Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Երևանի կարևոր քայլը դեպի Իսրայել․ Թել Ավիվում դեսպանատան բացումը լայն հնարավորություններ կընձեռի ՀՀ-ին

Հայաստանը վերջապես դեսպանություն կբացի Իսրայելում։ Այս մասին ՀՀ կառավարության նախորդ շաբաթվա նիստի ընթացքում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ասելով, որ Իսրայելում հայկական դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Իսրայելը Մերձավոր Արևելքում կարևոր աշխարհաքաղաքական դերակատար է, որի վարած քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և կայունության վրա: Իսրայել պետությունում ՀՀ դեսպանություն հիմնելը, ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, միտված է ապահովելու Հայաստանի մասնակցությունը բազմադարյա հայկական ներկայությանը պետական մակարդակով։

Ավետյաց երկրում ռեզիդենտ դեսպան և դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու հարցը արդեն բավական ժամանակ՝ մոտ երկու-երեք տարի քննարկվում է[1] հայկական մամուլում, և դրա հիմնավորումներն էլ մասնագետները նշում էին, բայց գործնական քայլեր չէին նկատվում։ Ըստ ամենայնի, գործընթացը իրականացվել է գաղտնի ռեժիմով, որովհետև ինչպես արտգործնախարարն է ասել՝ ԱԳՆ-ն բավական երկար ժամանակ պատրաստվում էր Իսրայելում դեսպանություն բացելուն։

Ի դեպ, դեսպանատունը լինելու է ոչ թե Երուսաղեմում, որը հրեական պետությունը համարում է իր մայրաքաղաքը, այլ Թել Ավիվը, որտեղ տեղակայված են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների մեծ մասի դիվանագիտական ներկայացուցչությունները։ Սա, իհարկե, փոքր-ինչ այլ ուղղությամբ տանող բարդ հարց է։ Հիշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թ․ դեկտեմբերին հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին։ Թրամփի այս հայտարարությունից հետո ՄԱԿ-ում հրավիրվեց Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունվեց Թրամփի հայտարարությունը մերժող բանաձև։ Հայաստանը, ի թիվս 128 այլ երկրների, կողմ քվեարկեց Թրամփի որոշումը դատապարտող բանաձևի ընդունմանը։ Այս կարևոր ենթահարցը կթողնենք մեկ այլ առիթի համար։

Իսկ առայժմ առաջնահերթ այլ հարցեր կան՝

1) ի՞նչ գործոններ նպաստեցին Փաշինյանի վարչակազմի կողմից այս կարևոր որոշումն ընդունելու համար, սա միայն նոր կառավարության որոշումն էր, թե՞ նախկին ղեկավարության սկսած քաղաքականության տրամաբանական շարունակությունը,

2) դեսպանություն բացելու որոշումը որքանո՞վ կնպաստի հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների զարգացմանը, կամ արտացոլո՞ւմ է արդյոք հարաբերությունների բարձրացումը նոր մակարդակի վրա,

3) ինչպե՞ս կարձագանքի Իրանը, սա խնդիրներ կառաջացնի՞ հայ-իրանական հարաբերություններում։

Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արևելագետ Արմեն Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, Իսրայելում դեսպանություն բացելու անհրաժեշտության մասին բավական երկար ժամանակ խոսում էինք, բայց առաջընթաց այս հարցում չէր երևում։ Ի՞նչն է ազդել այս որոշման ընդունման վրա, ինչո՞վ է այն պայմանավորված։ Սա նոր թափ կհաղորդի՞ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմանը։

– Իսրայելում դեսպանատուն բացելու հարցի շուրջ ակտիվ քննարկումները սկսվել են դեռևս 2017 թվականից: Դեռ այն ժամանակվանից քննարկվում էր հրեական պետությունում ՀՀ դեսպանություն բացելու հարցը։ Մենք գիտենք, որ մինչ այդ Իսրայելում ՀՀ դիվանագիտական գործառույթներն ապահովում էր Կահիրեում մեր ներկայացուցչությունը, իսկ 2018 թ․ գարնանը Իսրայել պետությունում ՀՀ դեսպան նշանակվեց Արմեն Սմբատյանը, որի նստավայրը Երևանն էր։ Պետք է նշել, որ դեսպանության բացումը տևական գործընթաց էր։ Նախորդ իշխանություններն այդպես էլ չհասցրին կյանքի կոչել Թել Ավիվում դեսպանատուն բացելու քաղաքական որոշումը։ Նոր կառավարությունը ևս իր արտաքին քաղաքական ուղեգծում նշել է մերձավորարևելյան քաղաքականության ակտիվացման անհրաժեշտությունը և թե՛ Իսրայելի հետ հարաբերությունների խորացումն ու դեսպանատան բացումը, թե՛ մի շարք արաբական և մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների հաստատում կամ խորացում։ Այսինքն՝ և՛ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, և՛ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը, և՛ ՀՀ շահերն ու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները օրակարգային դարձրին Թել Ավիվում դեսպանատան բացումը, որի որոշումը փաստացի կայացվել է։

