1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիք գյուղում բացվեց Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան հերոսամարտերի զոհերի հուշարձանը

Գեղարքունիք գյուղում բացվեց Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան 
հերոսամարտերի զոհերի հուշարձանը

ԳԱՎԱՌ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան)-Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղումբարերարությամբ Գեղարքունիք գյուղի նախկին բնակիչ, Ռուսաստանի Դաշնությունում գործարարությամբ զբաղվող Էդիկ Առաքելյանի,  քանդակագործությամբ Հակոբ Հակոբյանի ու վարպետությամբ Վանիկ Գրիգորյանի, հանդիսավորությամբ բացվեց  Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան հերոսամարտերի զոհերի հուշարձանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը, Գեղարքունիքի գյուղապետ Կարապետ Ասատրյանը, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի մանկավարժները եւ աշակերտները, շրջակա համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Գեղարքունիք գյուղի բնակիչներ: Հուշարձանի բացման պատիվը տրվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ բարերար Էդիկ Առաքելյանին: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ  Տեր Ներսես քահանա Սահակյանը: «Ինչպես իր անմահ գրքում գրել է մեր պատմահայր Մովսես Խորենացին, թեեւ մենք ազգով փոքր ենք, սակայն մեր հայրենիքում էլ մեծամեծ գործեր կան կատարված, որոնք արժանի են հիշատակության:Եվ այս նորաբաց հուշարձանը ոգեկոչում է այն հերոս տղաներին, ովքեր իրենց կյանքի գնով փրկեցին մեր հայրենիքը, ազատագրեցին մեր հողը թշնամու չար շնչից: Ես համոզված եմ, որ Արցախյան ազատամարտի հերոսները մի օր սրբադասվելու են ճիշտ այնպես, ինչպես որ սրբադասվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակվածները» ,- օրհնության խոսքում նշեց Տեր Ներսես քահանա Սահակյանը:

«Այսօր  մենք եւս մեկ անգամ հուզմունքի եւ հպարտության պահ ենք ապրում: Այս հուշարձանի բացմամբ մենք հուզմունքով վերհիշեցինք այն ծանր տարիները, երբ մեր ժողովուրդը կենաց-մահու կռիվ էր մղում հայրենիքի փրկության համար: Ու այն հայրենիքը, որ այսօր ունենք, արդյունքն է մեր քաջերի գործած սխրանքների: Նրանք ապացուցեցին, որ մենք հզոր  ժողովուրդ ենք, այնպիսի ժողովուրդ, որը թշնամու ցանկացած ոտնձգության դեպքում կարողանում է վերածվել անպարտելի բանակի: Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել բարերարին՝ նման գեղեցիկ հուշարձան սերունդներին թողնելու, գյուղի հոգսերը թեթեւացնելու համար: Այս հուշարձանը միաժամանակ կխորհրդանշի Գեղարքունիք գյուղի այն հերոսներին, ովքեր զոհվել են Արցախում: Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին ու կամենում, որ այլեւս չլինեն պատերազմներ, իսկ մեր երիտասարդները հաջողություններ ու հաղթանակներ գրանցեն միայն գիտության, արվեստի, մարզական ոլորտներում»,- ներկաներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը:

«Իմ ցանկությունն այն է, որ սերունդները ոչ մի ժամանակ չմոռանան մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով փրկեցին Հայաստանն ու Արցախը, անառիկ պահեցին մեր սահմանները: Բայց այս հուշարձանի կառուցումից հետո շատ ավելի ցանկանում եմ, որ մենք բացենք ոչ թե տխրության, այլ ուրախության հուշարձաններ՝ նվիրված մեր համազգային հաջողություններին: Անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ եմ մաղթում մեր բանակի բոլոր զինվորներին, ովքեր այս պահին աչալուրջ հսկում են մեր սահմանները, երաշխավորում մեր հողի խաղաղությունը »,- նշեց բարերար Էդիկ Առաքելյանը:

Ներկաներին հայրենասիրական ու հեղինակային երգերի կատարմամբ ողջունեց Գեղարքունիք գյուղի զավակ Ժորա Գրիգորյանը, ով հանրությանն առավել հայտնի է Աշուղ Գեւորգ անունով: «Գովելի նախաձեռնություն է հանդես բերել մեր բարերարը՝ սերունդերին թողնելով գեղաքանդակ հուշարձան: Այն մեր հողին առանձնակի ձեւ ու կերպարանք տալու միջոց է , որը պիտի օրինակ ծառայի մյուս գործարարներին, բոլորիս, որպեսզի մտածենք նաեւ մեր գյուղի Սուրբ Գեւորգ խոնարհված եկեղեցու վերականգնման մասին: Ասեմ, որ այս եկեղեցում է մեր գյուղի քահանա Տեր-Արամը աղուհացով դիմավորել Գարեգին Նժդեհին, այս եկեղեցում է պանծալի Նժդեհը բոցաշունչ ելույթ ունեցել: Կուզեմ, որ մեր գյուղի հաջորդ նշանավոր ձեռնարկը լինի մեր եկեղեցու վերականգնումը, քանի որ նրա խոնարհված մնալը մեզ պատիվ չի բերում»,-ներկաներին դիմեց  Աշուղ Գեւորգը:

Գեղարքունիք համայնքի ղեկավար Կարապետ Ասատրյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հովհաննիսյանն իրենց խոսքերում շեշտեցին բարերար Էդիկ Առաքելյանի հանրօգուտ դերը գյուղի կյանքում:

«Էդիկ Առաքելյանը 1995 թվականից ի վեր մեր համայնքից ամեն տարի մոտ 250 հոգու համար աշխատանք է ապահովում արտերկրում՝ նպաստելով մեր գյուղի ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը: Այն , որ վերջին տարիներին մեր համայնքի բյուջեն հավաքագրվում է մինչեւ 100 ու ավելի տոկոսներով, դրանում մեծ դեր ունի մեր բարերարի ստեղծած հնարավորությունը: Նա նաեւ բարեգործություններ է կատարել մեր գյուղի դպրոցում: Մենք մեր անսահման երախտագիտությունն ենք հայտնում Էդիկ Առաքելյանին, ով դեռեւս բարեգործական ու կենսական նշանակության  նոր ծրագրեր է պատրաստվում իրականացնել՝ երբեք չմոռանալով իր հայրենի գյուղի շենացման մասին »,-շեշտեցին բանախոսները:

«Այս հուշարձանը հայ սերունդներին պետք է պատգամի միշտ զգոն եւ ուժեղ լինելու մասին: Աստված մի արասցե, եթե թուրքն անցներ Արցախով ու Հայաստանով: Այդ դեպքում մենք կապրեինք երկրորդ ցեղասպանությունը: Իսկ այն չիրականացավ միայն ու միայն մեր հերոս տղաների շնորհիվ, որոնց գործը պետք է պահպանենք ու շարունակենք սրբորեն»,-ներկաներին դիմեց Արցախյան ազատամարտի մասնակից Անուշավան Հովսեփյանը: Ներկաներին հայրենասիրական երգերով ու ասմունքով ողջունեցին Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]