1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նախատեսվում է բարելավել պետական գույքի կառավարման որակը և բարձրացնել արդյունավետությունը

Նախատեսվում է բարելավել պետական գույքի կառավարման որակը և բարձրացնել 
արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գործադիրը հաստատել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թթ. գործողությունների ծրագիրը: ՊՖԿՀԲ իրականացման արդյունքում կապահովվի պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը` բարձրացնելով ընթացակարգերի ու մատուցվող ծառայությունների որակը: ՊՖԿ համակարգի գլխավոր առաջանահերթությունը համապատասխանության ապահովումն է գործող իրավակարգավորումներին, ինչպես նաև հավաստիացումն է առ այն, որ ռեսուրսների կառավարումը համապատասխանում է խնայող, օգտավետ և արդյունավետ կառավարման սկզբունքներին և ապահովում է «փողի դիմաց արժեք» սկզբունքի պահպանումը։ ՊՖԿՀ բարեփոխումների իրականացումը հիմնականում ուղղված են հարկաբյուջետային կարգապահության և ֆինանսական համապատասխանությանը և հանրային ռեսուրսների օգտագործման նկատմամբ հսկողության ապահովման աստիճանի բարձրացմանը:

Ռազմավարության շրջանակի մշակման ժամանակ հաշվի են առնվել ՀՀ ՊՖԿ ներկայիս գերակայությունները և միջազգային փորձն ու ստանդարտները: Ռազմավարությամբ նախատեսված բարեփոխումների շրջանակում ընդգրկվել է 14 ոլորտ՝ հիմնական մակրոտնտեսական ու բյուջետային ցուցանիշների կանխատեսում, հարկաբյուջետային ռիսկերի հաշվետվողականություն, պետական եկամուտների քաղաքականություն, հարկային վարչարարություն, ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և պետական բյուջեի կազմում, ծրագրային բյուջետավորում, բյուջեի կատարման գործընթացի հսկողություն, գանձապետական համակարգ, պետական պարտք և այլն:

Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներից են նաև նվազագույնի հասցնել ծրագրված և փաստացի ցուցանիշների միջև շեղումները՝ սահմանելով մեխանիզմներ, որոնք թույլ կտան բացահայտել բյուջեի կատարման գործընթացում պլանավորվածից շեղումների առաջացման պատճառները և քայլեր ձեռնարկել՝ հետագայում դրանց կանխարգելման համար, երաշխավորել, որ միջոցները կապակցված են հիմնական քաղաքականությունների հետ և համապատասխանում են գերակայություններին և քաղաքականության թիրախներին։

ՊՖԿՀ բարեփոխումների արդիական և կարևոր խնդիրներից է նաև հանրային բարիքի օգտագործման հաշվետվողականությունը և թափանցիկությունը, թվայնացումը և տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից գործիքների կիրառումն ապահովելը։

Տիգրան Ավինյանն ընդգծել է ռազմավարությունում ներառված բոլոր խնդիրների լուծման հարցում թվային գործիքների ներդրման կարևորությունը: Անդրադառնալով հանրային ծառայությունների գնահատման համակարգին՝ փոխվարչապետը նշել է, որ այն արդեն քննարկման առարկա է: «Կարծում եմ՝ քաղաքացիների հետ հետադարձ կապի ստեղծումը, որը հիմա քննարկում ենք մեր թվային օրակարգի շրջանակում, լավագույն մեթոդներից է հասկանալու, թե այս կամ այն հանրային ծառայությունն ինչպիսի գնահատականի է արժանանում քաղաքացիների կողմից»,-ասել է Տիգրան Ավինյանը:  

Կապահովվի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի կանխատեսելի զարգացումն ու կատարելագործումը

Կառավարությունը հաստատել է ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը, ծրագրի ֆինանսական գնահատականը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս առկա չէ որևէ փաստաթուղթ (ռազմավարություն, գործողությունների ծրագիր կամ հայեցակարգ), որով համապարփակ կերպով անդրադարձ կկատարվի քրեակատարողական և պրոբացիայի համակարգի խնդիրներին և կնախանշվեն այդ խնդիրների լուծմանն ուղղված ուղիները: Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարությամբ նախատեսված են  բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորման, դատապարտյալների և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև քրեակատարողական և պրոբացիայի համակարգի կատարելագործման համար: Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ցանկի ընդունման դեպքում մեկ միասնական փաստաթղթի միջոցով կապահովվի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի կանխատեսելի զարգացումն ու կատարելագործումը:

Ռազմավարությամբ, մասնավորապես, պահման պայմանների բարելավման և քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման շրջանակում նախատեսվում է փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները և Երևանի Սիլիկյան թաղամասում կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ: Կփակվի նաև  «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և կկառուցվի 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ: Նախագիծն արդեն առկա է, հիմնարկը նախատեսվում է կառուցել Խնձորեսկում: «Երևան-Կենտրոն»  քրեակատարողական հիմնարկն Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից նախատեսվում է տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք: Ռազմավարությամբ նախատեսվում է փակել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը և «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նախատեսվում է ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաև զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները:

 

Նախատեսվում է բարելավել պետական գույքի կառավարման որակը և բարձրացնել արդյունավետությունը

Գործադիրը հաստատել է պետական գույքի կառավարման հայեցակարգը, որը մշակվել է՝ ելնելով ՀՀ-ում ներկայումս վարվող ընդհանուր տնտեսական քաղաքականության բովանդակությունից և ՀՀ կառավարության ծրագրի պահանջներից, ինչպես նաև պետական գույքի կառավարման ոլորտում բարեփոխումների կատարման անհրաժեշտությունից։ Պետական գույքի կառավարման ոլորտի հայեցակարգի ընդունմամբ փոփոխության կենթարկվեն ոչ միայն պետական գույքի կառավարման քաղաքականությունը, այլ նաև կբարեփոխվեն պետական գույքի հաշվառման, մասնավորեցման, օտարման, պետական գույքի օգտագործման ու սպասարկման և ծառայությունների մատուցման, պետական գույքի պահպանման և օգտագործման վերահսկման, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման դաշտը կանոնակարգող իրավական ակտերը: Հայեցակարգով ներկայացված են պետական գույքի կառավարման ոլորտի ընդհանուր բնութագիրը, պետական գույքի կառավարման նպատակը և խնդիրները, կառավարման ենթակա պետական գույքի կազմը ու կառուցվածքը, պետական գույքի կառավարման ոլորտում առկա հիմնական խնդիրները, դրանց լուծման ուղղությունունները, առանձին ոլորտների բարեփոխման 14 ուղղություն: Նախատեսվում է անշարժ գույքի էլեկտրոնային հաշվառման բազայի մատչելիության ապահովում և կիրառելիության մակարդակի բարձրացում, մասնավորապես՝ չօգտագործվող ու ոչ արդյունավետ օգտագործվող անշարժ գույքի վերաբերյալ մոտեցումների ձևավորման և հետագա ընթացքների ապահովման առումով:  Պետական գույքի կառավարման նպատակներն են՝ պետական գույքի կառավարման (այդ թվում՝ մասնավորեցման, օտարման, լուծարման, օգտագործման, սպասարկման) արդյունավետության շարունակական բարձրացումը, պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման և ծառայությունների մատուցման շնորհիվ ՀՀ պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը և գույքի հանրային օգտակարության բարձրացումը, պետական գույքի պարբերական գույքագրումը և ամբողջական հաշվառման իրականացումը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման միասնական համակարգի ձևավորումը և այլն:

 

 

Կկրճատվեն ՔԿԱԳ ոլորտում մատուցվող ծառայությունների տրամադրման ժամկետները և գանձվող վճարները

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մատուցվող ծառայությունների տրամադրման ժամկետները և գանձվող վճարները կրճատելու, վարչարարությունը պարզեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ նախատեսվում է ապահովել ՔԿԱԳ մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի մասին  վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման ողջամիտ ժամկետներ, իսկ էլեկտրոնային միասնական գրանցամատյանում դրանց առկայության դեպքում՝ դրանց տրամադրումը ապահովել նույն աշխատանքային օրը, առանց լրացուցիչ գանձումների: Արդյունքում՝ նախատեսվում է վերացնել այդ փաստաթղթերը կարճ ժամկետում տրամադրելու համար  սահմանված տուրքը: Հիմնավորման համաձայն՝ դեռևս 2014 թ.-ից ՀՀ  արդարադատության նախարարությունում ներդրվել և գործում է ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման  միասնական համակարգ՝ որի էլեկտրոնային միասնական գրանցամատյանը պարունակում է այն բոլոր քաղաքացիական կացության ակտերը, որոնք  գրանցվել են 2014 թ.-ի  սեպտեմբերի 30-ից հետո, ինչպես նաև այն ակտերը, որոնք թվայնացման աշխատանքների արդյունքում էլեկտրոնային ձևաչափով առկա են գրանցամատյանում: ՔԿԱԳ փաստաթղթային արխիվը կազմում է մոտ 10.000.000 ակտային գրանցումներ և ներկա պահին էլեկտրոնային միասնական գրանցամատյանում արդեն իսկ թվայնացված է  ավելի քան 2.000.000-ը:

 

 

Գյումրիում կկառուցվի ժամանակակից շինարարական նորմերին համապատասխան, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծննդատուն

ՀՀ Շիրակի մարզում ներկայում գործող Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ծննդատան մասնաշենք կառուցելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի և շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի հիմնած հիմնադրամի միջև 2019 թ. օգոստոսի 2-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Ըստ այդմ՝  առողջապահության նախարարությունն աջակցելու է ծննդատան կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացման գործում, իսկ ծննդատան նախագծման և կառուցման շինարարական աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով: Շինարարական աշխատանքները նախատեսվում  է սկսել 2021 թ.-ի ընթացքում:

Տիգրան Ավինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Ընդհանուր առմամբ  կառավարությունը տարածքային համաչափ զարգացման  և, մասնավորապես, որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման ուղղությամբ ջանքեր է գործադրում, բայց նաև գովասանքի են արժանի բոլոր այն գործարարների և բարերաների ջանքերը, որոնք այս նպատակին են ուղղված: Կարծում եմ, որ շատ ողջունելի նախագիծ է»:    

 

Արտոնություններ՝ հերթական ներդրումային ծրագրերին

Կառավարությունը բավարարել է «Սովթ պապիրուս» ՍՊԸ-ի ներկայացարած հայտը՝ մաքսատուրքերից ազատման արտոնությունից օգտվելու մասին: Ընկերությունը  ներմուծվող ապրանքներն օգտագործելու է անձեռոցիկների, թղթյա սրբիչների, բժշկական սավանների  արտադրության համար։ «Սովթ պապիրուս»-ն արդեն իսկ իրականացվել է 135 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Նեդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 50 մլն դրամի ներդրում փաթեթավորող սարքավորման ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 21 աշխատատեղ, կստեղծվի ևս 10 նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 975 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 747 մլն դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը՝ 74.3 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ էլ մաքսատուրքերից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Հակոբյան Ռուստամ» ԱՁ –ն, որը գործունեություն է ծավալելու  Գյումրիում: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տրիկոտաժի արտադրության համար: Արդեն իսկ իրականացվել է 21 մլն դրամի ներդրում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 70 մլն դրամի ներդրում` արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 4 աշխատատեղ, կստեղծվի ևս 10 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 80 մլն դրամ, որից 32 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 48 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 77 մլն դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը՝ 6.2 մլն դրամ:

 

Նորքի անտառների տարածքում նախատեսվում է ներդնել կաթիլային ոռոգման համակարգ

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղի Երևանի անտառային հողերի կառավարման տեղամասի Երևանի անտառպետության (Նորքի անտառներ) 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ Երևանի անտառպետության 56 հա-ից ծառապատվել է 45 հա-ն, ինչը դեռևս անտառի շարք չի փոխանցվել։ Ներկայումս իրականացվող ոռոգման արդյունավետությունը  բավական ցածր է՝ հաշվի առնելով, որ ջուրը հոսում է ոչ նպատակային՝ ելնելով հողի շերտի կառուցվածքից։ Արդյունքում՝ ծառերը չեն ստանում աճի համար անհրաժեշտ քանակությամբ ջուր։ Կաթիլային ոռոգման համակարգի ներդնումը հնարավորություն կտա ապահովել յուրաքանչյուր ծառի համար անհրաժեշտ քանակությամբ ջրով սնուցում։ Նախնական գնահատմամբ, նշված տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ է մոտ 120 մլն դրամ գումար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է 6 մլն դրամ հատկացնել նախարարության անտառային կոմիտեին այդ տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով:

 

 

Այլ որոշումներ. Տավուշում կստեղծվի ՄԻՊ մարզային ստորաբաժանում

Կառավարությունը որոշել է գումար հատկացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին՝ Տավուշում մարզային ստորաբաժանման ստեղծմամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահվել են նոր գործառույթներ: Արդյունքում՝ էականորեն աճել է նաև Պաշտպանին ներկայացվող դիմում-բողոքների թիվը։ Վերջին տարիներին զգալի աճել է նաև Տավուշի մարզից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող դիմում-բողոքների թիվը: Որոշման ընդունման արդյունքում՝ Տավուշի մարզի և հատկապես մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների համար առավել հասանելի և մատչելի կդառնան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից տրամադրվող ծառայությունները։

Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է կառավարության աջնահերթությունների և գերակայությունների ցանկում:

ՀՀ փրկարար ծառայողներին փրկարար ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների չափերի փոփոխմամբ (ավելացմամբ) պայմանավորված` գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման ընդունմամբ ՀՀ 2019 թ. պետբյուջեում կառաջանա  475 747.6 հազար դրամի  ծախս:

Գործադիրն ընդունել է որոշում, որով կապահովվի հարկ վճարողների կողմից ակցիզային դրոշմանիշերի պահանջվող քանակների ավելացման պատճառով պետական եկամուտների կոմիտեի կողմից լրացուցիչ քանակների տրամադրումը: Հիմնավորման համաձայն՝ 2020 թ.-ին ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն 3-4 ամիս ժամանակ, ուստի  անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերելու լրացուցիչ 4 միլիոն հատ ակցիզային դրոշմանիշ: Նշված չափաքանակի համար կպահանջվի շուրջ 37,44 մլն դրամ, որն  առաջարկվում է ապահովել ՀՀ ՊԵԿ-ի գծով ՀՀ 2019 թ. պետբյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի վերաբաշխման միջոցով:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]