Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չեմպիոնին արժանի խաղ՝ արծաթե մեդալներով. Հայաստանի շախմատի հավաքականը ԱԱ-ին մասնակցելու իրավունք է նվաճել

Չեմպիոնին արժանի խաղ՝ արծաթե մեդալներով. Հայաստանի շախմատի հավաքականը 
ԱԱ-ին մասնակցելու իրավունք է նվաճել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Հնդկաստանում տեղի ունեցած 44-րդ համաշխարհային օլիմպիադայում երկրորդ հորիզոնականը գրավելու շնորհիվ իրավունք է նվաճել մասնակցելու Աշխարհի թիմային առաջնությանը: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցն է հաղորդում՝ այդ մասին Շախմատի տանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Արման Փաշիկյանը:

«Մրցաշարը հենց սկզբից բարենպաստ էր ընթանում մեզ համար: Առաջին 6 խաղերում հաղթեցինք: Իհարկե, սկզբի խաղերը մի քիչ դժվարությամբ էինք հաղթում, բայց հետո մրցաշարը քանի գնում՝ ավելի լավ ընթացք էր ստանում մեզ համար: Հետո, երբ ոչ-ոքի խաղացինք ԱՄՆ-ի հետ ու հաղթեցինք Հնդկաստանի հավաքականին, հասկացանք, որ շատ մեծ շանսեր կան մրցաշարում հաղթելու: Ցավոք, Ուզբեկստանի հավաքականից պարտություն կրեցինք և հետո հավաքեցինք հավասար միավորներ ուզբեկների հետ, բայց լրացուցիչ միավորներով իրենք առաջ անցան», - մեկնաբանեց հավաքականի ավագ մարզիչը:

Հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չեննայ քաղաքում տեղի ունեցած Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, 19 միավորով կիսելով 1-ին հորիզոնականը Ուզբեկստանի հավաքականի հետ, լրացուցիչ ցուցանիշներով գրավել էր 2-րդ տեղը՝ նվաճելով օլիմպիադայի արծաթե մեդալներ: Ընդ որում, օլիմպիադայում ամենաշատ հաղթանակները տարել է Հայաստանի հավաքականը: Ընդհանուր առմամբ, մեր հավաքականը տարել էր 9 հաղթանակ, խաղացել մեկ ոչ-ոքի Միացյալ Նահանգների հավաքականի հետ և կրել ընդամենը մեկ պարտություն Ուզբեկստանի հավաքականից:

Խոսելով տպավորությունների մասին՝ շախմատի հայրենիքում փայլուն արդյունք ցույց տված Հայաստանի թիմի անդամներն ասում են, որ վերջին մատչը հաղթելուց հետո, երբ պարզ դարձավ, որ առնվազն փոխչեմպիոն են դառնալու, շատ էմոցիաներ չեն ունեցել:

«Մենք էլ էինք զարմացել, թե ինչու շատ ուրախություն չկա: Նույնիսկ Մանուելը (հավաքականի անդամ Մանուել Պետրոսյանը, - Ա. Ս.) ասաց՝ «նորմա՞լ է, որ չենք ուրախանում, մի քիչ էլ տխուր նստել ենք, որ երկրորդ տեղ ենք գրավել»: Մենք ռեալ շանսեր ունեինք մրցաշարը հաղթելու: Ամբողջ մրցաշարում, փաստորեն, մենք առաջատար էինք և խաղացինք մրցաշարի բոլոր ուժեղագույն թիմերի հետ, այդ պատճառով մի փոքր էլ տխրել էինք, որ չհաղթեցինք», - պատմեց ավագ մարզիչ Արման Փաշիկյանը:

Հայաստանի պատվիրակության ղեկավար Հրաչիկ Թավադյանն էլ իր հերթին ավելացրեց, որ Հայաստանի հավաքականը այնքան լավ էր ելույթ ունեցել, այնպիսի լավ արդյունք էր ցույց տվել, որ այդպիսի արդյունքներով իրականում պետք է մի քանի միավորի առավելությամբ 1-ին տեղը գրավեր: Միայն Ռոբերտ Հովհաննիսյանը 11 հնարավորից 8 միավոր էր ստացել, իսկ թիմի 1-ին համար Գաբրիել Սարգսյանը 10 հնարավորից վաստակել էր 6,5 միավոր:

«Ես 2004 թվականից հավաքականի հետ աշխատում եմ, միշտ մեկնել եմ առաջնությունների, և այսպիսի բան չի եղել, որ մեկ պարտությամբ ու մեկ ոչ-ոքիով թիմը գրավի 2-րդ տեղը», - ընդգծեց Շախմատի տան տնօրենը:

Մրցաշարում Հայաստանի գլխավոր մրցակցի՝ 1-ին տեղը գրաված Ուզբեկստանի հավաքականի մասին «Արմենպրես»-ի խնդրանքով խոսեց թիմի ավագ Գաբրիել Սարգսյանը՝ ասելով, որ չնայած հանրության շրջանում տարածված հումորային մեկնաբանություններին՝ Ուզբեկստանի հավաքականը շատ ուժեղ կազմ ունի, և շախմատային աշխարհի համար ավելի շատ անակնկալ էր Հայաստանի՝ 2-րդ տեղ գրավելը, քան թե Ուզբեկստանի հաղթանակը:

«Ես ասեմ, որ իրենց թիմն այնքան ուժեղ է և այնքան երիտասարդ, որ իրենց հետ մոտակա տարիներին կարող են պայքարել միայն Հնդկաստանի և Ամերիկայի հավաքականները: Իրենց մոտ այդպիսի սերունդ է ծնվել, 18-24 տարեկան են, շատ երիտասարդ են: Իրենց 1-ին համարն, ընդհանրապես, աշխարհի չեմպիոնի հիմնական հավակնորդներից է՝ Աբդուսատարովը: Այդ տարիքում այդպիսի խաղ շատ քիչ շախմատիստներ են ցույց տվել: Նա փաստորեն աշխարհի ամենաերիտասարդ ռապիդ չեմպիոնն է: Այդ առումով մեզ համար՝ պրոֆեսիոնալ շախմատիստների համար, դա ընդհանրապես սենսացիա չէր: Այդ պատճառով է, որ օրինակ՝ ՖԻԴԵ-ի գլխավոր տնօրենը երեկ հարցազրույցում ասաց, որ իր համար ավելի մեծ անակնկալ էր Հայաստանի հավաքականի հաջողությունը: Դա իսկապես այդպես է», - պարզաբանեց հայ շախմատիստը:

Բայց լավ լուրն այն է, որ Հայաստանը նույնպես ունի Նոդիրբեկ Աբդուսատարովի պես և նրանից ոչ պակաս տաղանդավոր ու խոստումնալից երիտասարդ շախմատիստներ, առաջին հերթին՝ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը, որոնք, Գաբրիել Սարգսյանի խոսքով, եթե իրենց աճը լավ ընթանա՝ կկազմեն հավաքականի կորիզը և հեշտությամբ կմրցեն ամենաուժեղ շախմատիստների հետ:

Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացել էր հետևյալ կազմով. թիմի ավագ՝ Գաբրիել Սարգսյան, թիմի անդամներ՝ Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Մանուել Պետրոսյան, թիմի ավագ մարզիչ՝ Արման Փաշիկյան, պատվիրակության ղեկավար՝ Հրաչիկ Թավադյան: Հայաստանի կանանց հավաքականը նույն օլիմպիադայում 16 միավորով զբաղեցրել էր 12-րդ տեղը՝ կիսելով 6-ից 16-րդ հորիզոնականները:

 

 

Լրագրող՝ Արամ Սարգսյան

Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]