1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատերազմական հանցագործություն. BBC-ն հետաքննել է հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը

Պատերազմական հանցագործություն. BBC-ն հետաքննել է հայ ռազմագերիների 
գնդակահարության տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրիտանական հեղինակավոր BBC-ն հետաքննել է ադրբեջանցի հատուկ ջոկատայինների կողմից հայ ռազմագերիներին գերեվարելու, ապա սպանության տեսանյութերը՝ փաստելով, որ հրաման տվող զինվորականը խոսում է ադրբեջանական շեշտադրմամբ ռուսերենով, իսկ սաղավարտը, զենքը, որ կրում են, ադրբեջանական բանակինն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ BBC-ն մասնավորապես նշել է, որ Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ սպանվածները 73-ամյա Բենիկ Հակոբյանն ու 25-ամյա Յուրի Ադամյանն են:

BBC- ն ուսումնասիրել է տեսանյութերը և հաստատել, որ դրանք նկարահանվել են հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակում Արցախում՝ Հադրութում, որտեղ բախումներ են տեղի ունեցել: Նշվում է նաև, որ գերեվարելու տեսանյութում զինվորներից մեկը գերիների հետ խոսում է ռուսերեն, սակայն ադրբեջանական ծանր շեշտադրմամբ, իսկ մյուս զինվորականի հետ՝ հենց ադրբեջաներեն: BBC- ն հաստատել է, որ երկու տեսանյութերում էլ հրաման տվողը բնիկ ադրբեջանախոս է, նկատել նաև, որ առաջին տեսանյութում գերեվարվածները կարծես նույն մարդիկ են, ինչ երկրորդում երևացող գնդակահարվածները, քանի որ կրում են նույն հագուստը: BBC-ն նշել է նաև, որ բրիտանական Bellingcat հետաքննական լրագրության մասնագիտական հարթակն արդեն բացահայտել է, որ տեսանյութում երևացող զենքերը և սաղավարտները իսկապես օգտագործվել են ադրբեջանական բանակում:

BBC-ն տեսանյութի առնչությամբ խոսել է բրիտանական ռազմական հետախուզության նախկին սպայի հետ: Ռազմական հետախուզության սպան, որն անվտանգության նկատառումներից ելնելով համաձայնել է խոսել անանունության պայմանով, ասել է, որ հիմքեր չի տեսնում ենթադրելու, որ տեսանյութը կեղծ է` չնայած նրան, որ ադրբեջանական կողմը տեսանյութն ակտիվորեն տարածելուց հետո փորձում էր հավաստիացնել, որ  կեղծ է: «Սրանք իրական փամփուշտներ են, սա իսկական սպանություն է, և ես հիմք չեմ տեսնում ենթադրելու, որ դա բեմադրված է», - ասել է սպան։

BBC-ն շեշտել է նաև, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես Ադրբեջանի կողմից երկու ռազմագերիների սպանության տեսանյութը որակել է որպես «անհերքելի ռազմական հանցագործություն»: Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ BBC- ին հայտնել է, որ տեսանյութերի երկու տղամարդիկ տեղացիներ են: Նա ասել է, որ Բենիկ Հակոբյանը զինվորական չի եղել, եղել է քաղաքացի՝ Հադրութից, իսկ Յուրի Ադամյանը, ամենայն հավանականությամբ, զինծառայող է եղել հարևան գյուղից:

Լրատվամիջոցը հիշեցրել է նաև, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարել է, որ ստացել է տեսանյութը և հետաքննելու է մարդու իրավունքների բոլոր ենթադրյալ խախտումները:

Հոկտեմբերի 15-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ Ադրբեջանի բանակի զինվորները գնդակահարում էին հայ ռազմագերիներին։ Արցախի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947թ. ծնված Բ.Հ.-ի և Հադրութի շրջանի Տայք գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Յ. Ա.-ի սպանությունը, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտմամբ, կատարվել է Ադրբեջանի Հանրապետության դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]