Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջին 10 տարիների բացթողումներ. քաղաքագետների գնահատականը

Քաղաքականություն
knarik

10 տարի  առաջ, երբ  Սերժ Սարգսյանը ստանձնում էր նախագահի պաշտոնը, ավելի իրատեսական էր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը։ «Արդյո՞ք  մենք հասել ենք այդ նպատակին, իհարկե չենք հասել, հետեւաբար թեման փակված է», ասում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: 2016թ-ի  ապրիլյան քառօրյա պատերազմն ավելի հեռացրեց  խնդրի կարգավորումը։ Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը նշում է. «Ինձ անհայտ է մի դեպք, երբ ագրեսիայի ենթարկած կողմը կապիտուլացիայի չի ենթարկվել, եւ կորուստներից հետո շարունակում է բանակցությունները. «800 հեկտար տարածք կորցնելուց հետո հայկական կողմը պետք է անպայման հակահարված տար եւ նույնպիսի տարածքային ձեռքբերումներ ունենար», ավելացնում է Արմեն Բաղդասարյանը: Հայ-ռուսական հարաբերություններում էլ քաղաքագետը մեր դիրքերի նահանջ է  տեսնում, հակառակ դեպքում,  Ռուսաստանը՝ Ադրբեջանին զենք վաճառելը չէր համարի կոմերցիոն գործարք: «Եթե Հայաստանի դաշնակիցները  Հայաստանի շահերը զիջում են կոմերցիոն նպատակներով, սա լուրջ մտահոգվելու առիթ է եւ այս առումով  չեմ կարծում, որ Հայաստանը լուրջ  գործողություններ կատարել է»: ԵՄԱ  նախագահ Բորիս Նավասարդյանը  հիշեցնում է՝ եթե Ռուսաստանն ինչ-որ պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ, պարտավորություններ ունի նաև Ադրբեջանի նկատմամբ և չի կարող վերջինիս ասել, որ իր կողմից վաճառված զենքը չօգտագործի Հայաստանի դեմ։ Ընդհանրապես, այս վերջին 10 տարվա ընթացքում,  Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա ուղիղ ազդեցություն ունեցավ Թուրքիան։ Ֆուտբոլային դիվանագիտությունը չունեցավ արդյունք։  «Դա թույլ տվեց Թուրքիային եւ միջնորդներին ասել, որ Հայաստանը զիջողական դիրքորոշում ունի եւ ցեղասպանության ճանաչման հարցը դուրս եկավ»: Բորիս Նավասարդյանը թվարկում է այս 10 տարիների մյուս բացթողումները։ «Մյուս կարեւոր պահը 2013 թվականն էր: Մեր շրջադարձը Եվրոպայի հետ հարաբերություններում, երբ  Հայաստանը իր հույսը դնում է Ռուսաստանի վրա: Նաեւ խորացավ այս տարիներին կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի բացակայությունը  բանակում»:  Սա չի նշանակում, որ 10 տարվա ընթացքում դրական ոչինչ չի եղել։ «10 տարվա  միակ նվաճումն այն է, որ լայնամաշտաբ պատերազմներ չեն եղել, այլ եղել է սողացող պատերազմ», եզրափակեց Արմեն Բաղդասարյանը: