ԳՇ պետ․ Պետք է ընտրեինք շատ վատի և ողբերգության միջև, ընտրել ենք շատ վատը

ԳՇ պետ․ Պետք է ընտրեինք շատ վատի և ողբերգության միջև, ընտրել ենք շատ վատը

PanARMENIAN.Net - ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ պետք է ընտրություն կատարեին շատ վատի և ողբերգության միջև:

ԶՈւ ԳՇ պետը ներկայացրել է պատերազմին նախորդած իրադրությունը և իր կողմից արված առաջարկները։

Ըստ հայտարարության՝ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի և ներգրավված վարձկան-ահաբեկիչների սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունել են պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարել իրենցից կախված հնարավորն ու անհնարինը։

Նշվում է, որ որոշ գործիչների կողմից մեղադրանքներ են հնչում, թե ԶՈւ ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի և նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ, ինչն իրականությանը չի համապատասխանում։

«Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև՝ անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:

Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ.

1. Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

2. Տրված առաջարկն անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և´ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և´ մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը:

3. Այդ ժամանակ բարձրացվեց նաև 100,000 կազմ ունեցող աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը:

Ինչևէ, պատերազմից մենք չկարողացանք խուսափել և սեպտեմբերի 27-ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հարձակման` Արցախի ողջ ճակատով: Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ էր մղում նրա բոլոր գրոհները` հասցնելով մեծ կորուստներ, ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ և զինտեխնիկա: Ցավոք նաև մեր զորքերն էին կրում ծանր կորուստներ:

Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշում է, որ նմանատիպ գնահատականներ ԳՇ պետը բազմաթիվ անգամ ներկայացրել է նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում:

Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են և հայկական կողմը պարտադրված շարունակել է մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ:

«Բոլորիս համար շատ ծանր պայմաններով համաձայնագիրն ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը:

Այդ օրը իմ կյանքի վատագույն օրն էր, ինձ համար անձնական ողբերգություն…Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը և պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը, ասում է, որ մենք ընկճվելու իրավունք չունենք. պետք է համախմբվել, արագ վերականգնվել և պատրաստվել պայքարը շարունակելուն:

Որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ես պատասխանատվություն եմ կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար: Խոնարհում եմ գլուխս բոլոր նահատակների հիշատակի և նրանց հարազատների առջև: Սա իսկական Հերոսամարտ և Գոյամարտ էր… Հայոց ազգը կարող է հպարտանալ իր զինվորով, սպայով ու գեներալով»,-ասվում է ուղերձում:

Դիմելով զինակից ընկերներին՝ Գասպարյանը կոչ է արել չհուսահատվել ու շարունակել սահմանների պաշտպանությունը, լրջորեն վերլուծել և անել հետևություններ, վերակառուցելով Հայոց բանակը` բարձրացնել նրա մարտունակությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---