1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թումանյանի 150-ամյակին նվիրված «Ես միշտ հոգի…» ցուցահանդեսը 2 ամիս բաց կլինի այցելուների համար

Թումանյանի 150-ամյակին նվիրված «Ես միշտ հոգի…» ցուցահանդեսը 2 ամիս բաց կլինի 
այցելուների համար

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի թանգարանում բանաստեղծի 150-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի շրջանակում կայացավ «Ես միշտ հոգի…(50-100-150)» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսում ներկայացված էին Թումանյանի երեք հոբելյանական տարուց՝ 50, 100, 150 հետաքրքիր դրվագներ՝ ցուցադրական նոր լուծումներով:

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշեց, որ ցուցահանդեսում շղթայված է երեք 50-ական, որոնցից յուրաքանչյուրը ներառում է բանաստեղծին վերաբերող իրեր:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Ցուցահանդեսի խորագիրը Թումանյանի հայտնի քառյակներից մեկի բանաձևումն է, որը խորհրդանշում է նրա հավերժությունը: Մեր ցուցադրությունը հենց այդ տրամաբանությունն ունի: Սրահի առաջին հատվածում տեղակայված են Թումանյանի 150-ամյակին նվիրված նմուշներ, որոնք դեռևս ամփոփված չեն: Երկրորդ մասում տեղ են գտել բանաստեղծի 100-ամյակի վերաբերյալ մի շարք տեսագրություններ, ձայնագրություններ, իսկ երրորդ հատվածում տեղ է գտել գրողի 50-ամյակը և այդ տարիներին վերաբերող նմուշներ: Այստեղ շղթայել ենք երեք 50-ական»,- ասաց Եղիազարյանը և հավելեց, որ ցուցահանդեսի միջոցով իրենք փորձել են փոխանցել Թումանյանի ողջ զգայական դաշտը:

«Ես միշտ հոգի…(50-100-150)» խորագիրը կրող ցուցահանդեսը դեռ 2 ամիս բաց կլինի այցելուների համար և 2020 թվականի փետրվարի 20-ին՝ Թումանյանի ծննդյան հաջորդը կամփոփվի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանն ասաց, որ Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծավալն աննախադեպ է:

«Հույս ունեմ, որ 150-ամյակի առթիվ տարվող այս աշխատանքներն ու գործընթացները միշտ կշարունակվեն: Թումանյանի վերաբերյալ դեռ շատ բան ունենք ասելու և անելու»,- նշեց Խաչատուրյանը:

Նա հիշեց, որ թանգարանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի միջև բարեկամական սերտ հարաբերություններ են, այն օրից, երբ կազմակերպությունն իր օրացույցում ավելացրեց Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակները:

«Ինձ համար շատ տպավորիչ էր, քանի որ այդ քայլով դրսի աշխարհի համար նորություն էր: Փարիզում՝  ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել էր Թումանյանին նվիրված ցուցադրություն և Կոմիտասի երաժշտությամբ համերգն էլ լրացնում էր այդ ամենը»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և հավելեց, որ 151-ամյակը նոր սկիզբ կլինի թանգարանի համար:

Տարիների շարունակ թանգարանին ի պահ է տրված եղել մեծանուն գրողից մասունք՝ նրա մազերի մի փունջ, որի մասին երբևէ չի խոսվել: 150-ամյակի հոբելյանական տարվա ծրագրերի շրջանակում թանգարանը որոշել է այն հասու դարձնել լայն հանրությանը:

Թանգարանի հիմնական ցուցադրությունը կհամալրվի միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերի հրաշալի աշխատանքով, որը հեղինակի նվերն է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին:

«Նման միկրոքանդակ ստեղծելու միտքը պատկանում է հենց Անիին և ես ուղղակի այն իրագործել եմ: Այդ քայլն ինձ համար շատ պատասխանատու էր, քանի որ գործ ունեինք Թումանյանի մասունքի հետ: Իհարկե, ես մեծ սիրով համաձայնեցի, որովհետև սա ինձ համար մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն: Մի քանի ամիս Դսեղում աշխատել եմ այդ քանդակի ստեղծման համար: Աշխատանքն ավարտել եմ ընդամենը մի քանի օր առաջ»,- նշեց միկրոքանդակագործը:

Տեր-Ղազարյանը Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվեց «Հովհաննես Թումանյան 150» հուշամեդալով և հավաստագրով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]