Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

«Գազպրոմի» լևի գծերի փնտրտուքը պետք է սկսել Մարտունուց՝ Լիճքից

Մոտ 10-12 տարի առաջ, երբ «Գազպրոմ» ընկերությունն իր հայաստանյան իրավանախորդներով և արբանյակային ընկերություններով սկսեց գազամատակարարման համակարգի ապամոնտաժումը և նորով փոխարինումը, հանրությունն սկսեց բուռն կերպով քննարկել խողովակների հուսալիության հարցը՝ այդ մետաղյա խողովակները գազի՞ համար են, թե՞ ջրի…

Սակայն Մարտունու Լիճք գյուղում կատարված մի պայթյունից պարզվեց, որ այնտեղ խողովակները նույնիսկ պոլիէթիլենային են, գիծը՝ ապօրինի, պատճառված վնասը՝ մեծ, որը չեն էլ ուզում պատշաճ կարգով փոխհատուցել, իսկ անպատասխանատվությունը և վտանգը, իմ համոզմամբ, դեռ առկա է…

Այսպես, 2014 թ. հոկտեմբերի 11-ին, առավոտյան Սյուզաննա Մնացականյանը սովորականի պես եկել է ԼիՃք գյուղի սկզբնամասում գտնվող, իր քրոջը պատկանող խանութ՝ աշխատանքի:

Երբ ցանկացել է սուրճ  եփել, վառել է լուցկին և հանկարծ ուժեղ պայթյուն է որոտացել: Այնքան ուժեղ, որ նույնիսկ պանելածածկն է տեղից վեր շպրտվել, պատերը քանդվել, տեղաշարժվել, ապրանքը դուրս թափվել…

Սյուզաննան չի էլ հասցրել հասկանալ կատարվածը. Խանութը գազաֆիկացված չի եղել, սակայն նրան հիվանդանոց են տեղափոխել մարմնի 45 տոկոս այրվածքներով՝ հաճախորդ-տուժողի հետ միասին:

Ըստ գործի նյութերի՝ ժամը 08:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գտնվող «Սոնա Սաֆարյան» ԱՁ-ին պատկանող մթերային խանութում գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով խանութը և սննդամթերքը վնասվել են, իսկ խանութի վաճառողուհի Սյուզաննա Մնացականյանը և հաճախորդ Վասպուրակ Բալաբեկյանը /Բարեյանը/ մարմնի տարբեր մասերի այրվածքներով տեղափոխվել են Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն:

Կատարվածի համար մեղադրանք է առաջադրվել  միայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի /ԳԳՄ/ վթարավերականգնողական ծառայության պետ Գագիկ Հրաչիկի Խաչատրյանին. Նա անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելու հետևանքով անզգուշությամբ Սյուզաննա Մնացականյանի և Վասպուրակ Բարեյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող /ՀՀ քր. օրի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ/:

Միանգամից նշենք երկու կարևոր հանգամանք. Գագիկ Խաչատրյանը շինմոնտաժային աշխատանքները կատարել է ոչ թե տվյալ ծառայության միջոցով և որպես պատասխանատու, այլ իր՝ «կողքից» հիմնադրած ՍՊԸ-ի միջոցով: Այլ կերպ ասած՝ տվյալ դեպքում ինքը վթար ստեղծող, ինքն էլ վերականգնող ծառայության պետն է եղել  և գործել է հարազատ եղբայր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու ԳԳՄ տնօրեն Ավետիք Հրաչիկի Խաչատրյանի թողտվությամբ…, թեև երկուսն էլ դատարանում փորձել են հավատացնել, որ «եղբայրության» հանգամանքը կապ չունի:

Նախաքննությամբ պարզվել է հետևյալը. Գագիկ Խաչատրյանը 2004 թ. սեպտեմբերի 3-ից հանդիսացել է շինմոնտաժային կազմակերպության` «Գագիկ-Մանե» ՍՊԸ-ի տնօրեն և ունեցել էներգետիկ ոլորտում կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակում և կապիտալ շինարարության իրականացման լիցենզիաներ:

2008 թ. դեկտեմբերի 9-ին «Անհատ ձեռնարկատեր» Շիրակ Խալոյանի պատվերով՝ Մարտունու ԳԳՄ-ի կողմից տրված տեխնիկական պայմանների համաձայն, նորմերի պահանջների որոշակի թերություններով և բացթողումներով կազմել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գտնվող անհատ ձեռնարկատեր Շ. Խալոյանին պատկանող ավտոտեխսպասարկման կետի և բենզալցակայանի շենքի գազաֆիկացման ԳՄ աշխատանքային նախագիծ:

Ըստ այդ նախագծի՝ գազատարը նախատեսվել է կառուցել միջին և ցածր ճնշման` վերգետնյա պողպատյա և միջին ճնշման 150 գծամետր երկարությամբ ստորգետնյա պոլիէթիլենային խողովակներով, որի հիման վրա 2008 թ. դեկտեմբերի 29-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում, իրականացրել է Շ. Խալոյանին պատկանող օբյեկտների գազաֆիկացման շինմոնտաժային աշխատանքները:

Ընդ որում, մինչ այդ, երբ այդ հարցով դիմել են Լիճքի գյուղապետարան, համայնքապետը թույլ չի տվել նրան՝ կենտրոնական ճանապարհի եզրով, այդ հատվածում գազատար անցկացնել՝ պատճառաբանելով, որ հետագայում այդտեղ կարող են շինություններ կառուցվել, բացի այդ էլ հուշարձաններ կան այնտեղ:

Այդուհանդերձ մեկ գիշերվա մեջ, բոլորից թաքուն այնպես են կառուցել պոլիէթիլենային գազատարը, որ ոչ ոք չի իմացել այդ մասին մինչև պայթյունը: Այսինքն 5 տարի այդ «լևի» գծով գազ է հոսել:

Գագիկ Խաչատրյանի ընկերությունը, Գեղարքունիքի մարզի, Լիճք համայնքի կենտրոնական ճանապարհի եզրով անցնող միջին ճնշման 150 գծամետր երկարությամբ պոլիէթիլենային ստորգետնյա գազատարը տեղադրել է խրամուղու մեջ՝ ոչ անհրաժեշտ խորությամբ, առանց անհրաժեշտ պաշտպանիչ շերտերի, ամբողջությամբ չի կազմել միջին ճնշման գազատարի կատարողատեխնիկական փաստաթղթերը:

Այսինքն, խախտել է կառավարության որոշմամբ հաստատված՝ «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի 2-րդ բաժնի 12-րդ կետի պահանջը, այն է` «Գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգերի շինմոնտաժային աշխատանքների որակի ապահովումը վերապահվում է գազաֆիկացման աշխատանքները իրականացնող կազմակերպություններին։ Կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են կազմակերպել և անցկացնել գազի տնտեսության վիճակի վերահսկողություն և հետևել գազատարերի, սարքավորումների և գազօգտագործող ագրեգատների շինարարության /մոնտաժի/ և շահագործման կանոնների, նորմերի և հրահանգների պատշաճ կատարմանը…»և չի կատարել ՀՀ քաղաքաշինության նախարարության «Գազաբաշխման համակարգեր» շինարարական նորմերի պահանջը, այն է` «Պոլիէթիլենային գազատարերի ստորգետնյա տեղադրումը հարկավոր է իրականացնել ոչ պակաս 1,0 մ խորությամբ, մինչև գազատարի կամ պատյանի վերևը…, » ինչպես նաև չի պատրաստել միջին ճնշման պոլիէթիլենային գազատարի վրայի ավազե նստաշերտի և խողովակը ծածկող ավազե շերտի համապատասխան հաստությունները, որով խախտել է «Գազաբաշխիչ համակարգերի նախագծում և շինարարություն » նորմերի ձեռնարկի պահանջը, այն է` «Գազատարները ժայռային, կոպճա-ճալաքարային, խճային այլ գրունտներով անցկացնելու և /կամ/ այդպիսի գրունտով ետլիցք կատարելու դեպքում պետք է գազատարի տակ նախատեսել կավային կամ մանրահատիկ ավազի հիմքի պատրաստում 10 սմ-ից ոչ պակաս հաստությամբ և այդ նույն կավային կամ ավազի գրունտով ետլիցքը կատարել գազատարի վերին եզրից 20 սմ-ից ոչ պակաս բարձրությամբ»:

2008 թ. դեկտեմբերի 30-ին Մարտունու ԳԳՄ-ի կողմից գազատարը ընդունվել է շահագործման: Նույն օրը Մարտունու ԳԳՄ-ի գազիֆիկացման և վթարավերականգնման ծառայության պետ Գագիկ Խաչատրյանը նորակառույց գազատարը միացրել է գործողին, ինչը հիմք ընդունելով Մարտունու ԳԳՄ-ի բնական գազի իրացման բաժնի ճարտարագետ Բագրատ Դավեյանը կատարել է գազի թողարկում, սակայն արգելափակել է բաժանորդին գազի մատակարարումը:

2009 թ. հունվարի 23-ին Շիրակ Խալոյանը դիմել է ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության հյուսիսային միջմարզային բաժնին՝ միջին ճնշման գազի տեղակայանքի գործարկման եզրակացություն ստանալու համար:

Տվյալ բաժնի գլխավոր մասնագետ Պատվական Ռ. Հովհաննիսյանը, 2009 թ. հունվարի 27-ին ակնադիտական եղանակով իրականացրել է արդեն իսկ շահագործման մեջ գտնվող Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գտնվող, Շ. Խալոյանին պատկանող ավտոտեխսպասարկման կետի և բենզալցակայանի գազի տեղակայանքի տեխնիկական ուսումնասիրություն, որի ստորգետնյա պոլիէթինելային հատվածի խողովակը հողով ծածկված է եղել և ըստ կիպության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներով փորձարկված չի եղել:

Պատվական Հովհաննիսյանը չի իրականացրել գազի տեղակայանքի և ներկայացված փաստաթղթերի պատշած ստուգում և կազմել է դրական եզրակացությամբ իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թիվ Հ-12(գ) կեղծ ակտ-կարգադրագիրը` նշելով, որ … թույլատրվում է գազատարի գործարկումը և չի դադարեցրել վերը նշված խախտումներով կառուցված միջին ճնշման գազատարի հետագա շահագործումը:

Պատվական Հովհաննիսյանի կողմից դրական եզրակացությամբ կազմված թիվ Հ-12(գ) կեղծ ակտ-կարգադրագրի հիման վրա ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության հյուսիսային միջմարզային բաժնի կողմից 2009 թ. հունվարի 29-ին տրվել է թիվ Հ-12(գ ) «գազի տեղակայանքի գործարկման եզրակացություն»:

Սոնա Սաֆարյանին պատկանող խանութը կառուցվել է Լիճք համայնք, Ա2 թաղամաս 12-րդ փողոց 1/4 հասցեում` ճանապարհի եզրով անցնող միջին ճնշման պոլիէթիլենային ստորգետնյա գազատարից 4,6 մ հեռավորության վրա։
Վերը նշված խախտումներով կառուցված Շիրակ Խալոյանի օբյեկտները սնուցող գազատարի շահագործման ընթացքում խանութի ճակատային պատի դիմային հատվածով անցնող ստորգետնյա գազատարի պոլիէթիլենային խողովակն անհարթ սահմանափակ մակերես ունեցող կոշտ առարկայի կողմից` դրսից դեպի ներս ուղղությամբ ազդող, մեխանիկական ուժի ներգործության հետևանքով կոտրվել և մեթան գազի արտահոսք է եղել, այսինքն` Գագիկ Խաչատրյանը կատարել է սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ և մատուցել ծառայություններ, որի արդյունքում արտահոսած մեթան տեսակի բնական գազն անցնելով գրունտի միջով կուտակվել է խանութի ձախ կողմի կողային պատից մոտ 3մ հեռավորության վրա փորված կոյուղաջրերի հավաքման հորում, որտեղից խանութի առանձնասենյակի սանհանգույցի ջրահեռացման խողովակների միջոցով ներթափանցել է դեպի սանհանգույց, առանձնսաենյակ և խանութի վաճառասրահ։

Նշված ծավալում աստիճանաբար կուտակվելով, մեթան գազը օդի հետ առաջացրել է պայթյունավտանգ գազաօդային խառնուրդ և 2014 թվականի հոկտեմբերի 11-ին ժամը 08:50-ի սահմաններում բաց կրակի աղբյուրից` խանութի վաճառողուհի Սյուզաննա Սամվելի Մնացականյանի կրակայրիչի այրումից, տեղի է ունեցել ծավալային պայթյուն, որն առաջացրել է ծանր հետևանքներ` վերջինիս և հաճախորդ Վասպուրակ Ռուդիկի Բարեյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ «Անհատ ձեռնարկատեր» Սոնա Սաֆարյանին և Վասպուրակ Բարեյանին պատճառվել է համապատասխանաբար 25.024.717 ՀՀ դրամի և 184.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ամբաստանյալ Գագիկ Հրաչիկի Խաչատրյանն իր ցուցմունքում նշել է, որ տեղյակ է եղել տվյալ հատվածում գազատարը կառուցելու՝ գյուղապետարանի առարկությունից, բայց կառուցել է իբր նորմերին համապատասխան…

2008 թ. վերջերին գազատարը հանձնվել է շահագործման, Մարտունու ԳԳՄ-ն կատարել է միացում:

Այդ ժամանակ ներկա են եղել Էներգոպետտեսչությունից, ինչպես նաև և ՀայՌուսԳազարդ ՓԲԸ-ի ներկայացուցիչները՝ «գազնադզորը»: Նրանք տվել են համապատասխան եզրակացություն գազատարի կառուցման վերաբերյալ և հանձնվել է շահագործման: Տվյալ պահին գազատարի կողքին ոչ մի շինություն չի եղել և գազատարը շահագործվել է 4-5 տարի, որից հետո տեղի է ունեցել պայթյունը:

Պայթյունից հետո ժամը 08:30-ին ինքն իր բրիգադով արդեն այդտեղ է եղել: Անմիջապես կատարել է խանութի կողքերի հորատում և հայտնաբերել է բնական գազի առկայություն: Փորելով հասել է գազատարի այն հատվածը, որտեղ եղել է ճաքը: Եթե  նպատակ ունենար թաքցնել, ինքը կարող էր «զադվիշկայից» անջատել գազը և ոչ մեկ այդպես էլ չիմանար, որ այդտեղով գազատար է անցնում:

Քանի որ նրանք իր սպառողները չեն, ինքը 279-րդ հոդվածի 2-րդ մասով իրեն մեղավոր չի ճանաչում: Չի բացառում, որ ինչ որտեղ ինքը թերացել է և շինարարության մեջ թերություններ է թողել: Իսկ եթե դատարանը գտնի, որ ինքը հանդիսանում է տվյալ հոդվածի սուբյեկտ, ապա ինքը կընդունի իր մեղքը և իրեն մեղավոր կճանաչի:

Այն, որ ԳԳՄ-ի տնօրենը իր եղբայրն է, դա չի նշանակում, որ աշխատանքները կատարվել են առանց  համապատասխան փորձարկումների և փաստաթղթերի:

Ինքն ընդունում է, որ մեղավոր է, բայց այդ մեղքը միգուցե սահմանվում է այլ հոդվածով: Թաքնված աշխատանքների ժամանակ ներկա է եղել գազի հսկողության տեսչության աշխատակիցը, անունը չի հիշում:

Աշխատանքներին որևէ կերպ չի խառնվել իր եղբայրը, աշխատանքների կազմակերպումը իրականացրել են Շիրակ Խալոյանի հետ: Կատարողական փաստաթղթերը չի հիշում, ովքեր են ստորագրել, բայց փաստաթղթերի մեջ հստակ երևում է: Այն, որ Արմեն Հակոբյանը առանց թաքնված աշխատանք ստուգելու ստորագրել է փաստաթղթերը, դա ոչ մի կապ չունի այն հանգամանքի հետ, որ ԳԳՄ-ի տնօրենը եղբայրն է:

Եղել է նաև ճարտարագետ Արմեն Պետրոսյանը, ով վերահսկել է փորձարկումները: Իր կողմից թույլ տված թերությունն այն է, որ շինաշխատանքների իրականացման ժամանակ խորություն չեն ապահովել, քարային մասերը լավ չեն մաքրել:

Տուժող՝ Սյուզաննա Սամվելի Մնացականյանն իր ցուցմունքում նշել է, որ 2014 թ. հոկտեմբերի 11-ին առավոտյան տանից գնացել է խանութ աշխատանքի, մենակ է եղել խանութում և սուրճ է ցանկացել խմել, որի համար ջուր է լցրել, իսկ այդ պահին հաճախորդ է մտել և ծխախոտ ուզել, ինքն էլ մի պահ մտածել է սուրճը եփելու համար մեկ կիլոգրամանոց գազը վառել լուցկիով: Լուցկին վառել է թե չէ՝ պայթյուն է տեղի ունեցել…

Պայթյունից անմիջապես հետո ինքը չի հասկացել թե ինչից է առաջացել պայթյունը, քանի որ գազի բալոնը համարյա դատարկ է եղել և չէր կարող դրանից նման բան առաջանալ, մինչ այդ գազի հոտ չեն զգացել: Հետո իմացել է, որ գազատար է անցել խանութի կողքով, որը ճաք է ունեցել և գետնի տակով գազի արտահոսքը լցվել է խանութ: Պայթյունի հետևանքով ստացել է մարմնի 45% այրվածք: 1-ին 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ունեցել: Վիրահատություններ է կատարել, սակայն դեռևս վիրահատությունների կարիք ունի, բայց ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս: Գազի վարչությունը, որպես օգնություն տվել 200.000 ՀՀ դրամ հիվանդանոցում:  Մինչև հիմա օգտագործում է դեղորայք: Իր դեղորայքը հիմնականում արտասահմանից են ուղարկել և շատ թանկ դեղեր են եղել:  Իրենց խանութը գազաֆիկացված չի եղել:

Տուժող՝ Վասպուրակ Ռուբիկի Բարեյանն էլ նշել է, որ դեպքի օրը մտել է խանութ՝ ծխախոտ գնելու… Պայթյուն է տեղի ունեցել: Ինքը այրվելով մի կերպ հասել է դրսի դռանը, հետո իրեն տեղափոխել են Մարտունու հիվանդանոց, իսկ հետո Երևան: 28 օր պառկել է հիվանդանոցում, բացի այդ վնասվել է խանութի դիմաց կանգնած իր մեքենան: Դեպքից հետո է իմացել, որ խողովակն է վնասված եղել:

Վկա՝ Սոնա Սամվելի Սաֆարյանն իր ցուցմունքում նշել է, որ տուժողներից Սյուզաննա Մնացականյանը իր քույրն է: Ինքը մինչև գազատարի պայթյունը տեղյակ չի եղել, որ խանութի մոտ գազատար կա: Ամեն օր խանութում է եղել, սակայն հոտ չի զգացել:

…ԱՁ-ն իր անունով է: Խանութի պատերը տանիքը ամբողջությամբ վնասվել է: Ամբողջ խանութը պայթել է, որի հետևանքով այրվել է Վասպուրակի դեմքը և երկու ձեռքերը, իսկ Սյուզաննայի դեմքը, պարանոցը, ոտքերը, ձեռքերը ամբողջությամբ այրվել է: Սյուզաննան քսան օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Իրենց տունն ու խանութը ճանապարհի տարբեր կողմերում են: Իրենց տան մոտով էլ է անցել գազատար խողովակ: Դեպքից հետ ստուգել են և պարզել են, որ այդտեղ էլ գազի արտահոսք կա:

Վկա՝ Շիրակ Միշայի Խալոյանն իր ցուցմունքում նշել է, որ Երբ ցանկություն է առաջացել իր ձեռնարկությունը գազաֆիկացնելու, ԳԳՄ-ում …ուղղորդել են Գագիկ Խաչատրյանի մոտ: Կառուցել են գազատարը, գազը միացրել են և դրանից հետո գազաֆիկացվել է ձեռնարկությունը… Գազի գրասենյակում եղել են փաստաթղթեր, որ ստորագրել է, իսկ գազաֆիկացումից հետո ստորագրել է, որ գազը ստացել է: Գազատարի կառուցումից հետո մեկ տարի ինքն է շահագործել, իսկ հետո հանձնել է գազի գրասենյակին: Գազատարի սպասարկումը եղել է 187000 ՀՀ դրամ, մինչև իր հաշվիչը: Սպասարկում նկատի ունի, որ նշաններ են տեղադրել, ներկել են տարբեր գույներով: Ինքը գաղափար չունի թե գազատարի հետհանձման կարգը պահպանվել է թե ոչ:

Վկա՝ Սամվել Մնացականյանն իր ցուցմունքում նշել է, որ տուժողներից մեկն իր աղջիկն է, իսկ մյուսը համագյուղացի… Խանութը գտնվում է իրենց տան դիմաց, երբ գազի վարչությունից համապատասխան աշխատակիցներ են գնացել, քննարկել են թե ինչից կարող էր առաջանալ պայթյունը, և հասկացել են, որ գազատարից՝  գազի արտահոսքի հետևանքով է եղել: Նույնիսկ գազը հինգից  վեց մետր գետնի տակով թափանցել է իր տան բակ, որի հետևանքով չորացել են բակում գտնվող ծառերը, բացի այդ ծառի բնի մոտ լուցկին վառելուց՝ գազը բռնկվում էր:

Գազատարի մասին տեղեկացել է պայթյունից հետո: Հետագայում խոսակցություններից իմացել է, որ գազատարը խախտումներով է կառուցված եղել: Դեպքից  հետո, գազատարի ուղղությունը փոխել են: Բացի այդ իրենց տան դիմացով անցնող այլ խողովակ է եղել, որը վթարից հետո նույնպես փոխել են: Խանութի վնասը շատ մեծ է եղել, այն ապրանքները որոնք ավիրվել են՝ թափել են, խանութի պատերը իրարից հեռացել, քանդվել են և վտանգավոր է խանութի ներսում կանգնելը: Իսկ, իր աղջկա բուժման համար մինչ օրս թանկ դեղեր են գնում:

Վկա՝ Պատվական  Հովհաննիսյանն իր ցուցմունքում նշել է, որ Շիրակ Խալոյանը դիմում է ներկայացրել Էներգետիկայի պետական տեսչություն՝ գազատարի շահագործման թույլտվություն ստանալու համար: Ինքը հանձնարարագիր է ստացել, որի համաձայն ակնադիտական ուսումնասիրություն է կատարել, աչքով տեսանելի թերություններ չի նկատել, փաստաթղթերը ուսումնասիրել է առանձնապես խնդիրներ չեն եղել, կարգադրագիրը ներկայացրել է միջմարզային տեսչության իր ղեկավարին, որի հիման վրա նա տվել է գործարկման եզրակացություն:

Գազատարը ընդունելուց, եթե կառուցված է շինարական խախտումներով, ապա արտաքին գազատարի դեպքում երևում է, իսկ ստորգետնյա գազատարի դեպքում չի երևում: Եթե գրված է նախագծով 1 մետր խորություն, ապա դա պետք է պահպանվեր…  Իր կազմած եզրակացությունը ազդեցություն չի ունեցել այս ամենի վրա:

Վկա Արմեն Պետրոսյանը գազատարի ստորգետնյա հատվածի վերաբերյալ կազմված պահանջվող փաստաթղթերի մասով ասել է՝ աշխատանքները կատարվել են փաստաթղթերին համապատասխան, թե ոչ, չի կարող ասել, քանի որ տեխնիկական բլոկից աշխատանքներին մասնակցել է Գագիկ Խաչատրյանը:

Հիմա տեսնենք, թե ինչպես է եղբորը պաշտպանել և փորձել իրենց անգործությունը քողարկել ԳԳՄ պետ Ավետիք Խաչատրյանը:  Որտեղ պետք է՝ հիշում է, փաստերը խեղաթյուրում, որտեղ պատասխանատուների անուններ պետք է տա՝ չի հիշում:

Վկա՝ Ավետիք Հրաչիկի Խաչատրյանի ցուցմունքն այն մասին, որ ամբաստանյալն հանդիսանում է իր եղբայրը… Ահազանգ է ստացվել 1-04 հեռախոսահամարին, որ պայթյուն է տեղի ունեցել անհայտ պատճառներով:

Իրենք հասկացել են, որ առանց  իրենց  թույլտվության խանութ է կառուցվել, բարեկարգման աշխատանքներ են կատարվել, հողի շերտը մաքրվել է, դրանից հետո ծանր տեխնիկա է աշխատել, ծանր տեխնիկայի աշխատելու արդյունքում հողը սեղմվել է, խողովակն էլ պոլիէթիլենային է եղել և դրա պատճառով էլ գազի արտահոսք է եղել, որը լցվել է խանութ և սուրճ եփելուց պայթյուն է առաջացել: Խանութի շինարարությունը բազմաթիվ շինարարական նորմերի խախտումներով է կառուցվել, իսկ գազատարը կառուցվել է Գագիկ Խաչատրյանի ՍՊԸ-ի կողմից, պատվիրատուի պահանջով շինարարական նորմերին համապատասխան: Իր մասնակցությունը եղել է այն, որ պատվիրատուն դիմել է գազաֆիկացիայի համար և իրենք տեխնիկական պայման են տրամադրել:

Տեխնիկական պայմանը ստանալուց հետո դիմումատուն դիմել է գազատարը կառուցող լիազորված ընկերությանը, և կառուցվել է գազատարը: Կառուցող ընկերությունը կառուցելուց  հետո  գազատարը հանձնում է պատվիրատուին: Իրենց ներկայացուցիչը պետք է գնար և ստուգեր ակտի ճշտությունը: Գազաֆիկացման արդյունքների ստուգումը կատարվում է իրենց աշխատակիցների կողմից: Գազատարը որևէ թերություններով չի կառուցվել, իսկ եթե թերություններ լինեին համապատասխան աշխատակիցը չէր ընդունի կամ կհայտներ այդ մասին: Իր եղբայր լինելու գործոնը որևէ դեր չի խաղացել: Պատվական Հովհաննիսյանին չի ճանաչում: Ինքը ստուգելու իրավունք ունի կազմված փաստաթղթերը, քանի որ հանդիսանում է ԳԳՄ-ի պետը: Արմեն Պետրոսյանն իր աշխատակիցն է հանդիսանում: Տեղյակ չի փորձագետի եզրակացությունից: Պատվիրատուն ՇՏԲ-ի ինժեներին է ներկայացնում ավարտական ակտը, որից հետո զեկուցվում է գլխավոր ինժեներին, ով որևէ մեկին կհանձնարարի գնալ ընդունել օբյեկտը:

Կատարողական փաստաթղթերը կազմվում է շինարարի կողմից: Այն անձը, որին որ հանձնարարվել է գնալ և ընդունել օբյեկտը և ստորագրել հանձնընդունման ակտը նա է պատասխանատու դրա համար, իսկ կոնկրետ դեպքում չի հիշում թե ով է եղել…

Գազատարի փորձարկում իրականացնելուց հետո միաժամանակ ուսումնասիրվում է գազատարը, իսկ թե աշխատակիցներից ով է եղել՝ չգիտի:

Վկա՝ Գնել Գառնիկի Գրիգորյանի ցուցմունքն այն մասին, որ գազի արտահոսքի հետևանքով գյուղի խանութում պայթյուն է տեղի ունեցել: 2008 թ. հոկտեմբերից աշխատում է գյուղապետ, տեղեկություն չի ունեցել, որ գազատար է անցնում այդ տարածքով: Գազաֆիկացման ժամանակ գյուղապետարանը գրավոր թույլտվություն է տալիս և կատարվում է գազաֆիկացումը: Ինքը չգիտի, որ այդտեղ գազաֆիկացում է եղել, տվյալ խանութի համար ժամանակին դիմել են իրենց, աճուրդ-վաճառքով հողը վաճառել են օրենքի սահմաններում տվել են շինարարության թույլտվություն, կազմել են համապատասխան նախագիծ և խանութը կառուցվել է:

Գյուղապետարանը, եթե թույլտվություն չտա գազաֆիկացում չի կարող կատարվել: Գյուղապետարանը պարտավոր չի «Գազպրոմին» տեղեկացնել հողի հատկացման վերաբերյալ:

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի Ա2 թաղամասի 12 փողոցի 1/4 հասցեում գտնվող մթերային խանութի շինության տեխնիկական վիճակի գնահատման և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ եզրակացությամբ՝ մթերային խանութի շինության տեխնիկական վիճակը գնահատվում է վթարային (4-րդ աստիճան), այն է կրող կոնստրուկտիվ տարրերի վիճակը վթարային է, ոչ կրող կոնստրուկտիվ տարրերինը խարխուլ… Գտել են, որ շինության վերակառուցման աշխատանքների ծախսերը կգերազանցեն համապատասխան տեխնիկատնտեսական արդարացված ծախսերից, ուստի ավելի նպատակահարմար է շինության ապամոնտաժումը և նորի կառուցումը։

Ճարտարագիտատեխնիկական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի ԱՁ ՙՇ. Խալոյան՚-ին պատկանող ավտոտեխսպասարկման կետի և բենզալցակակայանի միջին ճնշման վերգետնյա և ստորգետնյա գազատարերը նախագծվել, կառուցվել և շահագործվել են շինարարական նորմերի ու ՙԱնվտանգության կանոնները գազի տնտեսությունում՚ տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումներով։

…«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ /նախկին «ՀայՌուսգազարդ»  ՓԲԸ Մարտունու գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի և շինմոնտաժային կազմակերպության «Գագիկ-Մանե» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից խախտվել և չեն կատարվել ՀՀ քաղաքաշինության նախարարության համապատասխան նորմերն ու տեխնիկական կանոնակարգերի պահանջները…

Պատվական Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել՝  իր նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցնելու կամ համաներման հիմքով դադարեցնելու վերաբերյալ: Եվ Պատվական Հովհաննիսյանի, Արմեն Պետրոսյանի, Բագրատ Դավեյանի և Հայկ Միսակյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ են կայացվել: ԳԳՄ պետ Ավետիք Խաչատրյանն ընդհանրապես պատասխանատվության դաշտ չի բերվել՝ առնվազն պաշտոնեական անգործության համար:

Տուժողի ներկայացուցիչ՝ Սեդա Սաֆարյանը դատարանին ներկայացրել է քաղաքացիական հայցեր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից օգուտ Սյուզաննա Մնացականյանի բռնագանձել 1.450.000  դրամ գումար և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից օգուտ Ա/Ձ Սոնա Սաֆարյանի բռնագանձել 24.829.488 դրամ գումար և 400.000  դրամ դատական ծախսեր, սակայն դատաքննության ընթացքում Ս. Սաֆարյանը քաղաքացիական դատավարության կարգով դատարան դիմելու պատճառով հրաժարվել է հայցերից:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի դատավճռով միայն ամբաստանյալ՝ Գագիկ Հրաչիկի Խաչատրյանն է մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:  Սահմանվել պատիժ՝ ընդամենը 500.000 դրամի չափով: Դատարանը գտել է, որ նա կուղղվի:

Սակայն մեղադրողն ու տուժողի շահերի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք են բերել դատավճռի դեմ՝ պահանջելով ազատազրկման ձևով պատիժ:

Մեղադրող Մ.Վարդանյանը ներկայացված վերաքննիչ բողոքում նշել է, որ ամբաստանյալ Գագիկ Խաչատրյանին տուգանքի դատապարտելը չի կարող ապահովվել պատժի նպատակները, սոցիալական արդարության վերականգնումը, վերջինիս ուղղումը և նրա կողմից նոր հանցագործությունների կատարումը կանխելը։

Բողոք բերած անձի պնդմամբ՝ Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չի առել հանցանքի ծանրության և հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչի հետևանքով էլ հանգել է ոչ ճիշտ հետևության և նշանակել է ակնհայտ մեղմ պատիժ:

Տուժողի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը ներկայացված վերաքննիչ բողոքում նշել է, որ դատավճիռն ենթակա է փոփոխման, քանի որ նշանակված պատիժն ակնհայտ մեղմ է, այն չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը, դրանք կատարելու հանգամանքներին, ամբաստանյալի անձնավորությանը և անհրաժեշտ ու բավարար չէ նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:

Բողոքի հեղինակի պնդմամբ՝ վերջին հանգամանքը, որպես ծանր հետևանք չի գնահատվել Առաջին ատյանի դատարանի կողմից: Եվ լրացուցիչ պատժի նշանակումը ևս կարող է խիստ արդյունավետ լինել: Խնդրել է բեկանել դատավճիռը և  Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նշանակել պատիժ ազատազրկման ձևով՝ 2 տարի ժամկետով, որպես լրացուցիչ պատիժ սահմանել որոշակի պաշտոնների զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանը՝ Ն. Հովակիմյան, Ա. Մնացականյան, Կ. Մարդանյան կազմով և վերջինիս նախագահությամբ,  մերժել է վերաքննիչ բողոքները և Գեղարքունիքի դատարանի դատավճիռը թողել ուժի մեջ:

Այս պահի դրությամբ տուժող կողմին հատուցվել է ընդամենը 900,000 դրամ դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում, իսկ մոտ 25 միլիոն դրամը փոխհատուցելու համար  «Գազպրոմ Արմենիա»-ն մատը մատին չի ուզում տա:

Մենք այցելեցինք Լիճք. Մեր գնահատմամբ՝ առկա վտանգը չի վերացվել: Մարդիկ ստիպված աշխատում են այդ կիսափլված և վտանգ ներկայացնող շինությունում, գազատարի նոր գիծն էլ իբր փոխել են. այժմ այն վերգետնյա է, բայց անցնում է անմիջապես նույն խանութի հետնամասով, կասկածելի որակի, կցոնված մետաղյա խողովակներով, որոնք նույնիսկ ներկված չեն, որ անհրաժեշտության դեպքում զգուշանաս և շինաշխատանքների ժամանակ չվնասես:

Ոտքով շրջեցինք գյուղի մի հատվածում, և գյուղում ընդհանուր այդ վիճակն էր, իսկ գազի միացման ընդհանուր ենթաբլոկից նույնիսկ գազի արտահոսք կար. հոտն ակնհայտ էր:

Այդուհանդերձ, չի բացառվում, որ լուրջ ստուգումներ անցկացնելու դեպքում ապօրինի բազմաթիվ գծեր և խախտումներ հայտնաբերվեն ոչ միայն Լիճքում, այլ նաև Խաչատրյան եղբայրների պատասխանատվության տակ գտնվող ամբողջ Մարտունու տարածքում:

Ուստի պետք է ամբողջական պատասխանատվության դաշտ բերել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ պարտավորեցնելով՝ ամբողջությամբ փոխհատուցել մարդկանց կրած վնասները, ամբողջական աուդիտ անցկացնել ԳԳՄ-ի բոլոր մասնաճյուղերում և հատկապես ու առաջնայնորեն այն տեղերում, որտեղ նման հանցավոր անգործություն է դրսևորվել: Դեռ հայտնի չէ, թե տարիներ անց, աստված մի արասցե, քանի  նման դեպք կպատահի կամ ի հայտ կգա, և քանի հանցագործ դեռ կազատվի՝ վաղեմության ժամկետն անցնելու կամ հովանավորչության պատճառով:

«Գազպրոմ Արմենիան» որքան շուտ հայտնաբերի և վերացնի իր տնտեսության խախտումներն ու ազատվի անպատասխանատու պաշտոնյաներից, այնքան քիչ կլինեն իր կրած նյութական վնասները: Իսկ եթե՝ ոչ, ուրեմն պետք է մտածել, թե ինչպես այդ ընկերությանը դուրս մղել դաշտից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում