«Մենք հստակ մանիպուլյացիայի հետ գործ ունենք». Վիկտոր Սողոմոնյան

Yerevan.Today-ի տաղավարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և  փաստաբան Հայկ Ալումյանն անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի և գործի վերաբերյալ բազմաթիվ հարցերի և երկրորդ նախագահի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին:

 Ինչի՞ համար էին ստեղծվել և ինչ են արել հատուկ խմբերը

Սևակ Հակոբյան – 0038 հրամանում Հատուկ Քննչական ծառայության ղեկավարն իր դիտարկումում շատ կարևոր փաստի վրա է կանգ առնում: Ինչի՞ համար էին ձևավորվել հատուկ խմբերը, եթե ոչ քաղաքական գործընթացներին ներգրավելու համար:

Կարդացեք նաև

Հատվածներ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցից.

«Ես արդեն նշել եմ, որ այս հրամանի անմենախնդրահարույց կետերից մեկն ինձ համար երրորդ կետն է, որ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանակի կորպուսների և առանձին զորամասերի հրամանատարներին հանձնարարվել է.

«Ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ հետևյալ հաշվարկով՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ բանակային կորպուսներից՝ հարյուրական հոգի: Ստեղծված ստորաբաժանումները կազմավորել ըստ դասակների, յուրաքանչուրում՝ 30 հոգի, յուրաքանչյուր 100 հոգուն՝ 10 հոգի ղեկավարման և ապահովման քանակով: Ստորաբաժանումները զինել հրաձգային զենքերով»:

Իսկ ի՞նչն է շատ ավելի հետաքրքիր դարձնում, եթե կարելի է այսպես մեկնաբանել:

Նույն հրամանի 10-րդ կետով սահմանված է.

«Երրորդ կետում նշված ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպասներով, ենթասպաներով, պայմանագրային և ժամկետային զինծառայողներով»:

Կարծում եմ՝ այստեղ արդեն ավելորդ է ինչոր դատողություններ անել և խոսել այն մասին, որ բանակը ներգրավված չի եղել կամ ներգրավվել է և մնացել է զորանոցներում՝ քաղաքական միջոցառումներին չխառնվելու համար, ինչպես մեզ մեր ընդդիմադիրները հակադարձում են:

Այս ամեն ինչով պարզ է դառնում, որ ստեղծվել են մոբիլ խմբեր, որոնք համալրվել են հոգեբանորեն կայուն զինվորներով: Թե ինչ խնդիրներ պետք է նրանք լուծեին, թողնում եմ մեր հեռուստատդիտողների և հանդիսատեսի երևակայությանը և տրամաբանությանը»:

Սևակ Հակոբյան – Ի՞նչ խնդիր պետք է լուծեին այդ խմբերը:

Վիկտոր Սողոմոնյան – Նայեք, էստեղ շատ հստակ, իմ կարծիքով, այսպես մանիպուլյատիվ մոտեցում կա, այսինքն՝ մենք գործ ունենք մի հրամանի հետ, որը, իհարկե, ինձանից շատ ավելի լավ կմեկնաբանեն մասնագետ զինվորականները: Նրանք կասեն, թե, ընդհանրապես, ո՞ր դեպքերում է ռազմական գերատեսչությունում ստեղծվում, ասենք, օրինակ, նման խումբ: Ես երբևէ գաղտնի հրաման անձամբ տեսած չկամ պաշտպանության նախարարության, դրա համար ինձ էդ մասով դժվար է մեկնաբանել:

Բայց պատկերացնենք, որ, ինչպես պարոն Խաչատրյանն է ասում, թողնում ենք մեր երևակայությանը կամ եզրակացությանը: Շատ պարզ բան կա, չգիտեմ՝ ինչի համար են ստեղծվել, ես չեմ կարող ասել, բնականաբար, բայց հաջորդ հարցն է առաջանում. իսկ էդ խմբերն ինչ-որ բա՞ն են արել: Այսինքն՝ մենք տեղեկություններ ունենք, որ ինչ-որ մոբիլ խմբեր զինված գնացել և ինչ-որ բան են արել մոտակա օրերին, այդ օրը, չգիտեմ, դրանից մի քանի օր հետո, նույն մարտի մեկին. Չէ՞ որ հայտնի է, որ բանակի և ցուցարարների միջև բախումեր տեղի չեն ունեցել:

Սևակ Հակոբյան – Կներեք, պարոն Սողոմոնյան, ՀՔԾ պետն ասում է՝ եթե ստեղծվել են, ուրեմն արել են:

Վիկտոր Սողոմոնյան – Մենք հստակ մանիպուլյացիայի հետ գործ ունենք, այսպես, գիտեք, որոշակի տրամաբանություն է այստեղ, փորձ է արվում տրամաբանություն դնել, որ եթե ստեղծվել է, ուրեմն կիրառվել է: Բայց այս տրամաբանությունը տեղին չէ բացարձակ, որովհետև այդ խմբերի կամ այլ զորամիավորումների օգտագործումը, որոնք, չգիտեմ, զինված կլինեին, կկրակեին, նման փաստեր հայտնի չեն:

Սևակ Հակոբյան – Նման խմբերի ստեղծումն արդեն իսկ հակաօրինական, հակաիրավական է: Կարո՞ղ է նման բան հեռուստադիտողը ենթադրել, պարո՛ն Ալումյան:

Հայկ Ալումյան – Գիտե՞ք, ես չգիտեմ էնպիսի օրենք, որն արգելեր պաշտպանության նախարարին էսպիսի հրաման արձակել, ընդ որում պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ չկա մատնանշված այնպիսի օրենք, որը արգելեր պաշտպանության նախարարին այսպիսի հրաման արձակել: Այսինքն, եթե իրենք գտնում են, որ սա, այսպիսի հրամանի արձակումը խախտում է մի որևիցե օրենքի որևիցե դրույթ, էդ մասին պետք է առնվազն լիներ նշում մեղադրանքի որոշման մեջ: Չկա այդպիսի նշում:

Հիմա դրա համար միգուցե պարոն Խաչատրյանը փորձում է թողնել հանդիսատեսի երևակայությանը, թե էլ ինչ կարող է սրա տակ հասկացվել, բայց եկեք երևակայությունների մեջ շատ չընկղմվենք, և միշտ էլ հիշենք, որ թիվ 0038 հրամանը մարտի մեկի հետ որևէ կապ չունի, ինչը, բարեբախտաբար, արդեն Հատուկ քննչական ծառայության պետը սկսեց ընդունել:

Սևակ Հակոբյան – Կարո՞ղ ենք ասել որ էսօր գերխնդիրը հիմա դրված չի 10 զոհերի բացահայտումը, այլ ամենակարևոր հարցը դրված է սահմանադրական կարգը:

Հայկ Ալումյան – Քրեական գործի էս հատվածն ինքը մի որոշակի առանձնահատկություններ ունի, վերաբերում է Հայաստանի երկրորդ նախագահին, և էստեղ, ինչպես ասվեց, 10 զոհերի մեղադրանք չկա: Սա մի մեծ քրեական գործի, կարելի է ասել, մի հատ լոկալ ինչ-որ հատված է, որը վերաբերում է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքին: Սա շատ կարևոր է, հանրապետության երկրորդ նախագահին էսօր վերագրվում է հենց բացառապես սահմանադրական կարգը տապալելը, և էդ մեղադրանքը ինքը տաօրինակություններով լի, կարելի է ասել, որպեսզի Դուք ավելի լավ պատկերացնեք:

Ռազմական դրությունն ու Սահմանադրական կարգի տապալումը

Սևակ Հակոբյան – Ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգի տապալում:

Հայկ Ալումյան – Տեսեք, ես հիմա պետք է շատ նեղ իրավաբանական ձևակերպումներ տամ, ու հազիվ թե հանդիսատեսները կարողանան էսպես էս ուղղությամբ դա պատկերացնեն, իրավաբանները հիմա էդ ձևակերպումները լավ չեն կարողանում պատկերացնել 300.1 հոդվածի: Ինքն ասում է սահմանադրական կարգի տապալում, այսինքն՝ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածների կամ 6-րդ հոդվածի 1-ին կետի գործողությունների փաստացի դադարեցում: Ինքը հոդվածը շատ անորոշ է, բայց ես կուզեի անդրադառնալ էս հոդվածի հետ կապված մեղադրանքի ձևակերպումներին: Այսինքն, անձին պիտի մեղսագրեն որոշակի գործողություններ, հետո նոր էդ գործողություններին տան որոշակի քրեաիրավական որակում, չէ՞, օրինակ՝ 300.1, սահմանադրական կարգի տապալում: Նախքան էդ որակումը տալը պետք է վերագրեն՝ իսկ ի՞նչ գործողությունների արդյունքում է ինքը դա արել, չէ՞, կամ՝ անգործության:

Տվյալ դեպքում մեղադրանքի մի հանգուցային հատված է հանդիսանում էսպիսի պնդումը, որ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փաստացի հաստատել է ռազմական դրություն: Ամսի 23-ի էդ հրամանի արդյունքում փաստացի հաստատել է ռազմական դրություն: Ի՞նչ է ընդհանրապես նշանակում փաստացի, և ի՞նչ է ընդհանրապես նշանակում ռազմական դրություն: Փաստացի ասելով՝ իրավաբանները հասկանում են էսպես, որ, ասենք, պաշտոնապես էդպիսի ռազմական դրություն հայտարարված չի եղել, այսինքն՝ հրամանագրի ձևով, բայց այդ ռազմական դրությանը բնորոշ բոլոր կոմպոնենտները առկա են եղել: Սա կնշանակեր փաստացի ռազմական դրություն:

Հիմա հասկանանք՝ ռազմական դրության կոմպոնենտներից գոնե մեկը թիվ 0038 հրամանով առկա՞ է եղել: Իսկ որպեսզի սա համարենք փաստացի ռազմական դրություն ոչ թե կոմպոնենտներից մեկը պետք է առկա լինի, այլ բոլոր կոմպոնենտները: Բայց երբ որ մենք նայում ենք «Ռազմական դրության իրավական վիճակի մասին» ՀՀ օրենքը, թե ինչ է պետք հասկանալ՝ ռազմական դրություն ասելով, ու երբ որ մենք դա համեմատում ենք թիվ 0038 հրամանի հետ ու էդ հրամանի արդյունքում տեղի ունեցած գործողությունների հետ, մենք տեսնում ենք, որ ոչ թե բոլոր կոմպոնենտները չկան, այլ անգամ մեկ կոմպոնենտը չկա ռազմական դրության: Այսինքն՝ բացարձակապես օդից վերցրած պնդում է պարունակվում այդ մեղադրանքի մեջ:

Էդ մեղադրանքն ունի 3 էսպիսի գլխավոր հենասյուներ: 0038 հրամանը մարտի մեկի հետ կապ չունի, ու մեղադրանքի մեջ էլ դրանք իրար հետ… Մեղադրանքի երկրորդ կետը, հենասյունը, եթե ուզում եք, նա է, որ ամսի մեկին հայտարարել է արտակարգ դրություն, և էդ արտակարգ դրություն հայտարարելը եղել է ապօրինի:

Նախ արտակարգ դրություն հայտարարել-չհայտարարելը նախագահի բացարձակ իրավասությունն է, ինքն է տվյալ իրավիճակը գնահատում և կայացնում էդպիսի որոշում, բայց որպեսզի դա չլինի ապօրինի, ուրեմն օրենքի ուժով անմիջապես պետք է գումարվի Ազգային ժողովի նիստ, որը իրավունք ունի լրացնել նախագահի էդպիսի հրամանագիրը, եթե էդ հրամանագիրը չի բխում իրավիճակից կամ չի բխում օրենքից: Տվյալ դեպքում նախագահը էդպիսի հրամանագիր է մարտի մեկին արձակել, և Ազգային ժողովը գտել է, որ դա օրինական հրամանագիր է: Եվ էսօր, պատկերացնո՞մ եք, հատուկ քննչական ծառայության քննիչը ասում է՝ նախագահը սխալ է հայտարարել արտակարգ դրությունը, Ազգային ժողովն էլ սխալ է արել, որ …

Սևակ Հակոբյան – Բայց մեկնաբանում է, թե ինչու է ապօրինի…

Հայկ Ալումյան – Չի կարող, գիտեք ինչ կա, կա իրավակարգ: Յուրաքանչյուր պետության մեջ կա իրավակարգ, որ մարմինը որ մարմնի գործողությունները պետք է վերահսկի, վերստուգի, բեկանի, փոփոխի, վերացնի, հասկանո՞ւմ եք: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ հատուկ քննչական ծառայության քննիչն իրեն թույլ է տալիս ասել, որ նախագահի հրամանագիրը՝ արտակարգ դրություն սահմանելու մասին, և Ազգային ժողովի որոշումը, որով սա թողնվել է ուժի մեջ, սրանք ապօրինի ակտեր են: Էդ ակտերը բեկանված չեն, փոփոխված չեն, վերացված չեն, առ ոչինչ ճանաչված չեն իրավասու մարմինների կողմից, հասկանո՞ւմ եք:

Էսօր քննիչը մեղադրանքը կառուցում է էն ելակետի վրա, որ էս հրամանները ապօրինի են: Դուք հասկանում եք, սա իրավակարգի բացարձակ բացակայության մասին է սկսում արդեն վկայել, հասկանում եք: Այսինքն՝ քննիչը էսպիսի բան է մեղսագրում, հետո էս մեղադրանքով գնում է դատարան՝ կալանքի որոշում ստանալու դատարանից, և դատարանը իր հերթին ասում է՝ կան հիմնավոր կասկածներ, որ նախագահի էս հրամանագիրը եղել է ապօրինի: Դատարանը ի պաշտոնե լիազորված չէ էդպիսի բան ասել, քանի էդ հրամանագիրը վերացված չի եղել, բեկանված չի եղել, փոփոխված չի եղել, հասկանո՞ւմ եք:

Խաղաղ ու անզեն ցուցարարների մասին

Հայկ Ալումյան – Մեղադրանքը նաև հենված է մի հատ ուրիշ սյան վրա, որը էլի ոչ պակաս կարևոր է, որ տեսեք, ասում է, Զինված ուժերի և ոստիկանական ուժերի կողմից ուրեմն ուժ է գործադրվել խաղաղ և անզենն ցուցարարների նկատմամբ: Էստեղ կա միանգամից երեք վիճելի դրույթ մի նախադասության մեջ: Նախ, Զինված ուժեր չեն կիրառվել, կիրառվել են ոստիկանական ուժեր: Իսկ ինչո՞ւ են իրենք անպայման միշտ ամեն տեղ փորձում Զինված ուժերը մտցնել, որովհետև եթե ոստիկանական ուժերն են ուժ կիրառել, էստեղ խնդիր չկա, էդտեղ միայն խնդիր կարող է առաջանալ, ուժը համաչափ է եղել, թե ոչ, բայց սա արդեն ուրիշ տիրույթում է, իրենք չեն էլ փորձելու էդտեղ մտնել: Դրա համար իրենք ասում են՝ Զինված ուժերը և ոստիկանությունը: Հետո իրենք ասում են նույն նախադասության մեջ՝ «խաղաղ և անզեն ցուցարարների նկատմամբ»:

Լավ, ես հիմա չասեմ՝ ցուցարարները եղել են խաղաղ, թե չէ, եղել են անզեն, թե չէ, ես դրա մասին չխոսեմ հիմա: Ես խոսեմ ուրիշ բանի մասին: Կան մի քանի տասնյակ դատավճիռներ, որոնցով դատապարտվել են տարբեր մարդիկ այդ մարտիմեկյան դեպքերի հետ կապված, և էդ դատավճիռների մեջ դատարանները հաստատված են համարել, որ ցուցարարները չեն եղել խաղաղ և եղել են զինված: Ես հիմա չեմ ուզում ասել իմ կողմից, իմ կարծիքը, իրենք եղել են խաղաղ թե չէ, իրենք եղել են զինված, թե չէ, ես ասում եմ հետևյալը. Եթե գոնե մի հատ դատավճիռ կա օրինական ուժի մեջ մտած, մինչև հիմա չբեկանված, չփոփոխված, որտեղ ասված է, որ ցուցարարները չեն եղել խաղաղ և եղել են զինված, էսօր քննիչը չի կարող ասել, որ ցուցարարները եղել են խաղաղ և առանց զենքի: Իրավունք չունի պարզապես էդպիսի բան ասի: Եվ դատարանը, որը կալանավորում է էդպիսի որոշման հիման վրա, իրավունք չունի ասել, որ չէ՛, դատարանը, էն դատավճիռը սխալ է, իրականում ցուցարարները եղել են խաղաղ և անզեն:

Սևակ Հակոբյան – Ներողություն, բայց առաջին կետին մի հատ էլ խնդրում եմ անդրադառնանք: Հատուկ քննչական ծառայության ղեկավարն ասում է, որ բանակը մասնակցել է մարտիմեկյան գործողություններին, և երկրորդ նախագահը չէր կարող իմանալ՝ կրակե՞լ է, թե չի կրակել:

Հայկ Ալումյան – Չէ, տեսեք, բանակը մասնակցել է, բանակը.. Էնտեղ նախադասությունից երևում է մեղադրանքի, որ բանակը կիրառվել է ցուցարարների դեմ: Մենք գիտենք, որ բանակը մարտի մեկին շղթայի մեջ էր վերցրել, ասենք, օրինակ՝ Կառավարության շենքը, օրինակ՝ Կենտրոնական բանկի շենքը, օրինակ, որոշ տեղեր էր տեղակայվել, որպեսզի առաջխաղացումը դեպի ստրատեգիական օբյեկտներ կասեցվի անհրաժեշտութան դեպքում, բայց ես չգիտեմ՝ Հատուկ քննչական ծառայության պետը ինչ տվյալներ ունի, համենայն դեպս, ինքն իր հարցազրույցներում էդպիսի տվյալներ չվկայակոչեց, թե բանակը անմիջականորեն բախում է ունեցել ցուցարարների հետ:

Սևակ Հակոբյան – Քրեական գործում չկա՞ (նման տվյալ):

Հայկ Ալումյան – Էն սակավ նյութերը, որ մեզ են տրամադրվում էս փուլում, էդպիսի տվյալներ չկան: Միգուցե Քննչական ծառայության պետը նկատի ունի ինչ-որ նյութեր, որոնք մեզ հայտնի չեն, դե էդ դեպքում թող ասեր գոնե ընդհանուր առմամբ, որ էդպիսի նյութեր ունի:

Սևակ Հակոբյան – Պարո՛ն Ալումյան, Քննչական ծառայության ղեկավարը մի շարք հարցերի մասին խոսելիս նշում է՝ կան անհերքելի փաստեր, անհերքելի ապացույցներ, որ էսպես-էսպես: Էդ անհերքելի փաստերից Ձեր աչքով ընկե՞լ են:

Հայկ Ալումյան – Չէ, առայժմ մեզ էդպիսի անհերքելի փաստ չի տրամադրվել: Ավելին ասեմ, որևէ հստակություն մինչև հիմա էդ հայտարարությունների մեջ մտցված չի, լա՞վ: Ես ինչ էի ուզում ասել, ուզում եմ ամփոփել, այսինքն՝ գիտեք ինչ, մեղադրանքի մեջ չեն կարող պարունակվել էնպիսի ձևակերպումներ, որոնք կասկածի տակ դնեն ուժի մեջ գտնվող դատական ակտերը: Այսինքն, դատավճիռներ կան, ասեցի չէ՞, նույնիսկ եթե մի դատավճիռ լիներ, քննիչի որոշման մեջ չպիտի պարունակվեին ձևակերպումներ, որոնք էդ դատավճռին հակասեին տրամագծորեն: Բայց էստեղ մենք տասնյակներով էդպիսի դատավճռիներ ունենք, ու քանի դեռ էդ դատավճիռները բեկանված ու փոփոխված չեն, ոչ ոք իրավունք չունի՝ պետական մարմինները, քաղաքացիները իրավունք ունեն և՛ քննարկել դրանք, և՛ կասկածի տակ դնել և այլն, բայց պետության անունից խոսող անձը իրավունք չունի օրինական ուժի մեջ գտնող դատավճիռը դնել կասկածի տակ, այն էլ՝ հրապարակային այսպիսի ելույթների մեջ առավել ևս:

Տեսանյութեր

Լրահոս