ՊՆ-ն հերքում է․ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական ուժերի նոր առաջխաղացում չի եղել

ՊՆ-ն հերքում է․ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական ուժերի նոր առաջխաղացում չի եղել

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը հերքել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ուժերի նոր առաջխաղացման մասին լուրերը։

Նշվում է, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում», չի համապատասխանում իրականությանը։

Նշվում է նաև, որ, ինչպես արդեն ներկայացվել է մարտի 21-ին ՀՀ ՊՆ կողմից տարածված պարզաբանման մեջ, սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, հետպատերազմյան շրջանում։

«Ընդ որում, տեղակայման փաստն արձանագրելուց անմիջապես հետո ՀՀ ԶՈւ կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ ադրբեջանական դիրքերը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում նշված տարածքում ադրբեջանական զինծառայողների շարժը լիարժեք վերահսկելի է, իսկ առաջխաղացման որևէ փորձ կհանգեցնի պատասխան գործողությունների։

Պաշտպանության նախարարությունը կրկին կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությանը հարվածող, ինչպես նաև հանրության շրջանում անհիմն լարվածություններ առաջացնող՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Մարտին ևս ՊՆ-ն հերքել էր որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե մարտի սկզբին Ադրբեջանի զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջխաղացում են ունեցել Ներքին Հանդ համայնքի ուղղությամբ: ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում էր, որ այդ տեղանքը «Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2021-ի գարնանը, ինչից հետո այնտեղ ամրաշինական աշխատանքներ են կատարվել, սակայն ձմռանը, չունենալով բավարար կենցաղային պայմաններ, ադրբեջանական զինուժի մի մասը հեռացել է տեղանքից, իսկ ղանակային պայմանների փոփոխությանն ընդառաջ և նախկինում փորված խրամատների հարակից տարածքում նույն բնագծի վրա, առանց առաջանալու, տեղադրվել են վրաններ»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---