HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախուրյանի համայնքապետի պատվոգրերի հակառակ կողմը

Արծրունի Իգիթյանը 21 տարի է` ղեկավարում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքը: Նրա աշխատասենյակի պատերը «զարդարված» են գովասանագրերով ու պատվոգրերով: Սակայն բավական է ուսումնասիրել միայն վերջին տարիներին համայնքում կազմակերպված հողերի աճուրդները, իրականացրած ծրագրերն ու ձեռքբերումները՝ պատկերն ամբողջությամբ փոխվում է:

Օրինակ՝ այս տարվա հուլիսի 10-ին Ախուրյանի ավագանին որոշել է աճուրդ-վաճառքի միջոցով օտարել Ջրաշինարարներ փողոցի ծայրամասում գտնվող, համայնքի սեփականություն համարվող տարածքները: Ավտոտնակների կառուցման համար հայտարարված աճուրդի մեկնարկային գին սահմանվել է 12 հազար 750 դրամ: Ախուրյանցիները պատմեցին, որ «հավանական» գնորդներից համայնքապետարանն արդեն հավաքել է նախնական 50 հազարական դրամ: Բացի այդ, խոստում է տրվել, որ հողերը վաճառվելու են 150 հազար դրամով:

Աճուրդի էությունն այն է, որ յուրաքանչյուր ոք (բացառությամբ որոշ սահմանափակումների) կարող է մասնակցել, և ով ավելի շատ գումար առաջարկի, նրան էլ կօտարվի հողը: Սակայն Ախուրյանում աճուրդ ասվածը ձևական բնույթ է կրում. այն ավելի շատ նման է ուղիղ վաճառքի, քանի որ նախապատվությունը տրվում է որոշակի խմբի մարդկանց:

Արծրունի Իգիթյանը ժխտում է գումարների նախնական պահանջի մասին լուրերը: Նրա ասելով` տարածքը պետք է չափագրվի, 20 հազար դրամ վերցրել են, որ այդ հարցը կարգավորեն: Բացի այդ, պետք է վկայական հանվի համայնքապետարանի անունով, որն արժե 30 հազար դրամ: Դրան ավելացրած հողի արժեքը, որ գումարվում է նշված ծախսերին, ինչպես նաև 25 հազար դրամ պետական գրանցման տուրքը, 10 հազար դրամ՝ միասնական տեղեկանքի արժեքը, 40 հազար դրամ էլ առուվաճառքի գումարը: Համայնքապետարանից ասացին, որ ֆիքսված 100-150 հազար դրամը կապ չունի իրենց հետ, ընդամենը նախատեսված ծախսն է:

Արծրունի Իգիթյանը

Համայնքապետի փոխանցմամբ` ավտոտնակ կառուցելու համար դիմողները քիչ են, հիմնականում այդ տարածքում ապրող բնակիչներն են: Նախկինում էլ աճուրդ-վաճառք են հայտարարել. գնորդ չի եղել:

Ախուրյանի համայնքապետը յուրահատուկ պատկերացում ուներ աճուրդ-վաճառքների վերաբերյալ: Արծրունի Իգիթյանն ասում է, եթե գնորդը գյուղի բնակիչ չլինի և մասնակցի աճուրդին, նրան տարածք չեն տրամադրի:

«Տվյալ շենքի բնակիչների համար է, դա բիզնես չէ: Ավտոտնակի տարածքը կարող է աճուրդով էլ չլինի, այլ կարող ենք ուղիղ գծով վաճառել: Որովհետև մեկ այլ վայրից եկածը, որ տարածք գնեց, վաղը մյուս օրը ավելի թանկով կարող է վաճառել տվյալ շենքի բնակչի վրա: Օրենքի տառը պահելու համար կարող է աճուրդ ձևակերպվել: Եթե այդ շենքի բնակիչներից դիմող շատ լինի, այս դեպքում կանենք մրցույթ»,- նշում է Ախուրյանի համայնքապետը:

Հարցին, թե այստեղ կա նաև համայնքի շահը, որ թանկ գնով հողերը օտարվեն և համայնքային բյուջե շատ գումարներ մուտքագրվեն, Իգիթյանը պնդում է, որ բնակչին այդպես զրկում են իր տարածքում ավտոտնակ ունենալուց:

«Փոքր համայնքներում տեղային խնդիրներ կան, և շատ դեպքերում իհարկե գերադասելի է, որ տեղացին ձեռք բերի»,- հավելում է համայնքապետը՝ անուղղակի հաստատելով այն պնդումները, թե արդեն նախապես որոշված են գնորդներն ու վաճառքի գինը:

Համայնքապետն ասաց, որ գյուղի նորակառույց շենքերի տարածքում ավտոտնակների տարածք ևս առանձնացրել են, ընդամենը 7 ավտոտնակի տեղ է: 104 բնակարանի պարագայում արդեն գիտեն, որ ցանկացողներ շատ են լինելու, այս դեպքում անպայման մրցույթով են հողերն օտարելու:

Քանդված փողոցներ, չարդարացված ծախսեր

Համայնքում ընդհանուր առմամբ ասֆալտապատման ենթակա է մոտ 50 կմ ճանապարհ: Ախուրյանում ոչ մի թաղամասային փողոց հիմնանորոգված չէ: Արտաքին բարեկարգ տեսքի բերված է միայն գլխավոր մայրուղին: 1991թ-ին շահագործման հանձնված Գերմանա_հարավսլավական թաղամասն Ախուրյանում վառ օրինակ է եղածը չպահպանելու, ունեցածը քանդելու և չբարեկարգելու առումով: Մասնավորապես՝ ասֆալտապատ, բարեկարգ, գրեթե եվրոպական չափանիշներով կառուցված թաղամասը, որտեղ գործում է ավագ դպրոց, մանկապարտեզ, անցած 25 տարիներին փողոցներն ամբողջովին քանդվել, հավասարվել են Ախուրյանի նախկին տնակային թաղամասերին: 26 տարի առաջ արված ասֆալտապատման շատ փոքրիկ հետքեր պատահաբար կարելի է հայտնաբերել թաղամասում շրջելիս:

Համայնքապետ Արծրունի Իգիթյանն ասում է, որ Գերմանա-հարավսալավական թաղամասի փողոցներն ամբողջությամբ ասֆալտապատել չեն կարող, գումար չունեն: Ի դեպ, նշված թաղամասի փողոցների բարեկարգման խոստումներ ներկայիս համայնքապետը հնչեցրել է նախորդ երկու ՏԻՄ ընտրություններից առաջ ու չի իրականացրել: Անցել է 10 տարի: Դարձյալ ընտրություններ են, հնչում են խոստումներ, այս անգամ մի տարբերությամբ՝ թաղամաս մտնող 300 գծամետրի ասֆալտապատման համար գումար է «հայտնվել»:

Հոկտեմբերի 27-ին շինարարությունը սկսած «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ից ճշտեցինք, որ մրցութային փաթեթը շահել են աշխատանքները սկսելուց 10 օր առաջ: Քանի որ տնօրեն Արամ Ադամյանը հստակ օրը չհիշեց, մնում է ենթադրել, որ մրցույթ հայտարարվել է հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Շինարարական ընկերությունից հայտնեցին, որ իրականացնելու են մոտ 18 մլն դրամի աշխատանք, սակայն առանց մայթերի և եզրաքարերի վերականգնման: Գումարը համայնքային բյուջեից է: Համայնքապետը շինկազմակերպության հետ պայմանավորվել է գումարի կեսը փոխանցել այս տարի, մյուս կեսը՝ հաջորդ տարի: Աշխատանքների ավարտը նշանակված է նոյեմբերի 7-ին:

Մեկ այլ թաղամասի՝ Նոր Ախուրյան տանող անբարեկարգ ճանապարհի հարցը, համայնքապետ Իգիթյանի փոխանցմամբ, անընդհատ է բարձրացվել: Անցած տարի մարզպետարանի հրատապ ծրագրով մոտ 480 գծամետր ասֆալտապատվել է, այս տարի նորից 450 գծամետրի չափ ասֆալտապատում է կատարվել: 10 մլն դրամի չափով նորից աշխատանքներ անելու հույս կա՝ սպասում են: Ճանապարհի ընդհանուր երկարությունը 2,5 կմ է:

«Հրատապ ծրագրից պետք է արվի, ես նույնիսկ սուբսիդավորման տարբերակով երկու անգամ ծրագիր եմ ներկայացրել կառավարություն, որ ճանապարհը կառուցվի՝ մերժվել եմ: Մոտ 100 մլն դրամ գումար էր պետք, որպեսզի այդ ճանապարհը վերջանականապես ամբողջովին ասֆալտապատվի ու կարգի բերվի: Բնականաբար մեր բյուջեով հնարավոր չէ: Փոսալցումներով ենք հարցը լուծում»,- նշում է Ա. Իգիթյանը:

Թեև գյուղը նորմալ ճանապարհներ չունի, սակայն 2016թ-ին 4 մլն 360 հազար դրամով գնել են բազմաֆունկցիոնալ ջրցան ավտոմեքենա: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ավտոմեքենայի ձեռք բերման համար ավագանու անդամների միջև տարաձայնություններ են եղել: Մեքենան գնվել է հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո: Գնելուց հետո պարզվել է, որ թերություններ կան և գինն իրական արժեքից ավելի թանկ է: Ասում են, որ Իգիթյանը փորձել է հետ վերադարձնել մեքենան, սակայն չի հաջողվել: Այժմ այդ մեքենան կանգնած է համայնքապետարանի բակում: Գործածության մեջ ախուրյանցիները տեսել են միայն մեկ անգամ, երբ անցել է գլխավոր մայրուղով, և Ջրաշինարարների փողոցը ջրելիս: Ախուրյանցիները պատմում էին, որ փողոցը «լվանալուց» հետո հարևանությամբ կայանած ավտոմեքենաների տերերը ստիպված են եղել ցեխաջրից լվանալ իրենց մեքենաները, քանի որ փողոցն ասֆալտապատ չէ:

Համայնքապետն այդպես էլ չասաց, թե ինչու են ձեռք բերել ջրցան ավտոմեքենա, երբ համայնքի 50 կմ ճանապարհները բարեկարգ չեն: Միայն նշեց, որ նորը չէին կարող գնել, քանի որ ժամանակակից նմանատիպ բազմաֆուկցիոնալ մեքենան 30-40 մլն դրամ արժե: Արծրունի Իգիթյանն ասաց, որ ավտոմեքենան կարող են ձմռանն էլ օգտագործել՝ ձյուն մաքրել, մինչդեռ նախորդ ձմռանը ախուրյանցիները այդ ավտոմեքենային աշխատելիս չեն տեսել:

Համայնքի բնակիչներին սպասարկելու համար 2013թ-ին՝ 2 մլն 400 հազար դրամով ձեռք բերված «Պազ» մակնիշի ավտոբուսին արդեն անդրադարձել ենք: Սա ևս համարվում է աննպատակահարմար ծախս, քանի որ համայնքային բյուջեով ձեռք բերված ավտոբուսը կանգնած է վարորդի տան բակում՝ ձյան ու անձրևի տակ: 

Ախուրյանում իրականացված ծրագրերը

«Հետք»-ը գրավոր հարցում էր ուղարկել Ախուրյանի համայնքապետարան՝ խնդրելով տրամադրել վերջին 10 տարիների ընթացքում համայնքում իրականացված ծրագրերը՝ առանձնացնելով հատկապես սեփական եկամուտների հաշվին արվածները, ինչպես նաեւ զարգացման ծրագրերը և ծրագրեր, որոնք միտված են եղել աշխատատեղերի ստեղծմանը: Ստացված պատասխանի վերլուծությունից հստակ էր, որ գերակշռում են համաֆինանսավորմամբ իրականացրած ծրագրերը:

2013թ-ին իրականացված ծրագրերը հիմնականում ներդրումային են: «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության աջակցությամբ մշակույթի տան համար 2 մլն 570 հազար դրամով ձայնային տեխնիկա են ձեռք բերել, որի համար համայնքը ներդրել է 570 հազար դրամ, 2 մլն դրամ՝ կազմակերպությունը: Համայնքապետարանի մերձակա տարածքում խորհրդային տարիներից պահպանված շատրվանի վերականգնումն ու ոռոգման ցանցի անցկացումը, հանգստի գոտու ստեղծումը ևս իրականացվել է «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի ֆինանսավորմամբ՝ 14 մլն 300 հազար դրամի սահմաններում, որից 4 մլն 300 հազարը համայնքի ներդրումը:

Ախուրյանի բնակիչները հանգստի գոտու ստեղծումից հետո օգտվում են տարածքից, սակայն դժվարությամբ հիշեցին, թե ամառային ամիսներին տարածքում գտնվող շատրվաններն երբեւէ աշխատած լինեն: Բացման օրը ջրավազանում ջուր եղել է, շատրվաններն էլ գործել են, իսկ թե հետո նման առիթներ եղել են, թե չէ՝ դժվարացան հիշել: Արծրունի Իգիթյանի ասելով` շատրվանները գործարկում են միայն տոն օրերին և միջոցառումների ժամանակ:

