News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են ԻԻՀ քաղաքացուց խոշոր չափերի գումար հափշտակելու հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երեւան քաղաքի բնակչին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունիսի վերջերին 34-ամյա տղամարդը Երեւան քաղաքում ծանոթացել է ազգությամբ պարսիկ, ԻԻՀ քաղաքացու հետ եւ, տիրապետելով պարսկերենին, պայմանավորվածություն ձեռք բերել` վերջինիս թարգմանչական ծառայություններ մատուցելու շուրջ:

Մեծ քանակությամբ գառներ գնելու նպատակով 2017թ. օգոստոսի կեսերին ԻԻՀ քաղաքացին 34-ամյա տղամարդու հետ մեկնել է Ջերմուկի սարեր, որտեղ գնել է 1040 գլուխ գառ, այնուհետեւ Արարատի մարզի բնակչի հետ պայմանավորվել՝ այլ անձանցից եւս գառներ գնելու շուրջ:

2017թ. օգոստոսի 22-ին ԻԻՀ քաղաքացին Վայք քաղաքում 34-ամյա տղամարդու միջոցով 3 մլն ՀՀ դրամ է փոխանցել Արարատի մարզի բնակչին՝ որպես կանխավճար: Սակայն որոշ ժամանակ անց, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 34-ամյա տղամարդը Արարատի բնակչին հայտնել է, թե ԻԻՀ քաղաքացին այլեւս չի ցանկանում նրա միջնորդությամբ գառներ գնել եւ հետ պահանջել գումարը՝ նրան վերադարձնելու համար։

Միջնորդը վերադարձրել է որպես կանխավճար վճարված 3 մլն ՀՀ դրամը, ինչը, սակայն, 34-ամյա տղամարդը չի փոխանցել ԻԻՀ քաղաքացուն՝ այդպիսով խարդախությամբ հափշտակելով այն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