×


«Միակ բանը, որ ինձ մխիթարում է՝ ես ունեցա իմ ընտանիքն, ու մայրս դա տեսավ». Գոհար Ջավուկցյան

Մի քանի տարի առաջ երգչուհի Գոհար Ջավուկցյանը բնակություն հաստատեց Գլենդելում։ Գոհարին բոլորը հիշում են «Չորս տարբերակ» խմբից։ Խումբը չկա, բայց աղջիկները մնացին երգարվեստում։ Գոհարն իր մեծ սիրուն հանդիպեց Երեւանում, բայց ընտանիքն արդեն ձեւավորվեց ԱՄՆ-ում։ Մի քանի փակագծեր ենք փորձել բացել։

- Գոհար, մինչ կարիերայիդ մասին կխոսենք, ազգանվանդ մասին կպատմե՞ս: Շատ տարբերվող ազգանուն ունես, գիտե՞ս պատմությունը։

- Ջավուկցյանները գաղթի ժամանակ հիմնավորվել են Տաշիրի շրջանում, իսկ մեր ազգանունը տարիների ընթացքում ենթարկվել է տառափոխության՝ Ջահուկյաններ, Ջավուկյաններ, Ջավուկցյաններ։ Բոլորս միմյանց բարեկամ ենք։ Եթե նման ազգանունով մի մարդու հանդիպեք, հաստատ ինձ բարեկամ է։ Հորեղբայրս լուսահոգի ակադեմիկոս, լեզվաբան Գեւորգ Ջահուկյանն է։ Նա ուսումնասիրել էր մեր ազգանվան պատմությունը՝ «ջահուկ» նշանակում է աղվեսների խումբ։

- Աղվեսի նման խորամա՞նկ ես, այդ հատկությունը «փոխանցվե՞լ» է քեզ։

- Բացարձակ: Խորամանկությունն ինձնից հեռու է, շատ ուղիղ մարդ եմ ու չեմ նեղվում դրանից: Իհարկե, կուզեի մի քիչ ավելի դիվանագետ լինել, բայց երբեք զարտուղի ճանապարհներ չեմ փնտրում ուզածիս հասնելու համար։

Գոհար Ջավուկցյանը


- Սե՞րը բերեց քեզ օտար ափեր։

- Շատ պատկերավոր ասած՝ ոնց որ վերեւից ուղղորդված ինչ-որ մի ուժ ինձ վերցներ Հայաստանից, բերեր դներ այստեղ՝ Գլենդելում, ու ասեր. «Այ հիմա դու այստեղ պետք է ապրես»։ Երբեւէ չեմ երազել Ամերիկայում ապրելու մասին։

- Քեզ մայրիկի կարգավիճակում պատկերացնո՞ւմ էիր։

- Եկավ մի տարիք, որ հասկացա՝ ուզում եմ մայրանալ։ Երազում էի, որ առաջնեկս աղջիկ լինի։ Շնորհակալ եմ Աստծուն, որ պարգեւատրեց այդ կոչումով։ Բայց նաեւ «պատժվեցի». իհարկե, այստեղ ունեմ բարեկամներ ու ընկերներ, որոնք օգնում էին, բայց երբ երեխայիդ հետ մնում ես մենակ, քանի որ ամուսինդ վախենում է մոտիկ գալ, լողացնել, հագցնել, դժվար է: Մայրս ու սկեսուրս էլ Երեւանում էին, բայց, ինչպես ասում են, մայրական բնազդը հաղթեց։ Եվ հաղթեց այնպես, որ տեւական ժամանակ մամայությունից չէի ուզում դուրս գալ։

- Ո՞վ է ընտրել աղջկադ անունը:

- Ես ու ամուսինս երկու անվան հարցում տատանվում էինք, ասացի՝ թող ծնվի, դեմքին նայելով կհասկանանք Սառա՞ն է, թե՞ Լյուսին։ Երբ ծնվեց աղջիկս, ես ու ամուսինս նայեցինք իրար եւ ասացինք՝ չէ՜, ինքը Սառան է։

- Սառան այսօր թելադրում է քո օրակարգը։

- Միանշանակ: Այդ փոքրիկ էակն է որոշում՝ պիտի արթնանամ, գնամ խանութ. իմ կյանքը կառավարում է։ Մի քանի օր առաջ գործի էի, զանգեցի տուն, որ տեսնեմ՝ ինչպես է, հեռախոսը վերցրեց ու «Մամա, հերիք ա երգես, արի տուն»։ Այդ պահին չդիմացա. տասը րոպեում հասել եմ տուն, հետո նորից վերադարձել աշխատանքի:

Փոքրիկ Սառան


- Ամուսինդ դե՞մ չէ, որ շարունակես երգել:

- Հասուն տարիքում եմ ընտանիք կազմել, ու դժվար թե կարողանային ինձ փոխել։ Եթե լինեի 25 տարեկան, կասեի՝ չուզեց, ես էլ համաձայնեցի։ Բայց երբ ավելի հասուն տարիքում ես ամուսնանում, քո ընտրյալը քեզ ընդունում է քո անցած ուղիով: Ինձ հենց բեմում էլ տեսել էր։

- Երբեւէ լուսանկարներ չես հրապարակում ամուսնուդ հետ, մի պահ խոսակցություններ էին պտտվում, որ երաժշտական աշխարհից է, ո՞վ է նա։

- Լուսանկարը չեմ հրապարակում, քանի որ չի ուզում, իսկ ես հարգում եմ իր որոշումը։ Մեր սիրո պատմությունն էլ կպատմեմ այն ժամանակ, երբ ամուսինս ցանկանա։ Իմ ոլորտի հետ բացարձակ կապ չունի, բայց շատ սիրում է, որ երգում եմ, ու փառք Աստծո, երբեք ընտրության առաջ կանգնելու խնդիր չեմ ունեցել։

Հիմա նաեւ վոկալ եմ դասավանդում Գլենդելի Sonata երաժշտական դպրոցում: Երեխաների հետ աշխատելը մեկ այլ հաճույք է։ Իսկ երբ տեսնում ես աշխատանքիդ արդյունքը, լրիվ այլ զգացողություն է։

- Այստեղ համերգասրահներ չկան, ժամանցի վայրեր են, որոնցից մեկում էլ դու երգում ես։ Նոր երգ, տեսահոլովակ չունես, քեզ այս սերունդն արդեն չի ճանաչում, այդ էջը փակե՞լ ես։

- Միշտ մտածում եմ, որ հեսա ինչ-որ նոր բան կանեմ, բայց ամեն անգամ մի բան խանգարում է, ու չգիտեմ՝ ինչից է: Ամեն անգամ բեմ բարձրանալով ակումբում, ռեստորանում՝ ինձ պատկերացնում եմ մեծ համերգասրահում: Հետաքրքիր է, որ արդեն սովորել եմ փոքր բեմում աշխատելուն. հանդիսատեսի աչքերը պետք է տեսնեմ, զգամ հայացքը, միմիկան:

- Այսօր այստեղ գերիշխում են 6/8-ն ու ռաբիսը, հազվադեպ ակումբներում հնչում է քաղաքային ֆոլկը, բայց դու կարծես զերծ ես մնացել այդ երգերից։ Ամերիկայի հայկական շուկայում դժվա՞ր չէ երգել Բաբաջանյանի, Հեքիմյանի ու այլ կոմպոզիտորների երգեր։

- Դժվար չէ։ Վերջին շրջանում Հայաստանից շատ երաժիշտներ եկան այստեղ, ու բավական փոխվել է հնչող երաժշտության մակարդակը։ Կարող եմ ասել, որ ունեմ իմ լսարանը։

Գոհար Ջավուկցյանը


- Գոհար, «Չորս տարբերակը» վաղուց չկա, բայց Ձեզ հիշում են հենց այդ խմբից։

- Այո, ինձ այդպես են ճանաչում, ինչի համար ուրախ եմ։ Մենք այդ ժամանակ փոփ ժանրում հեղափոխություն արեցինք։ Մեր երգերը մատուցեցինք նոր ոճով՝ միախառնելով մի քանի ժանր, դրա համար էլ այն շատ սիրվեց։ Իհարկե, նեղվում եմ, որ երիտասարդ սերունդը չգիտի այդ խմբի մասին, բայց որ իմ սերնդակիցներն ինձ լավ հիշում են, հաճելի է:

- Երբ խումբը փլուզվեց, բոլորը միաբերան ասում էի՝ դե, չորս աղջիկ էին, նախանձ, մրցակցություն կար, այն երկար ճանապարհ չէր կարող ունենալ։

- Պատճառն այլ էր. Գոհար Հովհաննիսյանը որոշեց դուրս գալ խմբից ու անհատական կարիերա սկսել։ Մի պահ բոլորիս ցավ պատճառեց, բայց դա իր որոշումն էր, մենք էլ հասկանում էինք, որ խումբն իր երաժշտական ուղու հետ կապ չունի։ Փորձեցինք շարունակել, բայց հետո էլ խմբի աղջիկներն ամուսնացան, ու արդեն ժամանակ չկար իրար հետ աշխատելու։ Մենք մի ընտանիք ենք։ Դե, Գոհար Հովհաննիսյանն ապրում է ինձնից մի փողոց այն կողմ. «Ապրես, Գոհար, որ եկար» (Գոհար Հովհաննիսյանը բնակություն է հաստատել Գլենդելում,-խմբ.): Երեւանում ապրողների՝ Նարինեի, Քնարիկի ու Լուիզայի հետ միշտ կապի մեջ ենք։ Շնորհակալ եմ Երգի թատրոնին, որ տվեց ինձ այս ամենը։ Այն ամենաորոշիչ դերը խաղաց իմ կյանքում։ Արթուր Գրիգորիչը բացում էր քո փակ սահմանները։ Նա շատ ավելի լավ գիտեր՝ դու ինչի ես ընդունակ: Այսօր ես շատ ունեմ իր կարիքը։ Իր կորստի հետ դժվար է համակերպվել։

Գոհար Ջավուկցյանը՝ դստեր հետ


-Կուզե՞ս աղջիկդ ընտրի քո ճանապարհը:

- Շատ սիրում է երգել, հրաշալի լսողություն ունի, եթե զգամ՝ հրաշալի կատարող կլինի, ամեն ինչ կանեմ, որ շարունակի իմ գործը, բայց եթե միջակ երգչուհի պետք է լինի, իհարկե, չեմ ուզի։

- Երգչուհու ուղին ենթադրում է դժվարություններ, հավանական ու անհավանական բամբասանքներ, մինչեւ Ձեր ամուսնանալն էլ ասում էին, որ սիրավեպ ունենք երգիչ Դավիթ Մինասյանի հետ:

- Ես էլ եմ լսել եւ ինձ համար ծիծաղելի է, անգամ վիրավորում է միտքը, որ կարող են քեզ սիրավեպ վերագրել։ Դավիթն իմ տան անդամն է, իմ եղբայրը, հիմա արդեն ամուսնուս ընկերը։ Կարծում եմ՝ այսքանով ամեն ինչ ասված է։

- Ասում են՝ ընտանիքդ դեմ է եղել, որ ընտրես երգչուհու ուղին։

- Եղբայրս համաձայն չէր, բայց մի օր, երբ բեմից լսել էր ինձ, ասաց՝ դա է իմ ճանապարհը։ Հայրս վաղ տարիքում է մահացել, բայց հիշում եմ՝ հյուրերի մոտ ինձ կանգնացնում էր աթոռին ու ասում. «Գոհար, երգիր»: Նեղվում էի, հետո սկսեցի փող աշխատել (ծիծաղում է,-հեղ.): Ասում էի՝ փող կտաս, կերգեմ։ Քիմիկոս էր, բայց գիտեր բոլոր հայերեն երգերը։ Մայրիկիս ձայնն իմ ձայնի նման էր ու ավելի նուրբ։ Պապաս ժամերով լսում էր նրա կատարումները. աննկարագրելի գեղեցիկ ձայն ուներ մայրս։

Գոհար Ջավուկցյանը


- Գոհար, արդեն 2,5 տարի մայրիկիդ ձայնը չես լսել...

- Շատ կապված էի մամայիս հետ եւ չեմ կարողանում ինձ ներել, որ վերջին օրերին իր կողքին չեմ եղել: Ոչ ոք մամայիս բացը չի լրացնում, անգամ Սառան։ Աղջիկս պարզապես շեղում է մտքերս։ Միակ բանը, որ ինձ մխիթարում է՝ ես ունեցա իմ ընտանիքն, ու մայրս դա տեսավ։

- Կա՞ մի կետ քո կյանքում, որ կուզեիր ջնջել:

- Եթե ընդհանուր ասեմ, ապա կուզեի ջնջել այն ամենը, ինչ 2018-ից հետո կատարվեց մեր երկրում։

Զրույցը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ հեղինակի եւ Գոհար Ջավուկցյանի անձնական արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին