Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը մտադիր է դուրս գալ հերթական միջազգային պայմանագրից

Թրամփը մտադիր է դուրս գալ հերթական միջազգային պայմանագրից

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 21-ին հայտարարել էր «Բաց երկնքի մասին» պայմանագրից ԱՄՆ դուրս գալու մտադրության մասին։ Որպես պայմանագրից դուրս գալու հիմնական պատճառ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները նշել են Ռուսաստանի կողմից պայմանագրի դրույթների խախտումը և հայտարարել, որ պայմանագրից դուրս գալը կիրականացվի վեց ամսվա ընթացքում։  

Ներկայումս «Բաց երկնքի մասին» պայմանագրին անդամակցում է 34 երկիր։ Այն կնքվել է 1992թ. մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԽ (ԵԱՀԿ) անդամ 27 պետությունների միջև, ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 երկրիր և այն ուժի մեջ է մտել 2002թ.-ին։ «Բաց երկնքի մասին»  պայմանագիրը հնարավորություն է տալիս անդամ երկրներին միմյանց օդային տարածքում իրականացնել համաձայնեցված դիտորդական թռիչքներ՝ սպառազինությունների սահմանափակման միջազգային  պարտավորությունների պահպանման նպատակով: Հատկանշական է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը  պարբերաբար մեղադրել են միմյանց այս պայմանագրի դրույթների խախտման և միմյանց տարածքներում թռիչքների իրականացման սահմանափակման մեջ։

«Բաց երկնքի մասին» պայմանագրից ԱՄՆ դուրս գալու  վերաբերյալ Դ․ Թրամփի որոշումը պետք է դիտարկել արտաքին քաղաքականության ոլորտում նրա որդեգրած «պրագմատիկ» քաղաքականության համատեքստում։ Փաստացի, սա սպառազինությունների վերահսկման վերաբերյալ արդեն  երրորդ միջազգային պայմանագիրն է, որից ԱՄՆ-ը դուրս է գալիս։ 2018թ. ԱՄՆ-ը դուրս է եկել Իրանի հետ միջուկային պայմանագրից ու վերջինիս նկատմամբ սահմանել նոր պատժամիջոցներ։ 2019թ. ԱՄՆ դուրս է եկել նաև Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից, ինչին նույնպես նախորդել էին Վաշինգտոնի և Մոսկվայի կողմից պայմանագրի խախտման վերաբերյալ փոխադարձ մեղադրաքները:

Հետաքրքրական է նաև, որ ԱՄՆ-ը պայմանագրից դուրս գալու մտադրությունների մասին հայտարարել էր դեռ անցյալ տարվա աշնանը, և այժմ էլ ԱՄՆ կողմից նման հայտարարությունները  հիմնականում փաստում են այն մասին, որ ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում միջազգային  պայմանագրերից դուրս գալու իր  քաղաքականությանը։

Թրամփի վարչակազմը, փաստացի, արդեն հայտարարել է պայմանագրից դուրս գալու վեցամսյա ժամկետի մասին և սկսելով ծանուցման փուլը` վարչակազմը երաշխավորում է, որ անգամ եթե Դոնալդ Թրամփը պարտվի նոյեմբերին կայանալիք ընտրություններում, ԱՄՆ-ը դուրս կգա պայմանագրից մինչև Ջ. Բայդենը ստանձնի պաշտոնը:  Այսպիսով, Թրամփի վարչակազմը ցույց է տալիս, որ հաստատակամ է նաև «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու հարցում։

Պետք է նշել, որ բոլոր միջազգային դերակատարներն այս պայմանագիրը դիտարկում են գերտերությունների միջև սպառազինությսունների մրցավազքի զսպման կարևոր գործիք։ Եվ պատահական չէ, որ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունից հետո պայմանագրի անդամ պետությունները հիմնականում բացասական են արձագանքել և ափսոսանք հայտնել, քանի որ ԱՄՆ կողմից պայմանագրից դուրս գալը կարող է  վնասել միջազգային անվտանգությանը, խթանել սպառազինությունների մրցավազքը և ստեղծել ռազմական պատահական բախման առիթներ։

Թրամփի հայտարարությունը հավանության չի արժանանցել նաև երկրի ներսում՝ առաջացնելով դեմոկրատների դժգոհությունը։ Վերջիններս  օրինագիծ են ներկայացրել Կոնգրես, որով ԱՄՆ նախագահին արգելվում է, առանց Կոնգրեսի հավանության, երկիրը դուրս բերել որևէ միջազգային պայմանագրից՝ այս քայլով փորձելով կանխել Թրամփի ծրագիրը։

Չնայած որպես պայմանագրից դուրս գալու գլխավոր պատճառ նշվում է ՌԴ կողմից պայմանագրի դրույթների խախտումը՝ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ պայմանագրի 8-ամսյա ուսումնասիրությունից հետո պարզ է դարձել, որ ԱՄՆ-ի շահերից չի բխում  պայմանագրի անդամ մնալը: Ավելին, ըստ նրանց` ԱՄՆ տեխնիկական հնարավորությունները նրան թույլ են տալիս տարբեր երկրների տարածքում դիտարկումներ իրականացնել հետախուզական արբանյակների միջոցով: Թրամփի որոշումը կարելի է կապել նաև չինական գործոնի հետ. ԱՄՆ նախագահը փորձում է հասնել «Բաց երկնքի մասին» նոր պայմանագրի կնքման, որը կներառի նաև Չինաստանին, որը, սակայն, հաստատակամորեն մերժում է նման հեռանկարը։

Անկախ տարբեր մայրաքաղաքներից հնչող հայտարարություններից` պետք է արձանագրել, որ միջազգային կայունությունը երաշխավորող հերթական պայմանագիրը վտանգված է, իսկ նոր երաշխիքների ձևավորման գործընթաց չկա մեկնարկած:

Աննա Չիչյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]