1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ձեւավորվում է հակաթուրքական ճակատ․ Հայաստանն այստեղ կարող է անելիք ունենալ

Ձեւավորվում է հակաթուրքական ճակատ․ Հայաստանն այստեղ կարող է անելիք ունենալ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ hուլիսի 13­ին կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվի Թուրքիայի դեմ Եվրամիության կողմից նոր պատժամիջոցների հնարավորությունը։ Ինչպես հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը, այս մասին ասել է Ֆրանսիայի արտգործնախարար ԺանԻվ Լե Դրիանը՝ խորհրդարանական լսումների ժամանակ։ Հուլիսի 13­­ի հանդիպման ընթացքում քննարկվելու է բացառապես Թուրքիայի հարցը։ ԵՄ­ն արդեն իսկ պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ՝ կապված Կիպրոսի տնտեսական գոտում չթույլատրված հորատման գործողությունների հետ։

Միջերկրական ծովի արեւելյան մասում Թուրքիայի «սադրիչ վարքագծին» հակազդելու համար Հունաստանն ու Կիպրոսը ստեղծում են «դիվանագիտական ճակատ»։ Նման հայտարարությամբ օրեր առաջ հանդես էր եկել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ Աթենքում Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ բանակցություններից հետո։

Հունաստանը եւ Կիպրոսը ԵՄ մյուս անդամներին կոչ են անում միանալ հակաթուրքական դիվանագիտական ճակատին։ Նիկոս Դենդիասը նշել է, որ «եվրոպական ընտանիքը բազմիցս դատապարտել է Թուրքիայի վարքագիծը, պատժամիջոցներ է սահմանել եւ կոչ է արել պահպանել միջազգային իրավունքը»։ Ամենայն հավանականությամբ, Ֆրանսիան կմիանա այս նախաձեռնությանը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիան միացել էր նաեւ Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ դաշինքին՝ ուղղված կրկին Թուրքիայի դեմ։

Հայաստանը պետք է միանա ցանկացած նախաձեռնության, որը բխում է մեր երկրի շահերից, իսկ Հունաստանի եւ Կիպրոսի ստեղծած «դիվանագիտական ճակատը», բնականաբար, նման համագործակցության հարթակ է։ «Պատճառ չկա, թե ինչո՞ւ Հայաստանը չպետք է համագործակցի Հունաստանի եւ Կիպրոսի հետ հակաթուրքական ճակատում։ Հայաստանն իր արտաքին քաղաքականության իրականացման ժամանակ կարող է նպատակահարմար համարել՝ անդամակցելու որեւէ պետության, տվյալ դեպքում՝ Թուրքիայի գործողությունների հետեւանքով ստեղծված դաշինքներին»,– «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նման նախաձեռնություններին միանալով՝ Հայաստանը կարող է առաջ քաշել նաեւ իր օրակարգային հարցերը, որոնք հետաքրքրություն եւ կարեւորություն են ներկայացնում մեզ համար։ Ուժերը համատեղելու առիթ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Սբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու նախաձեռնությունը։ Բյուզանդական ճարտարապետության հուշարձանը կառուցվել է 6րդ դարում Հուստինիանոս կայսեր հրահանգով, որը որոշել էր հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը։ Սբ Սոֆիայի տաճարը 1935 թվականին Թուրքիայի կառավարության որոշմամբ ստացել էր թանգարանի կարգավիճակ։ Իսկ 1985 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում։ «Սբ Սոֆիայի տաճարը քրիստոնեական բացառիկ արժեքներից է, քրիստոնեական մշակույթի եւ կրոնի բացառիկ նմուշ։ Թանգարանը մզկիթի վերածելու որոշումը հնարավոր է կանխել, եթե լինի միասնական գործողությունների համակարգված պլան»,– ասաց քաղաքագետը՝ նշելով, որ եթե երկու ԵՄ անդամ պետություններն ու Հայաստանը միասին քայլեր ձեռնարկեն, ապա ավելի լսելի կլինի մեր ձայնը։

Բնականաբար, եթե այսօր Սբ Սոֆիայի տաճարի հարցն է օրակարգում, ապա հետագայում նմանատիպ գործողություններ կարող են տեղի ունենալ նաեւ Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մշակութային հուշարձանների եւ կոթողների հետ։ Ըստ Սարգսյանի՝ այս դեպքում եւս Թուրքիայի այս կամ այն նախաձեռնությունը տապալելու նպատակով հույն եւ կիպրոսցի գործընկերների հետ համագործակցությունն ու համախմբված պայքարն ավելի արդյունավետ կլինեն։

Թուրքիայի նախաձեռնությանն արդեն իսկ արձագանքել են աշխարհի տարբեր երկրներից, մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների իշխանությունները կոչ են անում Թուրքիային՝ պահպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի ներկայիս կարգավիճակը եւ այն չվերածել մզկիթի։ «Միացյալ Նահանգներն Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը դիտարկում է որպես այդ նշանավոր շինության ժառանգության նսեմացում եւ նրա անսպառ կարողությունը, որն այնքան հազվադեպ է ժամանակակից աշխարհում, մարդկությանը ծառայելու համար՝ որպես անհրաժեշտ կամուրջ, տարբեր հավատքների ավանդույթների եւ մշակույթների միջեւ»,– ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը նույնպես հայտարարել էր, որ Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարը պետք է բաց լինի բոլորի համար։ ՌԴ պետական դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն էլ Սբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելը համարում է «աշխարհը միջնադար վերադարձնելու թուրքական իշխանությունների փորձ»։

Մինչ աշխարհի տարբեր անկյուններից հնչում են քննադատություններ եւ վրդովմունք սպասվող իրադարձություններից, Էրդողանի պատասխանն անզիջում է. «Անկարային մեղադրել Այա Սոֆիան թանգարանային կարգավիճակից զրկելու համար՝ նշանակում է հարձակվել Թուրքիայի ինքնիշխանության վրա»։ Ավելին՝ նրա խոսքով՝ Թուրքիան չի միջամտում «այլ երկրներում աղոթքի համար հաստատությունների գործերին, հետեւաբար, ոչ ոք իրավունք չունի կամ իրավասու չէ միջամտել այդ հարցով իր երկրի գործերին»։

Լուսինե Մխիթարյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]