«Ամեն անգամ ջուր լցնելը մեր վրա 100 հազար դրամ է նստում, դրա համար էլ միայն տոն օրերին ենք գործարկում,- հավատացնում է Արծրունի Իգիթյանը,- հետո էլ չենք ուզում խմելու ջուրն օգտագործենք, մտածում ենք էդտեղ ջրհոր փորել, էդ ջուրն օգտագործենք»: Ի դեպ, նկատենք, որ անցել է 4 տարի, եւ համայնքապետարանը դեռևս չի կողմնորոշվել ջրհոր փորի, թե հաշվի առնելով սուղ միջոցները՝ շատրվանները մատնի անգործության:

«Քաունթերփարթ»-ի հետ համագործակցության արդյունքում Ախուրյանի համայնքապետարանը ձեռք է բերել 21 աղբաման` 1 մլն 660 հազար դրամով: Աղբամանները նախատեսված են պլաստիկե շշերի համար: Արծրունի Իգիթյանը սիրում է խոսել այս մասին՝ մշտապես շեշտելով, որ Ախուրյան համայնքն առաջիններից է մարզում, որ մասնակցել է աղբի տեսակավորման ծրագրին:

«Մենք մի տարի տեղական հեռուստաընկերությամբ գովազդ ենք տվել, որ մարդիկ անպայման պլաստիկե շշերն առանձնացնեն կենցաղային աղբից ու հասել ենք հաջողության»,- նկատում է Արծրունի Իգիթյանը:

Թե որքանով է գնահատելի այդ հաջողությունը, որի համար գումարներ են ծախսվել, անհայտ է: Հարցը նրանում է, որ աղբի տեսակավորման էֆեկտիվություն ընդհանրապես չկա: Աղբատար մեքենան կենցաղային աղբը աղբամաններից դատարկելուց հետո նրա վրա լցնում է հատուկ աղբարկղերում կուտակված պաստիկե շշերը՝ ստանալով, այսպես կոչված, ընդհանուր աղբային միջավայր: Տպավորություն է, որ ծրագիրն արվել է անելու համար միայն, որովհետեւ, եթե համայնքը չունի երկրորդ աղբատար մեքենա, որ տեղափոխի առանձնացված աղբը, ինչու՞ են համայնքապետն ու ավագանին միաձայն որոշել մասնակցել ծրագրին ու գումարներ տրամադրել բյուջեից:

2013թ-ին Նիշ Բոյաջյանի հիմնադրամի եւ համայնքապետարանի համաֆինասավորմամբ 2 մլն 700 հազար դրամի սահմաններում «Առաջին քայլեր» նախակրթարանի բակում տեղադրվել են մանկական խաղեր:

2009թ-ին ցանկապատվել է «Առաջին քայլեր» նախակրթարանի տարածքը, համայնքային բյուջեից տրամադրվել է 6 մլն դրամ: Նույն նախակրթարանի բակում, 2013թ-ին Նիշ Բոյաջյան հիմնադրամի եւ համայնքապետարանի համաֆինասավորմամբ 2 մլն 700 հազար դրամի սահմաններում տեղադրվել են մանկական խաղեր:

2010թ-ին Նոր Ախուրյանում հիմնվել է նոր գերեզմանատուն, ցանկապատվել է տարածքը և տեղադրվել «հանգստյան քար», որի համար բյուջեից հատկացվել է 7 մլն 700 հազար դրամ: Նույն տարում բյուջեի միջոցներով վերանորոգվել է թիվ 2 դպրոցի դիմաց տեղադրված Կոմիտասի արձանը՝ 1մլն 200 հազար դրամով:

2011թ-ին ձեռք է բերվել մասնագիտական տրակտոր՝ 36.480.000 դրամ արժեքով, իսկ բյուջեից տրամադրած 902 հազար 500 դրամով գնվել են ծառեր, սակայն համայնքապետարանը գրավոր տեղեկություն չի տրամադրել, թե կոնկրետ համայնքի որ մասում են ծառատունկ իրականացրել: Պետք է ասել, որ, ցավոք, համայնքում լայն տարածում ունի ծառահատման պրակտիկան՝ օբյեկտների համար տարածքներ ազատելու կամ պարզապես ձմեռվա համար բնակչի կողմից վառելիք հայթայթելու նպատակով:

Օրինակ՝ Ախուրյան համայնքի տարածքում գազալցակայան կառուցողները 2009թ-ին հիմքից կտրել էին խճուղու հարևանությամբ աճած 5 հաստաբուն ծառ և տեղը շիվեր տնկել, որոնք այդպես էլ չաճեցին: Այն ժամանակ Արծրունի Իգիթյանն ասում էր, որ ծառահատման համար գազալցակայանի տերերը չեն դիմել և օրինական թույլտվություն չեն ստացել: Ծառահատումներ Ախուրյանում իրականացնում են մայթերը գրաված բոլոր կառույցների տերերը:

Բնապահպան Գևորգ Պետրոսյանն ասում է, որ շատ դժվար է վերահսկել կանաչ տարածքների ոչնչացման գործընթացը: Աճուրդի դրված տարածքների նկարագրի մեջ երբեք չի նշվում, թե որքան ծառ կա այնտեղ, և արդյոք դրանք պետք է պահպանվեն հետագայում սեփականատիրոջ կողմից, թե` ոչ: Կայանում է աճուրդ, տարածքը վաճառվում է, և հետագայում սեփականատերը ծառահատումներ է կատարում:

«Ծայրահեղ դեպքում սեփականատերը կարող է դիմել համայնքապետին և ծառահատման համար ստանալ համապատասխան թույլտվություն»,- նշում է բնապահպանը:

Ախուրյանի գլխավոր խճուղու երկարությամբ անձրևից հետո սնկի նման աճած տարատեսակ օբյեկտներն այդտեղ հայտնվել են` ոչնչացնելով դեռևս խորհրդային տարիներից պահպանված կանաչ զանգվածը: Քանդել են ոռոգման համակարգը՝ դժվարություններ ստեղծելով տարածքի բնակիչների համար: Կառուցապատման սխալ որոշման պատճառով ներկայում Ախուրյանի թիվ 1 դպրոցի աշակերտները, դպրոցից դուրս գալով և փողոցն անցնելով, հայտնվում են «վուլկանիզացիայում», քանի որ անցումը հենց այդ հատվածում է: Ավտովերանորոգման կետը պատկանում է Ախուրյանի անձնագրային բաժնի նախկին պետ Մկրտիչ Գասպարյանի որդուն: Համայնքապետի ասելով՝ տարածքը վաճառելիս իրենք չեն իմացել, որ պետք է ավտոմեքենաների վերանորոգման կետ բացվի:

2006-2010թթ-ին երկու նախակրթարանում և համայնքապետարանի վարչական շենքում լոկալ ջեռուցում անցկացնելու համար բյուջեից տրամադրվել է 12 մլն դրամ: 2012թ-ին «Բալասանյան» հիմնադրամի հատկացրած 4 մլն և համայնքային բյուջեից տրամադրած 4,6 մլն դրամով տեղադրվել է հակակարկտային կայան: Իսկ 2013թ-ին «Զենիթ-տրիո» տիպի հակակարկտային կայանի տեղադրումն արժեցել է 11 մլն դրամ:

Նշենք, որ դեռևս 2007-2008թթ-ին Գերմանա-հարավսլավական թաղամասում 455 գծամետր նոր կոյուղագիծ կառուցելու համար համայնքի բյուջեից հատկացվել էր 6 մլն դրամ, 13 մլն 500 հազար էլ տրամադրել էր կառավարությունը:

2014թ-ի ծրագրերում նշված է, որ կատարվել է համայնքային ճանապարհների վերանորոգում և ասֆալտապատում, որի համար բյուջեից տրամադրվել է 30 մլն դրամ: Նույն թվականին կանգառների նորոգում՝ 1,7 մլն դրամ, համայնքային ենթակայության համալիր մարզադպրոցի կոյուղու կառուցում՝ 1,7 մլն դրամ:

2016թ-ին համայնքային բյուջեից տրամադրած 9 մլն 400 հազար դրամով վերանորոգվել է Ջրաշինարարների փողոցի թիվ 1 շենքի տանիքը: Պատասխան գրությունում նշված է, որ անցած տարի ևս փոսանորոգումների համար բյուջեից տրամադրվել է 24 մլն 300 հազար դրամ, սակայն չի մանրամասնվել, թե որ փողոցներում են աշխատանքներ իրականացվել: Նույն տարում թիվ 2 դպրոցի բակում կառուցել են խաղահրապարակ 927 հազար դրամի սահմաններում:

Եվ միայն 2015թ-ի ծրագրերում հանդիպեցինք կոնկրետ բնակչի սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագիր: Մոտ 10 հազար բնակիչ ունեցող Ախուրյան համայնքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տրամադրած 5 մլն 300 հազար և համայնքային բյուջեից 1 մլն 785 հազար դրամի սահմաններում իրականացվել է ծրագիր, որ միտված է եղել արհեստագործական, տնայնագործական հմտությունների ուսուցման միջոցով կանանց եւ աղջիկների եկամուտներ ստանալու հնարավորությունների բարելավմանը: Պատասխանի մեջ բացակայում էր ծրագրից օգտված շահառուների թիվը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter