Ով է «Մեկ Հայաստան» կուսակցության «հովանավորյալը»․ պարզաբանում է Արթուր Ղազինյանը. «Ժողովուրդ»

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է, որ իրենք պատրաստվում են մայիսի 18-ին «Մարիոթ» հյուրանոցում կուսակցության հիմնադիր համագումար անցկացնել: Նա ասաց, որ իրենք հստակեցման փուլում են այժմ` կանոնադրություն, խորհրդի կազմ, անդամներ եւ այլն:

– Ո՞րն է լինելու Ձեր առաքելությունը, ի՞նչ եք անելու, ի՞նչ ծրագրեր ունեք:

-Մենք հիմա ստեղծում ենք արտախորհրդարանական քաղաքական ուժ, որը պետք է հիմնված լինի ցենտրիզմի հիմքի վրա, պետականակենտրոն քաղաքականություն պետք է վարենք: Մեր հիմնական նպատակը քաղաքական բեւեռացվածության թուլացումն է, ռադիկալության վերացումն է: Մեր թշնամին ծայրահեղականությունն է, մենք գործելու ենք խելամտության հիման վրա: Կոնկրետ ՀՀ-ի պետականության ամրապնդման հենքի վրա ստեղծված քաղաքական կուսակցություն է, որի կարիքը այսօր շատ-շատ կա:

-Ըստ տեղեկությունների` կուսակցության «հովանավորյալը» ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է: Որքանո՞վ են իրատեսական այս տեղեկությունները:

-Չէ, չէ, Դուք կլսեք տարբեր անուններ, Դուք կլսեք նաեւ Սամվել Կարապետյանի անունը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Արմեն Սարգսյանի, ինքներդ մի պահ անգամ կխճճվեք, որովհետեւ իրականում կուսակցությունը ստեղծվում է գաղափարախոսության հիմքի վրա եւ բացառապես հիմնված է ՀՀ ազգային եւ պետական շահի հիման վրա, հետեւում կանգնած է ՀՀ պետական շահը, ՀՀ պետությունը, ՀՀ քաղաքացին: Ֆինանսավորում կատարվում է անձնական միջոցների հաշվին, կարողացել ենք հայթայթել նախնական գումար, որը կգեներացնենք հետագայում, որպեսզի կարողանանք ապահովել կուսակցության բնականոն աշխատանքը: Մենք, իրականում, այդքան հարուստ չենք, ինչքան որ հայտարարում են:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս