News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճին հարակից նախասրահում ընթանում է Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 11.00-ին եւ կտեւի մինչեւ ժամը 11.40-ը:

Քվեաթերթիկում առկա է մեկ անուն՝ Ելիզավետա Դանիելյան: Պատգամավորները կարող են նրան կողմ կամ դեմ քվեարկել:

Հիշեցնենք, որ նախօրեին Ելիզավետա Դանիելյանը ԱԺ-ում հանդես է եկել ելույթով եւ պատասխանել պատգամավորների հարցերին:

 «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը որոշել է չմասնակցել ՍԴ դատավորի ընտրությանը:

Իր հերթին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ հաշվի առնելով, որ ՍԴ անդամի թեկնածուն որեւէ հարցի հստակ պատասխան չտվեց, չտեսանք, որ նա կարող է ունենալ սեփական կարիք լրջագույն կարծիք կարեւոր հարցերի վերաբերյալ, «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որը սակայն ԱԺ-ն չհաստատեց՝ բավարար թվով ձայներ նրա օգտին չտալով:

Հիմա արդեն, Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի թեկնածությունը:

Նկատենք, որ ՍԴ անդամի թեկնածությունը ԱԺ-ում պետք է հաստատվի 3/5-րդով, այսինքն անհրաժեշտ է լինելու 63 կողմ ձայն:

Եթե Ելիզավետա Դանիելյանը եւս չստանա 63 կողմ ձայներ, ապա կստացվի, որ ՍԴ-ում երկու տեղ թափուր կմնա:

ՍԴ անդամի ընտրության հարցը բավական երկար քննարկումների առիթ է տվել: Ավելի քան 200 փաստաբաններ նամակով դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով այդ պաշտոնի համար մրցույթ անցկացնել եւ նշել, որ իրենց նախընտրելի թեկնածուն փաստաբան Վահե Գրիգորյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