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե դա ի՞նչ կտա Հայաստանին և հայ-իսրայելական հարաբերություններին, ապա հարցը պետք է դիտարկել մի քանի ուղղություններով։ Նախ՝ հայկական դեսպանության առկայությունը Թել Ավիվում, հեռանկարում՝ նաև Իսրայելի դեսպանության ստեղծումը Երևանում, ուղղակիորեն շատ ավելի լայն հնարավորություններ և ընդարձակ օրակարգ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին, կնպաստեն նոր պայմանավորվածությունների ձեռքբերմանը և կայացված որոշումների՝ առավել արագ իրագործմանը և նոր ուղղություններով հարաբերությունների զարգացմանը։ Մյուս կողմից, Հայաստանի համար կապահովեն առավել առարկայական հնարավորություններ՝ Իսրայելում հետևողական լինելու մեր ազգային շահերի պահպանմանը, այն է՝ հայկական համայնքի խնդիրների կարգավորմանը, մեր համայնքին պատկանող եկեղեցական, մշակութային կառույցների պահպանմանը, անհրաժեշտության դեպքում՝ նաև անվտանգության, գույքային և այլ խնդիրների լուծմանը։

Մյուս կողմից, շատ ավելի առարկայական հնարավորությունները կընձեռվեն հետևելու Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ընթացքին, և մեզ համար խնդրահարույց ուղղությունների առկայության դեպքում կստեղծվեն ավելի լայն հնարավորություններ դրանք կանխելու համար։ Բացի դրանից՝ շատ ավելի առարկայական հնարավորություններ կստեղծվի նաև հրեական լոբբիի հետ տարբեր ոլորտներում համագործակցության մեխանիզմներ հաստատելու համար։ Այսպիսով, բոլոր առումներով բավական մեծ հնարավորություններ են ստեղծվում ՀՀ-ի համար։ Այնպես որ, հայկական դեսպանատան բացումը Թել Ավիվում, միանշանակ, դրական քայլ է և բխում է ՀՀ շահերից։

– Ինչպես Դուք նշեցիք՝ 2017 թվականից հայ-իսրայելական հարաբերությունների խորացման ու դեսպանատուն բացելու հարցերը ակտիվորեն քննարկվում են մեր մամուլում, փորձագիտական շրջանակներում։ Թվում է, թե Իսրայելը բավական հեռանկարային ուղղություն է։ Եվ արտգործնախարարն այս քայլը բացատրեց այն հանգամանքով, որ Իսրայելը կարևոր աշխարհաքաղաքական դերակատար է մերձավորարևելյան տարածաշրջանում։ Բայց ունի՞ արդյոք Հայաստանը կոնկրետ քաղաքականություն մերձավորարևելյան տարածաշրջանի մասին, որպեսզի այդ քաղաքականության շրջանակներում փորձենք ակտիվ խաղացող դառնալ այնտեղ և մեր շահերը հետապնդենք։
– Այս հարցը պետք է դիտարկել երկու հարթությունում։ Առաջինը երկկողմ հարաբերությունների հարթությունն է։ Այնուամենայնիվ, անկախ ՀՀ տարածաշրջանային քաղաքականության առկայությունից կամ դրա դրսևորման հնարավորություններից, դրա վերախմբագրման միտումներից՝ մենք խնդիր ունենք Իսրայելի հետ մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում ավելի խորացնելու։ Իսկ դեսպանատների բացումը միանշանակորեն նպաստելու է դրան։

Երկրորդ, հարցը պիտի դիտարկվի տարածաշրջանային գործընթացների տեսանկյունից։ Իսրայելը բավական ակտիվ դերակատար է այս տարածաշրջանում։ Իսրայելն այսօր սեփական խնդիրները լուծում է մի քանի երկրներում։ Դիցուք՝ այնպիսի երկրներում, մասնավորապես՝ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, որտեղ կան նաև հոծ հայկական համայնքներ։ Եվ չի բացառվում, որ տարածաշրջանային հակամարտությունների թեժացման պարագայում, որոնցում ուղղակիորեն կարող է ներգրավված լինել Իսրայելը, վերջինիս գործողությունները որոշակիորեն սպառնան նշածս երկրների հայ համայնքներին։ Եվ անգամ այս անվտանգության քաղաքականության իրականացման տեսանկյունից կարևոր է Թել Ավիվում ուղղակի դեսպանատուն ունենալը։

Մյուս կողմից, սա հնարավորություններ է ստեղծվում Հայաստանի համար որոշակի միջնորդական քաղաքականություն իրականացնել Իսրայելի և այն արաբական, մուսուլմանական երկրների միջև, որոնք ունեն խնդիրներ Իսրայելի հետ։ Այսինքն՝ նաև ստեղծվում է լայն դիվանագիտական դաշտ, և այդ դիվանագիտությունը մեր կողմից գրագետ կերպով իրականացնելու դեպքում միայն ու միայն հաջողություններ ու հաղթաթղթեր կապահովեն ՀՀ արտաքին քաղաքականության համար։

– Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը ողջունել է իր երկրում դեսպանություն բացելու Հայաստանի որոշումը՝ նշելով, որ այս քայլն արտացոլում է երկկողմ հարաբերությունների զգալի առաջընթացը վերջին մեկ տարվա ընթացքում։

– Այո, ու նաև ավելացրել է, որ դրանով Իսրայելի կշիռն է աճում ամբողջ աշխարհում, քանի որ Հայաստանի դեսպանատունը կլինի 90-րդ արտասահմանյան դեսպանատունը Իսրայելում։ Բնական է, որ պետք է ողջունեն, որովհետև հատկապես Նեթանյահուի պաշտոնավարման ընթացքում բավական լուրջ, էական քայլեր են իրականացվել Իսրայելի միջազգային մեկուսացումը թոթափելու և տարբեր ուղղություններում նոր հարաբերություններ հաստատելու ու եղած հարաբերությունը ավելի խորացնելու ուղղությամբ։ Մինչդեռ այստեղ կա բավական հետաքրքիր նրբություն․ Իսրայելի հետ հարաբերություններում շատ ավելի լայն նախաձեռնողականություն է ցուցաբերել հայկական կողմը, քան թե իսրայելականը, ինչը կարելի պայմանավորել, բնականաբար, առաջին հերթին Երևանի առավել մեծ շահերով Իսրայելում, քան հակառակը։ Եվ բնական է, որ իսրայելական կողմը պետք է ողջուներ Երևանի կողմից դեսպանատան բացման գործընթացը, և այս դրական, բարենպաստ իրավիճակը, որն այսօր առկա է, դրական հույսեր է ներշնչում, որ երկկողմ հարաբերությունները հավելյալ թափ կստանան, եթե դեսպանատները բացվեն հատկապես երկու մայրաքաղաքներում։

– Որո՞նք են, Ձեր կարծիքով, համագործակցության այն ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Ասենք՝ գյուղատնտեսություն, ՏՏ, բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն։

– Այո, այո։ Ես համոզված եմ, որ կա փոխադարձ հետաքրքրություն զարգացնելու երկկողմ համագործակցությունը տնտեսության բազմաթիվ ճյուղերում՝ և՛ տեխնոլոգիական, և՛ գյուղատնտեսության, և՛ զբոսաշրջության, և՛ առողջապահության և՛ մի շարք այլ ոլորտներում։ Այսինքն՝ կան հնարավորություններ, որոնք լայն դաշտ են բացում երկկողմ համագործակցության համար։ Բայց կրկնում եմ՝ միայն դեսպանատան բացելը բավարար չէ երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Անգամ դեսպանատուն բացելուց հետո պահանջվելու է մասնագիտական քրտնաջան աշխատանք, որպեսզի այդ հնարավորությունները առարկայացվեն, և հարաբերությունները զարգանան առարկայական հունով։

– Իսկ Իրանը, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարձագանքի կամ կարձագանքի՞ ինչ-որ կերպ, թե՞ ոչ։ Հայ-իսրայելական հարաբերությունների զարգացումը և դիվանագիտական ներկայացուցչության բացումը Իսրայելում խնդիրներ կառաջացնի՞ հայ-իրանական հարաբերություններում։

– Բնականաբար, չարժե ակնկալել, որ Իրանը կողջունի դեսպանատների բացումը Իսրայելում և Հայաստանում։ Այսուհանդերձ, պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է և անկախ է նաև արտաքին քաղաքականություն վարելու հարցում ու ինքն է որոշում՝ որ երկրի ինչ մակարդակով զարգացնել հարաբերությունները։ Եվ մեր ցանկացած բարեկամ, դաշնակից երկիր կամ ոչ բարեկամ երկիր պետք է հաշվի նստի այս իրողության հետ։

Մյուս կողմից, իհարկե, պետք չէ մոռանալ, որ Իրանը մեզ համար շատ կարևոր երկիր է, և մենք ունենք բավական զարգացած ու բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական հարաբերություններ այդ երկրի հետ։ Նաև ունենք շատ գործուն ու կայացած մեխանիզմներ՝ անհրաժեշտության հիմնավորելու և մեկնաբանելու մեր ցանկացած որոշման անհրաժեշտությունը՝ ինչպես իրանական կողմին, այնպես էլ ցանկացած այլ երկրի, որի մոտ կարող են հարցեր առաջանալ մեր արտաքին քաղաքականության օրակարգում իրականացված քայլերի առնչությամբ։

Բայցևայնպես, ցանկանում եմ նշել, որ ընդհանուր առմամբ ՀՀ-ն, այդ թվում՝ Իրանի հետ հարաբերություններում, անկախության վերանվաճումից ի վեր հաստատել է իր սկզբունքայնությունը և վստահելիությունը ցանկացած բնույթի հարաբերություններում։ Եվ այն, որ ՀՀ-ն վստահելի գործընկեր է, ՀՀ-ն երբեք դավադրությունների մասնակից չի լինում, ի տարբերություն մեր տարածաշրջանի այլ երկրների, պատմությամբ ապացուցված իրողություն է։ Եվ որևէ երկիր՝ լինի բարեկամ, գործընկեր, դաշնակից, թե ոչ բարեկամ, չի կարող կասկածներ ունենալ Հայաստանի այս քաղաքականության և սկզբունքայնության առնչությամբ։ Ու նորից կկրկնեմ, որ Հայաստանի ու Իրանի համար ոչ բարեկամական երկրի հարաբերությունների զարգացումն ու խորացումը նաև հնարավորություններ է ստեղծում թշնամական հարաբերություններ ունեցող այս երկու երկրների՝ Իրանի և Իսրայելի միջև կամուրջ դառնալու և անհրաժեշտության դեպքում նպաստելու առկա խնդիրների կարգավորմանը։ Անշուշտ, դա հնարավոր կլինի միայն երկու կողմերից դրա ցանկության և առաջարկի դեպքում։

– Կան իսրայելցի քաղաքագետներ, ովքեր ևս կարծում են, որ Հայաստանը կարող է կապող կամուրջ դառնալ Իսրայելի և Իրանի միջև։ Բայց իրատեսակա՞ն է արդյոք այսօր խոսել Իսրայել-Իրան հարաբերությունների կարգավորման մասին։

– Չեմ կարծում, թե ներկայիս իրավիճակում իրական ակնկալել, որ այս երկու երկրների միջև հարաբերություններն ու խնդիրները կարող են կարգավորվել, քանի որ ակնհայտորեն տարածաշրջանում իրականացվում է Իրանի մեկուսացման քաղաքականություն՝ նախաձեռնված Միացյալ Նահանգների կողմից, և այդ քաղաքականության ակտիվ դերակատարներից մեկն էլ Իսրայելն է։ Ստեղծված իրավիճակում, չեմ կարծում, որ կան հնարավորություններ երկկողմ հարաբերությունների կարգավորման և առավել ևս՝ ՀՀ-ի կողմից միջնորդական առաքելության իրականացման համար։ Այդ առաքելությունն այսօր փորձում են կատարել միջազգային քաղաքականության շատ ավելի լուրջ դերակատարներ, բայց առայժմ լուրջ հաջողության չեն հասել։

Ընդհանրապես, Իսրայել-Իրան հարաբերությունների կարգավորումը, իմ խորին համոզմամբ, ենթադրում է համալիր գործընթաց։ Այսինքն՝ դա լինելու է համընդհանուր գործընթացի արդյունքում, որին մասնակից կլինի ոչ միայն առանձին Իսրայելը, այլև այն բոլոր երկրները, որոնք խնդիրներ ունեն Իրանի հետ։ Կարգավորումը հազիվ թե ենթադրի երկկողմ ձևաչափ։ Բայցևայնպես, առանձին հարցերի դեպքում, կարծում եմ, Հայաստանը կարող է որոշակի դերակատարություն ունենալ ու միջնորդություն իրականացնել։

Հղումներ՝

[1] Տե՛ս նաև՝ «Մենք խոսելու, բանավիճելու շատ թեմաներ ունենք Իսրայելի հետ. նախ՝ այնտեղ պիտի բացվի հայկական դեսպանատուն»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում