է կառավարության շենքի առջև, ասում է՝ Մասիսի բաժնում իրեն էլ են բռնության ենթարկել: Ի տարբերություն ընկերոջ՝ Կարապետյանը չի ընդունել գյուղապետի տնից գողություն անելու մեղադրանքը: Նիկոլայ Կարապետյանը ասում է՝ նախկինում ինքն իրոք գողության համար դատվածություն է ունեցել, «երեխայական բան է արել», հիմա այդպիսի բաներ չի անում:

«Գյուղապետի մոտ աշխատել եմ 9 տարի, աշխատանքից դուրս եկա, գյուղում «շուխուր» գցեց, ասեց՝ քեզ պետք ա նստացնեմ՝ ընկերոջդ միջոցով»,-ասում է Կարապետյանը:

Տոնոյանը պնդում է, շարունակելու է բողոքել՝ պահանջելով արդարություն: Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին սակայն, իրեն տրամադրված հանրային պաշտպանին՝ Անի Գրիգորյանին չի տեղեկացրել բռնության կամ ծեծի մասին:

«Ես նման բաներից տեղյակ չեմ: Տեղյակ եմ այնքանով, որ իմ ներկայությամբ քննչական և դատավարական գործողություններ են ներկայացվել: Մնացած բաներն իմ պաշտպանյալի կողմից ինձ չի ներկայացվել: Բռնության մասին տեղեկատվություն հասու չէ, հարցրել եմ՝ նորմալ է անցել, ասել է՝ այո»,- ասում է Անի Գրիգորյանը՝ շեշտելով, որ այլ հանգամանքներից ինքը տեղեկություն չունի:

Ոստիկանության Մասիսի բաժնի պետ, գնդապետ Գևորգ Պողոսյանը հերքում է ընկերների խոսքերը, թե նրանց բաժնում բռնության են ենթարկել: Պողոսյանի խոսքով՝ գողության դեպքը եղել է հունիս ամսին, երբ ընկերներն աշխատել են գյուղապետի տանը:

«Շինարարական աղբի անվան տակ ցորենը, մալուխները, բարձել են, մեքենայով տարել են: Դեպքից հետո բաժնում հաղորդում են տվել, քրգործ է հարուցվել: Տոնյանը պատմել է, որ ինքն ու ընկերը գողություն են արել, հետո նախաքննության վերջում հրաժարվել է ցուցմունքներից»,- ասում է Պողոսյանը՝ հավելելով, որ Տոնյանի մայրն էլ է գրել, որ գողացված մալուխներն այրել են իրենց բակում:

Գևորգ Պողոսյանի խոսքով՝ քրգործը դեռ ընթացքի մեջ է, իսկ Տոնյանին իրոք կանչել են ոստիկանության բաժին, ասել են, որ գնա քննիչին ներկայանա: Հարցին, թե եղել է պահանջ, որ առանց պաշտպանի ներկայանա, Պողոսյանն ասաց՝ քննիչը առանց պաշտպանի չի լսի իրեն, դա դատավարության նորմ է:

Խաչփարի գյուղապետն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետը նշում են՝ ընկերներից մեկը՝ Նիկոլայ Կարապետյանը, մի քանի անգամ մեղադրվել է գողության, մեկ անգամ էլ անչափահասի նկատմամաբ սեռական բնույթի գործողությունների համար:

Ընկերները մինչ 16:30-ը կառավարության շենքի առջև էին, իրենց խոսքով՝ ընդունարանում դիմում էին գրում վարչապետին, հետո կգնան տուն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---