Մատչելիության հղումներ

Արամ Բարեղամյանի անմեղությունը ճանաչելու միջնորդություն է ներկայացվել Վճռաբեկ դատարան


Արամ Բարեղամյան
Արամ Բարեղամյան

Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ ճանաչելու և հռչակելու Մարտի 1֊ի արյունալի իրադարձություններին մասնակցելու համար դատապարտված Արամ Բարեղամյանի անմեղությունը։

«Ելնելով այն հանգամանքից, որ առկա է դատապարտյալի անմեղությունը ապացուցող առերևույթ փաստական տվյալ, որոշում է կայացվել Արամ Բարեղամյանի վերաբերյալ դատական ակտը վերանայելու նպատակով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին, որը դատապարտյալին վերաբերող քրեական գործի հետ միասին ուղարկվել էր ՀՔԾ», ֊ «Ազատությանը» տեղեկացրեց Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը։ ֊ «Գլխավոր դատախազի տեղակալի կողմից բողոքով միջնորդություն է ներկայացվել Վճռաբեկ դատարան՝ բեկանելու և փոփոխելու Արամ Բարեղամյանի վերաբերյալ դատական ակտերը՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը իրեն մեղսագրված արարքներում»։

Հիշեցնենք, նախորդ տարվա նոյեմբերին Գլխավոր դատախազությունը Մարտի 1֊ի՝ ուժի մեջ մտած և կատարված դատավճիռների գործերով առաջին անգամ վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում էր կայացրել․ պատճառը երևան եկած նոր հանգամանքներն էին: Խոսքը վերաբերում էր Մարտի 1֊ի իրադարձություններին մասնակից և դատապարտված Արամ Բարեղամյանի գործին։

Բարեղամյանի դեմ տասը տարի առաջ ցուցմունք տված անձը նոր ցուցմունք է տվել: Վկան նշել է, որ 2008 թվականին քննության ընթացքում ճանաչման ներկայացնելիս, ինչպես նաև դատավարական այլ գործողությունների ընթացքում, իրականում համոզված չի եղել, որ հենց Բարեղամյանն է եղել իրեն վնասվածք պատճառողը, սակայն հաստատել է այդ փաստը:

2008֊ին նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և նրան ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար։

Բարեղամյանն «Ազատությանը» պատմել էր, որ գործով միակ և առանցքային տուժողը՝ Մալաթիայի նախկին փոխոստիկանապետ Գագիկ Քամալյանը, իր ցուցմունքում ասել էր, թե Բարեղամյանը Ազատության հրապարակից դեպի Հյուսիսային պողոտա տանող ճանապարհին ձեռքի ձողով հարվածել էր իրեն։ Սակայն Բարեղամյանը պնդել և շարունակում է պնդել՝ ինքը ոչ մեկին մարմնական վնասվածք չի հասցրել:

Արձագանքելով գլխավոր դատախազության կողմից Վճռաբեկ բողոքի միջնորդություն ներկայացնելուն՝ Բարեղամյանն «Ազատությանն» ասաց՝ այս 10 տարիների ընթացքում հույսը չի կորցրել, որ ի վերջո իրեն արդարացնելու են, սակայն զարգացումներն ավելի արագ ստացվեցին։

55-ամյա Բարեղամյանը, ով պնդում է՝ 2008-ին հարցաքննության ընթացքում իրեն անգամ պաշտոններ են առաջարկել այլ ցուցմունք գրելու դիմաց, ընդգծում է՝ դատապարտվեց 6 տարվա ազատազրկման միայն այն պատճառով, որ չի գրել քննիչների ցանկացածը։ Այժմ արդեն այս գործի հետ կապված արագացված զարգացումները կապում է իշխանափոխության հետ։

«Իշխանափոխությունից հետո ես ցանկացած ժամանակ սպասում էի, որ զարգացումներ պետք է լինեն։ Խոսքը միայն իմ մասին չէ, այլ Մարտի 1֊ի բոլորի գործով էլ վճիռ է լինելու։ Սպասելիքներ միշտ ունեցել եմ, հիմա էլ սպասում եմ վերջնական վճռին», ֊ հայտարարեց նա։

Հայ ազգային կոնգրեսն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ ողջունել է նոր իշխանությունների կողմից մարտիմեկյան դեպքերի բացահայտմանն ուղղված իրավական քայլերը և կոչ է արել, հիմք ընդունելով ՄԻԵԴ կողմից կայացված և արդեն իսկ ուժի մեջ մտած վճիռները, վերաբացել և կրկին քննել մարտիմեկյան իրադարձություններին առնչվող բոլոր քրեական գործերը: ՀԱԿ֊ը նաև կոչ է արել պատասխանատվության ենթարկել Մարտի 1֊ի բոլոր մեղավորներին, ինչպես նաև իրավապահ և դատական մարմինների այն պաշտոնյաներին, ովքեր կատարել են հանցագործություններ արդարադատության դեմ:

Առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի գլխավորած ուժը նաև իշխանություններին հորդորել է օրենքով մարտի մեկը սահմանել որպես «2008թ-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության և բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր», փոխհատուցումներ տրամադրել մարտիմեկյան իրադարձությունների բոլոր զոհերի իրավահաջորդներին և մարմնական վնասվածքներ ստացած անձանց, իսկ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում տեղադրել իրադարձությունները հիշատակող և ոճրագործության զոհերին նվիրված հուշարձան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG