211652_close_icon
views-count1714 դիտում article-date 19:12 26-06-2019

Արցախի խորհրդարանը պատրաստվում է նստաշրջանի եզրափակիչ նիստին

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է հերթական նիստում քննարկվելիք պարտադիր հարցերի ցանկը. ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություն, Հաշվեքննիչ պալատի 2018թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում և ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան: Այնուհետև օրինագծերի պատրաստության և դրանց շուրջ հանձնաժողովային քննարումների վերաբերյալ պարզաբանումներ են տվել մշտական հանձնաժողովների պատասխանատուները: Այդպիսով՝ հերթական նիստի օրակարգի նախագծում տեղ է գտել 13 օրենսդրական նախաձեռնություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև խորհրդրանական գործունեությանն ու աշխատանքների կազմակերպանն առնչվող այլ հարցեր: Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ 9-րդ նստաշրջանի վերջին նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 27-ին ժամը 11:00-ին: Այսօր՝ ավելի վաղ, Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Խոսելով «Հանրաքվեի մասին» ԱՀ օրենքի նախագծի մասին՝ նախարարը նշել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ է ստացել պատգամավորներ Էդուարդ Աղաբեկյանից, Գագիկ Բաղունցից և «Դաշնակցություն» խմբակցությունից: Նախարարը նիստի ընթացքում պարզաբանումներ է ներկայացրել վերոնշյալ առաջարկները չընդունելու առնչությամբ և պատասխանել պատգամավորների հարցերին: Հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Հանձնաժողովի նիստի օրակարգային մյուս հարցը պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի հեղինակած՝ «ԼՂՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծն էր, որի քննարկումը, սակայն, հեղինակի առաջարկով, հետաձգվել է մինչև «Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ԱՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը: Նախարարը հաջորդիվ ներկայացրել է «Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ԱՀ օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով: Պատգամավորները քննարկել և հանդես են եկել առաջարկություններով: Հանձնաժողովը դրական ընթերցմամբ հավանություն է տվել օրինագիծն առաջին ընթերցմամբ հերթական նիստի օրակարգում ներառելուն: Քննարկվել և հանձնաժողովի դրական եզրակացությանն է արժանացել նաև «ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ ուղեկցող փաթեթով: Արարատ Դանիելյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Կուսակցությունների մասին» ԱՀ օրենքի նախագիծը և առաջարկել այն քննարկել առաջին ընթերցմամբ: Այս նախագիծը ևս հավանություն է ստացել՝ հերթական նիստի օրակարգում ընդգրկվելու համար:

Նմանատիպ նյութեր